ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 165 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՍԻԱՅՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կից ներկայացվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ․Վ․ Մյասնիկովիչին՝ ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության քարտուղարության միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության քարտուղարությունը, այսուհետ՝ Կողմեր
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության անդամ պետությունների միջև հարաբերությունները կարգավորող սկզբունքների 1999 թվականի սեպտեմբերի 14-ի հռչակագրով և 2002 թվականի հունիսի 4-ի Ալմա-Աթայի ակտով,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին,
ընդունելով փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու նպատակներով երկխոսություն հաստատելու Կողմերի ձգտումը,
հաստատելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման համար առևտրատնտեսական ոլորտում համատեղ աշխատելու Կողմերի մտադրությունը,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի մասին.
1. Սույն հուշագրի նպատակը բազմակողմանի տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով Կողմերի փոխըմբռնման զարգացմանն աջակցելն է։
2. Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
տարածաշրջանային տնտեսական ինտեգրում.
տնտեսություն և ֆինանսներ.
տրանսպորտ և փոխադրումներ.
թվայնացում և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ.
արդյունաբերություն.
ագրոարդյունաբերական համալիր.
առևտրային քաղաքականություն.
մրցակցային քաղաքականություն.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ ուղղություններ։
3. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակման.
Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացման.
համաժողովների, ֆորումների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների համատեղ նախապատրաստման ու կազմակերպման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստման միջոցով։
4. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը կօգտագործեն միայն սույն հուշագրի իրականացման նպատակներով, և չեն հաղորդի դա երրորդ կողմին՝ առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին տրամադրում է սույն հուշագրի կիրառման ընթացքում ստացված տեղեկատվությունը, Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության քարտուղարությունն Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության անդամ պետություններին տրամադրում է սույն հուշագրի կիրառման ընթացքում ստացված տեղեկատվությունը՝ առանց այդպիսի տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության։
Ընդ որում, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները և Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության անդամ պետություններն ստացված տեղեկատվությունը չեն հաղորդի երրորդ կողմին կամ չեն տարածի դա՝ առանց Կողմերի գրավոր համաձայնության։
Սույն հուշագրով չի ենթադրվում այնպիսի տեղեկատվության փոխանակում, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ և Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության փաստաթղթերով, Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության անդամ պետությունների օրենսդրությամբ։
5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
Սույն հուշագրի կիրառմանը վերաբերող հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
6. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
7. Սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է _______ քաղաքում 20 թվականի ______________ «_____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Ասիայում փոխգործակցության ու վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցության քարտուղարության կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|