ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՇԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.01.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

18 հունվարի 2022 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

 

ՇԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 12 հանձնարարականի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շաքարի արդյունաբերության ոլորտի դինամիկ զարգացման և մրցունակության բարձրացման համար պայմաններ ստեղծելու, Միությունում ներքին սպառումն ապահովող ծավալներով ճակնդեղից ստացված շաքարի արտադրությունը կայուն ապահովելու նպատակով՝

հանձնարարում է Միության անդամ պետություններին՝ Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից համագործակցություն իրականացնել շաքարի արդյունաբերության ոլորտում՝ հավելվածով սահմանված ցանկի միջոցառումներին համապատասխան։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Հավելված

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հունվարի 18-ի

թիվ 3 հանձնարակականի

 

ՑԱՆԿ

 

շաքարի արդյունաբերության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համագործակցության զարգացման միջոցառումների

 

I. Միջոցառումները ռեսուրսային ապահովման ոլորտում

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) շաքարի արդյունաբերության ոլորտի համար ռեսուրսային բազայի զարգացման նպատակով հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝

ա) Միության շրջանակներում շաքարի ճակնդեղի սելեկցիայի և սերմնաբուծության զարգացմանը՝ արդյունաբերական արտադրության ծավալների աճի կայունացման և անդամ պետություններում սելեկցիայի միջոցով ստացված շաքարի ճակնդեղի շահութաբեր հիբրիդների բարձրորակ մրցունակ սերմերի իրացման նպատակով.

բ) ոռոգման համակարգերի, հողի պայմանների ստեղծմանն ուղղված կազմակերպատնտեսական և տեխնիկական միջոցառումների մշակման համար լավագույն համաշխարհային գործելակերպերի կիրառմանը՝ հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ժամանակակից ագրոտեխնոլոգիաների կիրառմանը՝ շաքարի ճակնդեղի բերքատվությունը և շաքարայնությունը բարձրացնելու համար.

գ) ճակնդեղացան և ճակնդեղահավաք տեխնիկայի, ինչպես նաև մելիորացիայի համար նախատեսված սարքավորումների պարկի նորացման ապահովմանը.

դ) շաքարի ճակնդեղը հիվանդություններից և վնասատուներից պաշտպանելու համար մրցունակ պատրաստուկների ստեղծմանը, ինչպես նաև շաքարի ճակնդեղի հիվանդությունների հարուցիչների հայտնաբերմանն ուղղված ախտորոշման անցկացմանը.

ե) շաքարի արդյունաբերության ոլորտում էներգիայի և ջրի սպառման նվազեցմանը, ինչպես նաև շաքարի արտադրության ընթացքում մթնոլորտ աղտոտող նյութերի արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների իրագործմանը՝ կլիմայի գլոբալ օրակարգի իրականացման համատեքստում։

 

II. Միջոցառումները արտադրության, փոխադարձ առևտրի և արտահանման ներուժի զարգացման ոլորտում

 

2. Անդամ պետություններում շաքարի արդյունաբերության ոլորտի հավասարակշռված զարգացման նպատակով՝ հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝

ա) ամենամյա հիմունքներով ճակնդեղաշաքարի համալիրի զարգացման կարճաժամկետ կանխատեսման մշակմանը, ինչպես նաև սպիտակ շաքարի պահանջարկի և առաջարկի հաշվեկշռի ձևավորմանը՝ ներքին արտադրական ռեսուրսների և սպառման ծավալների դինամիկան որոշելու համար.

բ) շաքարի արդյունաբերության ոլորտի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար սարքավորումների և տեխնիկայի նկատմամբ մաքսասակագնային կարգավորման միջոցները ժամանակին ընդունելուն.

գ) Միության ինտեգրացված տեղեկատվական համակարգի շրջանակներում անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգում տվյալների միասնական բազայի ձևավորմանը՝ սպիտակ շաքար և շաքարի հումք արտադրողների, մատակարարների և սպառողների համար.

դ) երրորդ երկրներ արտահանման համար շաքարի իրացմանը՝ շաքարի պահանջարկն անդամ պետություններում ապահովելուց հետո.

ե) արտահանմանն ուղղված հրուշակային, համակցված կերերի և խմորիչի ոլորտների ձեռնարկություններին աջակցելու գործիքների կատարելագործմանը.

զ) շաքարի իրացման պրակտիկայի ընդլայնմանն ու կատարելագործմանը՝ բորսայական առևտրի մեխանիզմների կիրառմամբ (որպես ռիսկերի ապահովագրման գործիք՝ շաքարի ֆյուչերսային պայմանագրերի ձևավորում և այլն).

է) ճակնդեղից ստացված քուսպի և կերամաթի խորը վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը՝ ներմուծմանը փոխարինող արտադրանքի (պեկտինի, ամինաթթուների, խմորիչների և այլն) արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

ը) նորարարական տեխնոլոգիաների ներդրման բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ արտադրության ծախքերի նվազեցման և ճակնդեղից ստացված շաքարի որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև դրա պահպանման համար պահեստային տերմինալների կառուցման կազմակերպմանը.

թ) ազգային մակարդակով աջակցության մեխանիզմների և ֆինանսավորման գործիքների զարգացմանը, ինչպես նաև շաքարի գործարանների ու շաքարի արդյունաբերության ոլորտի ենթակառուցվածքային օբյեկտների վերակառուցման և տեխնիկական վերազինման նախագծերի իրագործմանը։

 

III. Միջոցառումները տեղեկատվության ապահովման և փորձի փոխանակման ոլորտում

 

3. Անդամ պետություններում շաքարի արդյունաբերության ոլորտի զարգացման տեղեկատվության ապահովման և փորձի փոխանակման համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ հանձնարարվում է աջակցություն ցուցաբերել՝

ա) կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերի մշտական հիմունքներով իրագործմանը, այդ թվում՝ էլեկտրոնային կրթական ինտերնետ-ռեսուրսների, հեռավար տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև շաքարի ճակնդեղի աճեցման և շաքարի արտադրության տեխնոլոգիական ասպեկտների հարցերով ամենամյա գործնական սեմինարների՝ մշտական հիմունքներով անցկացման, ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում «մասնագիտության առումով լավագույնը» թեմատիկ մրցույթների միջոցով.

բ) համագործակցության զարգացմանը Շաքարի միջազգային կազմակերպության հետ (տեղեկատվության փոխանակում, մասնակցություն միջոցառումներին)։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան