ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Մ.ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.20/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4179-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4179-Ա

«14» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Մ.ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.20/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի տնօրեն Արտաշես Տոնոյանի 09.07.2025թ. հ.Ե‑0048/25 դիմումը՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Մ.Սարյան փողոցի հ.20/2 հասցեում գտնվող տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.01.2014թ. հ. 01102025-01-0086 վկայական) օտարելու մասին:

Քննարկվող անշարժ գույքը ներառված է Երևանի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) ՀՀ կառավարության 2024թ. հունիսի 27-ի հ.999-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում, որի ձեռքբերող է ճանաչվել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ն:

Հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 11-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլուխը, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.06.2024թ. հ.999-Ն որոշումը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետը և հաշվի առնելով «ԿԱԼԻԲՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 28.04.2025թ. կազմված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հ.Կ-059/01-25 հաշվետվությունը.

1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Մ.Սարյան փողոցի հ.20/2 հասցեի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 14.01.2014թ. հ. 01102025-01-0086 վկայական) հասարակական նշանակության 47.3քմ մակերեսով տարածքը և դրա սպասարկման համար հատկացված 52.27քմ մակերեսով հողամասն՝ ուղղակի վաճառքի ձևով, 49.105.000 (քառասունինը միլիոն հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ արժեքով (շուկայական արժեքի գնահատման հաշվետվությամբ գնահատված 42.700.000 ՀՀ դրամ, որի նկատմամբ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է գնահատված շուկայական արժեքին ավելացվել է նաև 15% գումար՝ որը կազմում է 6.405.000 ՀՀ դրամ, հիմք՝ «ԿԱԼԻԲՐԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 28.04.2025թ. կազմված անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հ.Կ-059/01-25 հաշվետվու-թյունը) օտարել «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ին և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211288 հաշվեհամարին (գույքի օտարումից եկամուտներ):

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից՝ սույն որոշման ընդունման պահից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

3. Սահմանել, որ սույն որոշման հիմքով առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո, գույքն ընդունման հանձնման ակտով ձեռք բերողին հանձնելուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, 1-ին կետում նշված արժեքն ամբողջությամբ չվճարելու, կամ վաճառողից անկախ ցանկացած այլ պատճառով սույն որոշման ընդունման պահից՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում առուվաճառքի պայմանագիր չկնքելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։

4. Տեղեկացնել գույքը ձեռք բերողին, որ գույքի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը` քաղաքացիական օրենսգրքի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվի պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման ընդունման պահից 15‑օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել օտարվող անշարժ գույքն ազատել երրորդ անձանց տիրապետումից:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության և հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:

8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան