ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՏ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 22
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
31.05.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

31 մայիսի 2022 թվականի

թիվ 22

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌԵՖԵՐԵՆՏ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 4․7․2 կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգերի ստեղծման համար հիմքեր ձևավորելու նպատակով՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն hանձնարարականը հրապարակելու օրվանից ղեկավարվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգերի ստեղծման ընդհանուր մոտեցումներով` համաձայն հավելվածի:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Հավելված

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի մայիսի 31-ի

թիվ 22 հանձնարակականի

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգերի ստեղծման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն փաստաթուղթը մշակվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տեխնիկական կանոնակարգման ոլորտում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգ ստեղծելու համար հիմքեր ձևավորելու նպատակով և սահմանում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ) (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիաներ) նշանակելու (լիազորելու) հիմնական պայմանները՝ որպես ռեֆերենտ լաբորատորիաներ գործունեություն իրականացնելու համար (այսուհետ՝ անդամ պետությունների ռեֆերենտ լաբորատորիաների նշանակում), ինչպես նաև դրանց գործունեության ռեֆերենտ ոլորտի հետ կապված գործառույթները։

2. Անդամ պետությունում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգը ձևավորվում է դրա օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն փաստաթղթի դրույթները։

3. Սույն փաստաթղթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա՝ անդամ պետության կողմից նշանակված (լիազորված) փորձարկման լաբորատորիա՝ որպես ռեֆերենտ սահմանված գործունեության ոլորտում գործառույթներ կատարելու համար՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան․

գործունեության ռեֆերենտ ոլորտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների սահմանված ոլորտ՝ անդամ պետությունների ռեֆերենտ լաբորատորիաների կողմից իրենց գործառույթներն իրականացվելու նպատակով։

Սույն փաստաթղթում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 9 հավելված), «Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 10 հավելված) և «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 11 հավելված) սահմանված իմաստներով։

4. Անդամ պետությունում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգի ստեղծումն առաջարկվում է իրականացնել հետևյալ խնդիրները լուծելու նպատակով՝

ա) Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաև միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրմամբ՝ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արդյունքների հավաստիության ու ճշգրտության հաստատում, այդ թվում՝ անդամ պետության փորձարկման լաբորատորիայի կողմից ստացված՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքները հաստատելու կամ հերքելու պահանջի պայմաններում.

բ) անդամ պետությունում գործունեության ռեֆերենտ ոլորտում չափումների միասնականության ապահովում, այդ թվում՝ Միավորների միջազգային համակարգի (ՄՀ), ազգային (առաջնային) չափանմուշների և (կամ) մեծությունների միավորների միջազգային չափանմուշների նկատմամբ չափումների արդյունքների չափագիտական հետևելիության կիրառման միջոցով.

գ) անդամ պետությունում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների բարձր ճշգրտության, հավաստիության և համադրելիության ապահովում՝ ըստ գործունեության ռեֆերենտ ոլորտում օգտագործվող ցուցիչների.

դ) անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիաների ծառայությունների հասանելիության և այդ ծառայություններից օգտվելու հնարավորության ապահովում արտադրանքն արտադրողների, վերահսկողության (հսկողության) մարմինների և անդամ պետության այլ շահագրգիռ անձանց համար․

ե) միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրներ։

5. Անդամ պետությունում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգ ստեղծելիս առաջարկվում է ղեկավարվել հետևյալ սկզբունքներով՝

ա) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների ու մեթոդների միասնականություն․

բ) օբյեկտիվություն՝ անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիաներ նշանակելիս․

գ) տեղեկատվության թափանցիկություն՝ անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիաների համակարգի գործունեության վերաբերյալ։

 

II. Փորձարկման լաբորատորիայի ընտրության չափորոշիչները՝ անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա նշանակելու համար

 

6. Փորձարկման լաբորատորիան կարող է նշանակվել (լիազորվել) որպես անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա գործունեություն իրականացնելու համար՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝ հետևյալ չափորոշիչներին դրա համապատասխության դեպքում՝

ա) անդամ պետության հավատարմագրման ազգային համակարգում հայտագրվող գործունեության ռեֆերենտ ոլորտում հավատարմագրման և Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում տեղեկությունների առկայություն.

բ) անաչառության սկզբունքի (անկախություն՝ ապրանքներն արտադրողներից, մատակարարներից և սպառողներից) պահպանում.

գ) սեփականության իրավունքի կամ մշտական օգտագործման իրավունքի, կամ օգտագործման իրավունք նախատեսող այլ օրինական հիմքերով տարածքների առկայություն, որոնց մակերեսը բավարար է՝ սարքավորումներ տեղադրելու, հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար ստացվող նմուշների (փորձանմուշների) նկատմամբ շարժման հոսքայնությունն ապահովելու և գործունեության ռեֆերենտ ոլորտում աշխատանքների անհրաժեշտ ծավալն իրականացնելու համար.

դ) ռեֆերենտ ոլորտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների առկայություն սեփականության իրավունքով, այդ թվում`

չափիչ (օժանդակ) և փորձարկման սարքավորում ու չափման միջոցներ՝ ստուգված և (կամ) ստուգաճշտված՝ ժամանակին տեխնիկական սպասարկում անցնող․

ռեակտիվներ և ծախսանյութեր.

ծրագրային ապահովում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների մշակման համար (անհրաժեշտության դեպքում)․

չափումների միասնականության ապահովման ոլորտում անդամ պետության օրենսդրության պահանջներին համապատասխանող՝ ատեստավորված (սերտիֆիկացված) ստանդարտ նմուշներ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի կողմից պատրաստված ստանդարտ նմուշներ (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայում (մեթոդում) սույն պահանջի առկայության դեպքում) (անհրաժեշտության դեպքում).

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գործունեության ռեֆերենտ ոլորտում հայտագրված՝ ստանդարտացված և (կամ) վալիդացված (ատեստավորված) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներ (մեթոդներ), որոնցով, այդ թվում՝ հաշվի են առնվում լաբորատոր գործունեության ոլորտի ժամանակակից պահանջները (ներառյալ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով իրականացվող մշակումները և գիտական հետազոտությունները).

ե) հավատարմագրման ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ռեֆերենտ մեթոդիկայի (մեթոդի) առկայություն (հայտագրվող գործունեության ռեֆերենտ ոլորտում այդպիսի մեթոդիկայի առկայության դեպքում).

զ) աշխատակազմում այնպիսի աշխատակիցների առկայություն, որոնք՝

ունեն գործունեության ռեֆերենտ ոլորտին համապատասխանող պրոֆիլային կրթություն և համապատասխան իրավասություն՝ անհրաժեշտ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կատարելու համար.

ունեն հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների (մեթոդների) մշակման, վալիդացման (վերիֆիկացման) և (կամ) դրանց ատեստավորմանը մասնակցելու փորձ, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման փորձ՝ հայտագրված գործունեության ռեֆերենտ ոլորտում․

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ մշտական հիմունքներով անցնում են որակավորման բարձրացում գործունեության ռեֆերենտ ոլորտում, այդ թվում՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների (մեթոդների) վալիդացման (վերիֆիկացման) և անորոշության գնահատման առումով․

է) առնվազն 2 տարին մեկ անգամ մասնակցություն որակավորման ստուգման ճանաչված ազգային կամ միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվող որակավորման ստուգմանը, և նման ստուգումների բավարար արդյունքների առկայություն հայտագրված գործունեության ռեֆերենտ ոլորտում․

ը) փորձարկման լաբորատորիայի քաղաքականությունը սահմանող և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների բոլոր փուլերի անցկացման համար անհրաժեշտ ընթացակարգերը նկարագրող կառավարման համակարգի փաստաթղթերի առկայություն, որոնք ուղղված են, այդ թվում՝ համապատասխանության գնահատման նպատակով փորձարկման լաբորատորիայի գործունեության և անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի գործունեության միջև մրցակցության կանխմանը.

թ) առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ՝ հայտագրված գործունեության ոլորտում համապատասխանության գնահատման մասով.

ժ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ինքնուրույն անցկացում (առանց փորձարկման այլ լաբորատորիաների ներգրավման)՝ գործունեության ռեֆերենտ ոլորտում:

 

III. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի գործառույթները

 

7. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի գործառույթներ կարող են համարվել՝

ա) անդամ պետության փորձարկման լաբորատորիայի կողմից ստացված՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների հավաստիության և ճշգրտության հաստատում.

բ) մեծության հենակետային արժեքի և դրա հետ կապված անորոշության տրամադրում, այդ թվում՝ չափումների ռեֆերենտ մեթոդիկաների (մեթոդների) կիրառման միջոցով (չափումների առաջնային ռեֆերենտ մեթոդիկաներ (մեթոդներ)) (առկայության դեպքում)․

գ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ռեֆերենտ մեթոդիկայի կիրառելիության գնահատում՝ ըստ դրա ճշգրտության ցուցիչների՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ճշգրտությունը գնահատելու համար, որոնք ստացվել են նույն այդ մեծությունների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այլ մեթոդիկաների (մեթոդների) կիրառմամբ․

դ) գործունեության ռեֆերենտ ոլորտում գիտատեխնիկական և գործնական համագործակցության իրականացում և փորձի փոխանակում՝ անդամ պետությունների ռեֆերենտ լաբորատորիաների, երրորդ երկրների ռեֆերենտ լաբորատորիաների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ.

ե) մասնակցություն անդամ պետությունների պրովայդերների կամ միջազգային պրովայդերների կողմից կազմակերպվող՝ գործունեության ռեֆերենտ ոլորտում միջլաբորատոր համեմատական փորձարկումներին (միջլաբորատոր համադրական փորձարկումներին) անդամ պետությունների ռեֆերենտ լաբորատորիաների միջև.

զ) միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համադրական փորձարկումների) կազմակերպում՝ ներառյալ պարբերականները, փորձարկման լաբորատորիաների համար՝ գործունեության ռեֆերենտ ոլորտում, այդ թվում՝ հաշվի առնելով ISO/IEC 17043 «Համապատասխանության գնահատում։ Որակավորման ստուգման անցկացնելուն ներկայացվող հիմնական պահանջները» միջազգային ստանդարտին նույնական միջպետական ստանդարտի պահանջները․

է) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների նոր (այդ թվում՝ ռեֆերենտ) մեթոդիկաների (մեթոդների) մշակում և (կամ) մասնակցություն մշակմանը, ինչպես նաև մասնակցություն միջպետական ստանդարտների մշակմանը․

ը) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում գործունեության ռեֆերենտ ոլորտում՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների վերաբերյալ վեճեր (տարաձայնություններ) առաջանալու դեպքում՝ այդ արդյունքները հաստատելու կամ հերքելու նպատակով․

թ) անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի հիման վրա փորձարկման լաբորատորիաների (այդ թվում՝ մյուս անդամ պետությունների) աշխատակիցների ուսուցման և որակավորման բարձրացման կազմակերպում և անցկացում գործունեության ռեֆերենտ ոլորտում (անդամ պետության օրենսդրությամբ դա նախատեսված լինելու դեպքում)․

ժ) երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների ռեֆերենտ լաբորատորիաների առաջադեմ փորձի ուսումնասիրություն և ներդրում գործունեության ռեֆերենտ ոլորտում․

ժա) անդամ պետությունների պետական իշխանության մարմիններին, փորձարկման լաբորատորիաներին, անդամ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց խորհրդատվական ծառայությունների, մեթոդական օգնության և գիտատեխնիկական աջակցության տրամադրում լիազորությունների սահմաններում (անդամ պետության օրենսդրությամբ դա նախատեսված լինելու դեպքում)․

ժբ) գործունեության ռեֆերենտ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում իր պաշտոնական կայքում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, ռուսերենով, իսկ անդամ պետության օրենսդրության մեջ համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ անդամ պետության պետական լեզվով․

ժգ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ։

 

IV. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի նշանակումն ու գործունեությունը

 

8. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի նշանակումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ անդամ պետության պետական իշխանության մարմնի կողմից (այսուհետ՝ լիազորված մարմին)։

Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա նշանակելիս առաջնահերթությունը տրվում է համապատասխան ցուցանիշը, այդ թվում՝ չափման նվազագույն անորոշությունը որոշելու համար, լավագույն չափման հնարավորություններ ունեցող փորձարկման լաբորատորիային։

9. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա նշանակելու նպատակով փորձարկման լաբորատորիան լիազորված մարմին է ներկայացնում, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝

ա) փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման վկայականի պատճենը՝ նշելով հավատարմագրման ոլորտը հայտագրված գործունեության ռեֆերենտ ոլորտում՝ ներառյալ գործունեության կասեցումների մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում), կամ փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման մասին գրանցման եզակի համարը՝ հավատարմագրված անձանց ռեեստրում․

բ) հայտագրվող գործունեության ռեֆերենտ ոլորտում օգտագործվող հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի (մեթոդի) անվանումը և տեքստը (առկայության դեպքում) (նշելով չափումների ընդգրկույթը և անորոշությունը), տեղեկատվություն հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի (մեթոդի) ատեստավորման վկայականի մասին․

գ) փորձարկման լաբորատորիայի գործառույթների ցանկի նախագիծը՝ նշելով հայտագրված գործունեության ռեֆերենտ ոլորտը.

դ) սույն փաստաթղթի 6-րդ կետի «ը» ենթակետով նախատեսված փաստաթղթեր, ինչպես նաև անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար մշակված այլ փաստաթղթեր.

ե) հայտագրվող գործունեության ռեֆերենտ ոլորտում աշխատողների իրավասությունը հաստատող փաստաթղթեր (տեղեկություններ՝ որակավորման ստուգման ճանաչված ազգային կամ միջազգային պրովայդերների կողմից կազմակերպվող որակավորման ստուգման բավարար արդյունքների մասին)․

զ) փորձարկման լաբորատորիայի տարածքների ցանկը (նշելով դրանց չափսերը և միկրոկլիմայի պարամետրերը), տեղեկատվություն գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների առկայության մասին․

է) այլ փաստաթղթեր և տեղեկություններ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

10. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիա նշանակելու մասին լիազորված մարմնի կողմից որոշում ընդունվելու դեպքում, այդ մարմինը միջոցառումներ է իրականացնում անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ թվում՝

ա) համապատասխան տեղեկատվություն է տեղադրում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իր պաշտոնական կայքում․

բ) համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Միության պաշտոնական կայքում տեղադրելու համար։

11. Լիազորված մարմինը, անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիայի կարգավիճակի գործողության դադարեցման դեպքում, միջոցառումներ է իրականացնում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (այդ թվում՝ սույն փաստաթղթի 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված միջոցառումները)։

12. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ կարող է նշանակվել լիազորված մարմինների փոխգործակցության համակարգման համար պատասխանատու պետական իշխանության մարմին։

13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկություններ անդամ պետությունների ռեֆերենտ լաբորատորիաների մասին։

14. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիաների գործունեության վերահսկողությունն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

15. Անդամ պետության ռեֆերենտ լաբորատորիան կարող է ներգրավվել վիճելի հարցեր քննարկելու դեպքում արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության գնահատումն իրականացվել է տվյալ լաբորատորիայում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան