ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2025

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) դրույթների վրա,

շահագրգռված լինելով երկարաժամկետ և կայուն հիմունքով պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում համագործակցությունն ամրապնդելու հարցում,

կիսելով մեկ անդամ պետությունում գրանցված հնարավոր մատակարարների և մի անդամ պետության տարածքում գրանցված մատակարարների համար մյուս անդամ պետությունում անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցությանն անարգել հասանելիություն ապահովելու ձգտումը,

հիմնվելով իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա՝ հաշվի առնելով անդամ պետությունների տնտեսական շահերը,

հաշվի առնելով պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ պատվիրատուների իրավունքների պատշաճ պաշտպանության անհրաժեշտությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

բանկային երաշխիք՝ պրինցիպալի անդամ պետության տարածքում գրանցված՝ երաշխիք տված անձի կողմից տրված երաշխիք (անկախ երաշխիք) պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ապահովման համար.

բենեֆիցիար՝ պատվիրատու, հօգուտ որի տրվել է բանկային երաշխիքը.

պրինցիպալ՝ հնարավոր մատակարար կամ մատակարար, որին տրամադրվել է բանկային երաշխիքը.

բանկային երաշխիքների ռեեստր՝ բենեֆիցիարի անդամ պետության ռեեստր, որը պարունակում է տրված բանկային երաշխիքների մասին պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկատվությունը։

Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրի առարկան այն բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման ապահովումն է, որոնք տրվում են պրինցիպալի անդամ պետության տարածքում գրանցված՝ երաշխիք տված անձանց կողմից՝ այլ անդամ պետության բենեֆիցիարի կողմից իրականացվող պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով։

Բանկային երաշխիքները, որոնք տրվել են՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները, անդամ պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ։

Սույն համաձայնագրի գործողությունը չի տարածվում՝

 

այն պետական (մունիցիպալ) գնումների վրա, որոնց մասին տեղեկությունները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետական գաղտնիք (գաղտնիքներ) են կազմում.

անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից իրականացվող գնումների վրա։

 

Հոդված 3

 

Երաշխիք տված անձը, որը գրանցված է պրինցիպալի անդամ պետության տարածքում, այդ անդամ պետության օրենսդրության համաձայն, պետք է լինի բանկ և պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

պրինցիպալի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան երաշխիք տված անձի նկատմամբ՝ նրա տնտեսական անվճարունակության (սնանկության) կանխարգելման և ֆինանսական վիճակի բարելավման (ֆինանսական առողջացման) համար կիրառված միջոցների բացակայություն վերջին 6 ամիսների ընթացքում.

եթե վարկային վարկանիշի առկայության մասին պահանջը նախատեսված է բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ, ապա բենեֆիցիարի անդամ պետության վարկային վարկանիշային գործակալության կողմից շնորհված այնպիսի վարկային վարկանիշի առկայություն, որի մակարդակին ներկայացվող պահանջը նախատեսված է բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդի կողմից հաստատված չափանիշներին համապատասխան։

 

Հոդված 4

 

1. Պրինցիպալի անդամ պետության տարածքում գրանցված և սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանող երաշխիք տված անձն այլ անդամ պետության բենեֆիցիարի պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցության համար բանկային երաշխիքի տրման նպատակով պետք է ներառվի բենեֆիցիարի անդամ պետության երաշխիք տված անձանց ցանկում (այսուհետ՝ երաշխիք տված անձանց ցանկ), եթե պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված է այդպիսի ցանկի ձևավորում։ Երաշխիք տված անձանց ցանկում երաշխիք տված անձանց ներառելու նպատակներով պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ երաշխիք տված անձանց նկատմամբ սույն համաձայնագրով չնախատեսված պահանջների սահմանումը չի թույլատրվում։

Երաշխիք տված անձանց ցանկի մեջ ներառելն իրականացվում է պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ այն տեղեկատվության հիման վրա, որը բենեֆիցիարի անդամ պետության լիազորված մարմինն ստացել է պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմնից։

2. Երաշխիք տված անձը հանվում է երաշխիք տված անձանց ցանկից պրինցիպալի անդամ պետության լիազորված մարմնի տեղեկատվության հիման վրա հետևյալ դեպքերում՝

սույն համաձայնագրի պահանջներին երաշխիք տված անձի չհամապատասխանելը,

երաշխիք տված անձանց ցանկից հանելու մասին երաշխիք տված անձի գրավոր դիմում ներկայացնելը։

3. Երաշխիք տված անձին երաշխիք տված անձանց ցանկից հանելը չի դադարեցնում նրա կողմից տրված և բենեֆիցիարի կողմից ընդունված բանկային երաշխիքների գործողությունը և երաշխիք տված անձին չի ազատում այդ բանկային երաշխիքների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվությունից։

4. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվության կազմը, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության փոխանակման կարգը սահմանում է Հանձնաժողովի խորհուրդը։

 

Հոդված 5

 

Բանկային երաշխիքի ձևն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրության պահանջներին։ Բանկային երաշխիքը պետք է ներառվի բանկային երաշխիքների ռեեստրում՝ պետական (մունիցիպալ) գնումների ոլորտում բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով (եթե այդ օրենսդրությամբ նախատեսված է նշված ռեեստրի ձևավորումը)։

Բանկային երաշխիքի մասով բենեֆիցիարի կողմից երաշխիք տված անձին պահանջի ներկայացման, երաշխիք տված անձի կողմից դրա ուսումնասիրման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությունը։

 

Հոդված 6

 

Բենեֆիցիարի և երաշխիք տված անձի, ինչպես նաև՝ բենեֆիցիարի և պրինցիպալի միջև վեճերը և տարաձայնությունները քննվում են դատական կարգով՝ ըստ բենեֆիցիարի գրանցման վայրի՝ բենեֆիցիարի անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 7

 

Անդամ պետությունները սահմանում են սույն համաձայնագրի իրականացման համար պատասխանատու լիազորված մարմիններ, ինչի մասին տեղեկացնում են Հանձնաժողովին՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցելու հետ միաժամանակ:

 

Հոդված 8

 

Անդամ պետությունների կողմից սույն համաձայնագրի իրականացման ժամանակ անդամ պետություններն ինքնուրույն են կրում ի թիվս այլնի՝ երաշխիք տված անձանց ցանկի և բանկային երաշխիքների ռեեստրի ստեղծման և (կամ) վարման և (կամ) արդիականացման հետ կապված ծախսերը։

 

Հոդված 9

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում։

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն դիվանագիտական ուղիներով ավանդապահի կողմից ստանալու օրվանից։

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2023 թվականի օգոստոսի 29-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան