ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 մայիսի 2024 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ որպես ազդող նյութ պոլիմեթիլսիլոքսան պոլիհիդրատ պարունակող և Բելառուսի Հանրապետության տարածքում բժշկական կիրառման համար գրանցված դեղամիջոցների մեծածախ իրացման անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով (այսուհետ՝ գործ)։
Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և սույն որոշման նկարագրական պատճառաբանական մասերում՝ հավելվածի համաձայն ներկայացված՝ գործի քննության վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ճանաչել «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ, քաղ. Կորոլյով, Պերվոմայսկի միկրոշրջան, Սովետսկայա փող., տուն 31, ՊԳՀՀ 1085018010978, գրանցման ամսաթիվ՝ 2008 թվականի օգոստոսի 28, ՀՎՆՀ 5018131074) և դրա պաշտոնատար անձ՝ Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի, «Էներգոֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Վիտեբսկ, Լենինգրադսկայա փող. 17, բ. 301, 302, ԳՀ 390344538, գրանցման ամսաթիվ՝ 2004 թվականի դեկտեմբերի 25, ՀՎՀՀ 390344538) և դրա պաշտոնատար անձանց՝ Զ.Ա. Ֆիլիպենկոյի, Յու. Ա. Կազանսկայայի և Ս.Ե. Աֆանասևայի, «Ֆարմմարկետ» փակ բաժնետիրական ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Վիտեբսկ, Կոոպերատիվնայա 5-րդ փող, տ. 8, ԳՀ 300280870, գրանցման ամսաթիվ՝ 1994 թվականի նոյեմբերի 16, ՀՎՀՀ 300280870) և ««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» հոլդինգի կառավարող ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Պոբեդիտելեյ պող., տ. 84-2, գր. 27, ՀՀ 191751593, գրանցման ամսաթիվ՝ 2012 թվականի մարտի 30, ՀՎՀՀ 191751593) գործողություններում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման բացակայությունը և Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա դադարեցնել նշված անձանց նկատմամբ գործերի քննությունը։
2. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 21-ի թիվ 57 որոշման |
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի մայիսի 21-ի թիվ 57 որոշման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստացել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության նյութերը (2022 թվականի փետրվարի 28-ի թիվ 3543 գրություն) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի դրույթների խախտման հատկանիշների առկայության մասին։
Անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի գնահատում իրականացնելու անհրաժեշտության հետ կապված` նշված նյութերի ուսումնասիրության ժամկետը դադարեցվել է 2022 թվականի մարտի 15-ից հուլիսի 25-ը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության անցկացման կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետին, «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 10-րդ կետի 4-րդ ենթակետին և 12-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան, այդ նյութերի քննարկման արդյունքներով Հանձնաժողովը Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշների առկայության հետ կապված՝ կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության (այսուհետ՝ հետաքննություն) անցկացման մասին 2022 թվականի հուլիսի 25-ի թիվ 40/որոշ. որոշումը և անցկացրել է համապատասխան հետաքննություն։
Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրակացության հանգել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը, Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան, 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 70/որոշ. որոշմամբ երկարաձգել է հետաքննության անցկացման ժամկետը մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը։
Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետին, Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննություն անցկացնելու կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետին, 13-րդ և 16-րդ կետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 2-րդ կետին համապատասխան, հետաքննության ընթացքում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների հայտնաբերման հետ կապված՝ 2023 թվականի փետրվարի 13-ի թիվ 24 որոշ. որոշմամբ Հանձնաժողովի կողմից հարուցվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործ (այսուհետ՝ գործ), և ստեղծվել է դրա քննարկման հարցերով հանձնաժողով հետևյալ կազմով՝
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,
գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ա.Բ. Աբդիլդաևա, Կ.Գ. Բեգիդժանով և Ս.Ս. Սումենկով։
Գործը հարուցվել է հետևյալ անձանց նկատմամբ (այսուհետ՝ պատասխանողներ)՝
«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ, քաղ. Կորոլյով, Պերվոմայսկի միկրոշրջան, Սովետսկայա փող., տուն 31, ՊԳՀՀ 1085018010978, գրանցման ամսաթիվ՝ 2008 թվականի օգոստոսի 28, ՀՎՆՀ 5018131074) (այսուհետ՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ)․
«Էներգոֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Վիտեբսկ, Լենինգրադսկայա փող. 17, բ. 301, 302, ԳՀ 390344538, գրանցման ամսաթիվ՝ 2004 թվականի դեկտեմբերի 25, ՀՎՀՀ 390344538) (այսուհետ՝ «Էներգոֆարմ» ՍՊԸ)։
Նաև որպես գործով պատասխանողներ՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը ներգրավել է հետևյալ անձանց՝
Ն.Ն. Բելենկիյ-Գորդոնով՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ պաշտոնատար անձ (2023 թվականի մայիսի 2-ի թիվ 39/որոշ. որոշում)
Զ.Ա. Ֆիլիպենկո, Յու.Ա. Կազանսկայա և Ս.Ե. Աֆանասևա՝ «Էներգոֆարմ» ՍՊԸ պաշտոնատար անձինք (2023 թվականի հունիսի 2-ի թիվ 46/որոշ. որոշում)
«Ֆարմմարկետ» փակ բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Վիտեբսկ, Կոոպերատիվնայա 5-րդ փող, տ. 8, ԳՀ 300280870, գրանցման ամսաթիվ՝ 1994 թվականի նոյեմբերի 16, ՀՎՀՀ 300280870) (այսուհետ՝ «Ֆարմմարկետ» ՍՊԸ) (2023 թվականի մայիսի 18-ի թիվ 46/որոշ. որոշում) և ««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» հոլդինգի կառավարող ընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Պոբեդիտելեյ պող., տ. 84-2, գր. 27, ՀՀ 191751593, գրանցման ամսաթիվ՝ 2012 թվականի մարտի 30, ՀՎՀՀ 191751593) (այսուհետ՝ ««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» ՀԿԸ» ՍՊԸ) (2023 թվականի հունիսի 2-ի թիվ 46/որոշ. որոշում), որոնք 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում ներգրավված են եղել «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի հետ անձանց մեկ խմբում։
Գործի քննությանը մասնակցած անձինք՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչներ (այսուհետ՝ անդամ պետություններ), որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) կատարումը՝ Ա.Ա. Իսայչիկ, Ա.Վ. Նովիկ, Ժ.Բ. Սագդատ, Մ.Ա. Ֆոկինա և Ա.Ա. Շեմյակինա.
պատասխանողների՝ լիազորագրերով ներկայացուցիչներ՝
Օ.Մ. Սուդարիկովա՝ «Էներգոֆարմ» ՍՊԸ ներկայացուցիչ
Օ.Մ. Բելովա և Ն.Մ. Պուգաչովա՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ ներկայացուցիչներ
Ի.Ս. Ռիմշի՝ ««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» ՀԿԸ» ՍՊԸ ներկայացուցիչ։
«Ֆարմմարկետ» ՍՊԸ-ն խնդրել է գործը քննել առանց իր մասնակցության։
«Էներգոֆարմ» ՍՊԸ–ի պաշտոնատար անձինք՝ Զ.Ա. Ֆիլիպենկոն, Յու.Ա. Կազանսկայան և Ս.Ե. Աֆանասևան (նրանց ներկայացուցիչները), որոնք պատշաճ ծանուցվել էին գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի անցկացման ժամի և վայրի մասին, բացակայում էին, չներկայանալու պատճառները չեն հայտնել։
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի» 16-րդ կետին համապատասխան և գործի քննության հարցերով հանձնաժողովի կողմից որոշում ընդունվելու համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով, ինչի մասին կայացվել է 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 41/որոշ. համապատասխան որոշումը։
2023 թվականի հուլիսի 14-ի թիվ 58/որոշ. որոշմամբ գործի քննությունը կասեցվել է համապատասխան փորձաքննություն անցկացնելու ժամկետով։
Փորձագիտական կազմակերպության կողմից պատասխան ստանալու հետ կապված՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 67/որոշ. որոշման հիման վրա գործի քննությունը վերսկսվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ից։
Դրա հետ մեկտեղ՝ Եվրասիական տնտեսական միության դատարանում տվյալ գործի քննության համար նշանակություն ունեցող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 23-ի թիվ 67 որոշումը բողոքարկելու մասին «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ դիմումի ուսումնասիրման հետ կապված գործի քննությունը 2023 թվականի նոյեմբերի 9-ից կասեցվել է։ Եվրասիական տնտեսական միության դատարանի վերաքննիչ պալատի 2023 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ նշված որոշման վերաբերյալ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ դիմումը վարույթ ընդունելը մերժվել է։
Ինչի հետ կապված՝ թիվ 73/որոշ. որոշման հիման վրա գործի քննությունը վերսկսվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ից։
Անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2024 թվականի հունվարի 16-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննության ավարտի մասին:
Արձանագրությանը, Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հետաքննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան, Հանձնաժողովն անցկացրել է՝ որպես ազդող նյութ պոլիմեթիլսիլոքսան պոլիհիդրատ պարունակող դեղամիջոցների և Բելառուսի Հանրապետության տարածքում բժշկական կիրառման համար գրանցված դեղամիջոցների, մեծածախ իրացման անդրսահմանային շուկայում մրցակցության իրավիճակի գնահատում։
Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության իրավիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրված են այնքանով, որքանով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Մեթոդիկայի II բաժնի դրույթներին համապատասխան՝ շուկայի ուսումնասիրության ժամանակային միջակայքը սահմանված է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Ելնելով Մեթոդիկայի III բաժնի պահանջներից, հիմնվելով գործի նյութերում ներկայացված տեղեկատվության վրա, պարզվել է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները՝ որպես ազդող նյութ պոլիմեթիլսիլոքսան պոլիհիդրատ պարունակող և Բելառուսի Հանրապետության տարածքում բժշկական կիրառման համար գրանցված դեղամիջոցների մեծածախ իրացման շուկան է (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքային շուկա, ապրանք)։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային շուկաների շարքին դասելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետով սահմանվել է, որ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակով շուկան դասվում է անդրսահմանային շուկաների շարքին, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները 2 և ավելի անդամ պետությունների տարածքներ են ընդգրկում։
Համաձայն Մեթոդիկայի 26-րդ կետի «ա» ենթակետի՝ ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելիս Չափորոշիչներին դրա համապատասխանությունը սահմանելու նպատակով բացահայտվում է ապրանքային շուկայի անդրսահմանային լինելու այնպիսի հատկանիշ, ինչպիսին մեկ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք մատակարարելն է ։
Ուսումնասիրվող ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելիս պարզվել է, որ ապրանքի մատակարարումն իրականացվում է մեկ անդամ-պետության (Ռուսաստանի Դաշնության) տարածքից այլ անդամ պետության (Բելառուսի Հանրապետության) տարածք։
Այսպիսով՝ ուսումնասիրվող ապրանքային շուկայի համար չափորոշիչների 2-րդ կետում շարադրված պահանջը կատարվում է։
Մեթոդիկայի IV բաժնի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով այն փաստը, որ ապրանքը մատակարարվում է Ռուսաստանի Դաշնությունից Բելառուսի Հանրապետություն և շրջանառվում է այդ անդամ պետությունների տարածքներում, որպես անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններ որոշվել են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքները։
Հաշվի առնելով շարադրվածը և այն փաստը, որ ապրանքի իրացման շուկան անդրսահմանային է, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 4-րդ կետի հիման վրա, հաշվի առնելով այն փաստը, որ անցկացված հետաքննության արդյունքներով որպես տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ), որոնց գործողություններում առկա են (նկատվում են) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշներ, սահմանվել են այն տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), որոնք գրանցված են Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի խախտումների կանխարգելումը վերապահված է Հանձնաժողովի իրավասությանը։
Հաշվի առնելով Մեթոդիկայի V և VI բաժինների դրույթները՝ պարզվել են ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտները (շուկայում գործող սուբյեկտները) և կատարվել է ապրանքային շուկայի ծավալի և ապրանքային շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) բաժինների հաշվարկ։ Տվյալ տեղեկատվությունը սույն փաստաթղթի մեջ չի ներկայացվում, քանի որ պարունակում է գաղտնի տեղեկատվություն։
Գործի նյութերի համաձայն՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի միջև կնքվել է մատակարարման 2012 թվականի հուլիսի 6-ի թիվ 02/06-12 պայմանագիրը (այսուհետ՝ մատակարարման պայմանագիր)։
Մատակարարման պայմանագրի 13.2 կետում նշված է, որ «Էներգոֆարմ» ՍՊԸ-ն իրավունք չունի առանց «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գրավոր համաձայնության իրացնելու ապրանքը «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գնից (այսինքն՝ յուրաքանչյուր կոնկրետ մատակարարման մասնագրում նշված գնից) ցածր գնով։ Սույն պարտավորության չկատարման դեպքում «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու մատակարարման պայմանագիրը։
Անհրաժեշտ է նշել, որ մատակարարման պայմանագրի 13.2 կետում նշված պայմանը պարունակում է մրցակցության սահմանափակման հատկանիշներ՝ «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի կողմից այդ մատակարարման պայմանագրի շրջանակներում «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ից ձեռք բերված ապրանքները դրանց գնման գնից ցածր գնով հետագա իրացման մասով ինքնուրույն գործողություններից հրաժարվելու ձևով։ Նման պայմանը, ըստ էության, «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի կողմից կոնտրագենտի գնային քաղաքականության հսկողության միջոց է և խոչընդոտում է մրցակցային շուկայի պայմաններում «Էնտերոսգել» դեղապատրաստուկի գնի ազատ ձևավորումը։
Մատակարարման պայմանագրի 13.2 կետի առկայության պայմանի դեպքում ինչպես Բելառուսի Հանրապետության, այնպես էլ այլ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտները Բելառուսի Հանրապետությունում հետագա իրացման համար «Էներգոֆարմ» ՍՊԸ-ից ապրանք գնելիս զրկված են առանց «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի գրավոր համաձայնության այն գնից ցածր գնով տվյալ դեղամիջոցը գնելու հնարավորությունից, որով «Էներգոֆարմ» ՍՊԸ-ն գնում էր տվյալ ապրանքը «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ից, նույնիսկ եթե դա ընդունելի է «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի համար։
Շարադրվածը վկայում է այն մասին, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի գործողությունները մատակարարման պայմանագրի կնքման շրջանակներում կարող են բացասական ազդեցություն ունենալ երկու և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա։
Վերոշարադրյալի հետ կապված և հետաքննության արդյունքներով՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի նշված գործողությունները որակվել են որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված արգելքի խախտում։
Գործի քննության շրջանակներում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը պատասխանողները չեն ընդունում, որպես խախտման տվյալ փաստը չընդունելու հիմնավորում՝ նրանք նշում են հետևյալը։
Համաձայն «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի պարզաբանումների՝ մատակարարման պայմանագրի 13.2 կետը հանվել էր մատակարարման պայմանագրից կողմերի միջև 2015 թվականի հունվարի 12-ին մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի (այսուհետ՝ լրացուցիչ համաձայնագիր) կնքման հիման վրա։
Համաձայն «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի պարզաբանումների՝ (2023 թվականի հունիսի 7-ի մտ. թիվ 10299 գրություն) մատակարարման պայմանագրի 13.8 կետին համապատասխան ֆաքսիմիլային կապի միջոցով կնքված մատակարարման պայմանագրի բոլոր հավելվածներն ունեն իրավաբանական ուժ։ Լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է մատակարարման պայմանագրի կողմերի կողմից ֆաքսիմիլային կապի միջոցով ստորագրված տեքստային փաստաթուղթ կազմելու միջոցով։
Սակայն տարիների ընթացքում ֆաքսի թուղթը, որի վրա կնքվել է լրացուցիչ համաձայնագիրը, խամրել է։ Պահպանվել է լրացուցիչ համաձայնագրի լուսապատճենը։ Մատակարարման պայմանագրի կողմերը չեն ժխտում լրացուցիչ համաձայնագրի կնքումը և հաստատում են դրանում պարունակվող նորմերի վավերականությունն ամբողջ ծավալով։
Համաձայն «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի պարզաբանումների՝ (2023 թվականի ապրիլի 25-ի մտ. թիվ 7654 գրություն) լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է փաստաթղթերի օրինակները ֆաքսիմիլային կապի միջոցով ուղարկելու եղանակով և ունի իրավաբանական ուժ, ինչը համապատասխանում է մատակարարման պայմանագրի 13.8 կետին։ Հաշվի առնելով այն փաստը, որ պահանջվող փաստաթղթի կնքման օրվանից երկարատև ժամանակահատված է անցել, կողմերի միջև ֆաքսի միջոցով փոխանակված փաստաթղթերի օրինակները մինչ օրս չեն պահպանվել։ Դրա հետ մեկտեղ՝ կողմերը հաստատում են այդ կնքման փաստը և լրացուցիչ համաձայնագրի իսկությունը։
«Էներգոֆարմ» ՍՊԸ-ի պարզաբանումների համաձայն (2023 թվականի մայիսի 24-ի մտ․ թիվ 9450 գրություն) «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի տնօրենի 2021 թվականի օգոստոսի 2-ի թիվ 77 հրամանի՝ 2021 թվականի օգոստոսի 3-ից դադարեցվել է դեղամիջոցների մեծածախ իրացման գործունեությունը։ Նույն ամսաթվից տնտեսավարման սուբյեկտների հետ դեղամիջոցների իրացման պայմանագրեր չեն կնքվել։ Բոլոր դեղամիջոցները իրացվում են վերջնական սպառողին բացառապես իրենց դեղատների միջոցով։
«Էներգոֆարմ» ՍՊԸ-ի 2023 թվականի հունիսի 20-ի մտ. թիվ 10941 գրությամբ ներկայացված է մատակարարման պայմանագիրը խզելու վերաբերյալ 2023 թվականի հունիսի 1-ի համաձայնագիրը։ Այդ համաձայնագրի 1-ին կետի համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ից պայմանագրով ապրանքի մատակարարումների փաստացի բացակայությամբ պայմանավորված կողմերը համաձայնվել են խզել 2021 թվականի հունվարի 26-ի պայմանագիրը։
Համաձայն «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի պարզաբանումների (2023 թվականի հուլիսի 28-ի մտ. թիվ 13313 գրություն)՝ այն լրացուցիչ համաձայնագրի լուսապատճենի ստեղծման ամսաթիվը, որից կատարվել է պատճենը՝ գործի քննության հարցերով հանձնաժողով ներկայացնելու համար, տեխնիկապես անհնարին է որոշել, պատճենահանման ժամանակ պատճենահանման ամսաթիվը չի նշվում։ Բացի այդ՝ «Էներգոֆարմ» ՍՊԸ-ն տեղյակ չի, թե ընդամենը տվյալ լրացուցիչ համաձայնագրի քանի լուսապատճեն է ունեցել։
Այսպիսով, «Էներգոֆարմ» ՍՊԸ-ն և «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն պնդում են, որ մատակարարման պայմանագրի 13.2 կետը, որի բովանդակության մեջ սահմանվել են մրցակցության ընդհանուր խախտումների հատկանիշները, հանվել է լրացուցիչ համաձայնագրի կնքման միջոցով։
Սակայն, քանի որ «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի և «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի միջև մատակարարման պայմանագրի 13․8 կետի ուժով լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է ֆաքսիմիլային կապի միջոցով, ապա լրացուցիչ համաձայնագրի բնօրինակը չի պահպանվել։
Ընդ որում, գործի քննության հարցերով հանձնաժողով ներկայացված լրացուցիչ համաձայնագրի պատճենը չունի ստեղծման ամսաթիվ:
Այս կապակցությամբ, լրացուցիչ համաձայնագրի պատճենի ստեղծման ամսաթիվը որոշելու և դրա ստեղծման հանգամանքները պարզելու համար, առնվազն մինչև Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության նյութերը Հանձնաժողովի կողմից ստանալը, ինչն անուղղակիորեն կարող էր վկայել պատասխանողների կողմից ներկայացված լրացուցիչ համաձայնագրի իսկության մասին, որոշվել էր անցկացնել փաստաթղթի պատրաստման վաղեմության փորձաքննություն։
Լրացուցիչ համաձայնագրի պատճենի ստեղծման վաղեմության փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության կապակցությամբ՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը նշանակել է համապատասխան փորձաքննություն, որին ներգրավվել է «Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանն առընթեր դատաբժշկական փորձաքննության Ռուսաստանի դաշնային կենտրոն» դաշնային բյուջետային հիմնարկը (Մոսկվա, Խոխլովսկի նրբ. տ. 13, շին. 2):
Փորձագիտական կազմակերպությանն անհրաժեշտ էր ներկայացնել հետևյալ հարցի պատասխանը՝ «Ե՞րբ (որ թվականին) է պատրաստվել լրացուցիչ համաձայնագրի պատճենը»։
«Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությանն առընթեր դատաբժշկական փորձաքննության Ռուսաստանի դաշնային կենտրոն» դաշնային բյուջետային հիմնարկի գրությունից (2023 թվականի հոկտեմբերի 4-ի մտ. թիվ 17411 գրություն) հետևում է, որ փաստաթղթի մեջ ռեկվիզիտների նշման վաղեմությունը պարզելն ըստ մեթոդիկայի (շտրիխներում ցնդող լուծիչների ուսումնասիրությունների հիման վրա) հնարավոր է միայն փաստաթղթերի բնօրինակներն ուսումնասիրելու ընթացքում։ Նման հետազոտությունները փաստաթղթերի պատճեններով չեն անցկացվում։ Հետազոտության օբյեկտի բնօրինակի բացակայության հետ կապված խնդրանքը բավարարելը հնարավոր չէ։
Այսպիսով, գործի քննության հարցերով հանձնաժողովին չի հաջողվել հավաստի պարզել լրացուցիչ համաձայնագրի պատճենի պատրաստման ամսաթիվը։
Հաշվի առնելով փորձաքննությունից ստացված արդյունքները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը վերսկսել է գործի քննությունը։
Անհրաժեշտ է նշել, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ն չեն ներկայացրել ֆաքսային թղթի վրա կազմված լրացուցիչ համաձայնագրի գունաթափված տարբերակը։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը նաև նշում է, որ փաստաթղթերը ֆաքսիմիլային կապով ուղարկելիս ֆաքսային նիշքն ուղարկող կողմի փաստաթուղթը, որպես կանոն, թղթային է։ Պատասխանողներն իրենց հերթին չեն ներկայացրել լրացուցիչ համաձայնագրի այդպիսի տարբերակ ևս, ինչն ընդհանուր առմամբ կասկածի տակ է դնում իրենց պնդումը՝ ենթադրյալ ստորագրման ամսաթվի դրությամբ դրա առկայության վերաբերյալ։
Միաժամանակ, համաձայն գործի նյութերի, հետաքննության ընթացքում պարզվել է, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն 2015 թվականի ապրիլի 10-ին կնքել է մատակարարման պայմանագրին բովանդակությամբ նման թիվ 10/04-15 մատակարարման պայմանագիր «ԲՍՏՖԱՐՄ» ՍՊԸ-ի հետ (Բելառուսի Հանրապետություն), որում 13.2 կետը շարադրվել է մատակարարման պայմանագրի 13.2 կետին համանման։ Ընդ որում, նշված կետը հանվել է՝ 2015 թվականի ապրիլի 10-ի թիվ 10/04-15 մատակարարման պայմանագրի 2016 թվականի մարտի 22-ի լրացուցիչ համաձայնագրին համապատասխան։
Համաձայն պատասխանողների պարզաբանումների՝ նրանց գործողություններում առկա չեն մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշներ, քանի որ խախտման ուսումնասիրվող ժամանակահատվածում պատասխանողներն եղել են անձանց մեկ խմբում։
Համաձայն գործի նյութերի՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում մատակարարման պայմանագիր կնքած «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ն և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ն եղել են անձանց մեկ խմբում՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 9-ը՝ ըստ Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի յոթերորդ պարբերության մեջ նշված հատկանիշի։
«Էներգոֆարմ» ՍՊԸ-ի գրության համաձայն (2023 թվականի մայիսի 24-ի մտ. թիվ 9450 գրություն) 2019 թվականին «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ից եղել է ապրանքի ընդամենը 2 մատակարարում՝ 2019 և 2020 թվականներին։
«ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի՝ «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի հետ մեկ խմբից դուրս գալուց հետո ապրանքի մատակարարումներ չեն իրականացվել։
Այսպիսով՝ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի միջև ապրանքի մատակարարումն իրականացվել է դրանց՝ անձանց մեկ խմբում գտնվելու ժամանակահատվածում։
««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» ՀԿԸ» ՍՊԸ-ի գրությունից (2023 թվականի հունիսի 21-ի մտ. թիվ 11067 գրություն) հետևում է, որ մատակարարման պայմանագիրը կնքվել է «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի միջև։ ««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» ՀԿԸ» ՍՊԸ-ն նախապայմանագրային բանակցություններին չի մասնակցել, մատակարարման պայմանագրի կնքման, դրա պայմանների և կատարման վրա ազդեցություն չի ունեցել։
Համաձայն «Ֆարմմարկետ» ՓԲԸ-ի պարզաբանումների (2023 թվականի հունիսի 22-ի մտ. թիվ 11105 գրություն)՝ մատակարարման պայմանագրի կնքման բանակցություններին ինքը չի մասնակցել։
Գործի քննության արդյունքներով՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը հանգել է հետևյալ եզրակացությանը։
Արձանագրության 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնությունը գրավոր պայմանավորվածությունն է, որը պարունակվում է փաստաթղթում կամ մի քանի փաստաթղթերում, ինչպես նաև՝ բանավոր պայմանավորվածությունը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ արգելվում են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միջև այլ համաձայնություններ՝ բացառությամբ այնպիսի «ուղղահայաց» համաձայնությունների, որոնք ճանաչվում են թույլատրելի՝ Արձանագրությամբ սահմանված թույլատրելիության չափորոշիչներին համապատասխան այն դեպքում, երբ պարզվել է, որ այդ համաձայնությունները հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակման։
Հակամրցակցային համաձայնությանն առնչվող արգելքի պահպանմանը վերաբերող հարցը լուծելիս իրավաբանորեն նշանակալի է այն բացասական ազդեցությունը պարզելը, որն ունի կամ կարող է ունենալ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) վարքագիծը շուկայի մյուս մասնակիցների (տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), սպառողների) վրա, ինչպես նաև նշված անձի վարքագծի համապատասխանությունն այն վարքագծին, որը նման իրավիճակում ակնկալվում էր իր գույքային շահը հետապնդող, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիական իրավունքների իրականացման սահմանները չանցնող ցանկացած այլ տնտեսավարող սուբյեկտից (շուկայի սուբյեկտից):
Գործի քննության հարցերով հանձնաժողովը հաշվի է առել այն փաստը, որ, նախ՝ հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի մեծ մասը (2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 9-ը) պատասխանողներն եղել են անձանց մեկ խմբի մեջ, երկրորդը՝ մատակարարման պայմանագրով իրականացվել է ընդամենը 2 մեկանգամյա մատակարարում՝ 2019 և 2020 թվականներին, այսինքն պատասխանողների՝ անձանց մեկ խմբում գտնվելու ժամանակաշրջանում, երրորդը՝ կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, որով մատակարարման պայմանագրից հանվել է մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների հատկանիշներ պարունակող դրույթը, ինչպես նաև համանման լրացուցիչ համաձայնագիր այլ տնտեսավարող սուբյեկտի հետ՝ մատակարարման պայմանագրի 13.2 կետից դրույթներ հանելու մասին, չորրորդը՝ 2022 թվականի մարտի 9-ից մինչև հունիսի 1-ը ապրանքի մատակարարումներ չեն իրականացվել։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձ Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի, «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձանց Զ.Ա. Ֆիլիպենկոյի, Յու.Ա. Կազանսկայայի և Ս.Ե. Աֆանասևայի, «Ֆարմմարկետ» ՓԲԸ-ի և ««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» ՀԿԸ» ՍՊԸ-ի գործողություններում 2022 թվականի մարտի 9-ից հունիսի 1-ը, այսինքն այն ժամանակահատվածում, երբ վերոնշյալ անձինք չեն եղել անձանց մեկ խումբ, անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն չի պարզել։
Գնահատելով գործով հավաքագրված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ «ԴԻԱՄԵԴ-ֆարմա» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձ Ն.Ն. Բելենկի-Գորդոնովի, «Էներգոֆարմ» ՍՊԸ-ի և դրա պաշտոնատար անձանց Զ.Ա. Ֆիլիպենկոյի, Յու.Ա. Կազանսկայայի և Ս.Ե. Աֆանասևայի, «Ֆարմմարկետ» ՓԲԸ-ի և ««ԱՊՏԵԿԱ Գրուպպ» ՀԿԸ» ՍՊԸ-ի գործողություններում բացակայում է Պայմանագրի 76-րդ հոդվածի 5-րդ կետով արգելված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|