ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 59
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2026
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.06.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2025 թվականի

թիվ 59

քաղ. Մոսկվա

 

ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին հիմնադրույթը։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 130 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հունիսի 24-ի

թիվ 59 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 1-ին հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան՝ Հանձնաժողովի համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերով առաջարկությունների մշակման և հանձնարարականների նախապատրաստման նպատակով։

2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

3. Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել ենթակոմիտեներ և աշխատանքային խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը լուծելու համար։

 

II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները

 

4. Կոմիտեի հիմնական խնդիրներն են՝

ա) Հանձնաժողովի համար Հանձնաժողովի իրավասությանը վերապահված՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման համակարգման հարցերով առաջարկությունների նախապատրաստումը.

բ) անդամ պետությունների կողմից համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը.

գ) մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում փաստաթղթերի նախագծերի քննարկումը:

5. Իրեն վերապահված խնդիրների իրագործման համար Կոմիտեն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) Հանձնաժողովի համար առաջարկություններ է նախապատրաստում հետևյալ հարցերի շուրջ՝

Պայմանագրի XIII բաժնի և Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 14 հավելված) դրույթների իրականացման և մոնիթորինգի անցկացման, անդամ պետությունների կողմից դրանց պահպանման վերաբերյալ.

Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման մասին արձանագրության (Պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող՝ Միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման վերաբերյալ.

մակրոտնտեսական քաղաքականության իրականացման մասով անդամ պետությունների համաձայնեցված մոտեցումների ձևավորման վերաբերյալ.

անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների սահմանման վերաբերյալ.

համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման մասով տեղեկատվական փոխգործակցության վերաբերյալ.

բ) քննարկում է՝

համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերով Միության մարմինների ակտերի նախագծերը.

համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերի վերաբերյալ զեկույցները, ամփոփագրերը և տեղեկատու, վերլուծական ու տեղեկատվական այլ նյութեր.

մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում գիտահետազոտական աշխատանքների թեմաները՝ դրանք Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների ծրագրում ընդգրկելու համար.

իր իրավասությունների սահմաններում այլ հարցեր.

գ) հաստատում է՝

ենթակոմիտեների, աշխատանքային խմբերի մասին դրույթները և դրանց կազմերը.

Կոմիտեի, ենթակոմիտեների, աշխատանքային խմբերի աշխատանքի ծրագրերը:

 

III. Կոմիտեի կազմը

 

6. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների այն տեղակալներից, որոնց իրավասություններին են վերապահված տնտեսության և ֆինանսների ոլորտի կարգավորման հարցերը, ինչպես նաև անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի լիազորված ներկայացուցիչներից (դեպարտամենտի տնօրենի (վարչության պետի) պաշտոնից ոչ ցածր մակարդակով) (այսուհետ՝ լիազորված ներկայացուցիչներ):

Կոմիտեի կազմը ձևավորելու համար Հանձնաժողովը դիմում է անդամ պետություններին՝ լիազորված ներկայացուցիչների թեկնածությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու խնդրանքով:

Որպես կանոն՝ Կոմիտեի կազմում ընդգրկվում են յուրաքանչյուր անդամ պետությունից ոչ ավելի, քան 3 լիազորված ներկայացուցիչ:

7. Անդամ պետությունները տեղեկացնում են Հանձնաժողովին լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին և առաջարկներ ներկայացնում՝ Կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

8. Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:

9. Կոմիտեի նիստերին նախագահում է և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված մակրոտնտեսական քաղաքականության հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):

10. Կոմիտեի նախագահը՝

ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում Կոմիտեին վերապահված խնդիրների կատարման աշխատանքները.

բ) որոշում է կայացնում Կոմիտեի նիստ անցկացնելու մասին, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը, համաձայնեցնում ու հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը.

գ) Կոմիտեի անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան կցվող նյութերը՝ այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով.

դ) վարում է Կոմիտեի նիստերը.

ե) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները և Կոմիտեի իրավասությանը վերապահված այլ փաստաթղթեր.

զ) տեղեկացնում է Կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին՝ Կոմիտեի կողմից մշակված առաջարկությունների և հանձնարարականների մասին.

է) հարցումներ է ուղղում անդամ պետությունների այն լիազոր մարմիններին, որոնց իրավասությանն են վերապահված մակրոտնտեսական քաղաքականության հարցերը՝ Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ սահմանված կարգով նյութեր և տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ.

ը) Կոմիտեի իրավասության սահմաններում իրականացնում է այլ գործառույթներ:

11. Կոմիտեի նախագահի հրավերով և անդամ պետությունների այն լիազորված մարմինների հետ նախնական համաձայնեցմամբ, որոնց իրավասությանն են պատկանում մակրոտնտեսական քաղաքականության հարցերը, Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել գործադիր իշխանության մարմինների, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, անդամ պետությունների այլ անկախ փորձագետներ՝ որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստի ընթացքում քննարկվող հարցերը։

Կոմիտեի նախագահի հրավերով Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և այն աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի նիստի ընթացքում քննարկվող հարցերը:

12. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում նրա գործառույթները կատարում է Հանձնաժողովի այն դեպարտամենտի տնօրենը (տնօրենի տեղակալը), որի իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղությունների հետ կապված հարցերը։

13. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների թվից, որոնց իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը:

14. Կոմիտեի պատասխանատու քարտուղարը՝

ա) ապահովում է Կոմիտեի նիստի օրակարգի նախագծի նախապատրաստումը.

բ) իրականացնում է Կոմիտեի նիստերի համար նյութերի նախապատրաստման և ներկայացման նկատմամբ հսկողությունը.

գ) տեղեկացնում է Կոմիտեի անդամներին Կոմիտեի նիստն անցկացնելու ամսաթվի, ժամի և վայրի մասին.

դ) վարում է Կոմիտեի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Կոմիտեի նախագահի ստորագրմանը.

ե) իրականացնում է Կոմիտեի արձանագրային որոշումների կատարման նկատմամբ հսկողությունը.

զ) Կոմիտեի իրավասության սահմաններում իրականացնում է այլ գործառույթներ:

 

IV. Կոմիտեի աշխատակարգը

 

15. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին մեկ անգամ։

16. Կոմիտեի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը Կոմիտեի նախագահի կողմից ուղարկվում են Կոմիտեի անդամներին, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 30 աշխատանքային օր առաջ: Նշված նյութերը ներառում են՝

քննարկվող հարցերի վերաբերյալ տեղեկանքները՝ ներառյալ արձանագրային որոշման նախագիծը.

քննարկմանն առաջադրվող փաստաթղթերի նախագծերը (առկայության դեպքում).

անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութերը։

Կոմիտեի նիստերին լրացուցիչ (արտապլանային) հարցերի քննարկումն իրականացվում է Կոմիտեի անդամների առաջարկությամբ: Կոմիտեի նիստի օրակարգում լրացուցիչ (արտապլանային) հարցեր ընդգրկելու վերաբերյալ Կոմիտեի անդամների կողմից առաջարկները ներկայացվելն իրականացվում է դրա անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ: Նշված ժամկետից ուշ ստացված առաջարկներն ընդգրկվում են Կոմիտեի հաջորդ նիստի օրակարգում:

17. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շենքի տարածքում:

Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Կոմիտեի նախագահի կողմից՝ լիազորված ներկայացուցիչների առաջարկների հիման վրա ընդունվող որոշմամբ։ Ընդունող անդամ պետությունն այդ դեպքում աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպման և անցկացման հարցում:

18. Կոմիտեի անդամները Կոմիտեի նիստերին մասնակցում են անձամբ կամ իրենց լիազորված անձանց միջոցով՝ այդ թվում՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի ներկայության անհնարինության դեպքում նա իրավունք ունի քննարկվող հարցերի վերաբերյալ Կոմիտեի նախագահին գրավոր ներկայացնելու իր դիրքորոշումը և (կամ) լիազորված անձ ուղարկել՝ Կոմիտեի նիստին մասնակցելու համար:

19. Կոմիտեի նիստին հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

20. Կոմիտեի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա։ Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր անդամ պետություն ունի 1 ձայնի իրավունք՝ անկախ Կոմիտեի կազմում յուրաքանչյուր անդամ պետության անդամների թվից:

21. Կոմիտեի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում:

22. Կոմիտեի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ:

Կոմիտեի նիստի արձանագրության նախագիծը համաձայնեցվում է Կոմիտեի նիստին մասնակցած՝ Կոմիտեի անդամների հետ՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր հետո։

Կոմիտեի նիստի համաձայնեցված արձանագրությունը ստորագրվում է Կոմիտեի նախագահի կողմից՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր հետո և ուղարկվում է Կոմիտեի բոլոր անդամներին՝ դրա ստորագրման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր հետո:

Կոմիտեի նիստի արձանագրությունը կամ դրա քաղվածքը Կոմիտեի նախագահի որոշմամբ կարող են ուղարկվել Կոմիտեի նիստին մասնակցած հրավիրված անձանց:

23. Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի քարտուղարությունում, որի իրավասությանն են վերապահված մակրոտնտեսական քաղաքականության հարցերը։

24. Կոմիտեի նիստերին լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են ներկայացուցիչներ ուղարկող անդամ պետությունները:

Կոմիտեի նիստերին Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասնակցության հետ կապված ծախսերը կրում է Հանձնաժողովը:

Կոմիտեի նիստերին անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:

25. Կոմիտեի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովը՝ բացառությամբ սույն hիմնադրույթի 17-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

26. Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար հիմք է Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան