ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
1 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2025 թվականն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գերակա ճյուղերի համատեղ արտադրված արտադրանքը դեպի երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու միջոցառումների ցանկի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 3 հանձնարարականի հավելված) 4-րդ կետը,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից արտադրվող արդյունաբերական արտադրանքի արտահանման զարգացման համար պայմանների ստեղծման կարևորությունը, այդ թվում՝ համատեղ արտադրված արդյունաբերական արտադրանքի կոոպերացիոն շղթաների գործունեության շրջանակներում, օգտագործելով Միության ինտեգրացիոն ներուժն այդ արտադրանքը դեպի երրորդ երկրների շուկաներ առաջ մղելու համար,
հանձնարարում է անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակվելու օրվանից՝ անդամ պետությունների տարածքներում նոր փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ստեղծման և (կամ) գործող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) զարգացման հետ կապված հարցերի մշակմանն ուղղված միջոցառումները պլանավորելիս և իրագործելիս, երրորդ երկրների փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) հետ համագործակցությունը կազմակերպելիս, այդպիսի երկրների օրենսդրության պահանջներին արդյունաբերական արտադրանքի համապատասխանության հավաստմանն աջակցելու նպատակով՝
1. Հաշվի առնել անդամ պետությունների արտահանման ներուժի զարգացման նպատակահարմարությունը, այդ թվում՝ անդամ պետությունների տարածքներում այնպիսի փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) գործունեությունը կազմակերպելով, որոնց գործունեության արդյունքները ճանաչվում են երրորդ երկրների տարածքներում՝ երրորդ երկրների տարածքներում արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ՝ արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերն անդամ պետությունների արտահանողների կողմից ստանալու (ձևակերպելու) համար՝ հաշվի առնելով արդյունաբերության ճյուղերի արդիական պահանջարկները, արտահանման (կոոպերացիայի) գերակա ուղղությունները։
2. Հաշվի առնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արտադրվող և արտահանման ու կոոպերացիոն ներուժ ունեցող արդյունաբերական արտադրանքի, ինչպես նաև այդ արտադրանքի արտահանման համար գերակա երրորդ երկրների ցանկը, որոնց մասով նպատակահարմար է համատեղ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) ստեղծման հարցի մշակումը՝ երրորդ երկրներում արտադրանքի համապատասխանության հաստատմանն աջակցելու նպատակով (այսուհետ՝ ցանկ), որը տեղադրված է Միության պաշտոնական կայքում հետևյալ հասցեով՝ http://www.eurasiaHcommission.org/ru/act/prom_i_agroprom/dep_prom/SiteAssets/Pages/Perechen_Produkcii_2022.pdf: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ՝
ա) ցանկը սպառիչ չէ, անդամ պետություններն իրավունք ունեն արտահանման նախագծերն իրագործելու ըստ ցանկի մեջ չնշված երկրների ու ապրանքային խմբերի.
բ) անդամ պետությունները սահմանում են ցանկի մեջ նշված արդյունաբերական արտադրանքը և արդյունաբերական արտադրանքի արտահանման համար գերակա երրորդ երկրները՝ հաշվի առնելով իրենց ազգային շահերը և արտաքին առևտրի ոլորտում օրենսդրությունը։
3. Ուսումնասիրել համատեղ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կազմակերպման հնարավորությունը (նպատակահարմարությունը)՝ առնվազն երկու անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ, ինչպես նաև երրորդ երկրների հնարավոր մասնակցությամբ։
4. Միության շրջանակներում գործունեություն իրականացնող միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համատեղ մշակել երրորդ երկրների պահանջներին համապատասխանության մասով արդյունաբերական արտադրանքի համապատասխանության գնահատման և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման ոլորտում կոոպերացիոն (ինտեգրացիոն) նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |