ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
25.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

25 ապրիլի 2023 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի» նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի վրա,

ընդունելով արտաքին տնտեսական կապերի ընդլայնման և արդյունավետության բարձրացման կարևորությունը,

ձգտելով միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը,

ցանկանալով զարգացնել ապրանքների տարանցման ազատությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն համաձայնագրով սահմանվում են Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի մաքսային տարածքով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի ձևավորման հիմքերը։

2. Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի ձևավորումն ու գործունեությունն իրականացվում են այդպիսի երրորդ կողմի հետ Միության կողմից կնքվող միջազգային պայմանագրին համապատասխան, որով Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի մաքսային տարածքով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ նախատեսվում է այդ միջազգային պայմանագրի մասնակիցների կողմից պարզեցումների կիրառումը՝ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան։

3. Միության և երրորդ կողմի գործող մաքսային տարանցման միասնական համակարգին կարող է միանալ մեկ այլ երրորդ կողմ՝ Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգին միանալու մասին միջազգային պայմանագիր կնքելու միջոցով։

4. Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով և Միության իրավունքը կազմող այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգը հետևյալի վրա հիմնված համակարգ է՝

տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում.

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառում.

անդամ պետությունների և երրորդ կողմի լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառում.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան Միության մաքսային տարածքով և երրորդ կողմի մաքսային տարածքով փոխադրվող ապրանքների ամբողջ ընթացուղում ապրանքների փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառում.

մաքսային մարմինների կողմից ընդունված որոշումների և մաքսային հսկողության իրականացման արդյունքների փոխադարձ ճանաչում՝ բացառությամբ ռիսկերի կառավարման համակարգով սահմանված դեպքերի:

 

Հոդված 3

 

Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի ձևավորումն իրականացվում է երրորդ կողմի՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան սահմանված հետևյալ պայմանները կիրառելու հնարավորության առկայության պայմանով՝

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող բեռնային այլ գործողությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների փոխարինման, վթարների, անհաղթահարելի ուժի գործողության ժամանակ ձեռնարկվող միջոցների կիրառման ընթացքում մաքսային գործառնությունների կատարման կարգը, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման և նշված մաքսային ընթացակարգի գործողության ավարտի պայմանները.

տարանցման հայտարարագրի ձևը, դրա լրացման կարգը և էլեկտրոնային տեսքին ներկայացվող պահանջները.

ազգային երաշխիքների կիրառման միջոցով մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովումը կիրառելու կարգը (ներառյալ այն դեպքերը, երբ նման ապահովում չի տրամադրվում).

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման վերահսկողությունն իրականացնելու կարգը, այդ թվում՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ.

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ փոխադրողի պարտականությունների մասով պահանջները:

 

Հոդված 4

 

Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի շրջանակներում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումն ու դրա գործողության ավարտն իրականացվում են մաքսային տարածքներից յուրաքանչյուրում (Միության մաքսային տարածքում և երրորդ կողմի մաքսային տարածքում)։

 

Հոդված 5

 

Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգը գործում է երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրի իրագործման շրջանակներում կազմակերպված՝ մաքսային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության հիման վրա։

 

Հոդված 6

 

Երրորդ կողմի մաքսային տարածքում դրված նավիգացիոն կապարակնիքների կիրառման դեպքում վերահսկող մարմինները և ազգային օպերատորներն իրականացնում են նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման և ապաակտիվացման համար անհրաժեշտ գործողությունները, և կիրառում են դրանց կատարման կարգը՝ հաշվի առնելով Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթները։

 

Հոդված 7

 

1. Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին երրորդ կողմի հետ Միության կնքած միջազգային պայմանագրի շրջանակներում փոխգործակցության իրականացման համար պատասխանատու՝ անդամ պետությունների լիազորված մարմինները կենտրոնական մաքսային մարմիններն են:

2. Միության և երրորդ կողմի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին երրորդ կողմի հետ Միության կնքած միջազգային պայմանագրի իրագործման նպատակով՝ անդամ պետությունների և երրորդ կողմի միջև փոխգործակցության համակարգումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:

 

Հոդված 8

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում սույն համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 9

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման օրվանից։

 

Կատարված է __________ քաղաքում, 20_ թվականի ___________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան