ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 ապրիլի 2023 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա 

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում ստանդարտացված լիցենզիայի մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում իրականացնելու համար։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում ստանդարտացված լիցենզիայի մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 70-րդ հոդվածի վրա,

ղեկավարվելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգով,

նպատակ ունենալով ապահովելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում (այսուհետ՝ Միություն) ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեությունը, անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ֆինանսական ծառայությունների փաթեթի հասանելիությունը և որակի մակարդակի բարձրացումը, այդ շուկայում մրցակցության զարգացումը,

ընդունելով ծառայությունների բանկային և ապահովագրական ոլորտներում գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը,

արտահայտելով շահագրգռվածություն անդամ պետությունների առևտրային և ներդրումային համագործակցությունն ամրապնդելու հարցում՝ անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացումը խթանելու նպատակով,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին ու նորմերին,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

բանկ՝ վարկային կազմակերպություն, որը, որպես իր գործունեության հիմնական նպատակ, շահույթ ստանալու համար իրավունք ունի իրականացնելու անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ ցանկացած տեսակի բանկային գործառնություններ՝ ցանկացած համակցությամբ, կամ բացառիկ իրավունք ունի իրականացնելու ընդհանուր առմամբ հետևյալ երեք բանկային գործառնությունները՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական միջոցների ներգրավում՝ որպես ավանդներ, նշված միջոցների տեղաբաշխում իրենց անունից և իրենց հաշվին՝ վերադարձի, վճարովի, ժամկետային լինելու պայմանով, ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների բացում և վարում անդամ պետության՝ բանկային գործունեությունը կարգավորող լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի հիման վրա.

գտնվելու վայրի պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում գրանցված է (անցնում է գրանցման և լիցենզավորման ընթացակարգը) այլ անդամ պետության բանկի կամ ապահովագրական կազմակերպության դուստր կազմակերպությունը.

ծագման պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում գրանցված է հայտատուն կամ լիցենզավորված անձը.

դուստր կազմակերպություն՝ գտնվելու վայրի պետության տարածքում այլ անդամ պետության լիցենզավորված անձի կողմից սույն համաձայնագրով նախատեսված կարգով ստեղծված կամ ձեռք բերված (ստեղծվող կամ ձեռք բերվող) առևտրային կազմակերպություն.

լիցենզավորված անձ՝ բանկ կամ ապահովագրական կազմակերպություն, որն ունի ստանդարտացված լիցենզիա.

ազգային լիցենզիա՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող թույլտվություն (լիցենզիա)՝ բանկի կամ ապահովագրական կազմակերպության կողմից այդ անդամ պետության տարածքում համապատասխանաբար բանկային կամ ապահովագրական (վերաապահովագրական) գործունեության իրականացման համար՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

ձեռքբերում՝ լիցենզավորված անձի կողմից գործարքի (գործարքների) կատարում բանկի կամ ապահովագրական կազմակերպության բաժնետոմսերի (մասնաբաժինների) ձեռքբերման կապակցությամբ կամ գործարքի կատարում՝ ուղղված բանկի կամ ապահովագրական կազմակերպության այն բաժնետերերի (մասնակիցների) նկատմամբ վերահսկողություն սահմանելուն, որոնք այդ բանկի կամ ապահովագրական կազմակերպության բաժնետոմսերի (մասնաբաժինների) սեփականատերերն են.

ստանդարտացված լիցենզիաների ռեեստր՝ ստանդարտացված լիցենզիաների համակարգված ցանկ, որն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարվում է էլեկտրոնային եղանակով անդամ պետությունում լիազորված մարմնի կողմից.

ստեղծում՝ մեկ անդամ պետության լիցենզավորված անձի կողմից դուստր կազմակերպության գրանցում մյուս անդամ պետության տարածքում.

հայտատու՝ բանկ կամ ապահովագրական կազմակերպություն, որը գրանցված է ծագման պետության տարածքում և միջնորդությամբ դիմել է ծագման պետության լիազորված մարմնին՝ ստանդարտացված լիցենզիա ստանալու նպատակով.

ստանդարտացված լիցենզիա՝ հատուկ թույլտվություն (լիցենզիա), որը տրվում է հայտատուին ծագման պետության լիազորված մարմնի կողմից՝ գտնվելու վայրի պետության տարածքում դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման միջոցով բանկային կամ ապահովագրական (վերաապահովագրական) գործունեություն իրականացնելու համար.

ապահովագրական կազմակերպություն՝ անդամ պետության իրավաբանական անձ, որն իրավունք ունի իրականացնելու ապահովագրական (վերաապահովագրական) գործունեություն՝ ծագման պետության օրենսդրությանը համապատասխան.

ֆինանսական կազմակերպություն՝ անդամ պետության լիազորված մարմնի վերահսկողության տակ գտնվող և լիցենզիայի (կամ այլ թույլատրող ընթացակարգի) հիման վրա ֆինանսական շուկայում գործունեություն իրականացնող սուբյեկտ, որի նկատմամբ դրա ծագման երկրի օրենսդրությամբ սահմանված են այդ սուբյեկտի և (կամ) պաշտոնատար անձանց և (կամ) այդ սուբյեկտի այլ աշխատողների և (կամ) ֆիզիկական և իրավաբանական անձանց գործարար համբավին առնչվող պահանջները, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով (այդ թվում՝ համատեղ) տիրապետում են (ձեռք են բերում) տվյալ սուբյեկտի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) առավել քան 10 տոկոսը և (կամ) իրականացնում են այդ իրավաբանական անձանց միանձնյա գործադիր մարմնի գործառույթները:

2. Սույն համաձայնագրի նպատակներով՝

«Վերահսկողություն» հասկացությունը կիրառվում է «Համախմբված ֆինանսական հաշվետվություն» Ֆինանսական հաշվետվության միջազգային 10-րդ ստանդարտին (IFRS), «Համատեղ ձեռնարկատիրություն» Ֆինանսական հաշվետվության միջազգային 11-րդ ստանդարտին (IFRS) և «Ներդրումներ ասոցացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկություններում» Ֆինանսական հաշվետվության միջազգային 28-րդ ստանդարտին (IАS), ինչպես նաև անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխան սահմանվող իմաստով, եթե դրանում սահմանված է չափորոշիչների և պայմանների ավելի լայն շրջանակ.

«լիազորված մարմիններ» հասկացությունը կիրառվում է ֆինանսական ծառայությունների արձանագրությամբ սահմանված իմաստով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 17 հավելված):

3. Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

 

Սույն համաձայնագրով սահմանվում են ստանդարտացված լիցենզիայի տրամադրման կարգը և պայմանները, ստանդարտացված լիցենզիայի հետկանչի կարգը և հիմքերը (չեղարկումը, գործողության դադարեցումը, անվավեր ճանաչումը, ուժը կորցրած ճանաչումը), հայտատուին և լիցենզավորված անձին ներկայացվող պահանջները, դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման կարգը:

 

Հոդված 3

 

Սույն համաձայնագրի դրույթները չեն կիրառվում այն բանկերի և ապահովագրական կազմակերպությունների նկատմամբ, որոնք գրանցված են անդամ պետության տարածքում, որի շրջանակներում ֆինանսական ոլորտում գործում է հատուկ իրավական ռեժիմ:

 

Հոդված 4

 

Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես խոչընդոտ (սահմանափակում) անդամ պետությունների բանկերի և ապահովագրական կազմակերպությունների համար՝ դուստր կազմակերպության ստեղծման, ձեռքբերման և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գործունեություն իրականացնելու համար:

 

Հոդված 5

 

1. Հայտատուի և լիցենզավորված անձի նկատմամբ ներկայացվում են հետևյալ քանակական պահանջները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 12-րդ հոդվածի դրույթները.

ա) բանկի նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ առնվազն 60 մլն ԱՄՆ դոլարին համարժեք.

բ) բանկի կապիտալի բավարար լինելու նորմատիվի նվազագույն արժեքը՝ առնվազն 12,5.

գ) ապահովագրական կազմակերպության նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ առնվազն 10,4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք՝ «կյանք»/«ոչ կյանք» ապահովագրության տեսակների կատեգորիայի համար.

դ) ապահովագրական կազմակերպության կապիտալի բավարար լինելու նորմատիվի (վճարունակության մարժայի) նվազագույն արժեքը՝ առնվազն 1,2:

2. Լիցենզավորված անձի նկատմամբ քանակական պահանջները ներկայացվում են ստանդարտացված լիցենզիայի գործողության ժամկետի ողջ ընթացքում:

3. Հայտատուին ներկայացվող քանակական պահանջների պարամետրերի հաշվարկման պահանջները սահմանվում են ծագման պետության լիազորված մարմնի կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 6

 

1. Գործարար համբավին առնչվող պահանջները ներկայացվում են՝

լիցենզավորված ընկերությունում առանցքային պաշտոնի նշանակվող (ընտրվող) անձանց և այդ պաշտոնից բխող պարտականությունների կատարման ամբողջ ժամանակահատվածի համար.

հայտատու ընկերությունում առանցքային պաշտոնից բխող պարտականությունները կատարող անձանց՝ ստանդարտացված լիցենզիա ստանալու համար միջնորդությամբ դիմելու ժամանակ.

անձանց՝ նրանց կողմից իրավունքների ուղղակի կամ անուղղակի ձեռքբերման ժամանակ, կամ գույքի հավատարմագրային կառավարման և (կամ) պարզ ընկերակցության և (կամ) հանձնարարության պայմանագրերով, կորպորատիվ պայմանագրով և (կամ) այլ այնպիսի համաձայնագրով նրանց հետ կապված այլ անձանց հետ համատեղ, որի առարկան է լիցենզավորված անձի բաժնետոմսերով (մասնաբաժիններով) հավաստված՝ լիցենզավորված անձի կանոնադրական կապիտալը կազմող բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) առավել քան 10 տոկոսի տնօրինման իրավունքների իրականացումը՝ տվյալ իրավունքը տիրապետելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև այն անձանց, որոնք տիրապետում են այդ իրավունքին հայտատուի նկատմամբ:

Առանցքային պաշտոնների ցանկը, որոնց նշանակվելիս (ընտրվելիս) պահանջներ են ներկայացվում գործարար համբավի առնչությամբ, բերված է թիվ 1 հավելվածում:

Անձին՝ որպես գործարար համբավին առնչվող պահանջներին չհամապատասխանող ճանաչելու հիմքերը բերված են թիվ 2 հավելվածում:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք իրավունք ունեն բողոքարկելու նրանց՝ ծագման պետության լիազորված մարմնի կողմից ճանաչումը՝ որպես չհամապատասխանող գործարար համբավին առնչվող պահանջներին՝ սույն համաձայնագրի թիվ 2 հավելվածով նախատեսված հիմքերով՝ ծագման պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց ներկայացվող՝ գործարար համբավին առնչվող պահանջները պետք է պահպանվեն ստանդարտացված լիցենզիայի գործողության ժամկետի ամբողջ ընթացքում:

4. Եթե անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չեն ընթացակարգեր, որոնք իրավաբանական նշանակություն ունեն սույն համաձայնագրի թիվ 2 հավելվածով նախատեսված հիմքերով անձի՝ գործարար համբավին առնչվող պահանջներին անհամապատասխանության փաստը պարզելու համար, ապա տվյալ անձը ճանաչվում է այդ պահանջներին համապատասխանող:

Այն անդամ պետությունները, որոնց օրենսդրությամբ սահմանված չեն սույն համաձայնագրի թիվ 2 հավելվածով նախատեսված՝ գործարար համբավին առնչվող պահանջներին անձի անհամապատասխանության փաստը պարզելու ընթացակարգեր, անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման շրջանակներում ձգտում են միջոցառումներ իրականացնել գործարար համբավի գնահատում անցկացնելու ժամանակ կարգավորիչ արբիտրաժի վերացման ուղղությամբ, այդ թվում՝ ներդաշնակեցման հարցերով Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսվող ժամկետներում (ժամանակահատվածներում):

Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում լիազորված մարմինները «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են տեղեկատվություն այն պահանջների կազմի վերաբերյալ, որոնց համաձայն սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք ճանաչվում են համապատասխանող գործարար համբավին առնչվող պահանջներին՝ սույն կետի առաջին պարբերությանը համապատասխան:

 

Հոդված 7

 

Ծագման պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ հայտատուի, լիցենզավորված անձի և սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով ազգային շուկայի և Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ֆինանսական կայունության հնարավոր ռիսկերի գնահատումը, ինչպես նաև դրանց իրականացման հնարավոր հետևանքները:

Լրացուցիչ պահանջներ սահմանելու (փոփոխելու) մասին տեղեկատվությունն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տեղադրվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի՝ իր պաշտոնական կայքում՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 8

 

1. Ստանդարտացված լիցենզիա ստանալու համար հայտատուն ծագման պետության լիազորված մարմին է ներկայացնում ստանդարտացված լիցենզիա տրամադրելու վերաբերյալ միջնորդություն և փաստաթղթեր՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Ծագման պետության լիազորված մարմինն այդ անդամ պետության օրենսդրությամբ ազգային լիցենզիայի տրամադրման համար սահմանված ժամկետում ուսումնասիրում է ստանդարտացված լիցենզիայի տրամադրման միջնորդությունը և հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը:

3. Ծագման պետության լիազորված մարմնի՝ ստանդարտացված լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունմանը հաջորդող աշխատանքային օրվանից:

4. Ստանդարտացված լիցենզիան ձևակերպվում է ստանդարտացված լիցենզիաների ռեեստրում գրառում կատարելու միջոցով:

5. Ստանդարտացման լիցենզիան գործում է առանց ժամկետի սահմանափակման, և դրանով նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ օտարվել լիցենզավորված անձի կողմից:

6. Ստանդարտացված լիցենզիայի տրամադրման մասին գրառումը ներառվում է ծագման պետության լիազորված մարմնի ստանդարտացված լիցենզիաների ռեեստրում՝ լիազորված մարմնի՝ ստանդարտացված լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, և ներառում է հետևյալ տեղեկատվությունը;

ա) լիցենզավորված անձի ամբողջական ֆիրմային անվանման մասին.

բ) լիցենզավորված անձի կրճատ ֆիրմային անվանման մասին (դրա առկայության դեպքում).

գ) լիցենզավորված անձի գտնվելու վայրի մասին (մշտապես գործող գործադիր մարմնի գտնվելու վայրի).

դ) լիցենզավորված անձի գրանցման համարի մասին.

ե) ստանդարտացված լիցենզիայի համարի մասին.

զ) լիցենզավորված անձի՝ Միության ընդհանուր ֆինանսական շուկայում դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման միջոցով գործունեություն իրականացնելու իրավունքի մասին:

7. Ստանդարտացված լիցենզիաների ռեեստրից քաղվածքն ուղարկվում է լիցենզավորված անձին գրավոր՝ լիազորված մարմնի՝ ստանդարտացված լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ընդունելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ:

8. Լիազորված մարմինը մերժում է հայտատուին ստանդարտացված լիցենզիայի տրամադրման հարցում՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածում նշված քանակական պահանջներին նրա անհամապատասխանության և (կամ) սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց՝ որպես գործարար համբավին առնչվող պահանջներին չհամապատասխանող ճանաչելու հիմքերի առկայության դեպքում, ինչպես նաև սույն համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում:

Ստանդարտացված լիցենզիայի տրամադրումը մերժելու մասին ծանուցումն ուղարկվում է հայտատուին գրավոր՝ նշելով մերժման հիմքերը:

9. Ստանդարտացված լիցենզիայի տրամադրումը մերժելը, ծագման պետության լիազորված մարմնի կողմից այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում համապատասխան որոշումը չընդունելը կարող են բողոքարկվել ծագման պետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 9

 

1. Լիցենզավորված անձի՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի (բանկի համար) կամ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի (ապահովագրական կազմակերպության համար) պահանջներին անհամապատասխանության դեպքում լիցենզավորված անձին ուղարկվում է խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքի սահմանափակման մասին հանձնարարագիր:

Եթե խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքի սահմանափակման մասին հանձնարարագրով սահմանված՝ 1 տարին չգերազանցող ժամկետում այդ անհամապատասխանությունը չի վերացվել, ապա ծագման պետության լիազորված մարմինը որոշում է ընդունում ստանդարտացված լիցենզիայի հետկանչի վերաբերյալ:

Լիցենզավորված անձի՝ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի (բանկի համար) կամ 5-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի (ապահովագրական կազմակերպության համար) պահանջներին անհամապատասխանության դեպքում կամ սույն համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց՝ որպես գործարար համբավին առնչվող պահանջներին չհամապատասխանող ճանաչելու հիմքերի առկայության դեպքում կամ լիցենզավորված անձի՝ սույն համաձայնագրի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում լիցենզավորված անձին ուղարկվում է խախտման վերացման և այլ անդամ պետության տարածքում դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքի սահմանափակման մասին հանձնարարագիր:

Ազգային լիցենզիայի հետկանչի (չեղարկման, գործողության դադարեցման, անվավեր ճանաչման, ուժը կորցրած ճանաչման) մասին որոշում ընդունելու հետ միաժամանակ որոշում է ընդունվում ստանդարտացված լիցենզիայի հետկանչի վերաբերյալ:

Ստանդարտացված լիցենզիայի հետկանչի մասին ծանուցումը կամ խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքը սահմանափակելու մասին հանձնարարագրի ուղարկումը նշված դեպքերում իրականացվում է այն կարգին համանման կարգով, որը ծագման պետության օրենսդրությամբ սահմանված է ազգային լիցենզիայի հետկանչի (չեղարկման, գործողության դադարեցման, անվավեր ճանաչման, ուժը կորցրած ճանաչման), խախտման վերացման և խախտողի գործունեության նկատմամբ սահմանափակումների սահմանման մասին հանձնարարագրի ուղարկման համար:

Ստանդարտացված լիցենզիայի հետկանչը կամ խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքը սահմանափակելու մասին հանձնարարագրի ուղարկումն այլ հիմքերով չի թույլատրվում:

2. Լիազորված մարմինը որոշում է ընդունում իր կողմից տրամադրված ստանդարտացված լիցենզիայի հետկանչի կամ խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքը սահմանափակելու մասին հանձնարարագրի ուղարկման մասին՝ դրա հետկանչի համար հիմքերի առկայության վերաբերյալ՝ փաստաթղթերով հաստատված տեղեկատվությունն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում կամ խախտման վերացման մասին հանձնարարագրի ուղարկման համար ծագման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

3. Ստանդարտացված լիցենզիայի հետկանչի կամ խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքը սահմանափակելու մասին հանձնարարագրի ուղարկման վերաբերյալ լիազորված անձի որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունմանը հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ, եթե որոշման մեջ այլ բան նախատեսված չէ:

4. Ստանդարտացված լիցենզիայի հետկանչի կամ խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքը սահմանափակելու մասին հանձնարարագրի ուղարկման վերաբերյալ գրառումը կատարվում է ծագման պետության լիազորված մարմնի ստանդարտացված լիցենզիաների ռեեստրում՝ լիազորված մարմնի՝ ստանդարտացված լիցենզիայի կամ համապատասխանաբար ազգային լիցենզիայի հետկանչի կամ խախտման վերացման և դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման իրավունքը սահմանափակելու մասին հանձնարարագրի ուղարկման վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ:

Ստանդարտացված լիցենզիաների ռեեստրից քաղվածքն ուղարկվում է լիցենզավորված անձին գրավոր՝ ստանդարտացված լիցենզիայի հետկանչի մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ:

5. Ծագման պետության լիազորված մարմնի՝ ստանդարտացված լիցենզիայի հետկանչի մասին որոշումը կարող է բողոքարկվել ծագման պետության դատարան՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ բողոքարկման համար սահմանված ժամկետի ընթացքում: Նշված որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը:

 

Հոդված 10

 

1. Լիազորված մարմինն իրականացնում է ստանդարտացված լիցենզիաների ռեեստրի ձևավորումը, դրա տեղադրումը և վարումը՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի իր պաշտոնական կայքում:

2. Ստանդարտացված լիցենզիաների ռեեստրը վարվում է անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) և ռուսերենով, եթե ռուսերենն անդամ պետության պետական լեզուն չէ։

3. Լիազորված մարմինն ապահովում է ստանդարտացված լիցենզիաների ռեեստր անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) և ռուսերենով մուտքագրված տվյալների նույնականությունը:

 

Հոդված 11

 

1. Դուստր կազմակերպության ստեղծումը կամ ձեռքբերումն իրականացվում է լիցենզավորված անձի կողմից՝ գտնվելու վայրի պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները:

2. Դուստր կազմակերպության ստեղծման դեպքում այն լիցենզավորված անձի կողմից, որն այդ դուստր կազմակերպության բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) 100 տոկոսի իրավատերն է, կամ դուստր կազմակերպության քվեարկող բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) ավելի քան 75 տոկոսի ձեռքբերման դեպքում կամ դուստր կազմակերպության քվեարկող բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) ավելի քան 75 տոկոսին տիրապետող՝ դուստր կազմակերպության բաժնետերերի (մասնակիցների) նկատմամբ վերահսկողություն սահմանելուն ուղղված գործարքի (գործարքների) իրականացման դեպքում չեն կիրառվում գտնվելու վայրի պետության օրենսդրությամբ բանկային կամ ապահովագրական գործունեության կարգավորման ոլորտում սահմանված սահմանափակումները հետևյալի առնչությամբ.

ա) բանկերի ընդհանուր կանոնադրական կապիտալում և (կամ) ապահովագրական կազմակերպությունների ընդհանուր կանոնադրական կապիտալում անդամ պետությունների ռեզիդենտների մասնակցություն.

բ) բանկի և (կամ) ապահովագրական կազմակերպության կառավարման մարմիններում անդամ պետությունների ռեզիդենտների մասնակցություն.

գ) բանկում և (կամ) ապահովագրական կազմակերպությունում անդամ պետությունների ռեզիդենտների աշխատանք:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակով լիցենզավորված անձի կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը գտնվելու վայրի պետության լիազորված մարմնի կողմից իրականացվում է 3 ամիսը չգերազանցող ժամկետներում՝ բանկի կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման համար, և 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետում՝ ապահովագրական կազմակերպության կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման համար: Ընդ որում՝ պահանջներ չեն կիրառվում դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման մասին միջնորդության հետ մեկտեղ հետևյալ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրման առնչությամբ.

լիցենզավորված անձի ֆինանսական դրության և սեփականության կառուցվածքի մասին փաստաթղթեր, փաստաթղթեր այն հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) ֆինանսական դրության և գործարար համբավի մասին, որոնք տիրապետում են լիցենզավորված անձի բաժնետոմսերի (մասնաբաժինների, փայերի) ավելի քան 10 տոկոսին, այն անձանց, որոնք վերահսկողություն են իրականացնում այդ հիմնադիրների (բաժնետերերի, մասնակիցների) նկատմամբ, և այն պաշտոնատար անձանց, որոնք ընտրվում (նշանակվում) են դուստր կազմակերպության կառավարման մարմիններում լիցենզավորված անձի հաստիքացուցակից, ինչպես նաև ընտրվում (նշանակվում) են այլ այն պաշտոններում, որոնց ներկայացվում են գործարար համբավին առնչվող պահանջներ, եթե ներկայացված փաստաթղթերի կազմում առկա է ծագման պետության լիազորված մարմնի գրավոր հաստատումը՝ իր մոտ արդիական, ճշգրիտ և իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթերի առկայության մասին, որոնք գտնվելու վայրի պետության լիազորված մարմնին թույլ կտան միանշանակ եզրահանգում կատարել՝ նշված անձանց բավարար ֆինանսական դրության և գործարար համբավի, միջնորդությամբ դիմած լիցենզավորված անձի բավարար ֆինանսական կարգավիճակի և սեփականության թափանցիկ կառուցվածքի մասին.

լիցենզավորված անձի փոխկապակցված անձանց մասին տեղեկություններ, եթե ներկայացված փաստաթղթերի կազմում առկա է ծագման պետության լիազորված մարմնի գրավոր հաստատումը՝ իր մոտ այդպիսի տեղեկությունների առկայության մասին:

Նշված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ծագման պետության լիազորված մարմնի կողմից ներկայացվում են գտնվելու վայրի պետության լիազորված մարմին՝ բանկի կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման դեպքում 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետներում, և ապահովագրական կազմակերպության կողմից դուստր կազմակերպության ստեղծման կամ ձեռքբերման դեպքում՝ 15 օրացուցային օրը չգերազանցող ժամկետներում: Նշված ժամկետները հաշվարկվում են գտնվելու վայրի պետության լիազորված մարմնի՝ ծագման պետության լիազորված մարմնի կողմից համապատասխան փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցումն ստանալու օրվանից:

 

Հոդված 12

 

1. Սույն համաձայնագիրը մինչև 2030 թվականի հունվարի 1-ն ուժի մեջ մտնելու օրվանից Ղրղզստանի Հանրապետության տարածքում գրանցված հայտատուների համար կիրառվում են հայտատուի նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափին ներկայացվող հետևյալ քանակական պահանջները.

ա) բանկի նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք.

բ) ապահովագրական կազմակերպության նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափը՝ առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք։

2. Հայտատուն Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմնին տրամադրում է սույն համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված՝ նորմատիվ կապիտալի (սեփական միջոցների) չափին ներկայացվող քանակական պահանջներին համապատասխանությունը 2030 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ ապահովելու գրավոր պարտավորությունը, ինչպես նաև նշված քանակական պահանջների կատարումը նախատեսող բիզնես պլան:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում այն հայտատուների նկատմամբ, որոնք գրանցվել են Ղրղզստանի Հանրապետության տարածքում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Հոդված 13

 

Սույն համաձայնագրի իրագործման նպատակով լիազորված մարմինները փոխգործակցությունը և տեղեկատվության փոխանակումն իրականացնում են, ինչպես նաև խորհրդատվություններն անցկացնում են միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրով նախատեսված կարգով:

 

Հոդված 14

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 15

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

 

Հոդված 16

 

Սույն համաձայնագիրը միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում։

 

Հոդված 17

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ:

Կատարված է քաղաքում 202 թվականի «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում ստանդարտացված լիցենզիայի մասին» համաձայնագրի

 

ՑԱՆԿ

 

առանցքային պաշտոնների, որոնց նշանակվելիս (ընտրվելիս) պահանջներ են ներկայացվում գործարար համբավի առնչությամբ

 

1. Տնօրենների խորհրդի (դիտորդական խորհրդի), շարիաթական խորհրդի (եթե հայտատուն կամ լիցենզավորված անձն իրականացնում է գործառնություններ իսլամական սկզբունքների հիման վրա) անդամ:

2. Միանձնյա գործադիր մարմին:

3. Միանձնյա գործադիր մարմնի փոխարինող:

4. Կոլեգիալ գործադիր մարմնի անդամ:

5. Գլխավոր հաշվապահ:

6. Գլխավոր հաշվապահի տեղակալ (եթե հայտատուն կամ լիցենզավորված անձը բանկ է):

7. Ներքին աուդիտոր (ներքին աուդիտի ծառայության ղեկավար):

8. Հատուկ պաշտոնատար անձ, որը պատասխանատու է կազմակերպության ներքին վերահսկողության կանոնների պահպանման համար՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը), ահաբեկչության ֆինանսավորմանը և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանը հակազդելու նպատակով:

9. Ռիսկերի կառավարման ծառայության ղեկավար (եթե հայտատուն կամ լիցենզավորված անձը բանկ է):

10. Ներքին վերահսկողության ծառայության ղեկավար (եթե հայտատուն կամ լիցենզավորված անձը բանկ է):

11. Այլ առանցքային պաշտոններ, որոնք ենթադրում են որոշումների ընդունում և (կամ) հայտատուի կամ լիցենզավորված անձի կողմից որոշումների ընդունման վրա ազդեցություն, և որոնք նախատեսված են ծագման պետության օրենսդրությամբ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

«Եվրասիական տնտեսական միության

շրջանակներում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտներում ստանդարտացված լիցենզիայի մասին» համաձայնագրի

 

ՀԻՄՔԵՐ

 

անձին որպես գործարար համբավին առնչվող պահանջներին չհամապատասխանող ճանաչելու

 

1. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բանկային և ապահովագրական ծառայությունների ոլորտում ստանդարտացված լիցենզիայի մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձանց որպես գործարար համբավին առնչվող պահանջներին չհամապատասխանող ճանաչելու հիմքերն են՝

1) անձի մոտ հանցագործություն կատարելու համար չհանված կամ չմարված դատվածության առկայությունը՝ մինչև դատվածությունը հանելը կամ մարելը, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ.

2) դատարանի մեղադրական դատավճռի առկայությունը հանցագործություն կատարած անձի նկատմամբ՝ առանց նրա նկատմամբ պատիժ սահմանելու՝ հաշվի առնելով քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալը.

3) անձին քրեական պատասխանատվության ենթարկելը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտին համապատասխան՝ իրավաբանական անձի կանխամտածված և (կամ) կեղծ սնանկության համար՝ մինչև դատվածությունը հանելը կամ մարելը, եթե անդամ պետության օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ.

4) անձին քրեական պատասխանատվության ենթարկելը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտին համապատասխան՝ բանկի սնանկության, բանկի կանխամտածված և (կամ) կեղծ սնանկության ժամանակ (եթե լիցենզավորված անձը կամ հայտատուն բանկ է) ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար՝ ցմահ՝ սկսած դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից.

5) քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ վերջինիս քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը՝ մինչև դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքով կամ կասկածյալի կամ մեղադրյալի՝ հանցագործության կատարմանն առնչություն չունենալու կապակցությամբ անձի նկատմամբ քրեական գործը և (կամ) քրեական հետապնդման դադարեցումը կամ դատարանի դատավճիռն ուժի մեջ մտնելը.

6) անձի գտնվելը ահաբեկչական գործունեությանն առնչություն ունեցող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի այնպիսի ցուցակներում, որոնց վարումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

7) անձի կողմից 1 տարվա ընթացքում ավելի քան 3 անգամ վարչական իրավախախտում (իրավախախտում) կատարելը ձեռնարկատիրական գործունեության կամ ֆինանսների, հարկերի և վճարների, ապահովագրության, արժեթղթերի շուկայի ոլորտներում, որոնք սահմանվում են վարչական իրավախախտումների (իրավախախտումների) վերաբերյալ գործերը քննելու համար լիազորված դատավորի, մարմնի, պաշտոնատար անձի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ.

8) անձի որակազրկումը կամ անձի նկատմամբ պատժի կիրառումը՝ ֆինանսական կազմակերպությունում, հոլդինգում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով (ֆինանսական, բանկային և գործունեության այլ ոլորտներում՝ դատարանի կամ այլ լիազորված մարմնի որոշման հիման վրա) և ֆինանսական կազմակերպության խոշոր բաժնետեր (մասնակից) լինելու իրավունքից զրկելու ձևով, եթե անձի որակազրկման կամ պատժի կիրառման ժամկետը չի լրացել՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

9) անձի կողմից ծագման պետության լիազորված մարմնի՝ այդ անդամ պետության օրենսդրության այն պահանջների խախտումը վերացնելու մասին պահանջը սահմանված ժամկետում չկատարելը, որոնք վերաբերում են ֆինանսական կազմակերպության կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցության շեմային արժեքը գերազանցող գործարք (գործարքներ) կատարելու համար լիազորված մարմնի համաձայնությունն ստանալուն (եթե պահանջվում է նման համաձայնություն), մինչև խախտումների վերացումը, եթե անդամ պետության օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ.

10) անձի կողմից անդամ պետության բանկային կամ ապահովագրության օրենսդրության էական համարվող խախտման վերաբերյալ տեղեկատվության առկայություն և (կամ) այդ անձի կողմից այնպիսի որոշումների կայացում, որոնք հանգեցրել են ծագման պետության լիազորված մարմնի ակտով հաստատված՝ անդամ պետության բանկային կամ ապահովագրության օրենսդրության խախտման, այն դեպքում, երբ սույն հավելվածի 1-ին կետի 9-րդ, 13-րդ, 18-22-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը կիրառելի չեն այն անձի նկատմամբ, որի անձնական տվյալների մշակումն իրավունք ունի իրականացնելու ծագման պետության լիազորված մարմինը, մինչև խախտումների վերացումը, եթե անդամ պետության օրենսդրությամբ սահմանված չէ ավելի երկար ժամկետ, կամ խախտումը բացահայտելու օրվանից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ սահմանված չէ անդամ պետության օրենսդրությամբ.

11) անձին օրինական ուժի մեջ մտած դատական ակտով 3 տարվա ընթացքում 2 և ավելի անգամ վարչական պատասխանատվության (իրավախախտումների համար պատասխանատվության) ենթարկելը՝ իրավաբանական անձի սնանկության, իրավաբանական անձի կանխամտածված և (կամ) կեղծ սնանկության ժամանակ ոչ օրինաչափ գործողությունների համար (բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի վարչական իրավախախտումը (իրավախախտումը) հանգեցրել է վարչական պատժի (տույժի) նախազգուշացման ձևով).

12) անձին օրինական ուժի մեջ մտած դատական ակտին համապատասխան ֆինանսական կազմակերպության պարտավորությունների մասով սուբսիդիար պատասխանատվության ենթարկելը կամ պատասխանատվության ենթարկելը՝ ֆինանսական կազմակերպության օգտին վնասները գանձելու ձևով՝ ծագման պետության օրենսդրությանը համապատասխան.

13) անձի՝ պարտադիր ցուցումներ տալու իրավունքի առկայությունը կամ այն ֆինանսական կազմակերպության գործողություններն այլ կերպ սահմանելու հնարավորությունները (անկախ այն ժամկետից, որի ընթացքում անձն ունեցել է նման իրավունք կամ հնարավորություն), որը դատարանի կողմից սնանկ է ճանաչվել՝ ծագման պետության օրենսդրությանը համապատասխան: Նշված իրավունքն ունեն տնօրենների խորհրդի (դիտորդական խորհրդի), շարիաթական խորհրդի անդամները, միանձնյա գործադիր մարմինը, դրան փոխարինողը, ֆինանսական կազմակերպության կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերությունում նշված անձինք, ինչպես նաև այլ անձինք, որոնք ծագման պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվում են որպես վերահսկող անձինք.

14) առանց իրավաբանական անձ ձևավորելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձին կամ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելը.

15) դատարանի կողմից անձին մեղավոր ճանաչելը որևէ իրավաբանական անձին վնասներ պատճառելու համար՝ տնօրենների խորհրդի (դիտորդական խորհրդի, շարիաթական խորհրդի) անդամի, միանձնյա գործադիր մարմնի, դրա փոխարինողի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամի, գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի, մասնաճյուղի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները իր կողմից կատարվելու ընթացքում, ներառյալ՝ նշված պաշտոններից բխող պարտականությունների ժամանակավոր կատարումը, կամ իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) լիազորություններն իրականացնելու ժամանակ.

16) անձի նկատմամբ ծագման պետության օրենսդրությամբ նախատեսված միջոցների կիրառման փաստի առկայությունը՝ ուղղված իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի արժանահավատության ապահովմանը, այդ թվում՝ այն իրավաբանական անձանց ստեղծման և գործունեության կանխարգելմանը, որոնք ստեղծվել են ոչ բարեխիղճ գործունեության նպատակով՝ կեղծ ֆիզիկական անձանց և գրանցող մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու միջոցով.

17) սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերությունում նշված անձանց խմբում ընդգրկված ֆիզիկական անձի նկատմամբ պարտքերի վերակառուցման ընթացակարգի իրականացում՝ անվճարունակության (սնանկության) հարցերը կարգավորող՝ ծագման պետության օրենսդրությանը համապատասխան.

18) անձի՝ պարտադիր ցուցումներ տալու իրավունքի առկայությունը կամ այն ֆինանսական կազմակերպության գործողություններն այլ կերպ սահմանելու հնարավորությունները, որի լիցենզիան հետ է կանչվել (չեղարկվել է)՝ իր կողմից ծագման պետության օրենսդրության խախտման կապակցությամբ, կամ որը հանվել է համապատասխան ռեեստրից՝ իր կողմից ծագման պետության օրենսդրության խախտման կապակցությամբ, կամ անձի կողմից ֆինանսական կազմակերպության պաշտոնատար անձի գործառույթների իրականացումը՝ ֆինանսական կազմակերպության սնանկության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման մասին ծագման պետության լիազորված մարմնի կողմից որոշում ընդունվելուց առաջ (հետո) կամ մինչև գործադիր մարմինների լիազորությունների կասեցմամբ ժամանակավոր վարչարարություն նշանակելու մասին որոշում ընդունելը կամ մինչև ֆինանսական կազմակերպության գործունեության տեսակին համապատասխանող գործառնություններ իրականացնելու լիցենզիայի հետկանչի (չեղարկելու) մասին որոշում ընդունելը կամ մինչև ֆինանսական կազմակերպությունը համապատասխան ռեեստրից հանելը՝ դրա կողմից ծագման պետության օրենսդրության խախտման կապակցությամբ.

19) միանձնյա գործադիր մարմին, դրան փոխարինող, կոլեգիալ գործադիր մարմնի անդամ, տնօրենների խորհրդի անդամ (դիտորդական խորհուրդ, շարիաթական խորհուրդ) կամ ֆինանսական կազմակերպության հիմնադիր (բաժնետեր, մասնակից) հանդիսացած անձի կողմից ծագման պետության լիազորված մարմնի կողմից պարզված այն պարտականությունները չկատարվելու փաստի առկայությունը, որոնք նրան վերապահվել են ծագման պետության օրենսդրությամբ՝ ֆինանսական կազմակերպության սնանկությունը կանխարգելելու ուղղությամբ միջոցառումների իրականացման համար հիմքերի առաջացման և (կամ) ֆինանսական կազմակերպության անվճարունակության (սնանկության) նախանշանների առաջացման դեպքում.

20) ծագման պետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերին համապատասխան՝ նշված անձի փոխարինմանն առնչվող պահանջներ ներկայացնելն այն ֆինանսական կազմակերպությանը, որտեղ անձն իրականացնում էր միանձնյա գործադիր մարմնի, դրան փոխարինողի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամի, ֆինանսական կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի, ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի, ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի, ներքին աուդիտորի (ներքին աուդիտի ծառայության ղեկավարի), վերահսկողի (ներքին վերահսկողության ծառայության ղեկավարի), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը), ահաբեկչության ֆինանսավորմանը և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանը հակազդելու նպատակով ֆինանսական կազմակերպությունում ներքին վերահսկողության կանոնների իրականացման համար պատասխանատու հատուկ պաշտոնատար անձի, կամ ֆինանսական կազմակերպության տնօրենների խորհրդի (դիտորդական խորհրդի), շարիաթական խորհրդի անդամի գործառույթներ.

21) Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերությունում նշված անձանց խմբում ընդգրկված անձի կողմից 2 տարվա ընթացքում ծագման պետության լիազորված մարմնի հանձնարարագիրը չկատարվելու փաստի առկայությունը՝ անձի ոչ բավարար ֆինանսական դրության բացահայտման կապակցությամբ, եթե այդ անձի կողմից չի ներկայացվել փաստաթղթավորված հաստատումը՝ նշված հանձնարարագիրը չկատարելու համար օբյեկտիվ պատճառների առկայության մասին, և (կամ) այդ անձի կողմից 10 տարվա ընթացքում ծագման պետության լիազորված մարմնի հանձնարարագիրը չկատարելու փաստի առկայությունը՝ անձի ոչ բավարար գործարար համբավի բացահայտման կապակցությամբ, եթե հայտատուն կամ լիցենզավորված անձը բանկ է.

22) դրամական կամ ապրանքային արժեքներն անմիջականորեն սպասարկող անձի հետ աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու փաստի առկայությունը՝ այդ անձի կողմից հանցավոր գործողություններ կատարելու դեպքում, եթե այդ գործողությունները հիմք են տալիս նրա նկատմամբ գործատուի վստահությունը կորցնելու համար, կամ անձի կողմից այնպիսի շահերի բախումը, որոնց կողմ է հանդիսանում նա, կանխելու կամ կարգավորելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկվելը, սեփական եկամուտների, ծախսերի, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ լիարժեք և (կամ) ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը, կամ իր ամուսնու (կնոջ) և անչափահաս երեխաների եկամուտների, ծախսերի, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը կամ ակնհայտ ոչ լիարժեք կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը, հաշիվների (ավանդների) բացման (առկայության), անդամ պետության տարածքից դուրս գտնվող օտարերկրյա բանկերում կանխիկ դրամական միջոցների և արժեքների պահման, այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում անձի, նրա ամուսնու (կնոջ) և անչափահաս երեխաների կողմից օտարերկրյա ֆինանսական գործիքների տիրապետման և (կամ) օգտագործման վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը կամ ակնհայտորեն ոչ լիարժեք կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը՝ պայմանով, որ նշված գործողությունները հիմք են տալիս անձի նկատմամբ գործատուի վստահությունը կորցնելու համար, եթե չի լրացել 3-ամյա ժամկետը այդ աշխատանքային պայմանագիրը լուծելու օրվանից.

23) անձի կողմից ակնհայտ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը՝ ծագման պետության օրենսդրությամբ սահմանված որակավորման պահանջներին և (կամ) գործարար համբավին առնչվող պահանջներին իր համապատասխանության վերաբերյալ և (կամ) ֆինանսական կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ նշված պետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումների պահպանման վերաբերյալ, եթե այդ տեղեկությունները կարող են էական ազդեցություն ունենալ ծագման պետության լիազորված մարմնի այն որոշման վրա, որի ընդունման համար ներկայացվել են նշված տեղեկությունները.

24) այն ֆինանսական կազմակերպության նկատմամբ ծագման պետության լիազորված մարմնի կողմից միջոցների կիրառումը՝ ծագման պետության օրենսդրությանը համապատասխան՝ էականորեն ոչ արժանահավատ հաշվետվություն ներկայացնելու համար, որտեղ անձն իրականացրել է հաշվետվության նախապատրաստում (կազմում) և (կամ) ներկայացում, և (կամ) ստորագրում, և (կամ) հաստատում (տնօրենների խորհրդի (դիտորդական խորհրդի, շարիաթական խորհրդի) անդամի, միանձնյա գործադիր մարմնի, դրան փոխարինողի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամի, ֆինանսական կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի տեղակալի, ֆինանսական կազմակերպության մասնաճյուղի ղեկավարի կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները կատարելու ժամանակ).

25) դատարանի որոշմամբ ակնհայտ կեղծ ճանաչված աուդիտորական եզրակացության՝ այն անձի կողմից ստորագրման փաստի առկայությունը, որը աուդիտորական կազմակերպության ղեկավարն է կամ նրա կողմից լիազորված անձը կամ անհատ աուդիտորը.

26) ծագման պետության օրենսդրությամբ սահմանված գործարար համբավին առնչվող պահանջներին անձի գործարար համբավի անհամապատասխանության մասին լիազորված մարմինների գրավոր տեղեկատվության առկայությունը (նշելով այն ժամկետը, որի ընթացքում անձը համարվում է չհամապատասխանող գործարար համբավին առնչվող պահանջներին, և կցելով հաստատող փաստաթղթեր).

27) ծագման պետության լիազորված մարմնի կողմից անձի իրականացրած այնպիսի գործողությունների (գործողությունների կազմակերպման) իրականացման փաստի պարզումը, որոնք վերաբերում են ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային՝ ծագման պետության օրենսդրությանը համապատասխան.

28) անձի կողմից միանձնյա գործադիր մարմնի, դրան փոխարինողի, կոլեգիալ գործադիր մարմնի անդամի, ռիսկերի կառավարման ծառայության ղեկավարի, ներքին աուդիտորի (ներքին աուդիտի ծառայության ղեկավարի), հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը), ահաբեկչության ֆինանսավորմանը և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորմանը հակազդելու նպատակով ներքին վերահսկողության կանոնների իրականացման համար պատասխանատու հատուկ պաշտոնատար անձի, վերահսկողի (ներքին վերահսկողության ծառայության ղեկավարի) կամ այն պաշտոնատար անձի (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի), որի պարտականությունների մեջ է մտնում ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու նպատակով ներքին վերահսկողության իրականացումը, գործառույթների իրականացումը (անկախ այն ժամկետից, որի ընթացքում անձը դրանք իրականացրել է) ֆինանսական կազմակերպությունում՝ այդ կազմակերպության կողմից այնպիսի գործողությունների իրականացման ժամանակահատվածում, որոնք, ծագման պետության օրենսդրությանը համապատասխան, վերաբերում են ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային՝ 1 տարվա ընթացքում նշված գործողությունների իրականացման համար այդ կազմակերպության նկատմամբ միջոցների բազմակի կիրառման դեպքում:

2. Սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ, 12-16-րդ, 18-20-րդ, 23-25-րդ, 27-րդ և 28-րդ ենթակետերի մասով անձի՝ գործարար համբավին առնչվող պահանջներին անհամապատասխանության ժամկետը կազմում է 10 տարի, եթե հայտատուն կամ լիցենզավորված անձը բանկ է, կամ 5 տարի, եթե հայտատուն կամ լիցենզավորված անձը ապահովագրական կազմակերպություն է: Ընդ որում՝ անձի՝ գործարար համբավին առնչվող պահանջներին անհամապատասխանության ժամկետը հաշվարկվում է սույն հավելվածի 1-ին կետում նշված իրավաբանորեն նշանակալի դեպքը տեղի ունենալու օրվանից:

Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-րդ կետում նշված անձինք, որոնք կրկնակի խախտել են սույն հավելվածով սահմանված՝ գործարար համբավին առնչվող պահանջները, ցմահ համարվում են գործարար համբավին առնչվող պահանջներին չհամապատասխանող:

3. Սույն հավելվածի 1-ի կետի 2-7-րդ, 9-28-րդ ենթակետերի մասով անդամ պետությունները կիրառում են Համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան