ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Ընդունման ամսաթիվ
20.07.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2023

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ, ղեկավարվելով «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրով և հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածը, ընդունելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների օգտագործումը թույլ չտալու նպատակով տեղեկատվություն և տեղեկություններ ժամանակին փոխանակելու անհրաժեշտությունը, հիմնվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների և նորմերի վրա, գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար անդամ պետությունների կողմից կիրառվող միջոցները ճանաչելով համարժեք և համապատասխան, համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

 

1. Անդամ պետություններն իրականացնում են փոխգործակցություն և տեղեկատվության փոխանակում (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման (այսուհետ՝ տեղափոխում) ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով։

2. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից ուղևորային մաքսային հայտարարագրում և ապրանքների հայտարարագրում նշված տեղեկությունները ներկայացվելու միջոցով։

 

Հոդված 3

 

Անդամ պետությունը սահմանում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազա ձևավորելու համար պատասխանատու մարմին, ինչպես նաև՝ նշված տվյալների բազայում պարունակվող տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմին (մարմիններ) (այսուհետ՝ պատասխանատու մարմին) և, սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումն ուղարկելու հետ միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դիվանագիտական ուղիներով տեղեկացնում է այդ մարմինների, լիազորված մարմնի, անդամ պետության իրավապահ և մաքսային մարմինների մասին, որոնք մասնակցում են տեղեկատվական փոխգործակցությանը։

Նշված մարմինների փոփոխության դեպքում անդամ պետությունը 10-օրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով դրա մասին ծանուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծանուցումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում մյուս անդամ պետություններ է ուղարկում սույն հոդվածի համապատասխանաբար առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը։

 

Հոդված 4

 

1. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մի անդամ պետության լիազորված, իրավապահ և մաքսային մարմինների այն հարցումների (այսուհետ՝ հարցումը ներկայացնող մարմին) հիման վրա, որոնք գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը) ուղարկվում են մյուս անդամ պետության պատասխանատու մարմին (այսուհետ՝ հարցումն ստացող մարմին)։

2. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալու վերաբերյալ հարցումն ստորագրվում է հարցումը ներկայացնող մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից և պարունակում է՝

ա) հարցումը ներկայացնող մարմնի անվանումը,

բ) հարցումն ստացող մարմնի անվանումը,

գ) սույն համաձայնագրին կատարվող հղումը,

դ) հարցումը ներկայացնելու հիմքերը և նպատակները,

ե) հարցման էության համառոտ շարադրանքը,

զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը,

է) ժամանակահատվածը կամ ամսաթիվը (ամսաթվերը), որի համար տեղեկատվության հարցում է արվում,

ը) հարցումն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ։

3. Հարցումն իրականացնելու ժամկետը չի կարող գերազանցել հարցումն ստացող մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը։ Հարցումն ավելի կարճ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտության դեպքում հարցման մեջ կատարվում է համապատասխան վերապահում՝ նշելով հարցման հիմքը և հարցումն իրականացնելու ցանկալի ժամկետը։

Շտապ հարցումն իրականացնելու ժամկետը չի կարող գերազանցել հարցումն ստացող մարմնի կողմից դա ստանալու օրվանից 10 օրացուցային օրը։

Եթե հարցումն ստացող մարմնին հարցումն իրականացնելու համար լրացուցիչ տեղեկատվություն է անհրաժեշտ հարցումը ներկայացնող մարմնից, ապա հարցումն իրականացնելու ժամկետն ավելանում է լրացուցիչ տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով։

Հարցումը սույն կետով նախատեսված ժամկետներում մասամբ կամ ամբողջությամբ իրականացնելու անհնարինության դեպքում հարցումն ստացող մարմինը հարցումը ներկայացնող մարմնին գրավոր տեղեկացնում է հարցումն իրականացնելու ենթադրվող ժամկետի մասին։

4. Անդամ պետության՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազա ձևավորելու համար պատասխանատու մարմնի և պատասխանատու մարմինների միջև փոխգործակցությունն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

5. Սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կարող է իրականացվել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ պայմանով, որ նշված տեղեկատվական համակարգը կապահովի սույն համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված՝ տեղեկատվության պաշտպանության միջոցները։

 

Հոդված 5

 

1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հարցման իրականացումը մերժվում է, եթե՝

ա) հարցումը չի համապատասխանում սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին,

բ) հարցումը ներկայացնող մարմինը հարցումն իրականացնելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրելու մասին հարցումն իր հասցեին ուղարկվելուց հետո 2 ամսվա ընթացքում հարցումն ստացող մարմնին անհրաժեշտ տեղեկատվություն չի տրամադրել,

գ) հարցումն օբյեկտիվորեն չի կարող իրականացվել հարցումն ստացող մարմնից չկախված պատճառներով,

դ) հարցման իրականացումը կարող է վնաս հասցնել հարցումն ստացող մարմնի անդամ պետության ինքնիշխանությանը և (կամ) ազգային անվտանգությանը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված՝ հարցման իրականացումը մերժելու դեպքերում հարցումը ներկայացնող մարմինը հարցումն ստացող մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում գրավոր ծանուցվում է մերժման պատճառների մասին։

 

Հոդված 6

 

1. Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը գաղտնի է և, առանց այդ տեղեկատվությունը տրամադրած մարմնի գրավոր համաձայնության, չի կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակները, որոնց համար այն հարցվել և ներկայացվել է։

Տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող՝ անդամ պետության մարմինները ձեռնարկում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, պահպանմանը և ոչնչացմանն ուղղված միջոցներ՝ իրենց պետության օրենսդրությանը համապատասխան։ Նշված տեղեկատվությունը պահվում է ոչ ավելի երկար, քան պահանջվում է այն նպատակներով, որոնց համար դա փոխանցվել է։

Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության չարտոնված տարածման, դրա կորստի, ոչնչացման կամ ոչ պատշաճ օգտագործման դեպքում տեղեկատվության հարցումը կատարած անդամ պետության իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է տեղեկատվությունը ներկայացրած անդամ պետության իրավասու մարմնին և համապատասխան քննություն է անցկացնում։ Անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների իրավասու մարմինները քննությունն իրականացնելիս փոխգործակցում են միմյանց հետ։

Սույն համաձայնագրի այն դրույթները, որոնք նախատեսում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովում, ուժի մեջ են մնում սույն համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կամ դրա մասնակիցների կազմից անդամ պետության դուրս գալու դեպքում։

2. Անդամ պետությունների պետական գաղտնիք (գաղտնիքներ) կազմող տեղեկությունների փոխանակման կարգը, պաշտպանության պայմանները և միջոցները սահմանվում են անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող առանձին միջազգային պայմանագրերով։

 

Հոդված 7

 

Այն վարչական և քրեական գործերի մասին տեղեկատվության փոխանակումը, որոնց առարկան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքներն են, իրականացվում է անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերի շրջանակներում։

 

Հոդված 8

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 9

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ։

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2021 թվականի հուլիսի 20-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

 

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից

Բելառուսի Հանրապետության կողմից

Ղազախստանի Հանրապետության կողմից

Ղրղզստանի Հանրապետության կողմից

Ռուսաստանի Դաշնության կողմից

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան