ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
14 մայիսի 2025 թվականի |
թիվ 13 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՈԼՈՐՏԻ ՄԱՍՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ճանապարհորդական գրասենյակների և զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների) ոլորտի մասով վարչական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 90 օրացուցային օր հետո, սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու կամ ներպետական ընթացակարգերն անցկացնելու անհրաժեշտության բացակայության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Կարանիկ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ճանապարհորդական գրասենյակների և զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների) ոլորտի մասով վարչական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունն ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 68-րդ հոդվածի դրույթներով,
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ճանապարհորդական գրասենյակների և զբոսաշրջային գործակալությունների ծառայությունների (զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների) ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու համար Կողմերի վարչական համագործակցության պատշաճ մակարդակի հասնելու նպատակով,
ճանաչելով Կողմերի միջև վարչական համագործակցության, այդ թվում՝ տեղեկատվության փոխանակման կարգը սահմանելու անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1.
Սահմանումները
Սույն hամաձայնագրի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկա՝ զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների միջև ծագող՝ վերջիններիս գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունների ամբողջություն.
զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներ՝ Միության անդամ պետությունների՝ զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ։
Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և Միության իրավունքը կազմող այլ ակտերով սահմանված իմաստներով։
Հոդված 2
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագրի առարկան Կողմերի տեղեկատվական փոխգործակցության շրջանակներում առաջացող հարաբերություններն են՝ զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով՝ հաշվի առնելով Պայմանագրի, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության իրավունք կազմող այլ ակտերի դրույթները։
Հոդված 3
Տեղեկատվության զետեղումը
1. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Կողմերի պաշտոնական կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր) Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) պետական լեզվով (պետական լեզուներով) և ռուսերենով զետեղվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների մատուցման գործունեության հարցերը կարգավորող և զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցներին ներկայացվող պահանջները և (կամ) նրանց գործունեության հատուկ պայմանները սահմանող (այդ թվում՝ ձևավորված պահուստային ֆոնդերի և (կամ) այլ ֆինանսական գործիքների օգտագործման վերաբերյալ)՝ անդամ պետության նորմատիվ իրավական ակտերի (դրանց նախագծերի) մասին, ինչպես նաև այդպիսի ակտերի ընդունման և կիրառման նպատակների մասով պարզաբանումները.
2) զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների մասին` ներառյալ
իրավաբանական անձի և դրա առանձնացված ստորաբաժանումների (ներառյալ մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները) անվանումը և գտնվելու վայրը (պետական գրանցման վայրը).
որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների թիվը.
զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու թույլտվությունների (ներառյալ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ծանուցումները, լիցենզիաները, հավաստագրերը, եզրակացությունները, վկայականները և ռեեստրները) (այսուհետ՝ թույլտվություններ) քանակը, անվանումները, տրման ամսաթվերը, համարները և բովանդակությունը.
3) անդամ պետության օրենսդրությամբ զետեղման համար չարգելված այլ տեղեկատվություն:
2. Կողմերն ապահովում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկատվության ազատ հասանելիությունը պաշտոնական կայքերում։
3. Զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի և դրա մասնակիցների գործունեության մասին տեղեկատվությունն արդիական վիճակում պահպանելու նպատակով` Կողմերը պաշտոնական կայքերում տարեկան առնվազն 1 անգամ թարմացնում են այդպիսի տեղեկատվությունը (դրա փոփոխման դեպքում):
4. Պաշտոնական կայքերում զետեղված և Կողմերի տեղեկատվական ռեսուրսների տվյալների շտեմարաններում պարունակվող տեղեկատվությունը պետք է պահվի առնվազն 5 տարի։
Հոդված 4
Տեղեկատվության փոխանակումը
1. Կողմերն իրականացնում են զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ տրված թույլտվությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում։
Կողմերը փոխգործակցություն են իրականացնում խորհրդատվությունների, համատեղ խորհրդակցությունների, բանակցությունների անցկացման միջոցով և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ եղանակներով։
2. Կողմերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ գրավոր հարցման (այսուհետ՝ հարցում) հիման վրա։
3. Հարցման հիման վրա իրականացվում է Կողմերի կողմից սույն համաձայնագրին համապատասխան վարչական փոխգործակցություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:
4. Հարցումն ստացող Կողմը միջոցներ է ձեռնարկում` զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող մասնակիցների անձնական տվյալների պաշտպանության ուղղությամբ՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
5. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) համարվող տեղեկատվության վրա։
Հոդված 5
Հարցման բովանդակությունը
1. Հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) հարցում ներկայացնող Կողմի անվանումը.
2) հարցում ստացող Կողմի անվանումը.
3) սույն համաձայնագրի դրույթներին հղումը.
4) հարցում ուղղելու հիմքը կամ հարցման էության և հարցվող տեղեկատվության բնույթի հետ կապված փաստերի, իրադարձությունների և հանգամանքների վերաբերյալ այլ տեղեկություններ.
5) տեղեկություններ զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների և այլ անձանց մասին, որոնց առնչությամբ հարցվում է տեղեկատվությունը՝
անվանումը՝ իրավաբանական անձանց համար,
ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)՝ անհատ ձեռնարկատերերի համար.
6) հարցման նպատակների և էության համառոտ շարադրանքը․
7) հարցվող տեղեկատվության նկարագրությունը.
8) հարցվող տեղեկատվությանը ենթադրաբար տիրապետող անձանց մասին տեղեկությունները (առկայության դեպքում).
9) սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի համաձայնեցմամբ)։
2. Հարցումն ստացող Կողմը հարցման հիման վրա զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի և դրա մասնակիցների վերաբերյալ տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում)՝
1) զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի վիճակի, այդ թվում՝ մատուցված ծառայությունների ծավալների վերաբերյալ (ըստ ոլորտների, ենթաոլորտների, տեսակների, եռամսյակների և տարիների).
2) զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների վերաբերյալ, այդ թվում՝
նրանց գործունեության դադարեցման, կասեցման մասին,
թույլտվությունների գործողության դադարեցման, կասեցման, չեղարկման մասին,
զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների ծառայությունների միասնական շուկայի մասնակիցների գործունեության նկատմամբ հսկողության նոր մեթոդիկաների մասին.
3) սույն համաձայնագրի իրագործման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն (Կողմերի համաձայնեցմամբ)։
3. Հարցումն ստորագրում է հարցումն ուղարկող Կողմի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը։
4. Ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում հարցումն ստացող Կողմն իրավունք ունի պահանջելու այդ հարցման ուղարկման գրավոր հաստատումը։
Հոդված 6
Հարցման կատարումը
1. Հարցումը կատարվում է այն գրանցելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ հարցումն ստացող Կողմի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված ժամկետում հարցման կատարումը խոչընդոտող կամ դրա կատարումն ուշացնող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում հարցում ստացող Կողմը հարցումը գրանցելու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում հարցում ներկայացնող Կողմի հասցեով ծանուցում է ուղարկում (նշելով պատճառները)։
2. Հարցման պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը)՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում։
Հոդված 7
Հարցման կատարման մերժումը
1. Հարցում ստացող Կողմն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու հարցման կատարումը՝ հետևյալ դեպքերում՝
1) հարցման բովանդակությունը չի համապատասխանում սույն համաձայնագրի 5-րդ հոդվածին.
2) հարցվող տեղեկատվության բացահայտումը հակասում է հարցում ստացող Կողմի անդամ պետության ազգային անվտանգության շահերին.
3) հարցվող տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) և (կամ) պարունակում է այնպիսի տեղեկություններ, որոնց տարածումը սահմանափակված է անդամ պետության օրենսդրությամբ։
2. Հարցման կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու դեպքում հարցումն ստացող Կողմը հարցումը գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 20 օրացուցային օր հետո այդ մասին գրավոր ծանուցում է ուղարկում հարցում ներկայացնող Կողմին (նշելով պատճառները)։
Հոդված 8
Փոփոխությունների կատարումը
Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում։
Հոդված 9
Վեճերի լուծումը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։
Հոդված 10
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին (կամ դրանք կատարելու անհրաժեշտության բացակայության մասին) վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
2. Կողմի անվանումը փոխվելու և (կամ) դրա գործառույթներն այլ մարմնի փոխանցելու դեպքում տվյալ Կողմն անվանումը փոփոխելու (գործառույթներն այլ մարմնի փոխանցելու) օրվանից 1 ամսվա ընթացքում այդ մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որն այդ մասին ծանուցում է մյուս Կողմերին։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Կատարված է _____________ քաղաքում 20___ թվականի _________ ____-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության կողմից՝ |