ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ-ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.06.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

7 հունիսի 2022 թվականի

թիվ 24

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ-ԼՈԳԻՍՏԻԿ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 86-րդ հոդվածի 3-րդ կետի 3-5-րդ ենթակետերին համապատասխան և ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 15 կարգադրությամբ հաստատված՝ 2021-2023 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 9-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում տարանցիկ ներուժի իրագործման ու զարգացման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգման ու փոխադրման գործընթացների օպտիմալացումն ապահովող լոգիստիկ կենտրոնների ստեղծման նպատակով՝

հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից՝

1. Յուրաքանչյուր անդամ պետությունում տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների ստեղծումն ու զարգացումը նախատեսող ծրագրային ու ռազմավարական նախագծերի նախապատրաստման ժամանակ՝

հաշվի առնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 175 կարգադրությամբ հաստատված՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների ու երթուղիների ցանկը.

արտոնությունների, առանձնաշնորհումների և պետական աջակցության միջոցների տրամադրման հնարավորությունը՝ տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների զարգացման նպատակով։

2. Փոխադրման գործընթացների օպտիմալացումն ապահովող տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների ստեղծման ու զարգացման մասով համատեղ նախագծեր կազմելիս ձգտել՝

եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների առաջնահերթ զարգացմանը.

տրանսպորտային կապակցելիության մակարդակի բարձրացմանը Միության յուրաքանչյուր անդամ պետությունում.

փոխադրումների ծավալի աճի խթանմանը և տրանսպորտային ծառայությունների մատուցման ծավալների ավելացմանը՝ տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների արտադրական հզորության համապատասխան ավելացմամբ.

թվային տեխնոլոգիաների զարգացման և տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների ծառայությունների ոլորտում՝ տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված նորարարություններին աջակցելու համար պայմանների ստեղծմանը.

ապրանքի վերջնարժեքի մեջ տրանսպորտային ծախսերի նվազեցմանը.

ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը՝ տրանսպորտային լոգիստիկ կենտրոնների ծառայությունների ոլորտում։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մշակել տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնների ստեղծման ու զարգացման և դրանց կողմից ծառայությունների մատուցման բնագավառում Միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակահարմարությանը վերաբերող հարցերը, այդ թվում՝ համապատասխան ստանդարտների մշակման և կիրառման հարցերը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ