ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 հոկտեմբերի 2024 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝
1. Հաստատել 2023 թվականի համար ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ կցվող հաշվետվությունը՝ «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» 2018 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 1.4.1 կետին համապատասխան։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման որոշ հարցերի մասին» կարգադրության նախագծի պատրաստման աշխատանքը՝ այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 26 կարգադրությամբ |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2023 թվականի համար ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ
1. Ներածություն
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 27 կարգադրությամբ հաստատված՝ ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի (այսուհետ՝ ներդաշնակեցման պլան) կատարման ընթացքի վերաբերյալ սույն հաշվետվությունը նախապատրաստվել է՝ ի կատարումն «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» 2018 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրի (այսուհետ՝ Ներդաշնակեցման մասին համաձայնագիր) 6-րդ հոդվածի 3-րդ կետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի 1.4.1 կետի։
Ներդաշնակեցման պլանն իրականացվում է Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր՝ ֆինանսական ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցերով աշխատանքային խմբի (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Խորհրդատվական կոմիտե, ներդաշնակեցման հարցերով աշխատանքային խումբ), ինչպես նաև դրա կազմում ընդգրկված 3 ենթախմբերի շրջանակներում՝ ըստ ֆինանսական շուկայի ոլորտների՝ բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ և արժեթղթերի շուկա։
Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) օրենսդրության ներդաշնակեցումն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Միության մասին պայմանագիր), Ներդաշնակեցման մասին համաձայնագրին, ներդաշնակեցման պլանին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 20 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին (այսուհետ՝ Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 159 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման միջոցառումների պլանին («ճանապարհային քարտեզ») համապատասխան։
Հաշվետվությունը պատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրականացվող՝ ֆինանսական ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված աշխատանքի շրջանակներում՝ Միության նշված ակտերի հիման վրա՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։
2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը հաստատված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 18 կարգադրությամբ։
2022 թվականի համար նշված հաշվետվության մեջ արտացոլված են Միության ընդհանուր ֆինանսական շուկայի (այսուհետ՝ ընդհանուր ֆինանսական շուկա) ձևավորման և ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հիմնական մոտեցումները։
Հանձնաժողովի խորհրդում ներդաշնակեցման պլանի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության հաստատման հարցը քննարկելու համար նախատեսվող նյութերի կազմում ենթադրվում է ներառել աղյուսակային տեղեկատվություն, որը կարտացոլի ներդաշնակեցման պլանի կետերի կատարման վիճակը։
2. Ներդաշնակեցման պլանի կատարման աշխատանքի մոտեցումները
Ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումն իրականացվում է 3 ենթախմբերի աշխատանքի շրջանակներում՝ բաշխելով ըստ առանցքային փուլերի՝ միաժամանակ (զուգահեռաբար) 3 ոլորտներում, սակայն անցկացման տարբեր ժամանակով, որով հաշվի են առնվում անդամ պետությունների ֆինանսական շուկաների իրավական կարգավորման մոդելները և առանձնահատկությունները։
Իրենց գործունեության մեջ ենթախմբերն առաջնորդվում են Ներդաշնակեցման մասին համաձայնագրի դրույթներով, որոնց համաձայն՝
անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկները մշակում են Կողմերը.
անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից համաձայնեցված առաջարկները և դրանց կիրարկման ժամկետները հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից։
Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված առաջարկները կիրարկվում են Միության շրջանակներում միջազգային պայմանագրեր կնքելու և (կամ) անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու միջոցով։
Ընդ որում՝ Հանձնաժողովը համակարգում է անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու վերաբերյալ առաջարկների մշակման մասով ենթախմբերի գործունեությունը՝ ներդաշնակեցման պլանին համապատասխան, ինչպես նաև յուրաքանչյուր տարի պատրաստում է հաշվետվություն և ներկայացնում այն Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
Հաշվի առնելով ներդաշնակեցման պլանով սահմանված միջոցառումները՝ առաջադրված խնդրի իրագործման համար ընտրված է ենթախմբերի գործողությունների հետևյալ ալգորիթմը.
ներդաշնակեցման պլանի յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվում է անդամ պետությունների օրենսդրության համեմատական-իրավական վերլուծություն, բացահայտվում են իրավական կարգավորման նմանություններն ու տարբերությունները ներդաշնակեցման պլանի յուրաքանչյուր ուղղությամբ.
իրականացվում է տարբերությունների էական լինելու գնահատում՝ կարգավորիչ արբիտրաժի առաջացման ռիսկերի, ընդհանուր ֆինանսական շուկայի համար դրանց կրիտիկական լինելու և լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար պայմանների ստեղծման տեսանակյունից.
մշակվում և ձևակերպվում են անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկներ, որոնք խմբավորված են ըստ թեմատիկ բլոկների՝ ներդաշնակեցման պլանի համաձայն.
նշված առաջարկները համաձայնեցվում են Խորհրդատվական կոմիտեի կողմից։
Ֆինանսական շուկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկները ներառում են այն հարցերը, որոնց կարգավորումն անդամ պետություններում համադրելի է (դիտարկվող պահի դրությամբ դրանք բավարար չափով ներդաշնակեցված են՝ ապահովելու համար լիցենզիաների փոխադարձ ճանաչումն ու ընդհանուր ֆինանսական շուկա մուտքի թույլտվությունը, այդ թվում՝ Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի համաձայն), ինչպես նաև այն հարցերը, որոնք պահանջում են օրենսդրության ներդաշնակեցում։
Անդամ պետությունների օրենսդրության համադրելի կարգավորման առկայությունը թույլ է տալիս օպտիմալացնել անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման գործընթացը, պարզեցնել անդամ պետությունների օրենսդրության մշտադիտարկման գործընթացը, այդ թվում՝ ապագայում Միությանը նոր պետությունների միանալու դեպքում։
3. Բանկային ոլորտ
Ներդաշնակեցման պլանի՝ 28 կետ ներառող I բաժնով նախատեսվում է բանկային ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման 3 փուլ՝
առաջին փուլ՝ 2020-2021 թվականներ.
երկրորդ փուլ՝ 2021-2024 թվականներ.
երրորդ փուլ՝ 2022-2025 թվականներ։
Օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքը միաժամանակ իրականացվել է ներդաշնակեցման պլանի բոլոր 3 փուլերի տարբեր ուղղություններով։
2023 թվականին կատարվել է հետևյալ աշխատանքը.
համաձայնեցվել և ներպետական համաձայնեցման է ուղարկվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում ստանդարտացված լիցենզիայի մասին» համաձայնագրի նախագիծը (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 11-ի թիվ 45 կարգադրություն) (այսուհետ՝ Ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագիր).
նախապատրաստվել և կարգավորողների կողմից համաձայնեցվել են բանկային ծառայությունների շուկա բանկերի մուտքի թույլտվության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկները.
կատարվում է անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծություն՝ բանկերի, բանկային խմբերի, բանկային հոլդինգների ֆինանսական հուսալիության ապահովման և դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման հարցերով.
կատարվում է անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծություն՝ փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված պահանջների և ընթացակարգերի ներդաշնակեցման հարցերով.
փորձագիտական մակարդակում համաձայնեցվել և ֆինանսական կարգավորողներին են ուղարկվել ավանդների ապահովագրության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկներ։
Ներդաշնակեցման պլանին համապատասխան՝ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման առաջին փուլի իրականացման ընթացքում համաձայնեցվել և ներպետական համաձայնեցման է ուղարկվել Ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի նախագիծը, որի նպատակը բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում գործունեության իրականացման ստանդարտացված այն լիցենզիայի փոխադարձ ճանաչումն ապահովելն է, որը տրված է ծագման պետության լիազորված մարմնի կողմից և հնարավորություն է տալիս գտնվելու վայրի պետության տարածքում պարզեցված ընթացակարգով իրականացնել իրավաբանական անձի հիմնում (ձեռքբերում)՝ բանկի (ապահովագրական կազմակերպության) դուստր կազմակերպության տեսքով։
2023 թվականին Ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումն ավարտվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից։ 2023 թվականի ավարտի դրությամբ Հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնությունում Ստանդարտացված լիցենզիայի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումն ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն չի ստացել։
Բանկային ոլորտի ենթախմբի աշխատանքի ընթացքում իրականացվել է անդամ պետությունների օրենսդրության համեմատական-իրավական վերլուծություն, հայտնաբերվել են կարգավորման տարբերություններ, և մշակվում են ներդաշնակեցում պահանջող հարցերով առաջարկներ՝ ներդաշնակեցման պլանի երկրորդ և երրորդ փուլերի ներդաշնակեցման հետևյալ ուղղություններով.
համաձայնեցման ենթակա՝ բանկի առանցքային պաշտոններում թեկնածուների նշանակումը մերժելու հիմքերը.
բանկի բաժնետոմսերի (բաժնեմասերի) ձեռքբերմանն ուղղված գործարքների համաձայնեցումը մերժելու և բանկի բաժնետոմսերի (բաժնեմասերի) խոշոր տիրապետողների նկատմամբ հսկողության սահմանելու հիմքերը.
անդամ պետության տարածքում օտարերկրյա դուստր բանկերի բացման պայմանները.
անդամ պետության սահմաններից դուրս դուստր բանկերի բացման պայմանները.
բանկերի առանձնացված ստորաբաժանումների բացման պայմանները.
պահանջներ պրուդենցիալ նորմատիվների նկատմամբ՝ բանկի կապիտալի (սեփական (կարգավորիչ), նորմատիվ, ընդհանուր), կապիտալի համարժեքության նորմատիվների, իրացվելիության, ռիսկի կոնցենտրացիայի սահմանափակման նկատմամբ.
անդամ պետություններում կորպորատիվ կառավարման հիմնական տարրերը.
կորպորատիվ կառավարման կազմակերպմանը ներկայացվող պահանջները.
բանկում ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերին ներկայացվող պահանջները.
բանկերում կորպորատիվ կառավարումը կազմակերպելու արդյունավետության, ռիսկերի նկատմամբ հսկողության հարցերով վերահսկիչ մարմնի լիազորությունները.
բանկում ռիսկերի կառավարման համակարգի կազմակերպական կառուցվածքին և ռիսկերի կառավարման մարմիններին ներկայացվող պահանջները։
Բանկային ոլորտի ենթախմբի փորձագետները պատրաստել են բանկային ծառայությունների շուկա բանկերի մուտքի թույլտվության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկներ, որոնք ընդգրկում են ներդաշնակեցման պլանի բոլոր փուլերի ներդաշնակեցման ուղղությունները։ Առաջարկները մշակվել են ներդաշնակեցման պլանի I բաժնի 9 կետերի հարցերի կարգավորման տարբերությունների էական լինելու վերլուծության հիման վրա՝ կարգավորիչ արբիտրաժի առաջացման ռիսկի, ընդհանուր ֆինանսական շուկայի համար դրա կարևորության և լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար պայմանների ստեղծման տեսանկյունից։ Առաջարկներում ներառվել են բանկերի ստեղծման և լիցենզավորման պահանջների հետ կապված հետևյալ հարցերը.
բանկի իրավաբանական կարգավիճակը և դրա կազմակերպաիրավական ձևերը.
բանկի անվանումը.
բանկային և մյուս գործառնությունները, գործունեության արգելված և թույլատրված տեսակները.
բանկի հիմնադիրներին ներկայացվող պահանջները.
բանկի առանցքային պաշտոններին ներկայացվող պահանջները.
կանոնադրական և սեփական կապիտալին ներկայացվող պահանջները.
բանկերի գրանցման կարգը և դրանց բանկային գործառնությունների իրականացման լիցենզիաներ տրամադրելու պայմանները.
բանկերի առանձնացված ստորաբաժանումների բացման պահանջները։
2023 թվականի հուլիսին նշված առաջարկներն ուղարկվել են ֆինանսական կարգավորիչներին, և հետագայում ստացված դիտողությունները հաշվի են առնվել։ Ներկայումս բանկային ծառայությունների շուկա բանկերի մուտքի թույլտվության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկները համաձայնեցման նպատակով ուղարկվել են Կողմերին՝ Հանձնաժողովի մարմնի ակտի պատրաստման համար։ Հետագայում դրանք կարող են հիմք ծառայել միջազգային պայմանագրերի նախապատրաստման համար։
Անդամ պետությունների օրենսդրության նշված համեմատական-իրավական վերլուծության հիման վրա սկսվել է բանկերի, բանկային խմբերի, բանկային հոլդինգների ֆինանսական հուսալիության ապահովման և դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների պատրաստումը։ Այդ թվում՝ դրանցով կդիտարկվեն բանկերում կորպորատիվ կառավարմանը, բանկերի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը, դրանց ֆինանսական հուսալիության և հաշվետվողականության ապահովմանը ներկայացվող պահանջները։
2023 թվականին շարունակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր՝ ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրության (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի աշխատանքը։ Փորձագիտական խմբի կազմում ընդգրկված են ավանդների ապահովագրության հարցերով ազգային կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ 2023 թվականին շարունակվել է ավանդների ապահովագրության համակարգերի գործունեության հարցերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների պատրաստումը, որոնք պարունակում են անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկներ։ Ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների հետագա պատրաստման նպատակով ֆինանսական շուկայի կարգավորողներին ուղարկվել են հետևյալ փորձագիտական եզրակացությունները.
ավանդների (դեպոզիտների) ապահովագրության հիմնադրամի միջոցների ներդրման կարգը.
խնդրահարույց բանկերի անվճարունակության կարգավորման ընթացքում ավանդների (դեպոզիտների) ապահովագրման ազգային կազմակերպությունների լիազորությունները.
ավանդների (դեպոզիտների) ապահովագրման ազգային կազմակերպությունների աշխատակիցների իրավական պաշտպանությունը.
ապահովագրված պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունը.
ֆինանսական կայունության վերականգնման պլանավորումը և բանկի անվճարունակության կարգավորումը.
սնանկ բանկի՝ երաշխավորվող ավանդների (դեպոզիտների) մասով պարտավորություններն ու ակտիվները միաժամանակ դրանք ձեռք բերող բանկին փոխանցելու ընթացակարգի կիրառման հնարավորությունը.
ավանդների (դեպոզիտների) ապահովագրության համակարգի մասին հանրության իրազեկումը.
ապահովագրական հատուցման վճարման համար գործակալ բանկերի ընտրությունը.
ավանդների (դեպոզիտների) ապահովագրության (երաշխավորման) հարցերով կազմակերպության մանդատը.
անդրսահմանային ավանդների (դեպոզիտների) ապահովագրությունը։
Ընդամենը պատրաստվել և կարգավորողներին ուղարկվել է 25 փորձագիտական եզրակացություն։
Ներդաշնակեցման պլանի համաձայն՝ ներդաշնակեցման երրորդ փուլի կատարման շրջանակներում շարունակվել է անդամ պետությունների օրենսդրության համեմատական-իրավական վերլուծության իրականացումը, կարգավորման տարբերությունների բացահայտումը և փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված պահանջների և ընթացակարգերի ներդաշնակեցման հարցերով առաջարկների մշակումը։ Փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված պահանջների և ընթացակարգերի ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկներ պատրաստելու նպատակով 2023 թվականին Հանձնաժողովի հարթակում քննարկվել են կարգավորիչ արբիտրաժի ռիսկի առաջացման հետ կապված հետևյալ հարցերը.
ահաբեկչության ֆինանսավորման հակազդմանն առնչվող նպատակային ֆինանսական պատժամիջոցներ.
հաճախորդի պատշաճ ստուգում.
տվյալների պահպանում.
հրապարակային պաշտոնատար անձինք.
թղթակից բանկեր.
դրամի կամ արժեքների փոխանցման ծառայություններ.
նոր տեխնոլոգիաներ.
երրորդ կողմերի միջոցների նկատմամբ վստահություն.
ներքին հսկողություն.
արտասահմանյան մասնաճյուղեր և ներկայացուցչություններ.
բարձր ռիսկայնության երկրներ։
Տվյալ հարցերի քննարկման արդյունքներով որոշվել է, որ անդամ պետությունների օրենսդրության տարբերությունները կարգավորիչ արբիտրաժի առաջացման ռիսկերի տեսանկյունից էական չեն, ինչի հետ կապված՝ դրանց մասով օրենսդրության ներդաշնակեցում չի պահանջվում։
Այսպիսով, 2023 թվականին ավարտվել է բանկային ծառայությունների շուկա բանկերի մուտքի թույլտվության ոլորտում անդամ պետությունների ֆինանսական օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների պատրաստմանն ուղղված փորձագետների աշխատանքը, և շարունակվել է բանկերի, բանկային խմբերի և հոլդինգների ֆինանսական հուսալիության ապահովման, դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման, ինչպես նաև բանկի ֆինանսական վիճակի բարելավման, դրա վերակազմակերպման, լիցենզիայի հետկանչի և լուծարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների պատրաստման աշխատանքը։ Ներդաշնակեցման պլանի I բաժնի առաջին և մասամբ երկրորդ փուլերի ուղղություններով փորձագետների աշխատանքն ավարտվել է։
4. Ապահովագրական ոլորտ
Ապահովագրական ոլորտում ներդաշնակեցման պլանով նախատեսվում է կատարման 3 փուլ՝
առաջին փուլ՝ 2020-2021 թվականներ.
երկրորդ փուլ՝ 2021-2023 թվականներ.
երրորդ փուլ՝ 2023-2025 թվականներ։
Ներդաշնակեցման պլանի II բաժնի երկրորդ փուլի, ինչպես նաև ներդաշնակեցման պլանի II բաժնի երրորդ փուլի առանձին կետերի համաձայն՝ ապահովագրական ոլորտում իրականացվել է անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում՝ հետևյալ հարցերով.
անդամ պետությունների օրենսդրությունում ապահովագրական գործունեության մասով օգտագործվող հիմնական հասկացությունները (ապահովագրական գործունեություն (ապահովագրական գործ), ապահովագրող (ապահովագրական կազմակերպություն), վերաապահովագրող, միջնորդային գործունեություն, ապահովագրական բրոքեր, ապահովագրական գործակալ, ապահովադիր).
ապահովագրական շուկայի մասնակիցների ստեղծման և լիցենզավորման կարգն ու պայմանները.
ապահովագրական գործունեության լիցենզավորման ժամանակ ներկայացվող պահանջները.
ապահովագրական շուկայի մասնակիցների, այդ թվում՝ ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեությանը ներկայացվող պահանջները.
ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների ղեկավար աշխատողների մասնագիտական որակավորմանն ու գործարար համբավին ներկայացվող պահանջները.
ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիայի տրամադրումը մերժելու հիմքերը.
ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակցի ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիայի հետկանչի, չեղարկման, գործողության սահմանափակման և կասեցման հիմքերը.
ապահովագրական շուկայում ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությանը ներկայացվող պահանջները.
ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների՝ միաձուլման, միացման, վերակազմավորման կամ այլ ձևով վերակազմակերպման կարգն ու առանձնահատկությունները.
ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների լուծարման (այդ թվում՝ հարկադրական լուծարման), սնանկության և ֆինանսական առողջացման կարգը, ընթացակարգերն ու պայմանները.
ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմաններն ու կարգը.
ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների կորպորատիվ կառավարման համակարգին ներկայացվող պահանջները։
2023 թվականին Կողմերի փորձագետների կողմից իրականացվել է անդամ պետությունների օրենսդրության այն պահանջների համեմատական-իրավական վերլուծություն, որոնք ներկայացվում են ապահովագրական գործունեության լիցենզավորման ընթացքում ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցներին, ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների ղեկավար աշխատողների մասնագիտական որակավորմանը և գործարար համբավին, ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակցի ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության չեղարկմանը, հետկանչին, ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակցի վերակազմակերպմանը և լուծարմանը։
2023 թվականի արդյունքներով Կողմերի փորձագետները՝ Հանձնաժողովի հետ համատեղ, ներդաշնակեցման հարցերով աշխատանքային խմբի ապահովագրական ոլորտի ենթախմբի շրջանակներում մշակել են ապահովագրության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ հետևյալ որոշումները՝
1) սահմանվել են ապահովագրական ընկերության լիցենզավորման կարգը ներառող առանցքային գործընթացները.
2) սահմանվել են ապահովագրական գործունեության լիցենզավորման ժամանակ ապահովագրական կազմակերպությանը ներկայացվելիք հիմնական պահանջները.
3) ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների ղեկավար աշխատողների մասնագիտական որակավորմանը և գործարար համբավին ներկայացվող պահանջների (այդ թվում՝ բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 10 տոկոսին տիրապետող բաժնետերերի (մասնակիցների) և այդ բաժնետերերի (մասնակիցների) նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց գործարար համբավին և ֆինանսական վիճակին ներկայացվող պահանջների) առնչությամբ սահմանվել է այն անձանց ցանկը, որոնց վրա տարածվում են անդամ պետությունների ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների որակավորման պահանջները և (կամ) գործարար համբավի պահանջները՝ ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների լիցենզավորման մասով անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համար։
Կողմերը նաև սահմանել են հիմնական սկզբունքներն ու պահանջները, որոնք կկիրառվեն հիմնադիրների, վերահսկողների (ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապահովագրական կազմակերպության բաժնետոմսերի (բաժնեմասերի) ավելի քան 10 տոկոսը տնօրինելու իրավունք ունեցող անձանց) ֆինանսական կայունությունը գնահատելու նպատակով.
4) սահմանվել են ապահովագրական կազմակերպություններին ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիայի տրամադրումը մերժելու հիմքերը.
5) ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակցի ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիայի հետկանչի, չեղարկման, գործողության սահմանափակման և կասեցման հիմքերի ներդաշնակեցման վերաբերյալ Կողմերը պայմանավորվել են, որ վերջնական որոշման ընդունումը կտեղափոխվի ավելի ուշ փուլի (կքննարկվի ներդաշնակեցման իրականացման երրորդ փուլի շրջանակներում՝ ներդաշնակեցման պլանին համապատասխան, քանի որ տվյալ հարցն անհրաժեշտ է դիտարկել անդամ պետությունների իրավասու մարմինների կողմից ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգի ներդաշնակեցման հարցի հետ միասին).
6) համաձայնեցվել է հիմնական հասկացությունների ցանկը՝ ապահովագրական գործունեություն (ապահովագրական գործ), ապահովագրող (ապահովագրական կազմակերպություն), վերաապահովագրող, միջնորդային գործունեություն, ապահովագրական բրոքեր, ապահովագրական գործակալ, ապահովադիր.
7) որոշում է ընդունվել տվյալ փուլում հետևյալ հարցերով ներդաշնակեցման իրականացման նպատակահարմար չլինելու վերաբերյալ`
ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների՝ միաձուլման, միացման, վերակազմավորման կամ այլ ձևով վերակազմակերպման կարգն ու առանձնահատկությունները.
ապահովագրական շուկայի մասնագիտացված մասնակիցների լուծարման (այդ թվում՝ հարկադրական լուծարման), սնանկության և ֆինանսական առողջացման կարգը, ընթացակարգերն ու պայմանները.
ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմաններն ու կարգը.
անդամ պետությունների ապահովագրական շուկայի մասնակիցների պետական գրանցման կարգը. ապահովագրական շուկայի մասնակիցների պետական գրանցումն իրականացվելու է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
8) hաշվի առնելով Խորհրդատվական կոմիտեի նիստի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 2-ՏԺ/ԿԿՖ արձանագրության 10-րդ կետը՝ Կողմերի փորձագետները համաձայնել են, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջազգային սկզբունքների հիման վրա անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ ապահովագրական շուկայում կորպորատիվ կառավարման համակարգին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման ընթացիկ մակարդակը բավարար է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման համար։ Հետագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր է Կողմերի նախաձեռնությամբ կրկին քննարկել տվյալ հարցը։
Այսպիսով, 2023 թվականին ուսումնասիրվել և վերլուծվել են ներդաշնակեցման պլանի II բաժնի համաձայն ապահովագրական ոլորտում ներդաշնակեցման երկրորդ փուլը կազմող բոլոր կետերը, ինչի հետ կապված՝ երկրորդ փուլը կարելի է համարել ավարտված։
Ներդաշնակեցման երրորդ փուլի իրագործման աշխատանքը շարունակվում է ներդաշնակեցման պլանի II բաժնի համաձայն։ Այսպես, երրորդ փուլում ներառված 10 կետերից ուսումնասիրվել է 2 կետ։
Հանձնաժողովը Կողմերի փորձագետների հետ համատեղ իրականացնում է անդամ պետությունների ապահովագրական շուկա ապահովագրական կազմակերպությունների մուտքի թույլտվության ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների նախապատրաստման աշխատանք՝ ներդաշնակեցման պլանի II բաժնի համաձայն ներդաշնակեցման առաջին և երկրորդ փուլերի իրականացման շրջանակներում։
Կողմերի հետ իրականացվում է անդամ պետությունների դիրքորոշումների համաձայնեցման աշխատանք՝ «Միության շրջանակներում ապահովագրական պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին» համաձայնագրի նախագծի առնչությամբ, որի կնքման նպատակն է ապահովագրական պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման և տվյալ տեղեկատվության օգտագործման կարգի սահմանումը՝ ֆինանսական շուկաների ոլորտում ինտեգրացիոն գործընթացների խորացման և Միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման, ֆինանսական ծառայություններ սպառողների համար հավասար իրավունքների ու հնարավորությունների և ֆինանսական ծառայությունների մատակարարների համար մատչելի գործիքի (ռեսուրսի) առկայության ապահովման նպատակով։
5. Արժեթղթերի շուկայի ոլորտ
Ներդաշնակեցման պլանի III բաժնին համապատասխան՝ արժեթղթերի շուկայում ծառայությունների ոլորտում նախատեսվում է դրա իրագործման 3 փուլ՝
առաջին փուլ՝ 2020-2023 թվականներ.
երկրորդ փուլ՝ 2021-2025 թվականներ.
երրորդ փուլ՝ 2024-2029 թվականներ։
2023 թվականին արժեթղթերի շուկայում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցումն իրականացվել է հետևյալ ուղղություններով, որոնք նախատեսված են ներդաշնակեցման առաջին փուլով, ինչպես նաև երկրորդ (1 կետ) և երրորդ (2 կետ) փուլերի առանձին կետերով՝ ներդաշնակեցման պլանի համաձայն՝
արժեթղթերի շուկային վերաբերվող հիմնական հասկացությունների ներդաշնակեցումը, արժեթղթերի շուկայում գործունեության տեսակների, արժեթղթերի շուկայի մասնակիցների՝ շուկայական միջնորդների, ենթակառուցվածքային կազմակերպությունների և հաշվառման ինստիտուտների (այսուհետ՝ արժեթղթերի շուկայի մասնակիցներ) կազմակերպաիրավական ձևերի սահմանումը, արժեթղթերի և ֆինանսական գործիքների դասակարգումը.
արժեթղթերի շուկայի մասնակիցների կառավարման այն մարմինների և պաշտոնատար անձանց ցանկի սահմանումը, որոնց ներկայացվում են որակավորման և գործարար համբավի նկատմամբ պահանջները.
այն պահանջների ներդաշնակեցումը, որոնք ներկայացվում են՝
շուկայական միջնորդներին, այդ թվում՝ կանոնադրական կապիտալի ձևավորման կարգին, սեփական միջոցներին, այլ տնտեսական ցուցանիշների, դրանց հաշվարկման մեթոդիկային.
արժեթղթերի շուկայի մասնակիցների բաժնետերերի (մասնակիցների, հիմնադիրների) և վերջիններիս նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց գործարար համբավին, որոնք տրամադրում են հաճախորդների ակտիվների կառավարման կամ անվանատիրոջ ծառայություններ, ինչպես նաև արժեթղթերի շուկայի մասնակիցների պաշտոնատար անձանց և արժեթղթերի շուկայի մասնակիցների կառավարման մարմինների կազմում ընդգրկված անձանց որակավորմանն ու գործարար համբավին.
արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման համակարգերին և հաշվառման ինստիտուտներին.
արժեթղթերի շուկայում կենտրոնական կոնտրագենտին, քլիրինգային կազմակերպություններին.
արժեթղթերի շուկայում առևտրի կազմակերպչին (բորսային).
կենտրոնական դեպոզիտարիային, հաշվարկային դեպոզիտարիային.
արժեթղթերի շուկայի մասնակիցների գործունեությանը, այդ թվում՝ փաստաթղթերի և տեղեկատվության բացահայտմանն ու ներկայացմանը, ռիսկերի կառավարման համակարգին, ներքին հսկողության և աուդիտի համակարգին, ինչպես նաև ներքին հաշվառման համակարգին.
արժեթղթերի շուկայի մասնակիցների բաժնետերերի (մասնակիցների, հիմնադիրների) և այդ բաժնետերերի (մասնակիցների, հիմնադիրների) նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց գործարար համբավին, արժեթղթերի շուկայի մասնակիցների կառավարման մարմինների կազմում ընդգրկված անձանց որակավորմանն ու գործարար համբավին, արժեթղթերի շուկայի մասնակիցների պաշտոնատար անձանց որակավորմանը.
արժեթղթերի շուկայի մասնակիցների և թողարկողների կորպորատիվ կառավարման համակարգին։
2023 թվականի արդյունքներով Կողմերի փորձագետների կողմից՝ Հանձնաժողովի հետ համատեղ, ներդաշնակեցման հարցերով աշխատանքային խմբի՝ արժեթղթերի շուկայի հարցերով ենթախմբի շրջանակներում՝
1) կատարվել է անդամ պետությունների օրենսդրությամբ բրոքերային գործունեության հիմնական ասպեկտների մասով սահմանված՝ արժեթղթերի շուկայում շուկայական միջնորդներին (բրոքերներին) ներկայացվող պահանջների, այդ թվում՝ ֆինանսական պահանջների, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերին ներկայացվող պահանջների, բրոքերի ղեկավարներին, անձնակազմին, հիմնադիրներին, բաժնետերերին, մասնակիցներին, շահառուներին և նրանց որակավորմանն ու գործարար համբավին ներկայացվող պահանջների, բրոքերի կառուցվածքին ներկայացվող պահանջների, հաճախորդների և նրանց միջոցների հետ աշխատանքին ներկայացվող պահանջների, ծրագրային ապահովման պահանջների, լիազորված մարմնի հետ փոխգործակցությանը և հաշվետվողականությանը ներկայացվող պահանջների, տեղեկատվության բացահայտման պահանջների բարձր մակարդակի համեմատական-իրավական վերլուծություն։
Հաշվի առնելով Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության կողմից ձևակերպված՝ արժեթղթերի շուկայում շուկայական միջնորդների գործունեության կարգավորման սկզբունքները՝ կատարված վերլուծության հիման վրա պատրաստվել են անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների ցանկերի հետևյալ նախագծերը.
արժեթղթերի շուկայում հիմնական հասկացությունների, գործունեության տեսակների և ինստիտուտների մասով.
արժեթղթերի շուկայում շուկայական միջնորդներին (բրոքերներին) ներկայացվող պահանջների մասով։
Հետագայում ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների նշված ցանկերի հիման վրա հնարավոր կլինի մշակել միջազգային պայմանագիր, որով ամրագրված կլինեն Միության ընդհանուր ֆինանսական շուկայում բրոքերային գործունեություն իրականացնող արժեթղթերի շուկայի մասնակիցների նկատմամբ պահանջները։
Ընդ որում՝ Կողմերը համաձայնել են, որ ներդաշնակեցման ներկա փուլում՝ հաշվի առնելով Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգի դրույթները, ինչպես նաև ելնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 159 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի ձևավորման միջոցառումների պլանով («ճանապարհային քարտեզ») սահմանված խնդիրներից՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ բրոքերի պաշտոնատար անձանց, աշխատակիցներին, հիմնադիրներին, բաժնետերերին (մասնակիցներին), բրոքերի բաժնետերերի (մասնակիցների, հիմնադիրների) նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց, ինչպես նաև նշված անձանց որակավորմանն ու գործարար համբավին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման մակարդակը համարվում է բավարար։
Առանց լրացուցիչ հիմնադրման (լիցենզավորման)՝ ընդհանուր ֆինանսական շուկա բրոքերների մուտքի ապահովման մոտեցումների մշակման շրջանակներում անդամ պետությունները կշարունակեն բրոքերների (բրոքերների մայր ընկերությունների) պաշտոնատար անձանց, աշխատակիցներին, հիմնադիրներին (բաժնետերերին, մասնակիցներին) ներկայացվող պահանջների ներդաշնակեցման աշխատանքը՝ ներդաշնակեցման պլանի համաձայն.
2) կատարվել է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ արժեթղթերի շուկայի հաշվառման, հաշվարկային և առևտրային ենթակառուցվածքի գործունեությանը ներկայացվող պահանջների (արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման համակարգերին, հաշվառման ինստիտուտներին (օրինակ՝ դեպոզիտարիաներ), կենտրոնական և հաշվարկային դեպոզիտարիաներին, առևտրի կազմակերպչին (բորսային), քլիրինգային կազմակերպությանը և կենտրոնական կոնտրագենտին ներկայացվող պահանջներ) համեմատական վերլուծություն։
Վերլուծվել են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ հաշվառման ինստիտուտների (դեպոզիտարիաների), կենտրոնական դեպոզիտարիաների, հաշվարկային դեպոզիտարիաների, առևտրի կազմակերպիչների (բորսաների), քլիրինգային կազմակերպությունների, կենտրոնական կոնտրագենտների գործունեության իրականացման ընդհանուր պահանջները, այդ թվում՝ հետևյալ պահանջները, որոնք ներկայացվում են՝ սեփական միջոցների չափին, դրանց կազմին և որակին, հատուկ սարքավորումների և ծրագրային ապահովման առկայությանը, նշված տեսակի գործունեություն իրականացնող անձանց կողմից պրուդենցիալ նորմատիվների կատարմանը, ռիսկերի հսկողությունն ապահովող համակարգին, պաշտոնատար անձանց, աշխատակիցներին, հիմնադիրներին, բաժնետերերին, շահառուներին և բաժնետերերի նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց, նրանց որակավորմանն ու գործարար համբավին, ինչպես նաև հաճախորդների և նրանց միջոցների հետ աշխատանքի նկատմամբ հատուկ պահանջներ։
Անդամ պետությունների օրենսդրությունը լրացուցիչ վերլուծվել է արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման համակարգերի, դեպոզիտարիային գործունեության և հաշվառման ինստիտուտների, քլիրինգային կազմակերպությունների և առևտրի կազմակերպիչների գործունեության իրականացման կանոնների առնչությամբ։
Հաշվի առնելով Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության կողմից ձևակերպված՝ արժեթղթերի շուկայում շուկայական միջնորդների գործունեության կարգավորման սկզբունքները, արժեթղթերի կազմակերպված շուկայի կարգավորման սկզբունքները, ինչպես նաև ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների համար սկզբունքները՝ կատարված համեմատական-իրավական վերլուծության հիման վրա իրականացվում է անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների պատրաստում՝ արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման համակարգերին, հաշվառման ինստիտուտներին, կենտրոնական և հաշվարկային դեպոզիտարիաներին, առևտրի կազմակերպչին (բորսային), քլիրինգային կազմակերպությանը, արժեթղթերի շուկայում կենտրոնական կոնտրագենտին ներկայացվող պահանջների մասով.
3) արժեթղթերի շուկայի մասնակիցների կազմակերպաիրավական ձևերի ներդաշնակեցումը համարվել է ոչ նպատակահարմար, և Կողմերը որոշում են ընդունել արժեթղթերի շուկայում գործունեության տեսակների իրականացմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցման վերաբերյալ.
4) քննարկվել է ֆինանսական շուկայի մասնակիցների կորպորատիվ կառավարման համակարգին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման հարցը։ Հաշվի առնելով Խորհրդատվական կոմիտեի նիստի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 2-ՏԺ/ԿԿՖ արձանագրության 10-րդ կետը՝ Կողմերի փորձագետները համաձայնել են, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) միջազգային սկզբունքների հիման վրա անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ արժեթղթերի շուկայում կորպորատիվ կառավարման համակարգին ներկայացվող պահանջների ներդաշնակեցման ընթացիկ մակարդակը բավարար է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման համար։ Հետագայում անհրաժեշտության դեպքում հնարավոր է Կողմերի նախաձեռնությամբ կրկին քննարկել տվյալ հարցը։
Այսպիսով, 2023 թվականին ուսումնասիրվել և վերլուծվել են ներդաշնակեցման պլանի III բաժնի համաձայն արժեթղթերի շուկայում ներդաշնակեցման առաջին փուլը կազմող բոլոր կետերը, ինչի հետ կապված՝ ներդաշնակեցման առաջին փուլը կարելի է համարել ավարտված։ Ներդաշնակեցման երկրորդ և երրորդ փուլերի իրագործումը շարունակվում է ներդաշնակեցման պլանի համաձայն։ Այսպես, երկրորդ փուլում ներառված 8 կետերից ուսումնասիրվել է 1 կետ, երրորդ փուլում ներառված 14 կետերից ուսումնասիրվել է 2 կետ։
Հանձնաժողովը Կողմերի փորձագետների հետ համատեղ շարունակում է անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկների ցանկերի պատրաստման աշխատանքը՝ ներդաշնակեցման առաջին և երկրորդ փուլերի, ինչպես նաև երրորդ փուլի առանձին կետերի շրջանակներում՝ ներդաշնակեցման պլանի III բաժնի համաձայն։
6. Ընդհանուր բորսայական տարածքը
Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կարևոր ուղղություններից մեկն է Միության շրջանակներում ընդհանուր բորսայական տարածքի կառուցումը։
2023 թվականին Հանձնաժողովի կողմից՝ Կողմերի հետ համատեղ իրականացվել է հետևյալ փաստաթղթերի մշակման աշխատանք.
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 56 կարգադրությամբ հավանության արժանացած՝ «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպած սակարկություններին մասնակցությունը թույլատրելու մասին» համաձայնագրի նախագիծը, որի նպատակն է անդամ պետությունների բորսաներին իրավունք տալ ճանաչելու անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված՝ բրոքերների և դիլերների լիցենզիաները և նրանց համար ապահովել սակարկություններին անմիջական մասնակցության հնարավորություն՝ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների առուվաճառքի պայմանագրեր կնքելու համար։
Համաձայնագրի նշված նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը ավարտել են ներպետական համաձայնեցումը։ 2023 թվականի ավարտի դրությամբ Հանձնաժողովը Ռուսաստանի Դաշնությունում համաձայնագրի տվյալ նախագծի ներպետական համաձայնեցումն ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն չի ստացել.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 46 կարգադրությամբ հավանության արժանացած՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կազմակերպված սակարկությունների ժամանակ արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագրի նախագիծը, որի նպատակն է ամենաբարձր կատեգորիայի գնանշման ցուցակից արժեթղթերի՝ այլ անդամ պետություններում կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության ապահովումը, ինչպես նաև Միության ընդհանուր բորսայական տարածքում արժեթղթերով թողարկման և առևտրային գործառնությունների ազատության, բորսայական շուկաների իրացվելիության աճի համար պայմանների ապահովումը և առևտրային ու ներդրումային համագործակցության ամրապնդումը։
Համաձայնագրի նշված նախագիծն ուղարկվել է անդամ պետություններ՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման համար։ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը ավարտել են ներպետական ընթացակարգերը: Ղազախստանի Հանրապետությունն ավարտում է ներպետական ընթացակարգերի իրականացման գործընթացը։
Վերոնշյալ համաձայնագրերի մասով աշխատանքը կշարունակվի։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|