ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
19.05.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

19 մայիսի 2021 թվականի

թիվ 77

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության արտադրական պատշաճ գործունեության կանոններում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »          20    թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՏՇԱՃ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ և 56-րդ հոդվածներին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 12 հավելված) 14-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 9-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ և 82-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտադրական պատշաճ գործունեության կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20  թվականի      -ի թիվ    որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոններում կատարվող

 

1. II մասի 1.2 ենթաբաժինը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Կանոնների սույն մասի 17-րդ բաժինը ցուցումներ է պարունակում այն կազմակերպությունների համար, որոնք (այլ դեղագործական գործունեությունից բացի) իրականացնում են ակտիվ դեղագործական բաղադրամասի կամ միջանկյալ արտադրանքի դիստրիբյուցիա կամ պահպանում, այդ թվում՝ բժշկական կիրառության համար դեղագործական արտադրանքում օգտագործվող ակտիվ դեղագործական բաղադրամասերի համար դիստրիբյուտորային պատշաճ գործելակերպի սկզբունքների վերաբերյալ ցուցումներ:»:

2. III մասի III գլխի 5-րդ բաժնում տասնվեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«նախագծային չափերի տիրույթ (design space)»՝ մուտքային փոփոխականների (օրինակ՝ որակն ապահովող նյութերի բնութագրերի և արտադրության գործընթացի պարամետրերի) բազմաչափ համակցություն և փոխազդեցություն: Նախագծային չափերի տիրույթի ներսում արտադրության գործընթացի իրականացումը չի կարող դիտարկվել որպես դեղապատրաստուկի որակի ցուցանիշների փոփոխություն: Նախագծային չափերի տիրույթի սահմաններից դուրս գալը փոփոխություն է համարվում և սովորաբար պահանջում է դեղապատրաստուկի գրանցման դոսյեում հետգրանցային փոփոխությունների կատարման գործընթացի նախաձեռնում: Նախագծային չափերի տիրույթը սահմանվում և հիմնավորվում է դիմողի կողմից ու դեղապատրաստուկի գրանցման դոսյեի փորձաքննության շրջանակներում ենթակա է փորձագիտական գնահատման և հավանության.»:

3. Նշված Կանոնների թիվ 15 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 15

Եվրասիական տնտեսական միության

պատշաճ արտադրական պրակտիկայի

կանոնների

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

որակավորման և վալիդացման նկատմամբ

 

1. Սկզբունք

 

1. Սույն Պահանջները պարունակում են դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող սենքերի, սարքավորումների և ինժեներական համակարգերի, ինչպես նաև դեղապատրաստուկների արտադրության գործընթացների նկատմամբ կիրառելի որակավորման և վալիդացման սկզբունքների նկարագրությունը: Բացի այդ, սույն Պահանջները կարող են ակտիվ դեղագործական բաղադրամասերն արտադրելիս օգտագործվել որպես լրացուցիչ ուղեցույց՝ առանց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության արտադրական պատշաճ գործունեության կանոնների (այսուհետ՝ Կանոններ) II մասում նշված հիմնական պահանջներին լրացուցիչ պահանջներ ավելացնելու:

Կանոնների պահանջներն իրագործելու նպատակով արտադրողն իրականացնում է իր գործունեության կրիտիկական հայեցակետերի վերահսկողություն՝ դեղագործական արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում արտադրության և սարքավորումների որակավորման ու վալիդացման գործընթացների միջոցով: Տարածքների սարքվածքներում, սարքավորումներում, ինժեներական համակարգերում և արտադրության գործընթացներում ցանկացած այն պլանավորված փոփոխությունները, որոնք կարող են ազդել արտադրանքի որակի վրա, պետք է փաստաթղթերով ձևակերպված լինեն: Անհրաժեշտ է նաև գնահատել նման փոփոխությունների ազդեցությունը համապատասխան վալիդացիոն կարգավիճակի կամ վերահսկողության ռազմավարության վրա: Պատրաստի արտադրանքի արտադրության համար օգտագործվող համակարգչայնացված համակարգերը ենթակա են վալիդացման՝ Կանոնների թիվ 11 հավելվածում ներկայացված պահանջներին համապատասխան: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել Կանոնների III մասի II և III գլուխներով նախատեսված ցուցումները:

 

2. Ընդհանուր դրույթներ

 

2. Արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքոմ անհրաժեշտ է կիրառել որակի ռիսկերի կառավարման մոտեցումը, այդ թվում՝ որակավորման և վալիդացման համար: Որակի ռիսկերի կառավարման համակարգի բաղադրիչներ հանդիսացող վալիդացման և որակավորման անցկացման սահմանների և ծավալի մասին որոշումները պետք է հիմնվեն դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի նկատմամբ ռիսկերի, ինչպես նաև դեղապատրաստուկների արտադրության գործընթացների հետ կապված ռիսկերի հիմնավորված և փաստաթղթավորված գնահատման վրա: Հետահայաց վալիդացումն ընդունելի մոտեցում չէ: Որակավորման և (կամ) վալիդացիոն հետազոտությունները հաստատող ու արտադրողի սեփական վալիդացիոն ծրագրից դուրս գտնվող աղբյուրներից ստացված տվյալներն օգտագործվում են արտադրական հարթակի մաստեր-ֆայլում և դեղապատրաստուկի գրանցման դոսյեում գրավոր հիմնավորման առկայության պայմանով, որը հաստատում է նման մոտեցումն օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաև երաշխավորում է նման տվյալների հավաքագրման գործընթացի ընթացքում համապատասխան հսկիչ միջոցառումների կատարումը:

 

3. Որակավորման և վալիդացման կազմակերպումն ու պլանավորումը

 

3. Անհրաժեշտ է պլանավորել որակավորման և վալիդացիոն միջոցառումների անցկացումը, ինչպես նաև հաշվի առնել տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի, արտադրության գործընթացների և արտադրանքի կենսական պարբերաշրջանը:

4. Որակավորումն ու վալիդացումը պետք է անցկացվեն միայն պատրաստված անձնակազմի կողմից՝ դեղապատրաստուկների արտադրողի կողմից հաստատված ընթացակարգերին համապատասխան:

5. Որակավորմամբ և վալիդացմամբ զբաղվող անձնակազմի ենթակայության կարգը սահմանվում է որակի դեղագործական համակարգին համապատասխան: Թույլատրվում է որակավորման և վալիդացման կատարումը որակի ապահովման և որակի վերահսկողության ծառայությունների կողմից: Անհրաժեշտ է ապահովել որակի ապահովման և որակի վերահսկողության ծառայությունների կողմից ընդունելի հսկողությունը՝ վալիդացման ամբողջ պարբերաշրջանի ընթացքում:

6. Ձեռնարկության վալիդացման և որակավորման ծրագրի առանցքային տարրերը պետք է հստակ որոշված և ձևակերպված լինեն՝ վալիդացիոն մաստեր-պլանի կամ համարժեք փաստաթղթի ձևով:

7. Վալիդացիոն մաստեր-պլանը կամ համարժեք փաստաթուղթը պետք է սահմանի որակավորման և վալիդացման համակարգը կամ հղումներ պարունակի հետևյալ տեղեկատվությանն ու փաստաթղթերին՝

ա) որակավորման և վալիդացման քաղաքականություն.

բ) որակավորում և վալիդացում անցկացնելիս դերակատարումների և պատասխանատվության բաշխումը նախատեսող կազմակերպչական կառուցվածք.

գ) ձեռնարկության տարածքների, համակարգերի, սարքավորումների և գործընթացների համառոտ բնութագրեր և որակավորման ու վալիդացման ընթացիկ կարգավիճակի մասին տվյալներ.

դ) որակավորման և վալիդացման գործընթացում փոփոխությունների կառավարման (փոփոխությունների վերահսկման) և շեղումների կառավարման մասին տեղեկատվություն.

ե) ընդունելիության չափորոշիչների մշակման ուղեցույց.

զ) հղումներ որակավորման և վալիդացման ոլորտի փաստաթղթերին.

է) որակավորման և վալիդացման գործունեության ռազմավարություն, որն իր մեջ ներառում է կրկնակի որակավորման մասին տեղեկատվությունը (եթե ընդունելի է):

8. Լայնածավալ և բարդ նախագծեր իրագործելիս նպատակահարմար է մի քանի վալիդացիոն մաստեր-պլանների մշակումը:

9. Որակի ռիսկերի կրկնակի գնահատումն անցկացվում է հաշվի առնելով դեղապատրաստուկի արտադրության գործընթացի նախագծման և դեղապատրաստուկի արտադրության գործընթացի ժամանակ ստացված գիտելիքներն ու տեղեկատվությունը:

10. Որակի ռիսկերի գնահատման կիրառման գործընթացն անհրաժեշտ է ձևակերպել որպես վալիդացիոն մաստեր-պլանի բաժին:

11. Անհրաժեշտ է ներդնել որակավորման և վալիդացման վերահսկողություն, որը թույլ կտա ապահովել ստացված բոլոր տվյալների ամբողջականությունը:

 

4. Փաստաթղթերը

 

12. Պատշաճ փաստաթղթային ձևավորման կանոնները կարևոր են արտադրանքի կենսական ամբողջ պարբերաշրջանի ընթացքում գիտելիքների կառավարման բարձր մակարդակը պահպանելու համար:

13. Որակավորման և վալիդացման գործընթացում ձևավորվող բոլոր փաստաթղթերը պետք է համաձայնեցված ու հաստատված լինեն համապատասխան անձնակազմի կողմից՝ ինչպես որ դա սահմանված է որակի դեղագործական համակարգում՝ Կանոնների I մասի 1 գլխին համապատասխան:

14. Համալիր վալիդացիոն նախագծերում փաստաթղթերի միջև փոխկապակցվածությունը պետք է հստակ որոշված լինի:

15. Կրիտիկական համակարգերը, ցուցանիշներն ու պարամետրերը, ինչպես նաև ընդունելիության չափորոշիչները պետք է սահմանված լինեն դեղապատրաստուկի արտադրողի կողմից մշակվող վալիդացման արձանագրություններում:

16. Որակավորման մասով փաստաթղթերը կարող են միավորվել, եթե դա ընդունելի է (օրինակ՝ մոնտաժման որակավորման (IQ) և աշխատանքի որակավորման (OQ) փաստաթղթերը):

17. Այն դեպքում, երբ վալիդացման արձանագրությունները և այլ փաստաթղթերը տրամադրվում են վալիդացման ծառայությունների մատակարարների կողմից, արտադրական հարթակի համապատասխան անձնակազմը պետք է հաստատի վալիդացման արձանագրությունների պիտանիությունը և դրանց համապատասխանությունը դեղապատրաստուկի արտադրողի ներքին ընթացակարգերին՝ նման արձանագրությունները հաստատելուց առաջ: Վալիդացման ծառայությունների մատակարարներից ստացված վալիդացման արձանագրությունները կարող են լրացվել փորձարկումների փաստաթղթերով և արձանագրություններով՝ մինչև դրանք օգտագործելը:

18. Վալիդացման հաստատված արձանագրության կատարման ընթացքում դրա ցանկացած էական փոփոխությունները (օրինակ՝ ընդունելիության չափորոշիչներին, աշխատանքի պարամետրերին վերաբերվող փոփոխությունները և այլն) պետք է փաստաթղթավորվեն որպես շեղումներ և գիտականորեն հիմնավորված լինեն:

19. Ընդունելիության սահմանված չափորոշիչներին չբավարարող արդյունքներն անհրաժեշտ է գրանցել որպես շեղումներ ու ամբողջական քննության ենթարկել՝ ներքին ընթացակարգին համապատասխան: Վալիդացման համար ցանկացած հնարավոր հետևանքներ պետք է արտացոլվեն վալիդացման վե րաբերյալ հաշվետվության մեջ:

20. Վալիդացման գործընթացի ամփոփումն ու դրա արդյունքներով եզրահանգումներն անհրաժեշտ է փաստաթղթավորել: Ստացված արդյունքները հարկ է համադրել ընդունելիության չափորոշիչների հետ: Ընդունելիության չափորոշիչների ցանկացած հետագա փոփոխություններն անհրաժեշտ է գիտականորեն հիմնավորել: Նախորդ փուլի վալիդացման արդյունքներով պետք է վերջնական հանձնարարականներ տրվեն՝ որակավորման և վալիդացման հաջորդ փուլին անցնելու մասով:

21. Որակավորման և վալիդացման հաջորդ փուլին անցումը պետք է հաստատվի պատասխանատու անձնակազմի կողմից (կամ վալիդացման վերաբերյալ հաշվետվության հաստատման փուլում, կամ էլ՝ ամփոփող առանձին փաստաթղթի ձևով):

Լրացուցիչ պայմանների սահմանմամբ հաջորդ փուլին անցում կատարելու հաստատումը հնարավոր է այն դեպքում, եթե ամբողջությամբ հաշվի չեն առնվել որակավորման և վալիդացման կատարված փուլի համար ընդունելիության կամ շեղման կոնկրետ չափորոշիչները, ինչպես նաև եթե առկա է որակավորման և վալիդացման հետագա միջոցառումների վրա ընդունելիության կամ շեղման ամբողջությամբ հաշվի չառնված չափորոշիչների էական ազդեցության բացակայության փաստաթղթերով ձևակերպված գնահատականը:

 

5. Դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի և գործընթացների որակավորման փուլերը

 

22. Որակավորմա ն միջոցառումներն անցկացնելիս անհրաժեշտ է նախատեսել որակավորման բոլոր փուլերը՝ օգտատիրոջ պահանջների մասնագրի մշակումից մինչև դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքների, սարքավորումների, ինժեներական համակարգերի օգտագործման ավարտը և դեղապատրաստուկների արտադրության գործընթացները: Հիմնական փուլերը, ինչպես նաև առանձին չափորոշիչները (չնայած նրան, որ դրանք պայմանավորված են նախագծի կոնկրետ առանձնահատկություններով և կարող են տարբերվել), որոնք կարող են ներառվել փուլերից յուրաքանչյուրի մեջ, նկարագրված են ստորև:

 

Օգտատիրոջ պահանջների մասնագիրը (URS)

 

23. Դեղապատրաստուկների արտադրության համար օգտագործվող տարածքներին, սարքավորումներին և ինժեներական համակարգերին և դեղապատրաստուկների արտադրության գործընթացներին ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է սահմանել օգտատիրոջ պահանջների մասնագրում և (կամ) գործառական մասնագրում: Որակի էական նշանակություն ունեցող տարրերն անհրաժեշտ է նախատեսել տվյալ փուլում, իսկ որակի համար ցանկացած ռիսկերը նվազեցնել մինչև ընդունելի մակարդակը: Օգտատիրոջ պահանջների մասնագիրն անհրաժեշտ է դիտարկել որպես որակավորման կենսական պարբերաշրջանի ռեֆերենտային (չափաանմուշային) կետ:

 

Նախագծի որակավորումը (DQ)

 

24. Սարքավորումների, տարածքների, ինժեներական և այլ համակարգերի որակավորման հաջորդ փուլը նախագծի որակավորումն է, որի արդյունքներով հաստատվում և փաստաթղթերով ձևակերպվում է նախագծի (դիզայնի) համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Օգտատիրոջ մասնագրում պարունակվող պահանջներն անհրաժեշտ է ստուգաճշտել նախագծի որակավորման ընթացքում:

 

Արտադրող գործարանում ընդունման-հանձնման փորձարկումները (FAT) և (կամ) պատվիրատուի մոտ ընդունման-հանձնման փորձարկումները (SAT)

 

25. Սարքավորման պիտանիությունը (հատկապես նոր կամ համալիր տեխնոլոգիաների ներդրման դեպքում) կարող է գնահատվել մատակարարի հարթակում՝ մինչև դրա մատակարարումը:

26. Մինչև տեղադրման (մոնտաժման) պահն անհրաժեշտ է հաստատել սարքավորման համապատասխանությունը օգտատիրոջ պահանջների մասնագրին և (կամ) գործառական մասնագրին՝ մատակարարի (արտադրողի) հարթակում (եթե կիրառելի է):

27. Փաստաթղթերի ստուգումն ու առանձին փորձարկումները կարող են կատարվել արտադրող ձեռնարկությունում ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում կամ սարքավորման արտադրության այլ փուլերում՝ առանց մոնտաժման որակավորման և գործառման որակավորման գործընթացում պատվիրատուի հարթակում դրանք կրկնակի կատարելու անհրաժեշտության, եթե դա հիմնավորված է պատվիրատուի կողմից և կարող է գործնականում կիրառելի լինել՝ պայմանով, որ ընդունման-հանձնման փորձարկումների ընթացքում պատվիրատուն հաստատել է սարքավորման գործառության վրա նման փորձարկումների ազդեցության բացակայությունը՝ այն փոխադրելուց և տեղակայելուց հետո:

28. Արտադրող ձեռնարկությունում ընդունման-հանձնման փորձարկումների կատարումը կարող է համալրվել սարքավորումը ստանալուց և այն պատվիրատուի արտադրական հարթակում տեղադրելուց հետո ընդունման-հանձնման փորձարկումների կատարմամբ:

 

Մոնտաժման որակավորումը (IQ)

 

29. Մանտաժման որակավորումն անհրաժեշտ է անցկացնել սարքավորումների, տարածքների, ինժեներական և այլ համակարգերի համար:

30. Մոնտաժման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել հետևյալ ենթափուլերը (սակայն չսահմանափակվել դրանցով)՝

ա) ինժեներական գծագրերի և մասնագրերի նկատմամբ բաղադրամասերի, սարքերի, սարքավորման, կալորդի և այլ օժանդակ համակարգերի մոնտաժման ճշտության վերիֆիկացում.

բ) պատվիրատուի կողմից նախապես սահմանված չափորոշիչների նկատմամբ մոնտաժման ճշտության վերիֆիկացում.

գ) մատակարարների գործառնական և աշխատանքային հրահանգների ու սպասարկման պահանջների լրակազմության հավաքագրում և ստուգում.

դ) գործիքների չափաբերում.

ե) կառուցվածքի նյութերի վերիֆիկացում:

 

Գործառման որակավորումը (OQ)

 

31. Գործառման որակավորման փուլն անցկացվում է մոնտաժման որակավորման փուլից հետո, սակայն սարքավորման բարդության աստիճանով պայմանավորված այդ փուլը կարող է անցկացվել մոնտաժման որակավորման հետ համակցությամբ (IOQ):

32. Գործառման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել հետևյալ ենթափուլերը (սակայն չսահմանափակվել դրանցով)՝

արտադրության գործընթացի, համակարգերի և սարքավորումների մասին գիտելիքների հիման վրա անցկացվող փորձարկումներ՝ նախագծի համաձայն համակարգի գործառումն ապահովելու համար.

աշխատանքային վերին և ստորին սահմանների և (կամ) «վատագույն դեպքի» պայմանների հաստատմանն ուղղված փորձարկումներ:

33. Գործառման որակավորման փուլի հաջող ավարտը թույլ է տալիս ընդունելու՝

ա) ստանդարտ գործառնական ընթացակարգերի վերջնական խմբագրությունը.

բ) մաքրման ընթացակարգերին ներկայացվող պահանջները.

գ) օպերատորների ուսուցմանը ներկայացվող պահանջները.

դ) սարքավորման տեխնիկական սպասարկմանը ներկայացվող պահանջները:

 

Շահագործման որակավորումը (PQ)

 

34. Շահագործման որակավորումը հետևում է մոնտաժման որակավորման և գործառման որակավորման հաջող ավարտից հետո։ Որոշ դեպքերում շահագործման որակավորման իրականացումը հնարավոր է գործառման որակավորման կամ արտադրության գործընթացի հետ միաժամանակ:

35. Շահագործման որակավորման փուլը կարող է իր մեջ ներառել նաև փորձարկումներ՝ փոխարինիչների (համարժեք նյութերի) որակավորում անցած արտադրական նյութերի կամ արտադրության սովորական պայմաններում և «վատագույն դեպքի» սցենարին համապատասխանող՝ արտադրանքի սերիայի չափի պայմաններում ապացուցված համարժեք բնութագրերով մոդելային արտադրանքի օգտագործմամբ: Արտադրության գործընթացի վերահսկողության հաստատման համար նմուշառման սահմանված հաճախականությունը պետք է հիմնավորված լինի պատվիրատուի կողմից՝ ռիսկերի համապատասխան վիճակագրական վերլուծության հիման վրա:

Փորձարկումները պետք է ընդգրկեն արտադրության գործընթացի աշխատանքային տիրույթը, բացառությամբ այն դեպքերի, երբ հասանելի է մշակման փուլից սկսած աշխատանքային տիրույթի փաստաթղթային հաստատումը:

 

6. Կրկնակի որակավորումը

 

36. Պատվիրատուն (դեղագործական արտադրողը) պետք է իր իսկ կողմից սահմանված պարբերականությամբ կատարի սարքավորումների, տարածքների, ինժեներական և այլ համակարգերի գնահատումը՝ արտադրական հարթակի մաստեր-ֆայլում նման գնահատման արդյունքների արտացոլմամբ՝ հաստատելու համար, որ դրանք մնում են պատվիրատուի (դեղագործական արտադրողի) կողմից վերահսկվող վիճակում:

37. Եթե կրկնակի որակավորումն անհրաժեշտ է և անցկացվում է սահմանված պարբերականությամբ, ապա անհրաժեշտ է հիմնավորել նման պարբերականությունը և սահմանել գնահատման չափանիշները: Բացի այդ, անհրաժեշտ է գնահատել ժամանակի ընթացքում աննշան փոփոխությունների հնարավորությունը:

 

7. Արտադրության գործընթացի վալիդացումը

 

Ընդհանուր տեղեկատվություն

 

38. Սույն բաժնում նկարագրված պահանջներն ու սկզբունքները կիրառվում են դեղապատրաստուկների բոլոր դեղաձևերի նկատմամբ և տարածվում են արտադրության նոր գործընթացների սկզբնական վալիդացման, վերափոխված գործընթացների հետագա վալիդացման, արտադրական հարթակների միջև տրանսֆերների և գործընթացների շարունակվող վերիֆիկացման վրա: Ընդ որում ենթադրվում է, որ կատարված է արտադրանքի մշակման լիարժեք գործընթաց, որը թույլ է տալիս անցկացնելու արտադրության գործընթացի հաջող վալիդացում:

39. Սույն բաժնում շարադրված պահանջներն ու սկզբունքներն անհրաժեշտ է կիրառել Բժշկական կիրառման համար նախատեսված դեղապատրաստուկների արտադրության գործընթացի վալիդացման ուղեցույցի դրույթների հետ մեկտեղ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 19 հանձնարարականի հավելված):

40. Սույն Պահանջների 39-րդ կետում նշված ուղեցույցը նախատեսված է միայն այն տեղեկությունների նկարագրման համար, որոնք անհրաժեշտ է ներկայացնել կարգավորող մարմիններին: Կանոններով սահմանված՝ արտադրության գործընթացի վալիդացմանը ներկայացվող պահանջները տարածվում են արտադրության գործընթացի ամբողջ կենսական պարբերաշրջանի վրա:

41. Սույն բաժնում նկարագրված՝ արտադրության գործընթացի վալիդացման նկատմամբ մոտեցումն անհրաժեշտ է կիրառել արտադրության գործընթացի մշակման և արտադրանքի՝ շրջանառության մեջ փաստացի բացթողնվող արդյունաբերական սերիաների միջև փոխկապակցվածությունն ապահովելու համար: Արտադրության գործընթացի վալիդացման նկատմամբ նման մոտեցումը թույլ է տալիս ապահովել դեղամիջոցի արտադրության գործընթացների վերահսկողությունը սերիական (ընթացիկ) արդյունաբերական արտադրության ժամանակ:

42. Արտադրական գործընթացները կարող են մշակվել ավանդական մոտեցման կամ շարունակական վերիֆիկացման մոտեցման օգտագործմամբ: Սակայն անկախ օգտագործվող մոտեցումից անհրաժեշտ է հաստատել արտադրության գործընթացի կայունությունը և ապահովել արտադրանքի մշտական որակը՝ մինչև պատրաստի արտադրանքը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելը: Ավանդական մոտեցման օգտագործմամբ մշակված արտադրական գործընթացների համար անհրաժեշտ է հեռանկարային վալիդացում անցկացնել՝ հնարավորության դեպքում արտադրանքի հավաստագրումից (արտադրանքը Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելուց) առաջ: Հետադարձ վալիդացումն ընդունելի մոտեցում չի համարվում:

43. Նոր արտադրատեսակների արտադրության գործըթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է վալիդացման գործըթացում ընդգրկել իրացման համար նախատեսվող բոլոր դեղաչափերը և արտադրական հարթակները: Եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցման կիրառումը կարող է հիմնավորված լինել արտադրության գործընթացի մասին հատուկ գիտելիքների վրա նոր արտադրատեսակների համար, եթե նման գիտելիքները ստացվել են դեղապատրաստուկի դեղագործական մշակման և դրա արտադրության ընթացքում՝ շարունակական վերիֆիկացման ընդունելի ծրագրի հետ միասնաբար:

44. Մեկ արտադրական հարթակից դեպի մյուսը կամ մեկ հարթակի ներսում փոխանցված արտադրանքի արտադրության գործընթացի վալիդացման համար արտադրանքի վալիդացիոն սերիաների քանակը կարող է կրճատվել եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցման կիրառման եղանակով: Նախորդ վալիդացման մասին տվյալներ պարունակող արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները պետք է հասանելի լինեն: Տարբեր դեղաչափերի, արտադրանքի սերիաների չափերի և փաթեթվածքի չափերի (տեսակների) համար կարող է կիրառվել նաև եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցումը՝ եթե արտադրողը նման մոտեցման հնարավորության գրավոր հիմնավորում է ներկայացնում արտադրական հարթակի մաստեր-ֆայլում և դեղապատրաստուկի գրանցման դոսյեում:

Նման մոտեցումը կարող է կիրառվել դեղամիջոցի դեղաչափերի ընդգրկույթի համար այն դեպքում, երբ դեղաչափերը նույնական են կամ շատ մոտ են միմյանց իրենց բաղադրությամբ (օրինակ՝ նույնանման սկզբնական հատիկանյութի օգտագործմամբ ստացված տարբեր քաշի հաբերի՝ մամլման ճիգով որոշվող գծի համար կամ նույն բաղադրության տարբեր ծավալով տարբեր չափի դեղապատիճների թաղանթը լցավորելու մեթոդով ստացված դեղապատիճների գծի համար): Եզրային տարբերակների ընտրության (բրեքեթինգի) մոտեցումը կարող է կիրառվել նաև փաթեթվածքի տարբեր չափերի կամ նույն կոնտեյների լցավորման տարբեր ծավալների համար:

45. Այն դեպքում, երբ արտադրական հարթակ է տեղափոխվում արդեն իսկ արտադրվող արտադրանքի («ժառանգվող արտադրանքի») արտադրությունը, արտադրության և վերահսկողության գործընթացները պետք է անցկացվեն նման դեղապատրաստուկի գրանցման դոսյեյի տեղեկություններին և տվյալ խմբի դեղապատրաստուկների գրանցմանը ներկայացվող գործող պահանջներին համապատասխան: Արտադրության նման տեղափոխման ժամանակ դեղապատրաստուկի գրանցման դոսյեում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ են կատարվում:

46. Արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ արտադրողը պետք է վերահսկի արտադրանքի արդյունաբերական սերիաների արտադրության գործընթացում որակի բոլոր այն ցուցանիշների և արտադրության գործընթացի այն պարամետրերի հետևողական պահպանման հնարավորությունը, որոնք նա սահմանել է որպես արտադրանքի վալիդացված վիճակը պահպանելու և ընդունելի որակն ապահովելու համար կարևոր ցուցանիշներ և պարամետրեր: Անհրաժեշտ է հստակ փաստաթղթավորել հիմնավորումն առ այն, թե արտադրության գործընթացի որ պարամետրերն ու որակի որ ցուցանիշներն են սահմանված որպես կրիտիկական կամ ոչ կրիտիկական՝ հաշվի առնելով որակի ռիսկերի գնահատման միջոցառումների արդյունքները:

47. Վալիդացիոն սերիաները պետք է ունենան նույն չափը, ինչ առևտրային օգտագործման համար արտադրանքի նախատեսվող սերիաները: Վալիդացիոն սերիայի այլ չափերի օգտագործումն անհրաժեշտ է հիմնավորել վալիդացման փաստաթղթերում՝ ելնելով վալիդացման գործընթացի վրա ազդող կրիտիկական գործոններից, կամ սահմանել դրանք՝ նշելով Կանոնների համապատասխան բաժիններին հղումները:

48. Արտադրության գործընթացի համար օգտագործված տարածքները, համակարգերը, ինժեներական համակարգերն ու սարքավորումները պետք է որակավորված լինեն: Փորձարկումների մեթոդիկաները պետք է վալիդացում անցնեն՝ դրանց ենթադրվող օգտագործմանը համապատասխան:

49. Արտադրանքի բոլոր տեսակների նկատմամբ, անկախ օգտագործվող մոտեցումից, յուրաքանչյուր արտադրական հարթակի համար պետք է հասանելի լինեն արտադրության գործընթացի մասին՝ մշակման փուլում կատարված հետազոտությունների արդյունքում ստացված կամ այլ աղբյուրներից ձեռքբերված գիտելիքները (այլ հիմնավորման բացակայության դեպքում), որոնք պետք է հիմք ծառայեն վալիդացիոն միջոցառումների համար:

50. Ընդ որում արտադրանքի վալիդացիոն սերիաների արտադրությանը կարող է ներգրավվել արտադրական անձնակազմը (այդ անձնակազմի կողմից արտադրանքի արտադրության առանձնահատկությունները հասկանալու համար) և մշակման կամ տրանսֆերի ծառայության անձնակազմը: Արտադրանքի վալիդացիոն սերիաները պետք է արտադրվեն հմուտ անձնակազմի կողմից՝ Կանոնների պահանջների համաձայն, օգտագործելով արտադրողի կողմից հաստատված փաստաթղթերը:

51. Կրիտիկական ելակետային և փաթեթավորման նյութերի մատակարարների որակավորումն անցկացվում է մինչև արտադրանքի վալիդացիոն սերիաների արտադրությունը: Հակառակ դեպքում անհրաժեշտ է փաստաթղթերով ձևակերպել դրանց պիտանիության հիմնավորումը, որը հիմնված է որակի ռիսկերի կառավարման սկզբունքների կիրառման վրա:

52. Նախագծային չափերի ընտրված տիրույթը (եթե նման տիրույթն օգտագործվում է) հիմնավորելու, ինչպես նաև արտադրության գործընթացի վերահսկողության ռազմավարության հաստատման համար նախատեսված մաթեմատիկական մոդելները մշակելու համար անհրաժեշտ է արտադրության գործընթացի հիմքում ընկած հատուկ գիտելիքների առկայությունը:

53. Այն դեպքում, երբ վալիդացումից հետո նախատեսվում է արտադրանքի վալիդացիոն սերիան Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնել, այդ մասին պետք է հայտնի դառնա մինչև վալիդացման սկիզբը: Այն պայմանները, որոնցում արտադրվում են նման սերիաները, պետք է լիովին համապատասխանեն Կանոնների պահանջներին, ընդունելիության վալիդացիոն չափորոշիչներին, արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացման չափորոշիչներին (դրանք կիրառելու դեպքում), ինչպես նաև գրանցման դոսյեում կամ կլինիկական հետազոտությունների անցկացման թույլտվության մեջ նշված տեղեկություններին:

54. Կլինիկական հետազոտությունների համար դեղապատրաստուկների արտադրության գործընթացի վալիդացման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել Կանոնների թիվ 13 հավելվածով:

 

Ուղեկցող վալիդացիումը

 

55. Բացառիկ դեպքերում, հիվանդի համար «օգուտ - ռիսկ» դրական հարաբերակցության ժամանակ թույլատրվում է դեղապատրաստուկի արդյունաբերական սերիաների պլանային արտադրությունը՝ մինչև վալիդացիոն ծրագրի ավարտը, և ուղեկցող վալիդացման իրականացումը: Ուղեկցող վալիդացում անցկացնելու մասին որոշումը պետք է լինի հիմնավորված՝ ելնելով սույն Պահանջների 56-րդ կետի դրույթներից, և հաստատված վալիդացիոն մաստեր-պլանում ներառված և լիազորված անձնակազմի կողմից:

56. Ուղեկցող վալիդացում անցկացնելու մասին որոշումն ընդունելիս պետք է ստացված լինեն արտադրանքի դիտարկվող վալիդացիոն սերիայի համասեռության և դրա՝ ընդունելիության սահմանված չափորոշիչներին համապատասխանելու ապացույցները: Արդյունքներն ու եզրահանգումները պետք է ձևակերպվեն փաստաթղթերով և հասանելի լինեն Կանոնների թիվ 16 հավելվածով սահմանված պահանջներին նման սերիայի համապատասխանությունը հաստատող լիազորված անձի համար՝ մինչև սերիայի հավատարմագրումը:

 

Վալիդացման ավանդական մոտեցումը

 

57. Ավանդական մոտեցման դեպքում պատրաստի արտադրանքի սերիաների սահմանված թիվն արտադրվում է սովորական պայմաններում՝ արտադրության գործընթացի վերարտադրելիության հաստատման համար:

58. Արտադրանքի արտադրվող սերիաների և նմուշառվող նմուշների քանակության ընտրությունը պետք է հիմնվի որակի ռիսկերի կառավարման սկզբունքների վրա և թույլ տա սահմանելու տարատեսակությունների և փոփոխման միտումների աշխատանքային տիրույթը: Արտադրողը պետք է ներկայացնի տարատեսակությունների և փոփոխման միտումների աշխատանքային տիրույթի մասով ստացված տվյալները: Պահանջվում է սահմանել արտադրանքի այն սերիաների քանակությունը, որոնք անհրաժեշտ են հաստատելու համար, որ արտադրության գործընթացում կարող է ապահովվել որակյալ արտադրանքի կայուն ձեռքբերումը, և արտադրական հարթակի մաստեր-ֆայլում ու դեղապատրաստուկի գրանցման դոսյեում ներկայացնել սերիաների տվյալ քանակության ընտրության հիմնավորումը:

59. Արտադրության գործընթացի վալիդացման համար ընդունելի է համարվում սովորական պայմաններում արտադրանքի առնվազն 3 հաջորդական սերիաների արտադրությունը՝ եթե դա չի հակասում սույն Պահանջների 58-րդ կետի դրույթներին: Կարող է հիմնավորված լինել արտադրանքի սերիաների այլ քանակություն՝ նկատի ունենալով արտադրության ստանդարտ մեթոդների օգտագործումը և ձեռնարկությունում արտադրության արդեն իսկ կիրառվող համանման գործընթացների կամ նույնանման արտադրանքի առկայությունը: Ի լրումն արտադրանքի 3 սերիաների օգտագործմամբ սկզբնական վալիդացման կարող են պահանջվել հետագա սերիաների արտադրության ժամանակ ստացված և գործընթացի շարունակվող վերիֆիկացման մաս հանդիսացող տվյալները:

60. Պետք է նախապատրաստված լինի արտադրության գործընթացի վալիդացման արձանագրությունը, որը սահմանում է գործընթացի կրիտիկական պարամետրերը (СРР), որակի կրիտիկական ցուցանիշները (CQA) և դրանց հետ կապված ընդունելիության չափորոշիչները, որոնք պետք է հիմնվեն ավելի վաղ փաստաթղթավորված՝ դեղապատրաստուկի մշակման գործընթացում ստացված տվյալների կամ արտադրության գործընթացի մասին տեղեկությունների վրա:

61. Արտադրության գործընթացի վալիդացման արձանագրությունները պետք է ընդգրկեն հետևյալ տեղեկատվությունը (սակայն չսահմանափակվեն դրանով)՝

ա) արտադրության գործընթացի համառոտ նկարագրությունը և արտադրանքի սերիայի արտադրությանն ու փաթեթավորմանը վերաբերվող գրառումներին հղումը.

բ) անձնակազմի գործառույթներն ու պարտավորությունները.

գ) որակի՝ հետազոտություն պահանջող կրիտիկական ցուցանիշների համառոտ ամփոփումը.

դ) արտադրության գործընթացի կրիտիկական ցուցանիշների և դրանց հետ կապված սահմանաչափերի համառոտ ամփոփումը.

ե) մյուս այն (ոչ կրիտիկական) ցուցանիշների և պարամետրերի համառոտ ամփոփումը, որոնք կհետազոտվեն կամ կմշտադիտարկվեն վալիդացման անցկացման գործընթացում, և դրանք ներառելու պատճառները.

զ) օգտագործվող սարքավորման և սարքավորումների համակարգերի ցանկը (ներառյալ չափող, գրանցող սարքավորումները)՝ դրանց չափաբերման մասին տվյալներով.

է) օգտագործվող վերլուծական մեթոդիկաների ցանկը և դրանց վալիդացման մասին տեղեկությունները (եթե կիրառելի է).

ը) ներարտադրական վերահսկողության առաջարկվող միջոցառումների մասին տեղեկությունները՝ ընդունելիության չափորոշիչներով, ինչպես նաև յուրաքանչյուր նման միջոցառման ընտրության պատճառների հիմնավորումը.

թ) անցկացվող լրացուցիչ թեստավորման մասին տեղեկությունները (ընդունելիության չափորոշիչներով).

ժ) նմուշառման պլանը և դրա հիմնավորումը.

ի) արտադրության գործընթացի պարամետրերի գրանցման և դրա արդյունքների գնահատման օգտագործվող մեթոդները.

լ) արտադրանքի սերիան Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելու և արտադրողի լիազորված անձի կողմից արտադրանքի սերիային հավաստագիր տրամադրելու գործընթացը:

 

Արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացումը

 

62. «Որակ՝ դիզայնի միջոցով» մոտեցմամբ մշակված արտադրանքի համար (այն դեպքում, երբ գիտական տվյալների հիման վրա մշակում իրականացնելիս պարզվել է, որ արտադրության սովորական գործընթացն ապահովում է արտադրանքի որակի մասով համոզվածության բարձր աստիճան) օգտագործվում է գործընթացի շարունակական վերիֆիկացումը՝ որպես արտադրության գործընթացի վալիդացման ավանդական մոտեցման այլընտրանք:

63. Անհրաժեշտ է սահմանել գործընթացի շարունակական վերիֆիկացման մեթոդը: Պետք է նաև սահմանված և գիտականորեն հիմնավորված լինի մուտք գործող նյութերի անհրաժեշտ ցուցանիշների, արտադրության գործընթացի որակի կրիտիկական ցուցանիշների և կրիտիկական պարամետրերի վերահսկողության ռազմավարությունը՝ արտադրանքի իրացումը հաստատելու համար, ներառյալ լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից վերահսկողության ռազմավարության գնահատումը: Որպես գործիքակազմ կարող են օգտագործվել արտադրության գործընթացի գործընթացային-վերլուծական տեխնոլոգիան (РАТ) և բազմաչափ վիճակագրական վերահսկողությունը: Արտադրողին անհրաժեշտ է որոշել և գրավոր ձևով հիմնավորել արտադրանքի այն սերիաների քանակության ընտրությունը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հաստատվի համոզվածության բարձր աստիճանն առ այն, որ արտադրության գործընթացը թույլ է տալիս կայուն ապահովել որակյալ արտադրանքի ձեռքբերումը:

64. Սույն Պահանջների 38-54 կետերում նկարագրբած սկզբունքները կիրառվում են արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացում անցկացնելիս:

 

Հիբրիդային մոտեցումը

 

65. Հիբրիդային մոտեցումը, որը նախատեսում է ավանդական մոտեցման կիրառումն արտադրության գործընթացի շարունակական վերիֆիկացման հետ համակցությամբ, կարող է օգտագործվել արտադրության նախորդ փորձի և արտադրանքի ավելի վաղ արտադրված սերիաների մասին տվյալների վրա հիմնված արտադրանքի մասին գիտելիքների, այդ արտադրանքի արտադրության գործընթացի մասին գիտելիքների և ըմբռնման զգալի ծավալի առկայության դեպքում:

66. Հիբրիդային մոտեցումը կարող է օգտագործվել նաև վալիդացման ցանկացած գործողությունների համար՝ արտադրության գործընթացի փոփոխություններից հետո կամ դրա շարունակվող վերիֆիկացման ժամանակ, անգամ եթե ի սկզբանե կիրառվել է ավանդական մոտեցումը:

 

Արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացումը կենսական պարբերաշրջանի ընթացքում

 

67. Սույն Պահանջների 67-71 կետերի դրույթները կիրառելի են արտադրության գործընթացի վալիդացման բոլոր 3 մոտեցումներին (ավանդական մոտեցմանը, շարունակական վերիֆիկացման և հիբրիդային մոտեցմանը):

68. Արտադրողները պետք է իրականացնեն արտադրանքի որակի մշտադիտարկում և գնահատել արտադրության գործընթացի ռելևանտ միտումները՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքում դրա վերահսկվող վիճակի պահպանման երաշխիքներն ապահովելու նպատակով:

69. Արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացման ծավալն ու հաճախականությունը ենթակա են դեղապատրաստուկի արտադրողի կողմից կանոնավոր գնահատման, քանի որ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ցանկացած պահի կարող է պահանջվել դրանց փոփոխությունը՝ ելնելով արտադրության գործընթացի ըմբռման փոփոխությունից, ինչպես նաև արտադրության գործընթացի պիտանիությունից՝ դրա շարունակվող վերիֆիկացման ժամանակ:

70. Անհրաժետ է իրականացնել արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացումը՝ հաստատված արձանագրությանը կամ համարժեք փաստաթղթին համապատասխան, ինչպես նաև մշակել ստացված արդյունքների փաստաթղթավորման համար հաշվետվության ձևը: Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործվի արտադրության նշված գործընթացի փոփոխականությանն ու հնարավորություններին վերաբերվող եզրահանգումների հաստատման, ինչպես նաև վերահսկվող վիճակի պահպանության երաշխիքի ապահովման համար վիճակագրական գործիքակազմը:

71. Արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացումն անհրաժեշտ է օգտագործել արտադրանքի կենսական պարբերաշրջանի ամբողջ ընթացքում՝ դրա վալիդացված կարգավիճակը պահպանելու համար, որը պետք է նշված լինի որակի ամփոփման մեջ: Բացի այդ, անհրաժեշտ է քննարկել շարունակվող վերիֆիկացման գործընթացում ապագայում լրացուցիչ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև լրացուցիչ գործողությունների (օրինակ՝ ընդլայնված նմուշառման) իրականացման անհրաժեշտությունը գնահատելու մասին հարցերը:

 

8. Փոխադրման գործընթացի վերիֆիկացումը

 

72. Պատրաստի դեղորայքը, կլինիկական հետազոտությունների համար դեղապատրաստուկները, չբաժնեծրարված արտադրանքը և դեղապատրաստուկների նմուշները պետք է արտադրական հարթակներից փոխադրվեն դեղապատրաստուկի գրանցման դոսյեում և մասնագրում նշված՝ փոխադրման պայմանների համաձայն, հաստատված դրոշմավորման կամ փոխադրման այլ պայմանների համաձայն, որոնց չափորոշիչները հիմնավորված են արտադրողի կողմից:

73. Փոխադրման վերիֆիկացումը կարող է խնդրահարույց լինել բազմաթիվ գործոնների պատճառով, այդուհանդերձ փոխադրման երթուղիները պետք է հստակ նկարագրված լինեն: Սեզոնային փոփոխությունները և այլ փոփոխվող գործոնները նույնպես պետք է քննարկվեն փոխադրման վերիֆիկացման ընթացքում:

74. Փոխադրման գործընթացի վրա վերահսկվող կամ մշտադիտարկման ենթակա գործոններից տարբերվող՝ փոփոխվող գործոնների (օրինակ՝ փոխադրման ընթացքում ուշացումների, տվյալների գրանցման սարքերի խափանման, հեղուկ ազոտի լրալցման, արտադրանքի զգայունության և այլ համապատասխան գործոնների) ազդեցությունը դիտարկելու համար անհրաժեշտ է կատարել որակի ռիսկերի գնահատում:

75. Քանի որ փոխադրման ընթացքում հնարավոր են արտաքին միջավայրի պայմանների փոփոխություններ, անհրաժեշտ է իրականացնել արտաքին միջավայրի ցանկացած այն կրիտիկական պայմանների շարունակական մշտադիտարկում և գրանցում, որոնց ազդեցությանը կարող է ենթարկվել արտադրանքը՝ եթե արտադրողի կողմից հիմնավորված չէ նման մշտադիտարկումից հրաժարվելը:

 

9. Փաթեթավորման գործընթացի վալիդացումը

 

76. Սարքավորման տեխնոլոգիական պարամետրերի՝ հատկապես սկզբնական փաթեթավորման գործընթացում օգտագործվող սարքավորման պարամետրերի փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ փաթեթվածքի ամբողջականության և պատշաճ գործառման վրա (օրինակ՝ բլիստերներ, սաշե և մանրէազերծ բաղադրիչներ), այդ իսկ պատճառով պատրաստի և չբաժնեծրարված արտադրանքի առաջնային ու երկրորդական փաթեթավորման գործընթացի շրջանակներում օգտագործվող սարքավորումները պետք է որակավորված լինեն:

77. Առաջնային փաթեթավորման գործընթացում ներգրավված սարքավորման որակավորումը պետք է անցկացվի գործընթացի կրիտիկական պարամետրերի (ինչպիսիք են՝ ջերմաստիճանը, սարքավորման աշխատանքի արագությունը, սոսնձման (զոդակցման) ամրությունը) կամ առաջնային փաթեթավորման գործընթացի վրա ազդող ցանկացած այլ գործոնների համար սահմանված նվազագույն և առավելագույն արժեքներով:

 

10. Ինժեներական համակարգերի որակավորումը

 

78. Գոլորշու, ջրի, օդի, այլ գազերի և այլնի որակը պետք է հաստատված լինի դեղապատրաստուկի արտադրողի կողմից՝ մոնտաժումից հետո համապատասխան հետազոտությունների կատարման միջոցով, հաշվի առնելով սույն Պահանջների 3-րդ մասում նշված՝ որակավորմանը ներկայացվող պահանջները:

79. Որակավորման տևողությունն ու ծավալը պետք է արտացոլեն սեզոնային փոփոխությունները (այն դեպքում, երբ նման փոփոխություններն ազդում են որակավորման օբյեկտի վրա), ինչպես նաև հաշվի առնեն ինժեներական համակարգի նախատեսվող նպատակը:

80. Արտադրանքի հետ հնարավոր անմիջական շփման (օրինակ՝ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի) կամ արտադրանքի հետ անուղղակի շփման (օրինակ՝ ջերմափոխանակիչների) դեպքում սարքավորման խափանումները կանխելու համար անհրաժեշտ է կատարել որակի ռիսկերի գնահատում:

 

11. Վերլուծական մեթոդիկաների վալիդացումը

 

81. Որակավորման, վալիդացման կամ մաքրման վալիդացման համար օգտագործվող բոլոր վերլուծական մեթոդիկաները պետք է վալիդացվեն հայտնաբերման սահմանների և (անհրաժեշտության դեպքում) քանակական որոշման նկատմամբ՝ Կանոնների I մասի 6-րդ գլխի ցուցումների համաձայն:

82. Արտադրանքի մանրէաբանական փորձարկումներ անցկացնելիս թեստավորման մեթոդիկան պետք է վալիդացված լինի՝ արտադրանքի հակամանրէային ազդեցության բացակայությունը հաստատելու համար:

83. Եթե կատարվում է մաքուր տարածքների մակերևույթների մանրէաբանական վերահսկողություն, ապա տվյալ վերահսկողության մեթոդիկան ենթակա է վալիդացման՝ լվացնող և ախտահանիչ միջոցների հակամանրէային ազդեցության բացակայությունը հաստատելու համար:

 

12. Մաքրման վալիդացումը

 

84. Մաքրման վալիդացումը պետք է կատարվի արտադրանքի հետ շփվող բոլոր սարքավորումների համար մաքրման ընթացակարգի արդյունավետությունը հաստատելու նպատակով: Համապատասխան գիտական հիմնավորման առկայության դեպքում թույլատրվում է մոդելավորող նյութերի օգտագործումը: Նույնատիպ սարքավորում օգտագործելիս առկա է սարքավորման յուրահատուկ միավորների ընտրության հնարավորությունը՝ համապատասխան հիմնավորման առկայությամբ մաքրման վալիդացումն անցկացնելու համար:

85. Մաքրման վալիդացման ժամանակ մաքրության տեսողական ստուգումն ընդունելիության կարևոր չափորոշիչ է, այդուհանդերձ այս չափորոշիչը չպետք է կիրառվի որպես միակը: Ընդունելի են համարվում այն մոտեցումները, որոնք չեն օգտագործում կրկնակի մաքրումն ու կրկնակի թեստավորումը մինչև ընդունելիության համապատասխան չափորոշիչներին հասնելու պահը:

86. Հաշվի առնելով այն, որ մաքրման վալիդացման ծրագրի կատարումը որոշակի ժամանակ է պահանջում, արտադրանքի որոշ տեսակների՝ օրինակ կլինիկական փորձարկումների համար նախատեսված պատրաստուկների համար կարող է պահանջվել մաքրման վերիֆիկացմամբ վալիդացում՝ արտադրանքի յուրաքանչյուր սերիայից հետո: Արտադրական գործընթացի վերիֆիկացման արդյունքում պետք է ստացվի տվյալների այնպիսի ծավալ, որը թույլ է տալիս հաստատել սարքավորման մաքրությունը և դրա հետագա օգտագործման հնարավորությունը:

87. Վալիդացման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել մաքրման գործընթացի ավտոմատացման մակարդակը: Մաքրման ավտոմատացված գործընթացն օգտագործելիս պետք է վալիդացված լինի մաքրման ինժեներական համակարգերի և սարքավորումների պարամետրերի աշխատանքային տիրույթը:

88. Մաքրման բոլոր գործընթացների համար անհրաժեշտ է գնահատում կատարել՝ այն փոփոխվող գործոնները բացահայտելու համար, որոնք կարող են ազդել մաքրման անցկացման և արդյունավետության վրա (անձնակազմ, ընթացակարգերում մանրամասնեցման մակարդակը (օրինակ՝ ողողման բազմապատիկությունը) և այլն): Նման գործոնների ի հայտ գալուց հետո մաքրման վալիդացման համար անհրաժեշտ է օգտագործել «վատագույն դեպքի» պայմանները:

89. Արտադրանքի մնացորդների տեղափոխման սահմանային արժեքները պետք է հիմնվեն արտադրանքի թունաբանական գնահատման վրա, որի անցկացումը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունվարի 14-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Ընդհանուր արտադրական (տեխնոլոգիական) հոսքագծերում դեղամիջոցների արտադրության ժամանակ ռիսկերի նույնականացման նպատակով առողջության վրա ազդեցության թույլատրելի սահմանաչափերը սահմանելու ձեռնարկով։ Ընտրված սահմանային արժեքների հիմնավորումը պետք է ձևակերպվի փաստաթղթերով՝ ռիսկերի գնահատման շրջանակներում, նշելով տվյալների օգտագործվող աղբյուրներին հղումները: Պետք է սահմանված լինեն ցանկացած օգտագործվող դետերգենտների հեռացման հաստատման համար սահմանները: Ընդունելիության չափորոշիչները պետք է նաև հաշվի առնեն գործընթացի տեխնոլոգիական սխեմայում սարքավորման մի քանի միավորներ օգտագործելու հավանական կուտակային էֆեկտը:

90. Թերապևտիկ մակրոմոլեկուլներն ու պեպտիդները pH-ի ծայրահեղ արժեքների և (կամ) թաքացման ազդեցության տակ նախատրամադիր են դեգրադացիայի և դենատուրացիայի և ունակ են կորցնելու իրենց դեղաբանական ակտիվությունը: Այդ իսկ պատճառով թունաբանական գնահատումը նշված հանգամանքներում կարող է կիրառելի չլինել:

91. Եթե հնարավոր չէ կատարել արտադրանքի մնացորդների յուրահատուկ թեստավորում, ապա թույլատրվում է այլ ցուցանշական պարամետրերի, օրինակ՝ ընդհանուր օրգանական ածխածնի պարունակության կամ էլեկտրոհաղորդականության վերահսկողության անցկացումը:

92. Մաքրման վալիդացման արձանագրությունները մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել միկրոկենսաբանական աղտոտման և էնդոտոքսիններով աղտոտման ռիսկերը:

93. Արտադրության ավարտից հետո մաքրելուց առաջ սարքավորման պահպանման ժամանակը և սարքավորման մաքրման ու օգտագործման միջև ժամանակը պետք է հաշվի առնվի սարքավորումն աղտոտված ու մաքրված վիճակում պահելու ժամանակը որոշելու համար:

94. Եթե արտադրություն է իրականացվում աշխատաշրջանի սկզբունքով, ապա անհրաժեշտ է գնահատել աշխատաշրջանի վերջում մաքրման հնարավորությունները: Ընդ որում աշխատաշրջանի առավելագույն տևողությունը (ժամանակի միավորներով և (կամ) արտադրանքի սերիաների քանակությամբ) պետք է հաշվի առնվի մաքրման վալիդացումն անցկացնելիս:

95. Եթե մաքրման վալիդացման համար կիրառվում է «վատագույն դեպքի» պայմաններում արտադրանքի օգտագործմամբ մոտեցումը, ապա անհրաժեշտ է ներկայացնել «վատագույն դեպքի» պայմաններում օգտագործվող արտադրանքի տեսակի ընտրության գիտական հիմնավորումը, ինչպես նաև անցկացնել «վատագույն դեպքի» պայմանների ընտրության վրա նոր արտադրանքի ազդեցության գնահատականը: Նշված ընտրությունն իրականացնելիս կարող են հաշվի առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են լուծելիությունը, մաքրման հեշտությունը, թունավորությունը և ակտիվությունը:

96. Մաքրման վալիդացման արձանագրությունները պետք է նկարագրեն նմուշառման կետերը կամ պարունակեն դրանց հղումները, հիմնավորեն տվյալ կետերի ընտրության պատճառները, ինչպես նաև սահմանեն յուրաքանչյուր ընտրված կետի համար ընդունելիության չափանիշները:

97. Նմուշներն անհրաժեշտ է վերցնել մակերևույթներից ողողվածքների առնման և (կամ) ողողումից հետո հեղուկի նմուշառման մեթոդով կամ այլ մեթոդներով՝ պայմանավորված սարքավորման տեսակով: Նմուշառման նյութերն ու մեթոդները չպետք է ազդեն ստացվող արդյունքների վրա: Անհրաժեշտ է ցուցադրել նմուշառման բոլոր նախատեսված մեթոդներն օգտագործելիս արտադրանքի հետ շփվող սարքավորման բոլոր նյութերից նյութեղենը հանելու հնարավորությունը:

98. Մաքրման մեթոդի վալիդացված լինելն ապացուցելու համար մաքրման ընթացակարգը պետք է կատարված լինի ռիսկերի գնահատման հիման վրա որոշված՝ համապատասխան անգամ, և համապատասխանի մաքրման համար արտադրողի կողմից սահմանված ընդունելիության չափորոշիչներին:

99. Եթե մաքրման գործընթացն արդյունավետ չէ կամ պիտանի չէ որևէ սարքավորման համար, ապա անհրաժեշտ է օգտագործել դեղապատրաստուկի արտադրության համար հատուկ նախատեսված սարքավորումը կամ համապատասխան միջոցներ կիրառել արտադրանքի յուրաքանչյուր տեսակի համար՝ Կանոնների I մասի 3-րդ և 5-րդ գլուխների ցուցումների համաձայն:

100. Սարքավորման ձեռքով մաքրման դեպքում անհրաժեշտ է հաստատել նման մաքրման արդյունավետությունը՝ ստացված փորձարարական տվյալների հիման վրա սահմանված պարբերականությամբ:

 

13. Արտադրության գործընթացի փոփոխությունների վերահսկողությունը

 

101. Արտադրության գործընթացի փոփոխություններով աշտատանքի գործընթացը գիտելիքների կառավարման գործընթացի կարևոր բաղադրիչ է և պետք է իրականացվի որակի դեղագործական համակարգի շրջանակներում:

102. Պետք է փաստաթղթավորված լինեն այն գործողությունների բնույթը նկարագրող ընթացակարգերը, որոնք կատարվում են ելանյութերի, արտադրանքի բաղադրիչների, սարքավորումների արտադրության գործընթացի կամ թեստավորման մեթոդիկայի, արտադրանքի սերիայի չափի, նախագծային չափերի տիրույթի պլանային փոփոխության կամ արտադրանքի որակի կամ արտադրանքի կենսական պարբերաշրջանի ընթացքում արտադրության գործընթացի վերարտադրելիության վրա հնարավոր ազդեցություն ունեցող այլ փոփոխության առաջարկված լինելու դեպքում:

103. Նախագծային չափերի տիրույթի հայեցակարգն օգտագործելիս արտադրողին անհրաժեշտ է՝

գնահատել ախագծային չափերի տիրույթի փոփոխությունները՝ գրանցման դոսյեի տվյալների հետ համեմատության միջոցով.

գնահատել համապատասխան կարգավորող գործողությունների ընդունման անհրաժեշտությունը:

104. Պլանավորված փոփոխությունների գնահատման, մասնավորապես՝ արտադրանքի որակի, որակի դեղագործական համակարգերի, փաստաթղթերի, վալիդացման, կարգավորիչ կարգավիճակի, ստուգաճշտման, սպասարկման, ինչպես նաև ցանկացած այլ համակարգերի վրա հնարավոր ազդեցության որոշման համար, չնախատեսված հետևանքների կանխման և արտադրության գործընթացի վալիդացման, վերիֆիկացման կամ կրկնակի որակավորման մասով անհրաժեշտ գործողությունների պլանավորման նպատակով պետք է օգտագործվի որակի ռիսկերի կառավարման գործընթացը:

105. Փոփոխությունները պետք է համաձայնեցված և հաստատված լինեն պատասխանատու անձանց կամ համապատասխան գործառույթներ կատարող անձնակազմի կողմից՝ որակի դեղագործական համակարգի համաձայն:

106. Անհրաժեշտ է կատարել հաստատող տեղեկատվության և փաստաթղթերի գնահատում՝ մինչև փոփոխության գործողության մեջ դնելը դրա ազդեցությունը բացահայտելու նպատակով:

107. Փոփոխության ներդրումից հետո պետք է կատարվի դրա արդյունավետության փորձարարական գնահատումը՝ փոփոխության հաջող ներդրումը հաստատելու համար (եթե կիրառելի է):

 

14. Սահմանումները

 

108. Սույն Պահանջների նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

«մաքրման վալիդացում»՝ փաստաթղթերով ձևակերպված ապացույց առ այն, որ մաքրման հաստատված ընթացակարգը վերարտադրելիության արդյունքով կապահովի սարքավորման այնպիսի մաքրում, որի դեպքում սարքավորման վրա արտադրված նախորդ արտադրանքի կամ սարքավորման մաքրման ժամանակ օգտագործվող լվացող միջոցի քանակությունը տողափոխման՝ գիտականորեն հիմնավորված առավելագույն թուլատրելի մակարդակից ցածր կլինի:

«մաքրման վերիֆիկացում»՝ արտադրանքի յուրաքանչյուր սերիայի արտադրությունից կամ աշխատաշրջանի անցկացումից հետո քիմիական թեստավորման միջոցով ստացված ապացույցների հավաքագրում, որոնք հաստատում են, որ մաքրումն անցկացնելուց հետո մնացած՝ նախորդ արտադրանքի կամ լվացող նյութերի մնացորդների քանակությունը գիտականորեն հիմնավորված առավելագույն թուլատրելի մակարդակից ցածր է.

«եզրային տարբերակների ընտրություն (բրեքեթինգ)»՝ վալիդացման մոտեցում, որը հիմնված է գիտական գիտելիքների վրա և որակի ռիսկերի, նախապես որոշված և հիմնավորված գործոնների եզրային արժեքների ներքո վալիդացիոն հետազոտությունների արդյունքների մասին գիտելիքների վրա (օրինակ՝ դեղապատրաստուկի դոզավորումներ, սերիայի չափեր և (կամ) փաթեթվածքի չափեր) այնպես, որ գործոնների բոլոր միջանկյալ արժեքների վալիդացումը հաստատվում է միայն դրանց եզրային արժեքների վալիդացմամբ.

«որակ՝ դիզայնի միջոցով»՝ համակարգային մոտեցում, որը նախատեսում է արտադրանքի մշակումից առաջ նպատակների սահմանումը, արտադրանքի և դրա արտադրության գործընթացի հստակ գնահատումը, ինչպես նաև արտադրության գործընթացի վերահսկողությունը՝ գիտական տվյալների և որակի ռիսկերի կառավարման սկզբունքների հիման վրա.

«փոփոխությունների վերահսկողություն»՝ ձևայնացված համակարգ, որի միջոցով համապատասխան փորձագետներն անցկացնում են առաջարկվող կամ փաստական այն փոփոխությունների ստուգումը, որոնք կարող են ազդել տարածքների, համակարգերի, սարքավորումների կամ գործընթացների վրա այնպես, որպեսզի որոշվի համակարգի վալիդացված վիճակի պահպանության ապահովման և փաստաթղթերով ձևակերպման համար գործողություններ կատարելու անհրաժեշտությունը.

«գործընթացի կրիտիկական պարամետր (СРР)»՝ արտադրության գործընթացի պարամետր, որի փոփոխականությունն ազդում է որակի կրիտիկական ցուցանիշների վրա և որն անհրաժեշտ է մշտադիտարկել ու վերահսկել՝ արտադրանքի պահանջվող որակն ապահովելու համար.

«որակի կրիտիկական պարամետր (CQA)»՝ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական կամ մանրէաբանական հատկություն կամ բնութագիր, որոնք սահմանված են առաջադրվող սահմանում, տիրույթում կամ արժեքի առաջադրվող բաշխման մեջ՝ արտադրանքի պահանջվող որակն ապահովելու համար.

«մոդելային արտադրանք»՝ նյութեր, որոնք իրենց ֆիզիկական և (անհրաժեշտության դեպքում) քիմիական բնութագրերով (մածուցիկության, մասնիկների չափսերի, pH և այլն) մոտ են վալիդացվող արտադրանքին.

«վատագույն դեպք»՝ պայման կամ պայմանների հավաքածու, որոնք ներառում են արտադրության գործընթացի պարամետրերի վերին և ստորին սահմանային արժեքները, և սրանց հետ կապված գործոններ (ստանդարտ գործառնական ընթացակարգերի շրջանակներում), որոնք ամենայն հավանականությամբ կարող են հանգեցնել արտադրանքի անհամապատասխանությանը կամ գործընթացի խափանմանը՝ իդեալական պայմանների համեմատ: Նման պայմանները ոչ պարտադիր են հանգեցնում արտադրանքի անհամապատասխանությանը կամ գործընթացի խափանմանը.

«գործընթացի շարունակական վերիֆիկացում»՝ արտադրությանը գործընթացի վալիդացմանն այլընտրանքային մոտեցում, որի դեպքում արտադրության գործընթացի ընթացքն անընդհատ գնահատվում և մշտադիտարկվում է.

«հեռանկարային վալիդացում»՝ վալիդացում, որն անցկացվում է մինչև իրացման համար նախատեսված արտադրանքի սերիական արտադրության սկիզբը.

«արտադրության գործընթացի շարունակվող վերիֆիկացում (արտադրության գործընթացի հետագա վերիֆիկացում)»՝ փաստաթղթով ձևակերպված ապացույց առ այն, որ արտադրանքի արդյունաբերական սերիաների արտադրության ընթացքում արտադրության գործընթացը մնում է վերահսկողության տակ.

«ուղեկցող վալիդացում»՝ վալիդացում, արն անցկացվում է բացառիկ դեպքերում՝ հիվանդի համար նման արտադրանքի օգուտը հիմնավորելու պարագայում, որի ժամանակ վալիդացիոն արձանագրությունը կատարվում է արտադրանքի վալիդացիոն սերիան Միության շուկայում շրջանառության մեջ բաց թողնելու հետ միաժամանակ.

«օգտատերերի պահանջների մասնագիր (URS)»՝ տիրոջ, օգտատիրոջ պահանջների, ինչպես նաև տեխնիկական պահանջների ամբողջություն, որոնք անհրաժեշտ և բավարար են ընդունելի նախագիծ ստեղծելու համար՝ համակարգի նախատեսված նշանակությանը համապատասխան.

«ավանդական մոտեցում»՝ մոտեցում արտադրանքի մշակմանը, որի դեպքում բացթողնված արտադրանքի որակի վերարտադրելիության ապահովման համար օգտագործվում են պարամետրերի առաջադրվող արժեքներն ու աշխատանքային տիրույթները:

Սույն Պահանջներում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են Պահանջներով սահմանված իմաստներով։»: