ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 փետրվարի 2023 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի նախագծի մասին
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի վրա,
ընդունելով անդամ պետություններում կիրառվող՝ ապրանքների ծագումը հաստատելու համակարգի կատարելագործման ու զարգացման անհրաժեշտությունը,
հիմնվելով հրապարակայնության ու արտաքին առևտրային գործունեության մասնակիցների խտրականության բացառման սկզբունքների վրա,
ձգտելով ապահովել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու, հավաստելու և հաստատելու ոլորտում միասնական սկզբունքների կիրառումը,
ղեկավարվելով միջազգային առևտրի համընդհանուր ընդունված կանոններով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Ընդհանուր դրույթներ
Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման դեպքում դրանց ծագումը որոշելու, հավաստելու ու հաստատելու մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով կիրառվում է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգը:
Հոդված 2
Սահմանումները
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
վերիֆիկացում՝ ապրանքի ծագման հավաստագրի իսկության և (կամ) ապրանքի ծագման մասին փաստաթղթում պարունակվող տեղեկությունների հավաստիության որոշումը․
վերիֆիկացնող մարմին՝ անդամ պետության մարմին, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է վերիֆիկացում իրականացնելու համար.
ապրանքի ծագման հայտարարագիր՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքին վերաբերող առևտրային կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը պարունակում է անդամ պետության արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից հայտարարված տեղեկություններ ապրանքի ծագման վերաբերյալ՝ Միության մաքսային տարածքից դրա արտահանման հետ կապված.
ապրանքի ծագման մասին փաստաթուղթ՝ ապրանքի ծագման հայտարարագիր կամ ապրանքի ծագման հավաստագիր.
ապրանքի ծագման որոշումը՝ գործողությունների ամբողջություն, որոնք կատարվում են ապրանքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող անձի կամ լիազորված մարմնի կողմից Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագումը որոշելու նպատակով, և որոնց կատարման արդյունքում այդպիսի անձը կամ լիազորված մարմինը ճանաչում է ապրանքի՝ կոնկրետ երկրի ծագում ունենալը կամ ճանաչում է այն փաստը, որ այդպիսի ապրանքի ծագումը չի կարող որոշվել.
ապրանքի ծագումը որոշելու կանոններ՝ նորմերի ամբողջություն, որոնցով սահմանվում են ապրանքների ծագումը որոշելու կարգն ու չափորոշիչները, ապրանքների ծագումը, ինչպես նաև Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման հետ կապված այլ դրույթներ փաստաթղթերով հաստատելու նկատմամբ պահանջները.
ապրանքների ծագման հավաստագիր՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագման մասին վկայող և լիազորված մարմնի կողմից տրված՝ սահմանված ձևի փաստաթուղթ.
երրորդ երկիր՝ Միության անդամ չհանդիսացող երկիր (երկրների խումբ կամ երկրների մաքսային միություն կամ երկրի որևէ տարածաշրջան կամ մաս, եթե ապրանքների ծագումը որոշելու նպատակով անհրաժեշտ է դրանք տարանջատել).
ապրանքների ծագման հավաստում՝ գործողություններ, որոնք կատարվում են լիազորված մարմնի կողմից՝ ապրանքի ծագումը որոշելու գործընթացի արդյունքներից ելնելով՝ ապրանքի ծագումը հաստատելու նպատակով, և որոնց կատարման արդյունքն ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն է.
լիազորված մարմին՝ պետական մարմին կամ անդամ պետության կազմակերպություն, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված է տրամադրելու ապրանքի ծագման հավաստագիրը։
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով սահմանված իմաստներով:
Հոդված 3
Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու կանոնները
1. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում երրորդ երկրի տարածք դրանց ներմուծման շրջանակներում այդպիսի ապրանքների ծագման որոշումն իրականացվում է այն կանոններով, որոնք սահմանված են Միության՝ այդպիսի երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետության՝ այդպիսի երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները, կամ այդպիսի երրորդ կողմի օրենսդրությամբ։
Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված՝ ապրանքների ծագումը որոշելու կանոնների բացակայության դեպքում կամ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշումն իրականացնող լիազորված մարմնի կամ անձի տնօրինության տակ այդպիսի կանոնների մասին տեղեկատվություն չլինելու դեպքում ապրանքների ծագման որոշումն իրականացվում է ապրանքների ծագումը որոշելու՝ սույն համաձայնագրի 5 րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին համապատասխան։
2. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը անդամ պետությունների մաքսային մարմինների համար հաստատելու անհրաժեշտության դեպքում Միության մաքսային տարածքից դրանց արտահանման շրջանակներում՝ սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, այդպիսի ապրանքների ծագման որոշումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից սահմանվող հատուկ կանոններով։
Հոդված 4
Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման հաստատումը Միության մաքսային տարածքից դրանց արտահանման շրջանակներում և կարգավորման առանձին միջոցների պահպանման ապահովումը
1. Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը Միության մաքսային տարածքից դրանց արտահանման շրջանակներում հաստատվում է այն դեպքերում, երբ արտահանման մաքսատուրքերի և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառումը (այսուհետ՝ կարգավորման առանձին միջոցներ) կախված է ապրանքների ծագումից՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը։
Սույն հոդվածի կիրառման նպատակների համար դիտարկվում են միայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29 ի պայմանագրի 47-րդ հոդվածին համապատասխան, անդամ պետությունների կողմից միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման հետևյալ միջոցները՝
ապրանքների արտահանման արգելք,
ապրանքների արտահանման քանակական սահմանափակումներ,
ապրանքների արտահանման թույլատրման կարգ։
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ապրանքների ծագման հաստատումն անհրաժեշտ է միայն այն ապրանքների համար, որոնց նկատմամբ կիրառվում են կարգավորման առանձին միջոցները, և նույնանման ապրանքների համար ու միայն կարգավորման այդպիսի առանձին միջոցների գործողության ժամանակահատվածում։
Ընդ որում, նույնանման ապրանքներ ասելով պետք է հասկանալ այն ապրանքները, որոնք դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի միևնույն ծածկագրի տակ և ունեն նույն նկարագրությունը, ինչ այն ապրանքները, որոնց մասով սահմանվել են կարգավորման առանձին միջոցներ՝ ապրանքների ծագմամբ պայմանավորված:
Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ ապրանքի ծագման հաստատում չի պահանջվում Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 27-րդ և 29-րդ խմբերում դասակարգվող ապրանքների համար։
3. Կարգավորման առանձին միջոց սահմանող անդամ պետությունը նախապես, սակայն ոչ ուշ, քան դրա սահմանման օրվանից 3 օրացուցային օր առաջ ծանուցում է Հանձնաժողովին այդ միջոցի սահմանման, ապրանքների, որոնց վրա այն տարածվում է, և դրա գործողության ժամկետի մասին։ Ծանուցմանը կցվում է անդամ պետության այն նորմատիվ իրավական ակտի անվանումը, որի համաձայն սահմանվում է կարգավորման առանձին միջոցը։ Այն դեպքում, երբ նորմատիվ իրավական ակտը կազմվել է ռուսերենից տարբեր այլ լեզվով, ծանուցմանը նաև կցվում է այդ նորմատիվ իրավական ակտի ռուսերեն թարգմանությունը։
4. Հանձնաժողովը վարում է կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստր և ապահովում է դրա տեղադրումը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Միության պաշտոնական կայքում (այսուհետ՝ Ինտերնետ ցանց): Նշված ռեեստրի ձևը հաստատվում է Հանձնաժողովի կողմից։
Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված ծանուցման հիման վրա Հանձնաժողովը ոչ ուշ, քան այդ ծանուցումն ստանալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ապահովում է կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստրի թարմացումը, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության հրապարակումը Ինտերնետ ցանցում Միության պաշտոնական կայքում․
գրավոր ծանուցում է անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմիններին, անդամ պետության լիազորված և մաքսային մարմիններին՝ կարգավորման առանձին միջոցի սահմանման, ապրանքների, որոնց վրա այն տարածվում է և դրա գործողության ժամկետի մասին։
5. Սույն հոդվածի դրույթներով չեն շոշափվում Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման հաստատման հետ կապված՝ երրորդ երկրի տարածք դրանց ներմուծման շրջանակներում այն իրավունքները և պարտավորությունները, որոնք սահմանված են Միության՝ այդպիսի երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետության՝ այդպիսի երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները, կամ այդպիսի երրորդ կողմի օրենսդրությամբ։
6. Սույն հոդվածի դրույթներով չեն շոշափվում Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման հաստատման հետ կապված իրավունքներն ու պարտավորությունները երրորդ երկրի տարածք դրանց ներմուծման շրջանակներում՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում։
Հոդված 5
Ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները
1. Սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում ապրանքների ծագումը որոշելիս երկրի ծագում ունեցող ապրանք է համարվում սույն հոդվածով սահմանված չափորոշիչներին բավարարող ապրանքը։
2. Ամբողջությամբ երկրում ստացված (արտադրված) ապրանք են համարվում՝
1) օգտակար հանածոները, հանքային արտադրանքը և այլ բնական ռեսուրսներ, որոնք արդյունահանվել են երկրի ընդերքից, դրա տարածքում, դրա տարածքային ծովում (երկրի այլ ջրավազանում) կամ դրա հատակից կամ այդ երկրի տարածքում մթնոլորտային օդից․
2) երկրում աճեցված և (կամ) հավաքված բուսական ծագման արտադրանքը.
3) երկրում ծնված և (կամ) բուծված (մեծացած) կենդանի կենդանիները.
4) կենդանի կենդանիներից՝ երկրում ստացված արտադրանքը.
5) երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործությամբ ստացված արտադրանքը․
6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և երկրում գրանցված ու դրա դրոշի ներքո նավարկող նավի կողմից երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս արդյունահանված (որսված) ծովային արդյունագործական այլ արտադրանք․
7) այն արտադրանքը, որն ստացվել կամ արտադրվել է բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից՝ երկրում գրանցված և դրա դրոշի ներքո նավարկող վերամշակող նավի վրա․
8) երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովի ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ երկիրն ունի այդ ծովի հատակից կամ այդ ծովի ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ.
9) վերամշակման կամ երկրում իրացման մասով արտադրական կամ այլ գործողությունների արդյունքում ստացված թափոններն ու ջարդոնը (երկրորդային հումքը)․
10) երկրում հավաքված այն օգտագործված արտադրատեսակները, որոնք այլևս չեն կարող կատարել իրենց նախնական գործառույթը ու պիտանի են միայն օգտահանման և (կամ) որպես հումք վերամշակման համար․
11) երկրում գրանցված (այդ թվում՝ դրա կողմից վարձակալված)՝ բաց տիեզերքում տիեզերական ապարատների վրա ստացված արտադրանքը․
12) երկրի տարածքում արտադրված՝ էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիան․
13) բացառապես սույն կետի 1-12-րդ ենթակետերում նշված արտադրանքից երկրում արտադրված ապրանքները։
3. Այն ապրանքը, որն արտադրվել է անդամ երկրների և (կամ) երրորդ երկրների ծագում ունեցող ապրանքների օգտագործմամբ կամ այն ապրանքների օգտագործմամբ, որոնց ծագումն անհայտ է (այսուհետ՝ ծագում չունեցող ապրանքներ), համարվում է այն անդամ պետության ծագում ունեցող, որի տարածքում այդ ապրանքը վերջին անգամ ենթարկվել է մշակման կամ վերամշակման, որը ենթադրում է, սույն հոդվածի 4-րդ կետում նշվածներից բացի, այլ գործողությունների իրականացում։
4. Ծագում չունեցող ապրանքների օգտագործմամբ արտադրված ապրանքը չի համարվում անդամ պետության ծագում ունեցող, եթե ծագում չունեցող այդպիսի ապրանքների նկատմամբ կատարվել են միայն ապրանքի ծագման վրա ազդեցություն չունեցող հետևյալ գործողությունները՝
1) ապրանքի պահպանման և (կամ) տրանսպորտային փոխադրման ժամանակ պահպանվածության ապահովմանն ուղղված գործողություններ.
2) վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար ապրանքը նախապատրաստելու գործողություններ (խմբաքանակների մասնատում, առաքումների կազմավորում, տեսակավորում, վերափաթեթավորում), փաթեթվածքի կազմատման և հավաքման գործողություններ.
3) լվացում, մաքրում, փոշեհեռացում.
4) մաղով կամ քարամաղով մաղում, տեսակավորում, դասակարգում, ընտրում, հավաքում (այդ թվում՝ արտադրատեսակների կոմպլեկտների ստեղծում).
5) հավաքման պարզ գործողություններ (որոնց իրականացման համար հատուկ հմտություններ, այդպիսի գործողությունների իրականացման համար նախատեսված մեքենաներ, ապարատներ կամ այլ սարքավորումներ չեն պահանջվում) կամ ապրանքների կազմատում մասերի.
6) սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցում:
5. Ապրանքների ծագումը որոշելիս հաշվի չի առնվում հետևյալ նյութերի ծագումը, որոնք կարող են օգտագործվել արտադրության ժամանակ և չեն ներառվում ապրանքի կազմում՝
1) վառելիք, էլեկտրական, ջերմային և այլ տեսակի էներգիա
2) գործիքներ, դրոշմահատոցներ և մամլաձևեր,
3) պահեստամասեր և նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների և շենքերի տեխնիկական սպասարկման ժամանակ,
4) քսանյութեր, հավելանյութեր և այլ նյութեր, որոնք օգտագործվում են սարքավորումների ու շենքերի արտադրության կամ շահագործման ժամանակ,
5) ձեռնոցներ, ակնոցներ, կոշկեղեն, հագուստ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ,
6) սարքավորումներ, սարքվածքներ, որոնք օգտագործվում են ապրանքների թեստավորման կամ ստուգման համար,
7) կատալիզատորներ և լուծիչներ,
8) ցանկացած այլ նյութ, որը ներառված չէ ապրանքի մեջ, բայց որի օգտագործումը դրա արտադրության ժամանակ կարող է ներկայացվել որպես արտադրական գործընթացի մաս:
6. Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի, գործիքների և տեղեկատվական նյութերի ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման միևնույն երկիրը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը, գործիքները և տեղեկատվական նյութերն արտահանվում և օգտագործվում են նշված մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու այն քանակով, որոնք, տեխնիկական փաստաթղթերի համաձայն, սովորաբար մատակարարվում են տվյալ սարքվածքների հետ:
7. Այն փաթեթվածքը և տարան, որոնք մատակարարվում են դրանց մեջ գտնվող ապրանքների հետ, համարվում են այն նույն երկրի ծագումն ունեցող, որն ունի ապրանքը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաթեթվածքն ու տարան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման հիմնական կանոններին համապատասխան, պետք է դասակարգվեն ապրանքից առանձին։ Նման դեպքում փաթեթվածքի ու տարայի ծագումը որոշվում է ապրանքի ծագումից առանձին։
8. Եթե սույն հոդվածով սահմանված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների կիրառումը թույլ չի տալիս որոշել ապրանքի ծագումը, ապա ապրանքի ծագումը համարվում է անհայտ։ Նման դեպքում լիազորված մարմինը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի տրամադրելու ապրանքի ծագումը որոշելու անհնարինությունը հաստատող փաստաթուղթ։
Հոդված 6
Լիազորված մարմինները
1. Անդամ պետությունը սահմանում է լիազորված մարմիններ։
Լիազորված մարմինները Հանձնաժողով են ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝
լիազորված մարմնի անվանումը.
լիազորված մարմնի հասցեն (գտնվելու վայրը).
լիազորված մարմնի պաշտոնական կայքի հասցեն Ինտերնետ ցանցում.
լիազորված մարմնի կոնտակտային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն:
Նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
2. Լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունն այդ լիազորված մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ այդպիսի փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրից ոչ ուշ:
Հանձնաժողովն ապահովում է լիազորված մարմինների վերաբերյալ տեղեկությունների արդիականացումը Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
3. Ապրանքի ծագման հավաստագրերի տրամադրումն իրականացնում են լիազորված մարմինները՝ սույն համաձայնագրի 1-ին հավելվածի կարգին համաձայն, եթե այլ բան սահմանված չէ Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցն են բոլոր անդամ պետությունները, Հանձնաժողովի որոշումներով կամ այն երրորդ երկրի օրենսդրությամբ, որի տարածք նախատեսվում է ապրանքների ներմուծումը:
4. Մաքսային գործառնությունների իրականացումը պարզեցնելու, արտահանմանն աջակցելու և անդամ պետությունների ծագում ունեցող ու Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար երրորդ երկրի շուկայի հասանելիության ապահովմանն օժանդակելու նպատակով՝ լիազորված մարմինները ստեղծում են վերիֆիկացման էլեկտրոնային համակարգեր։Վերիֆիկացման էլեկտրոնային համակարգը պետք է ապահովի երրորդ երկրի իրավասու պետական մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փաստի, ինչպես նաև այդպիսի հավաստագրում պարունակվող տեղեկությունների՝ մաքսային հայտարարագրման ժամանակ հայտագրված տեղեկությունների հետ համապատասխանության ստուգման իրականացման հնարավորությունը՝ անդամ պետությունում տրամադրված ապրանքի ծագման հավաստագրերի տվյալների էլեկտրոնային բազայում պարունակվող տեղեկատվության հիման վրա:
5. Լիազորված մարմիններն իրավունք ունեն նշանակելու փորձաքննության անցկացում՝ ապրանքների ծագումը որոշելու նպատակով:
6. Ապրանքների ծագման հավաստումը, ինչպես նաև ապրանքների ծագումը որոշելու նպատակով փորձաքննության անցկացումն իրականացվում են վճարովի հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ:
7. Ապրանքների ծագման հավաստման արժեքի վերաբերյալ տեղեկությունները լիազորված մարմինների կողմից ուղարկվում են Հանձնաժողով և ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում։
Հոդված 7
Վերիֆիկացնող մարմիններ
1. Անդամ պետությունը սահմանում է վերիֆիկացնող մարմին։
Վերիֆիկացնող մարմինը Հանձնաժողով է ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝
վերիֆիկացնող մարմնի անվանումը․
վերիֆիկացնող մարմնի հասցեն (գտնվելու վայրը).
վերիֆիկացնող մարմնի պաշտոնական կայքի հասցեն Ինտերնետ ցանցում.
վերիֆիկացնող մարմնի կոնտակտային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն.
վերիֆիկացնող մարմնի՝ ստուգումներն անցկացնելու համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման կոնտակտային տվյալները։
Նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
2. Վերիֆիկացնող մարմինների վերաբերյալ տեղեկությունների փոփոխման դեպքում համապատասխան տեղեկատվությունն այդ վերիֆիկացնող մարմինների կողմից ուղարկվում է Հանձնաժողով՝ այդպիսի փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրից ոչ ուշ:
Հանձնաժողովն ապահովում է վերիֆիկացնող մարմինների վերաբերյալ տեղեկությունների արդիականացումը Ինտերնետ ցանցում՝ Միության պաշտոնական կայքում:
3. Վերիֆիկացնող մարմնի կողմից ստուգման անցկացման համար հիմք է համարվում երրորդ երկրի իրավասու պետական մարմնի՝ դրա անցկացման վերաբերյալ հարցումը:
4. Վերիֆիկացնող մարմինը ստուգումն իրականացնում է իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝ հարցումներ ուղարկելու, արտադրողի արտադրական շինություններում տեսչական ստուգումներ անցկացնելու և (կամ) ապրանքն արտադրողի, վաճառողի և (կամ) ուղարկողի հաշվապահական և (կամ) այլ առևտրային փաստաթղթերի ստուգում իրականացնելու միջոցով:
5. Ապրանքն արտադրողները, վաճառողները, ուղարկողները, լիազորված մարմինները, որոնց մասով վերիֆիկացնող մարմնի կողմից ստուգում է իրականացվում, պարտավոր են վերիֆիկացնող մարմնի պահանջով ներկայացնել ստուգմանն առնչվող տեղեկատվություն կամ բացատրություն տրամադրել այն պատճառների վերաբերյալ, որոնց հիմքով այդ տեղեկատվությունը չի կարող ներկայացվել կամ բացակայում է, ինչպես նաև ստուգում անցկացնելու գործում աջակցել վերիֆիկացնող մարմնին:
6. Վերիֆիկացնող մարմինը ստուգման արդյունքների հիման վրա կազմում է եզրակացություն՝ ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման փաստի և (կամ) իրավաչափության կամ ապրանքի ծագման հայտարարագրում հայտագրված տեղեկությունների հավաստիության վերաբերյալ:
7. Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման ոչ իրավաչափ լինելու կամ ստուգում անցած ապրանքի ծագման հայտարարագրում հայտագրված տեղեկությունների ոչ հավաստի լինելու վերաբերյալ վերիֆիկացնող մարմնի եզրակացությունը հանգեցնում է լիազորված մարմնի կողմից ապրանքի ծագման հավաստագրի չեղարկմանը կամ ապրանքի ծագման հայտարարագրի անվավեր ճանաչմանը:
8. Ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը վերիֆիկացնող մարմնի կողմից ուղարկվում է երրորդ երկրի՝ տվյալ ստուգումը նախաձեռնած լիազորված պետական մարմնի հասցեով, ինչպես նաև լիազորված մարմնի և (կամ) այն ապրանքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող անձի հասցեով, որի մասով ստուգում է անցկացվել:
Հոդված 8
Ապրանքի ծագման վերաբերյալ փաստաթղթերը
1. Ապրանքի ծագման հայտարարագիրը ձևակերպվում է՝ հաշվի առնելով ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները և այդպիսի հայտարարագիրը ձևակերպելու պահանջները, որոնց համապատասխան ձևակերպվում է ապրանքի ծագման հայտարարագիրը:
2. Ապրանքի ծագման հավաստագիրը տրամադրվում է լիազորված մարմնի կողմից՝ հաշվի առնելով ապրանքների ծագումը որոշելու կանոններով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչները և այդպիսի հավաստագիրը լրացնելու ձևին և կարգին ներկայացվող պահանջները, որոնց համապատասխան տրամադրվում է ապրանքի ծագման հավաստագիրը:
3. Եթե երրորդ երկիրը չի սահմանել ապրանքի ծագման հավաստագրի ձևին ներկայացվող պահանջներ կամ լիազորված մարմնի տնօրինության տակ չկա այդպիսի պահանջների մասին տեղեկատվություն, ապա տրամադրվում է սույն համաձայնագրի 2-րդ հավելվածի համաձայն սահմանված ձևով ապրանքի ծագման հավաստագիր, որը լրացվում է նշված հավելվածով նախատեսված պահանջներին համապատասխան։
Եթե ապրանքի ծագման հավաստագիրը չի կարող տրամադրվել այն կանոնների հիման վրա, որոնք սահմանված են Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցն են բոլոր անդամ պետությունները, կամ երրորդ երկրի օրենսդրությամբ, ապա լիազորված մարմինն անձի դիմումի հիման վրա և սույն համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների ծագումը որոշելու չափորոշիչների պահպանման պայմանով կարող է տրամադրել սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ապրանքի ծագման հավաստագիրը։
Եթե Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը անդամ պետությունների մաքսային մարմինների համար հաստատելու նպատակով Միության մաքսային տարածքից դրանց արտահանման շրջանակներում սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող հատուկ կանոններին համապատասխան ձևակերպվել է ապրանքի ծագման հավաստագիր, ապա ապրանքի ծագման այդպիսի հավաստագիրը կարող է օգտագործվել սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում՝ երրորդ երկրի տարածք այդ ապրանքների ներմուծման շրջանակներում դրանց ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում, եթե դա չի հակասում այդպիսի երրորդ երկրի օրենսդրությանը։
4. Արտաքին տնտեսական գործունեության վարումը դյուրացնելու և ոչ թղթային տեխնոլոգիաները զարգացնելու նպատակով՝ անդամ պետությունները ձգտում են ապահովել ապրանքի ծագման հավաստագրերի էլեկտրոնային տեսքով տրամադրումը, ինչպես նաև ապրանքի ծագման հավաստագրերը ստանալիս ապահովել լիազորված մարմինների՝ անձանց հետ փոխգործակցության էլեկտրոնային ձևաչափը։
Հոդված 9
Ապրանքների ծագման ինքնուրույն հայտարարագրման համակարգի կիրառումը
Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրի հիման վրա, որով սահմանվում է ազատ առևտրի ռեժիմը, կամ երրորդ երկրի կողմից սակագնային առանձնաշնորհումների միակողմանի համակարգի կիրառման շրջանակներում անդամ պետությունների կամ Միության կողմից կարող են կիրառվել ապրանքների ծագման ինքնուրույն հայտարարագրման համակարգեր։
Այդպիսի համակարգերի օգտագործման միջոցով անդամ պետությունների անձանց՝ անդամ պետության օրենսդրությամբ և (կամ) Միության իրավունքով սահմանված կարգով և պայմանների պահպանմամբ, իրավունք է տրվում ինքնուրույն որոշելու և հաստատելու ապրանքների ծագումը՝ երրորդ երկրում սակագնային առանձնաշնորհումներ ստանալու նպատակով։
Հոդված 10
Անձանց պատասխանատվությունն ապրանքների ծագման վերաբերյալ տեղեկությունները կեղծելու համար
1. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, կիրառում են վարչական կամ այլ պատասխանատվության միջոցներ՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագման հայտարարագրում և (կամ) լիազորված մարմին դիտավորությամբ ապրանքի ծագման, ապրանքի ծագումը որոշելու չափորոշիչների կատարման վերաբերյալ ոչ հավաստի և (կամ) ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու համար։
2. Անդամ պետությունները, իրենց օրենսդրությանը համապատասխան, կիրառում են վարչական կամ այլ պատասխանատվության միջոցներ լիազորված մարմինների՝ ապրանքի ծագման փորձաքննության ակտի տրամադրման, Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքի ծագումը որոշելու և (կամ) ապրանքի ծագումը հավաստելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ այն դեպքում, երբ այդ պաշտոնատար անձանց ակնհայտորեն հայտնի է, որ ապրանքի ծագման վերաբերյալ տվյալները կեղծված կամ ոչ հավաստի են:
Հոդված 11
Անցումային դրույթներ
1. Մինչև Միության շրջանակներում միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով սահմանվում են այն ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունները, որոնք, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, ենթակա են վճարման մեկ անդամ պետությունում մեկ այն այլ անդամ պետության ծագում ունեցող ապրանքների համար, որի օրենսդրությանը համապատասխան սահմանվել են արտահանման մաքսատուրքերի դրույքները, սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արտահանման մաքսատուրքերի կիրառման նպատակով ապրանքների ծագման հաստատում չի պահանջվում։
2. Լիազորված մարմինները կապահովեն սույն համաձայնագրի 6 րդ հոդվածի 4-րդ կետում նշված վերիֆիկացման էլեկտրոնային համակարգերի ստեղծումն ու շահագործման հանձնումը՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 տարվա ընթացքում։
3. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարվա ընթացքում լիազորված մարմիններն իրավունք ունեն կիրառելու անդամ պետություններում օգտագործվող՝ ապրանքի ծագման մասին հավաստագրերի ձևաթղթերը, որոնք կազմվել են սույն համաձայնագրի 8-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան նախատեսված՝ ապրանքի ծագման մասին հավաստագրերի ձևից տարբերվող ձևով։ Ապրանքի ծագման մասին հավաստագրերի այդպիսի ձևաթղթերը լրացվում են՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 2 րդ հավելվածով նախատեսված պահանջները։
Հոդված 12
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
Հոդված 13
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է ____________ քաղաքում, 20___ թվականի ________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի |
ԿԱՐԳ
Ապրանքի ծագման հավաստագրի տրամադրման
1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ապրանքի ծագման հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր) տրամադրելու համար լիազորված պետական մարմինների կամ կազմակերպությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն, լիազորված մարմիններ) կողմից դրա տրամադրման կանոնները։
2. Հավաստագիրը տրամադրվում է լիազորված մարմնի կողմից՝ թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային տեսքով։
3. Հավաստագրի տրամադրման հրահանգը (կանոնակարգը) մշակվում և հաստատվում է լիազորված մարմնի կողմից, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետության օրենսդրությամբ։ Լիազորված մարմինն ապահովում է նշված հրահանգի (կանոնակարգի) հրապարակումն «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում իր պաշտոնական կայքում։
4. Հավաստագիրը տրամադրվում է լիազորված մարմնի կողմից՝ շահագրգիռ անձի (այսուհետ՝ հայտատու) հայտի հիման վրա՝ կցելով ապրանքի ծագումը որոշելու և հավաստագիրը հավաստելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ հաստատող փաստաթղթեր)։
5. Հայտի և հաստատող փաստաթղթերի ուսումնասիրության գործընթացում լիազորված մարմինն իրավունք ունի իր ներկայացուցիչներին ուղարկելու ապրանքի գտնվելու և (կամ) ապրանքի արտադրության վայրը՝ ապրանքը զննելու և (կամ) դրա արտադրությանը ծանոթանալու համար։
6. Հայտում և հաստատող փաստաթղթերում նշված տեղեկությունների հավաստիության համար պատասխանատվությունը կրում է հայտատուն։
7. Հավաստագիրը ձևակերպվում է ապրանքի առանձին խմբաքանակի համար կամ սերիական թողարկման ապրանքի համար, եթե այլ բան նախատեսված չէ Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցներն են բոլոր անդամ պետությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով կամ այն երրորդ երկրի օրենսդրությամբ, որի տարածք նախատեսվում է այդ ապրանքների ներմուծումը:
«Ապրանքի խմբաքանակ» ասելով պետք է հասկանալ այն ապրանքները, որոնք ուղարկվում են միաժամանակ մեկ կամ մի քանի ապրանքատրանսպորտային փաստաթղթերով՝ մեկ բեռնառաքողից մեկ բեռն ստացողի հասցեով։
«Ապրանքի սերիական թողարկում» ասելով պետք է հասկանալ ապրանքի արտադրություն, որն իրականացվում է անդամ պետության մեկ արտադրողի կողմից անփոփոխ արտադրական գործընթացի շրջանակներում հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում, եթե այլ բան սահմանված չէ Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցն են բոլոր անդամ պետությունները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներով կամ այն երրորդ երկրի օրենսդրությամբ, որի տարածք նախատեսվում է ապրանքի ներմուծումը:
8. Հավաստագրին տրվում է գրանցման համար, որի ձևավորման կարգը սահմանվում է լիազորված մարմնի կողմից։
9. Հավաստագրի պատճենը և հաստատող փաստաթղթերը պահվում են հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնում՝ հավաստագիրը տրամադրելու օրվանից առնվազն 3 տարի։
10. Հավաստագիրը կարող է տրամադրվել ապրանքն արտահանելուց հետո՝ հայտատուի դիմումի, հավաստող փաստաթղթերի և հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝
ա) մաքսային հայտարարագրի կրկնօրինակը, որին համապատասխան ապրանքը ձևակերպվել է Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս դրա արտահանումը նախատեսող մաքսային ընթացակարգով՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ապրանքն արտահանելու դեպքում:
բ) ապրանքաուղեկից կամ տրանսպորտային փաստաթղթերի պատճենները, որոնց համապատասխան՝ ապրանքը տեղափոխվել է անդամ պետությունների տարածքների միջև՝ անդամ պետությունների տարածքների միջև ապրանքը տեղափոխելու դեպքում։
11. Հավաստագրի կորստի կամ վնասման դեպքում լիազորված մարմինը կարող է տրամադրել դրա կրկնօրինակը հայտատուի դիմումի հիման վրա՝ որի մեջ նշվում են հավաստագրի կրկնօրինակը տրամադրելու անհրաժեշտության պատճառները։
12. Հավաստագիրը կարող է լիազորված մարմնի կողմից չեղարկվել՝ հավաստագրի մեջ սխալ տեղեկություններ ներառելու կամ հայտատուի կողմից անվավեր փաստաթղթեր և (կամ) ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու մասին տեղեկատվության հիման վրա։
13. Որևէ պատճառով չեղարկված հավաստագրի փոխարեն կամ ավելի վաղ տրված հավաստագրի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում հայտատուի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել նույն ձևի նոր հավաստագիր։
14. Երրորդ երկրի կամ այլ անդամ պետության ծագում ունեցող ապրանքը անդամ պետության տարածքից արտահանելու դեպքում թույլատրվում է հավաստագրի տրամադրումը՝ որպես ապրանքի ծագման երկիր այդ երրորդ երկրի կամ անդամ պետության նշմամբ (այսուհետ՝ փոխարինող հավաստագիր)՝ հետևյալ պայմանները պահպանելու դեպքում՝
1) անդամ պետության տարածքում ապրանքները չեն ենթարկվել որևէ գործողությունների, բացառությամբ ապրանքների պահպանվածությունն ապահովելու համար անհրաժեշտ գործողությունների և ապրանքները փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար պատրաստելու պարզ գործողությունների՝ ներառյալ խմբաքանակի մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը և դրոշմավորումը․
2) փաստաթղթերից մեկի բնօրինակի կամ պատճենի առկայությունը՝
անդամ պետության տարածքից այլ անդամ պետության ծագում ունեցող ապրանքի արտահանման դեպքում՝
անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված հավաստագիրը,
ապրանքի ծագման հայտարարագիրը, որը ձևակերպվել է անդամ պետության արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից,
անդամ պետության տարածքից երրորդ երկրի ծագում ունեցող ապրանքի արտահանման դեպքում՝այն երրորդ երկրի լիազորված մարմնի կողմից տրամադրված հավաստագիրը, որից ծագում է այդ ապրանքը կամ որից այդ ապրանքը արտահանվել է Միության մաքսային տարածք,այն երրորդ երկրի արտադրողի, վաճառողի կամ ուղարկողի կողմից ձևակերպված ապրանքի ծագման մասին հայտարարագիրը, որից ծագում է այդ ապրանքը կամ որից այդ ապրանքն արտահանվել է Միության մաքսային տարածք,մաքսային հայտարարագիրը, որին համապատասխան այդ ապրանքը ձևակերպվել է Միության մաքսային տարածք՝ դրա ներմուծումը նախատեսող մաքսային ընթացակարգով։
Փոխարինող հավաստագրի տրամադրման այլ պայմաններ կարող են սահմանվել Միության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով, անդամ պետության՝ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրով կամ այն միջազգային պայմանագրով, որի մասնակիցն են բոլոր անդամ պետությունները։
15. Եթե փոխարինող հավաստագրի տրամադրումն իրականացվում է կարգավորման առանձին միջոցների հսկողության նպատակներով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված դեպքերում, այդ փոխարինող հավաստագրի տրամադրումը թույլատրվում է նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական միության կողմից սահմանվող՝ ապրանքների ծագումը որոշելու հատուկ կանոններով նախատեսված պահանջները պահպանելու դեպքում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի |
Ապրանքի ծագման հավաստագրի ձևը և ապրանքի ծագման հավաստագրին ներկայացվող պահանջները
I. Ապրանքի ծագման հավաստագրի ձևը
1. Ապրանքի ծագման հավաստագրի ձևը՝ հայերենով [բնօրինակում՝ ռուսերենով
|
1. Բեռնառաքողը/արտահանողը (անվանումը և հասցեն) |
4. N _______
Ապրանքի ծագման հավաստագիրը
Տրված է ________________________________ (երկրի անվանումը) Ներկայացվելու է ________________________ (երկրի անվանումը) | ||||
|
2. Բեռն ստացողը/ներմուծողը (անվանումը և հասցեն) | |||||
|
3. Տրանսպորտի տեսակը և ընթացուղին (որքանով հայտնի է) |
5. Ծառայողական նշումների համար | ||||
|
6. Թիվը |
7. Տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը |
8. Ապրանքի նկարագրությունը |
9. Ապրանքի քանակը | ||
|
10. Հավաստում Անցկացված հսկողության հիման վրա՝ սույնով հավաստվում է, որ հայտատուի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը |
11. Հայտատուի հայտարարագիրը Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերը ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ունեն _______________________________________ (երկրի անվանումը) ծագում և համապատասխանում են այդ ապրանքների համար սահմանված ծագման պահանջներին | ||||
|
Ստորագրություն |
Ամսաթիվ |
Կնիք |
Ստորագրություն |
Ամսաթիվ |
Կնիք |
2. Ապրանքի ծագման հավաստագրի լրացուցիչ թերթիկի ձևը՝ հայերենով [բնօրինակում՝ ռուսերենով
|
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԹԵՐԹԻԿ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ N ______________ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ | |||||
|
6. Թիվը |
7. Տեղերի թիվը և փաթեթվածքի տեսակը |
8. Ապրանքի նկարագրությունը |
9. Ապրանքի քանակը | ||
|
10. Հավաստում Անցկացված հսկողության հիման վրա՝ սույնով հավաստվում է, որ հայտատուի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը |
11. Հայտատուի հայտարարագիրը Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերը ներկայացված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, բոլոր ապրանքներն ունեն _______________________________________ (երկրի անվանումը) ծագում և համապատասխանում են այդ ապրանքների համար սահմանված ծագման պահանջների | ||||
|
Ստորագրություն |
Ամսաթիվ |
Կնիք |
Ստորագրություն |
Ամսաթիվ |
Կնիք |
3. Ապրանքի ծագման հավաստագրի ձևը՝ անգլերենով
4. Ապրանքի ծագման հավաստագրի լրացուցիչ թերթիկի ձևը՝ անգլերենով
II. Ապրանքի ծագման հավաստագրին ներկայացվող պահանջներ
1. Ապրանքի ծագման հավաստագրի ձևաթուղթը (այսուհետ՝ հավաստագիր) պատրաստվում է տպագրական եղանակով А4 (210 х 297 մմ) ձևաչափի թղթի վրա՝ մեխանիկական կամ քիմիական եղանակով կեղծումից պաշտպանությունն ապահովող պաշտպանիչ նկարի և այլ միջոցների կիրառմամբ՝ սույն փաստաթղթով սահմանված ձևով։
2. Հավաստագիրը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով` տպագիր եղանակով (բացառությամբ ստորև նշված առանձին նշագրումների)։ Բացառիկ դեպքերում հայտատուի խնդրանքով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրությանը համապատասխան հավաստագրեր տրամադրելու համար լիազորված պետական մարմնի կամ կազմակերպության (այսուհետ՝ լիազորված մարմին) մոտ այդպիսի հնարավորության առկայության դեպքում հավաստագիրը կարող է լրացվել այլ լեզվով։
3. Չի թույլատրվում հավաստագիրը լրացնել դարձերեսին։
4. Հավաստագիրը պետք է պարունակի հավաստագրի ձևաթղթի եզակի համարը, որի ձևավորման կարգը սահմանվում է լիազորված մարմնի կողմից։
5. Հավաստագիրը կարող է պարունակել լիազորված մարմնի կողմից կոդավորված տեսքով ներմուծվող լրացուցիչ տեղեկություններ (QR-ծածկագիր, URL-հասցե և այլն)։
6. Հավաստագրի մեջ ջնջումների, ձեռքով կատարված շտկումների և չհաստատված ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը չի թույլատրվում։ Բացառիկ դեպքերում հավաստագրում կարող են կատարվել ուղղումներ և (կամ) լրացումներ, որոնք կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և ճշգրտված տեղեկությունները դրա վրա տպելու կամ ձեռքով լրացնելու միջոցով ու հաստատվում են պաշտոնատար անձի ստորագրությամբ և հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի կնիքով՝ եթե այլ բան սահմանված չէ անդամ պետության օրենսդրությամբ։
7. Հավաստագրի 6-9-րդ վանդակներում, ինչպես նաև դրան կցվող լրացուցիչ թերթիկներում մնացած չօգտագործված տեղերի վրա կարող է գիծ քաշվել՝ որևէ լրացուցիչ տեղեկության լրացումը կանխելու նպատակով։
8. Սույն փաստաթղթի 1, 3, 4, 6 և 7-րդ կետերի պահանջների պահպանումն ապահովվում է միայն թղթային կրիչով հավաստագիր տրամադրելիս։
9. Հավաստագիրը ձևակերպվում է ապրանքի առանձին խմբաքանակի համար կամ սերիական թողարկման ապրանքի համար։
10. Հավաստագրի մեջ նշվում են՝
1) 1-ին վանդակում՝ բեռնառաքողի (արտահանողի) անվանումը (ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն։
Եթե բեռնառաքողը և արտահանողը տարբեր իրավաբանական (ֆիզիկական) անձինք են, ապա նշվում է, որ բեռնառաքողը (անվանումը (ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն) գործում է արտահանողի (անվանումը (ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն) «հանձնարարությամբ» («on behalf of»)։
Վանդակում նշվում են բեռնառաքողի և արտահանողի նույն անվանումները (ազգանունները, անվան սկզբնատառերը) և հասցեները, որոնք նշված են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ապրանքը արտահանելու հետ կապված ապրանքաուղեկից փաստաթղթերում (արտաքին առևտրային պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր (ինվոյսներ) և այլն)․
Սերիական թողարկման ապրանքի համար հավաստագրի ձևակերպման դեպքում վանդակում նշվում են ապրանքն արտադրողի անվանումը (ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն։
2) 2-րդ վանդակում՝ բեռն ստացողի (ներմուծողի) անվանումը (ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն։
Եթե բեռն ստացողը և ներմուծողը տարբեր իրավաբանական (ֆիզիկական) անձինք են, ապա նշվում է, որ բեռն ստացողը (անվանումը (ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն) գործում է ներմուծողի (անվանումը (ազգանունը, անվան սկզբնատառերը) և հասցեն) «հանձնարարությամբ» («on behalf of»)։
Վանդակում նշվում են բեռն ստացողի և ներմուծողի նույն անվանումները (ազգանունները, անվան սկզբնատառերը) և հասցեները, որոնք նշված են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ապրանքն արտահանելու հետ կապված ապրանքաուղեկից փաստաթղթերում (արտաքին առևտրային պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր (ինվոյսներ) և այլն)։
Վանդակը կարող է չլրացվել՝
եթե բեռն ստացողի (ներմուծողի) վերաբերյալ տեղեկությունները բացակայում են,
եթե հավաստագիրը ձևակերպվում է սերիական թողարկման ապրանքի համար։
Այն դեպքում, երբ բեռն ստացողի (ներմուծողի) վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, վանդակում կարող է կատարվել «կարգադրությամբ» («to order») գրառումը.
3) 3-րդ վանդակում՝ տրանսպորտի տեսակը և ապրանքի երթուղին (որքանով հայտնի է)։
Վանդակը կարող է չլրացվել՝
եթե տրանսպորտի տեսակը և ապրանքի երթուղին հայտնի չեն․
եթե հավաստագիրը ձևակերպվում է սերիական թողարկման ապրանքի համար․
4) 4-րդ վանդակում՝ հավաստագրի գրանցման համարը, այն անդամ պետության լրիվ կամ կրճատ անվանումը, որտեղ տրվում է հավաստագիրը, այն երկրի լրիվ կամ կրճատ անվանումը, որտեղ ներկայացնելու համար տրվում է հավաստագիրը։
5) 5-րդ վանդակում՝ հատուկ նշումներ (անհրաժեշտության դեպքում)։
Կորցված կամ վնասված հավաստագրի փոխարեն դրա կրկնօրինակը տալու դեպքում կատարվում է «Կրկնօրինակ» («Duplicate») գրառումը։
Ապրանքն ուղարկելուց հետո հավաստագիրը տալու դեպքում կատարվում է «Տրամադրված է հետագայում» («Issued retroactively») գրառումը։
Չեղարկված հավաստագրի կամ դրա վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում կատարվում է «Տրված է փոխարեն» («Issued instead») գրառումը՝ չեղարկված (վերաձևակերպված) հավաստագրի համարի և տրման ամսաթվի նշմամբ։
Այլ անդամ պետությունում կամ երրորդ երկրում (ապրանքի ծագման երկրում կամ արտահանման երկրում) ապրանքի համար տրված (ձևակերպված)՝ ապրանքի ծագման մասին փաստաթղթի հիման վրա հավաստագրի տրամադրման դեպքում կատարվում է «Տրված է հիման վրա» («Issued on the basis») գրառումը՝ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների նշմամբ։
Եթե հավաստագիրը ձևակերպվում է սերիական թողարկման ապրանքի համար, ապա վանդակում կատարվում է «Սերիական թողարկման ապրանքի հավաստագիր մինչև» («Certificate for series-produced goods until») գրառումը՝ այդ հավաստագրի կիրառման ժամկետի նշմամբ՝ օօ/աա/տտ ձևաչափով (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվանշանները) (օրինակ՝ «Սերիական թողարկման ապրանքի հավաստագիր՝ մինչև 05.05.22» («Certificate for series-produced goods until 05.05.22»)):
Վանդակում կարող է նշվել նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն.
6) 6-րդ վանդակում՝ ապրանքի հերթական համարը՝ ամեն ապրանքից առաջ (մեկ հավաստագրի մեջ մի քանի ապրանքներ հայտագրելու դեպքում)․
7) 7-րդ վանդակում՝ տեղերի քանակի և փաթեթվածքի տեսակի մասին տեղեկություններ։
Եթե հավաստագիրը ձևակերպվում է սերիական թողարկման ապրանքի համար, ապա վանդակը չի լրացվում․
8) 8-րդ վանդակում՝ ապրանքի նկարագրությունը, որը թույլ է տալիս իրականացնել դրա նույնականացումը, ապրանքի առևտրային անվանումը և ապրանքի մասին այլ տեղեկություններ։
Եթե հավաստագրի մեջ բավարար տեղ չկա ապրանքների նկարագրության համար, ապա օգտագործվում են լրացուցիչ թերթիկները։ Այդպիսի լրացուցիչ թերթիկները պետք է հաստատված լինեն պաշտոնատար անձի ստորագրությամբ և հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի կնիքով։ Լրացուցիչ թերթիկների վրա պետք է նշված լինի հավաստագրի գրանցման համարը, որին կցվում են այդ լրացուցիչ թերթիկները։
Որպես հավաստագրին կից լրացուցիչ թերթիկներ՝ թույլատրվում է հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի), պայմանագրի մասնագրի կամ այլ ապրանքաուղեկից փաստաթղթի օգտագործումը, որը պարունակում է ապրանքի նկարագրությունը, ինչը թույլ է տալիս իրականացնել դրա նույնականացումը, և ապրանքի մասին այլ տեղեկություններ։ Այդ փաստաթղթերը պետք է հաստատված լինեն հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի կնիքով։
Առանց թղթային կրիչի վրա հավաստագրի բնօրինակը ձևակերպելու՝ էլեկտրոնային տեսքով հավաստագիրը ձևակերպելու դեպքում թույլատրվում է շեղվել լրացուցիչ թերթերը (ապրանքաուղեկից փաստաթղթերը) լիազորված մարմնի կնիքով և այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ հաստատելու պահանջներից։
8-րդ վանդակում լրացուցիչ կարող են նշվել հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի), պայմանագրի մասնագրի և (կամ) ապրանքի ֆինանսական և (կամ) քանակական պարամետրերն արտացոլող այլ ապրանքաուղեկից փաստաթղթի համարը և ամսաթիվը։ Նշված փաստաթղթերն որպես հավաստագրին կից լրացուցիչ թերթիկներ օգտագործելու դեպքում դրանց համարի և ամսաթվի նշումը պարտադիր է։
Եթե հավաստագրում նշվում են տարբեր երկրների ծագում ունեցող մի քանի ապրանքների մասին տեղեկություններ, ապա վանդակում ներկայացվում են այդ ապրանքների ծագման մասին տեղեկությունները։ Ընդ որում, 11-րդ վանդակի վերևի տողում կատարվում է «Տես 8-րդ վանդակը» («See box 8») գրառումը։
9-րդ վանդակում՝ ապրանքի համաքաշը և (կամ) զտաքաշը և (կամ) ապրանքի այլ քանակական բնութագրեր։
Եթե հավաստագիրը ձևակերպվում է սերիական թողարկման ապրանքի համար, ապա վանդակը չի լրացվում․
10) 10-րդ վանդակում՝ հավաստագրի տրման ամսաթվի և վայրի մասին տվյալները, հավաստագիրը տրամադրած լիազորված մարմնի անվանումը և կնիքը, ինչպես նաև նշված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը։
Լիազորված մարմնի՝ կնիքի դրոշմվածքում լրիվ անվանման մասին տվյալների առկայության դեպքում այդպիսի տեղեկությունների լրացուցիչ նշում չի պահանջվում։
Կնիքը պետք է ունենա հստակ դրոշմվածք, որն անհրաժեշտության դեպքում հնարավորություն է տալիս նույնականացնելու կնիքի իսկությունը:
Թույլատրվում է հավաստագրի տրման ամսաթիվը նշել տպագրից տարբերվող եղանակով։
Լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը դիտարկվում է որպես հավաստագրի իսկությունը հաստատող լրացուցիչ տեղեկատվություն։
Առանց թղթային կրիչի վրա հավաստագրի բնօրինակը ձևակերպելու՝ էլեկտրոնային տեսքով հավաստագիրը ձևակերպելու դեպքում թույլատրվում է չպահպանել վանդակում լիազորված մարմնի կնիքի դրոշմվածքի և այդ լիազորված մարմնի պաշտոնատար անձի ստորագրության առկայության վերաբերյալ պահանջները։
11) 11-րդ վանդակում՝
վերևի տողում՝ այն երկրի անվանումը, որի ծագումն ունի ապրանքը․
ներքևի տողում՝ հայտատուի (հայտատուի լիազորված անձի) ստորագրությունը, հավաստագրի լրացման ամսաթիվը և կնիքը (առկայության դեպքում)։
Թույլատրվում է հավաստագրի լրացման ամսաթիվը նշել տպագրից տարբերվող եղանակով։
Առանց թղթային կրիչի վրա հավաստագրի բնօրինակը ձևակերպելու՝ էլեկտրոնային տեսքով հավաստագիրը ձևակերպելու դեպքում թույլատրվում է չպահպանել վանդակում հայտատուի (հայտատուի լիազորված անձի) կնիքի դրոշմվածքի և ստորագրության առկայության վերաբերյալ պահանջները։
11. Եթե հավաստագրի տրամադրումն իրականացվում է կարգավորման առանձին միջոցների հսկողության նպատակների համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ապա հավաստագիրը լրացվում է՝ հաշվի առնելով նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող՝ ապրանքների ծագումը որոշելու հատուկ կանոններով նախատեսված առանձնահատկությունները: