ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 203 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄՅԱՆՄԱՅԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմայի Միության Հանրապետության միջև փոխգործակցության հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Ս.Յու. Գլազևին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման վերաբերյալ բանակցությունների ընթացքում կցվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմայի Միության Հանրապետության միջև փոխգործակցության
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմինն է, և Մյանմայի Միության Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի նպատակներին ու սկզբունքներին,
հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,
գործելով ի նպաստ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Մյանմայի Միության Հանրապետության շահերի,
ընդունելով երկխոսություն ձևավորելու Կողմերի ձգտումը՝ անդամ պետությունների ու Մյանմայի Միության Հանրապետության միջև փոխշահավետ տնտեսական համագործակցություն ապահովելու և առևտրի ընդլայնմանն ու բազմազանեցմանն օժանդակելու նպատակով,
ձեռք բերեցին փոխըմբռնում հետևյալի մասին.
1. Սույն հուշագրի նպատակը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում Կողմերի միջև փոխըմբռնման ու առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն օժանդակելն է։
2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով.
տարածաշրջանային տնտեսական ինտեգրում,
մաքսային կարգավորում,
տեխնիկական կանոնակարգում,
սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացում,
ֆինանսական շուկաներ,
տրանսպորտ,
էներգետիկա,
ագրոարդյունաբերական համալիր,
մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,
արդյունաբերություն,
սպառողների իրավունքների պաշտպանություն,
մտավոր սեփականություն,
տեղեկատվայնացում, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և տնտեսության թվային փոխակերպում,
համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
Անդամ պետությունների իրավասությանը վերապահված ոլորտներում Կողմերի միջև համագործակցությունն իրականացվելու է այդ անդամ պետությունների մասնակցությամբ։
3. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում համագործակցությունը Կողմերն իրականացնելու են հետևյալի միջոցով.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով փորձի և տեղեկատվության փոխանակում,
Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների ու խորհրդակցությունների անցկացում.
համաժողովների, բիզնես առաքելությունների, սեմինարների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների և կլոր սեղանների համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ անդամ պետությունների և Մյանմայի Միության Հանրապետության գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ վերլուծական նյութերի և զեկույցների պատրաստում։
4. Սույն հուշագրի կիրառման նպատակով Կողմերն իրենց իրավասության շրջանակներում կարող են համատեղ միջոցառումների պլաններ մշակել։ Համատեղ միջոցառումների անցկացման պայմաններն ու կարգը նախապես որոշվում են Կողմերի կողմից՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին:
5. Սույն հուշագրի կիրառման նպատակով փոխգործակցությունն այդ թվում կիրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմայի Միության Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) շրջանակներում, որը ձևավորվում է Կողմերի ներկայացուցիչներից:
Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացվի երկու համանախագահների կողմից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։
Աշխատանքային խմբի նիստերին կարող են հրավիրվել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ։
Աշխատանքային խմբի նիստերն անցկացվելու են ըստ անհրաժեշտության։
Աշխատանքային խմբի կազմը, աշխատանքային խմբի նիստերի անցկացման օրը, տեղը և օրակարգը կորոշվեն դրա համանախագահների կողմից։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք ստորագրվում են համանախագահների կողմից։
Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:
6. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումը կիրականացվի ռուսերենով և անգլերենով: Սույն հուշագրով չի նախատեսվում այնպիսի տեղեկատվության փոխանակում, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, դրա անդամ պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև Մյանմայի Միության Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
7. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը կօգտագործեն միայն սույն հուշագրի կիրառման նպատակով և այն չեն բացահայտի որևէ երրորդ կողմի կամ չեն տարածի առանց այդ տեղեկատվությունը ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության։ Սույն դրույթը կկիրառվի նաև սույն հուշագրի կիրառումը դադարեցնելուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետություններին տրամադրում է մյանմայական Կողմից ստացված տեղեկատվությունը՝ առանց վերջինիս գրավոր համաձայնության։
8. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
9. Սույն հուշագրի կիրառման հարցերի վերաբերյալ առաջացող ցանկացած տարաձայնություն Կողմերը լուծում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։
10. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
11. Սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
12. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին դրա կիրառման դադարեցման ենթադրվող օրվանից ոչ պակաս, քան 90 օրացուցային օր առաջ համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակահատվածում մեկնարկած միջոցառումների և նախագծերի իրականացման վրա։
Ստորագրված է ____________________ քաղաքում 20__ թվականի ______________ _____ -ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն, բիրմաներեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Մյանմայի Միության Հանրապետության կառավարության կողմից՝ |