ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 փետրվարի 2021 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ա.Կ. Քամալյանին ստորագրել նշված Հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպությունը, այսուհետ՝ Կողմերը,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և 2013 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության կանոնադրության վրա,
գիտակցելով պարենային անվտանգության ապահովման և գյուղատնտեսության կայուն զարգացման կարևորությունը ներկա և գալիք սերունդների համար,
գիտակցելով, որ Կողմերի միջև փոխգործակցության խորացմանն ուղղված փոխադարձ համագործակցությունը կնպաստի գյուղատնտեսության կայուն զարգացման և պարենային անվտանգության ապահովման բնագավառում նպատակների և խնդիրների արդյունավետ իրագործմանը,
ձգտելով ապահովել բաց երկխոսություն գյուղատնտեսության կայուն զարգացման և պարենային անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության հետագա զարգացման ու ամրապնդման համար,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
ա) աջակցություն գյուղատնտեսության կայուն զարգացմանը․
բ) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության ու շուկաների հավասարակշռված զարգացում
2. Կողմերը մտադիր են սույն հուշագրի շրջանակներում համագործակցություն իրականացնել հետևյալ միջոցներով՝
գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով տեղեկատվության, փորձի և գիտելիքների փոխանակում
համատեղ խորհրդակցությունների, համաժողովների, սեմինարների, քննարկումների և այլ միջոցառումների իրականացում։
3. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որին հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության անդամ երկրների օրենսդրությանը համապատասխան։
4. Կողմերը կարող են նախապատրաստել համագործակցության ծրագրեր և համատեղ միջոցառումների իրականացման պլաններ։ Համատեղ միջոցառումների իրականացման պայմաններն ու կարգը նախապես կորոշվեն Կողմերի կողմից՝ յուրաքանչյուր դեպքում առանձին:
5. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերի համար ֆինանսական և իրավական պարտավորություններ չի առաջացնում։
6. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից 5 տարվա ընթացքում։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրի կիրառման ժամկետը կարող է երկարաձգվել։
7. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է ________ քաղաքում 20__ թվականի ________ ___-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցումների դեպքում՝ մեկնաբանելիս օգտագործվում է անգլերենով տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Պարենային անվտանգության հարցերով իսլամական կազմակերպության կողմից՝ |