ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
19 հունվարի 2021 թվականի |
թիվ 3 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 57-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 48-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցների իրագործման մասին» թիվ 11 կարգադրության և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ձեռնարկվող՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակի զարգացման պայմաններում տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցների մասին» թիվ 6 կարգադրության իրագործման նպատակով՝
հանձնարարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն hանձնարարականը հրապարակելու օրվանից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում երկաթուղային հաղորդակցության վերականգնման ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում կիրառել մեթոդական հանձնարարականները՝ հավելվածի համաձայն։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
Հավելված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 19-ի թիվ 3 հանձնարակականի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում երկաթուղային հաղորդակցության վերականգնման ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում կանխարգելիչ միջոցների մասով
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն մեթոդական հանձնարարականները մշակվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում երկաթուղային հաղորդակցության վերականգնման նպատակով՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից ձեռնարկվող՝ բնակչության շրջանում СОVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցները:
2. Երկաթուղային կազմերում և կայարաններում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումներն ուղղված են՝
ա) անդամ պետությունների տարածքներ COVID-19 կորոնավիրուսային վարակի ներբերումը (ներմուծումը) կանխելուն.
բ) երկաթուղային կայարաններում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալուն և կանխելուն.
գ) COVID-19 կորոնավիրուսային վարակից գնացքաքարշերի բրիգադների, գնացքների բրիգադների անդամների և ուղևորների ինքնապաշտպանությունն ապահովելուն:
3. Հանձնարարվող միջոցառումները երկաթուղային տրանսպորտով անդամ պետությունների տարածքներ ժամանող անձանց նկատմամբ կարող են փոփոխվել (հաշվի առնելով ուղարկող երկրում СОVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման առնչությամբ սանիտարահամաճարակաբանական իրավիճակը) ինչպես թուլացման, այնպես էլ խստացման առումով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
II. Անդամ պետությունների տարածքներ COVID-19 կորոնավիրուսային վարակի ներբերման (ներմուծման) կանխումը
4. Արտասահմանից երկաթուղային տրանսպորտով ժամանած անձինք պարտավոր են ներկայացնել բացասական արդյունքով COVID-19 կորոնավիրուսային վարակի ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտման վերաբերյալ տեղեկանք՝ տրված ոչ շուտ, քան անդամ պետության պետական սահմանը հատելու օրվանից 3 օր առաջ (այսուհետ՝ տեղեկանք)՝ բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների (նրանց ուղեկցող անձանց մոտ տեղեկանքի առկայության դեպքում), անդամ պետության կառավարական պատվիրակությունների անդամների՝ քաղաքացիության երկիր վերադառնալիս, գնացքաքարշերի բրիգադների անդամների և երկաթուղային տրանսպորտում փոխադրման գործունեության հետ կապված անձանց:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝ ժամանած անձինք մարմնի բարձր ջերմություն ունենալու դեպքում, անկախ տեղեկանքի առկայությունից, ենթակա են մեկուսացման վարակիչ ստացիոնարում:
Տեղեկանքի բացակայության դեպքում ձեռնարկվում են միջոցներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Շնչառական վարակի նշաններ ունեցող անձինք, առանց կարանտինային ստացիոնարում պահվելու, հոսպիտալացվում են ժամանակավոր ստացիոնար: Անդամ պետության տարածք մուտք գործելիս COVID-19 կորոնավիրուսային վարակի լաբորատոր հետազոտություն անցկացնելու համար անհրաժեշտ է ապահովել անդամ պետություն արտասահմանից ժամանող բոլոր անձանց, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի անցակետերով մյուս անդամ պետություններից ժամանող անձանց մեկուսացումը կարանտինային ստացիոնարում առնվազն 2 օրով՝ բացառությամբ սույն կետի առաջին պարբերությունում նշված անձանց և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված անձանց:
COVID-19 կորոնավիրուսային վարակի լաբորատոր հետազոտության արդյունքներն ստանալուց հետո դրական արդյունքով անձինք տեղափոխվում են վարակիչ ստացիոնար՝ բուժման համար, իսկ բացասական արդյունքով անձինք մեկուսացվում են տնային պայմաններում (տնային կարանտին) 12 օրվա ընթացքում: Տնային պայմաններում մեկուսացվելու համար հնարավորության բացակայության դեպքում հանձնարարվում է մեկուսացումն ապահովել դրա համար առանձնացված հատուկ տարածքներում: COVID-19 կորոնավիրուսային վարակի լաբորատոր հետազոտության յուրաքանչյուր դրական արդյունքի վերաբերյալ տեղեկատվությունը հանձնարարվում է հաղորդել անդամ պետությունների՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտի լիազորված մարմիններ:
Հանձնարարվում է ժամանող և մեկնող ուղևորների համար կազմակերպել առանձին «միջանցքներ» (ապահովել հոսքերի հատվելու հնարավորության բացառում) կամ ժամանման առանձին տերմինալի մուտք՝ լրացուցիչ տարածքի առկայության դեպքում (օդանավակայանների համանմանությամբ): Երկաթուղային կցման կայարաններում անձնագրային հսկողություն անցնելիս անհրաժեշտ է ուղևորների համար նախատեսել հեռավորության գծանշում:
5. Երկաթուղային տրանսպորտով անդամ պետությունների տարածքներ СОVID-19 կորոնավիրուսային վարակի ներբերումը (ներմուծումը) կանխելու նպատակով հանձնարարվում է առաջնորդվել հետևյալ մոտեցումներով.
ա) երկաթուղային կազմ նստելիս գնացքաքարշերի բրիգադների, գնացքների բրիգադների անդամների և ուղևորների «մուտքի հսկողության» ապահովում՝ ոչ կոնտակտային ջերմաչափման իրականացման և մինչև բուժաշխատողների ժամանումը հատուկ առանձնացված տարածքում մարմնի բարձր ջերմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ (հազ, հարբուխ) ունեցող անձանց պարտադիր մեկուսացման միջոցով.
բ) հակասեպտիկ միջոցներով կամ ախտահանող անձեռոցիկներով ձեռքերի մշակման տեղերի (այդ թվում՝ տեղադրված բաժնաչափիչների օգնությամբ) կազմակերպում.
գ) ուղևորների հետ գնացքների բրիգադների անդամների շփումների նվազեցում.
դ) երկաթուղային կազմի պետի տեղեկացման ապահովում՝
ուղևորների, գնացքաքարշերի և գնացքների բրիգադների անդամների՝ СОVID-19 կորոնավիրուսային վարակը չբացառող հիվանդության (հիվանդության կասկածի) դեպքի մասին (ծանուցման հաստատված սխեմային համապատասխան).
կազմի երթուղու ընթացքում առաջնային հակահամաճարակային միջոցառումների իրականացման մասին (հիվանդի մեկուսացում, ախտահանում և հիվանդացածի հետ շփման մեջ մտած անձանց նկատմամբ այլ միջոցառումների իրականացում, նրանց ապահովում անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակներով).
COVID-19 կորոնավիրուսային վարակի և այլ շնչառական վարակների տարածումը կանխարգելելու անհատական և հասարակական միջոցների պահպանման մասին.
ե) գնացքաքարշերի և գնացքների բրիգադների անդամների, ուղևորների սնունդը կազմակերպելիս հետևյալի ապահովում՝
սպասարկման առավել ռացիոնալ մեթոդներ (ինքնասպասարկման տարբեր տեսակներ, սպասարկում վաճառքի ավտոմատների միջոցով, սպասարկում վաճառականգնակի մոտ՝ վաճառասեղան-ցուցափեղկից ուտելիք ընտրելու հնարավորությամբ).
սնունդ ընդունելու տարածքում մարդկանց գտնվելու նվազագույն քանակություն՝ պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքը (առնվազն 1,5 մետր).
մեկանգամյա սպասքի օգտագործում և դրա վնասազերծում (օգտահանում).
զ) երկաթուղային կազմում ուղևորներին ուղեկցող անձանց գտնվելու սահմանափակում:
III. Երկաթուղային կայարաններում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալուն և կանխելուն ուղղված միջոցառումներ
6. Երկաթուղային կայարաններում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու նպատակով հանձնարարվում է՝
ա) իրականացնել օդային միջավայրի օդափոխության և օդորակման համակարգերի վերստուգում (մաքրում, լվացում, ախտահանում, զտիչների փոխարինում և այլն)՝ օդի ջերմաստիճանի և խոնավության օպտիմալ պայմանների ապահովման համար.
բ) կազմակերպել երկաթուղային կայարանի շենքի մուտքի մոտ «մուտքի հսկողություն»՝ իրականացնելով ոչ կոնտակտային ջերմաչափում և մարմնի բարձր ջերմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ (հազ, հարբուխ) ունեցող անձանց պարտադիր մեկուսացում.
գ) ապահովել երկաթուղային կայարանների աշխատողների և ուղևորների կողմից դիմակ կրելու ռեժիմի պահպանումը: Ընդ որում, երկաթուղային կայարանների աշխատողներին անհրաժեշտ է ապահովել ձեռնոցներով, լվացող միջոցներով, ախտահանող անձեռոցիկներով, ձեռքերի մշակման համար հակասեպտիկ միջոցներով և այլ ախտահանիչ միջոցներով: Չի թույլատրվում մեկանգամյա դիմակների, ձեռնոցների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավ (թրջված) դիմակների օգտագործում.
դ) կազմակերպել երկաթուղային կայարանի մուտքի մոտ հակասեպտիկ միջոցներով (այդ թվում՝ տեղադրված բաժնաչափիչների օգնությամբ) կամ ախտահանող անձեռոցիկներով ձեռքերի մշակման տեղ.
ե) ձեռքերի կանոնավոր հիգիենայի համար ընդհանուր օգտագործման վայրերում (սննդի ընդունման վայրերում, հանգստի սենյակներում, սանհանգույցներում) տեղադրել ձեռքերը լվանալու լվացարաններ, հեղուկ օճառով և ձեռքերի մշակման համար հակասեպտիկ միջոցներով բաժնաչափիչներ, թղթե սրբիչների բռնիչներ և աղբի կոնտեյներներ.
զ) ապահովել երկաթուղային կայարանի ծառայողական և արտադրական տարածքներում բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ՝ աշխատողների գտնվելու նվազագույն քանակություն՝ պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքը (1,5 մետրից ոչ պակաս) և սահմանափակել երկաթուղային կայարանի գործունեության հետ չկապված անձանց մուտքը՝ բացառությամբ արտադրական գործընթացների հետ կապված աշխատանքներ կատարող անձանց (շենքերի, տարածքների, տեխնոլոգիական սարքավորման վերանորոգում և սպասարկում).
է) ապահովել երկաթուղային կայարանի տարածքներում ուղևորների գտնվելը սոցիալական հեռավորության սկզբունքի պահպանմամբ (1,5 մետրից ոչ պակաս) և կազմակերպել տոմսարկղերի (ավտոմատների) մոտ համապատասխան գծանշումներ, հնարավորության դեպքում ապահովել կտրոնների (էլեկտրոնային հերթի) օգտագործում.
ը) երկաթուղային կայարանների աշխատողների սնունդը կազմակերպելիս՝
կազմակերպել կենտրոնացված սնունդ և ճաշարանի այցելություն խիստ սահմանված ժամանակ՝ համաձայն հաստատված ժամանակացույցի.
ճաշարանի բացակայության դեպքում սննդի ընդունման համար տրամադրել հատուկ տարածք կամ տարածքի մի մասը՝ սարքավորված ձեռքերը լվանալու համար լվացարանակոնքով և ձեռքերը հակասեպտիկ միջոցով մշակելու համար բաժնաչափիչով.
նախատեսել սպասարկման առավել ռացիոնալ մեթոդներ, անհրաժեշտության դեպքում լանչ-տուփերի իրացմամբ (ինքնասպասարկման տարբեր տեսակներ, սպասարկում վաճառքի ավտոմատների միջոցով, սպասարկում վաճառականգնակի մոտ՝ վաճառասեղան-ցուցափեղկից ուտելիք ընտրելու հնարավորությամբ).
ապահովել ճաշարանում կամ սննդի ընդունման տարածքում աշխատողների գտնվելու նվազագույն քանակություն՝ պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքը (1,5 մետրից ոչ պակաս).
օգտագործել մեկանգամյա օգտագործման սպասք, օգտագործված մեկանգամյա օգտագործման սպասքը հավաքել մեկանգամյա օգտագործման համար ամուր փակվող պոլիէթիլենային պարկերի մեջ և օգտահանել դրանք՝ դրա համար հատուկ հատկացված տեղում.
թ) ուղևորների սնունդը կազմակերպելիս՝
հնարավորինս սահմանափակել մուտքը հասարակական սննդի վայրեր.
նախատեսել սպասարկման առավել ռացիոնալ մեթոդներ, անհրաժեշտության դեպքում լանչ-տուփերի իրացմամբ (ինքնասպասարկման տարբեր տեսակներ, սպասարկում վաճառքի ավտոմատների միջոցով, սպասարկում վաճառականգնակի մոտ՝ վաճառասեղան-ցուցափեղկից ուտելիք ընտրելու հնարավորությամբ).
ապահովել սնունդ ընդունելու տարածքում մարդկանց գտնվելու նվազագույն քանակություն՝ պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքը (1,5 մետրից ոչ պակաս).
օգտագործել մեկանգամյա օգտագործման սպասք, օգտագործված մեկանգամյա օգտագործման սպասքը հավաքել մեկանգամյա օգտագործման համար ամուր փակվող պոլիէթիլենային պարկերի մեջ և օգտահանել դրանք՝ դրա համար հատուկ հատկացված տեղում.
ժ) կատարել ծառայողական տարածքների և ընդհանուր օգտագործման վայրերի ամենօրյա խոնավ մաքրում (ամեն հերթափոխի ժամանակ) վարակասպան ազդեցության ախտահանման միջոցների կիրառմամբ՝ մշակելով յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ բոլոր շփման մակերևույթները՝ դռների բռնակների, անջատիչների, բռնաձողերի, ճաղաշարերի, սեղանների մակերևույթների, աթոռների (նստատեղերի) թիկնակների, օրգտեխնիկայի.
ժա) կիրառել տարածքներում օդի մանրէասպան վերաշրջապտտիչ (ռեցիրկուլյացիոն) տիպի ճառագայթիչներ.
ժբ) օդափոխել տարածքները յուրաքանչյուր 2 ժամը մեկ.
ժգ) ապահովել ներհոս-օդաքաշ օդափոխության սարքինությունը և անխափան աշխատանքը.
ժդ) կազմակերպել ժամանող և մեկնող ուղևորների համար առանձին «միջանցքներ» (ապահովել հոսքերի հատվելու հնարավորության բացառում).
ժե) կազմակերպել աշխատանքային օրվա ընթացքում աշխատողների զննում՝ շնչառական վարակի նշաններ (մարմնի բարձր ջերմություն, հազ, հարբուխ) հայտնաբերելու առումով՝ ջերմաչափում անցկացնելու միջոցով (օբյեկտում բժշկական անձնակազմի բացակայության դեպքում կազմակերպել աշխատողների հարցում՝ շնչառական վարակի նշաններ (մարմնի բարձր ջերմություն, հազ, հարբուխ) հայտնաբերելու առումով՝ ջերմաչափում անցկացնելու միջոցով, նախապես նշանակելով նման հարցում անցկացնելու համար պատասխանատու անձ):
Մարմնի բարձր ջերմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ ունեցող անձանց հայտնաբերելու դեպքում ապահովել նրանց մեկուսացումը հատուկ առանձնացված տարածքում.
ժզ) ապահովել երկաթուղային կայարանների շենքերում մեկուսարանով բուժկետի առկայությունը կամ ապահովել բուժաշխատողների կողմից շնչառական վարակի նշաններ ունեցող ուղևորի զննում (հարցում)՝ առանց երկաթուղային կայարանի բուժկետում (բուժկետի մեկուսարանում) հիվանդի միջանկյալ տեղակայման:
7. Երկաթուղային կայարաններում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով հանձնարարվում է՝
ա) իրականացնել աշխատողների տեղեկացումը կանխարգելման միջոցների և անձնական հիգիենայի կանոնների պահպանման անհրաժեշտության մասին՝ ձեռքերը կանոնավոր կերպով օճառով լվանալու (առնվազն 40 վայրկյանի ընթացքում) կամ ամբողջ օրվա ընթացքում՝ զուգարան յուրաքանչյուր այցելումից հետո, սնունդի յուրաքանչյուր ընդունումից առաջ մաշկը հակասեպտիկով մշակելու մասին.
բ) հնարավորության դեպքում աշխատանքի մեջ չընդգրկել ռիսկի խմբերից անձանց, որոնք են 65 տարեկանն անց անձինք, քրոնիկ հիվանդություններ (անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից սահմանված՝ քրոնիկ հիվանդությունների ցանկին համապատասխան), ցածր իմունիտետ ունեցող անձինք, ինչպես նաև հղի կանայք՝ սահմանելով նշված անձանց համար ինքնամեկուսացման ռեժիմ COVID-19 կորոնավիրուսային վարակի հիվանդացության մակարդակի աճի և բարձր մակարդակի պահպանման ժամանակահատվածի ընթացքում:
8. COVID-19 կորոնավիրուսային վարակով վարակվածի հետ շփում ունեցած աշխատողների մոտ շնչառական վարակի նշաններ (մարմնի բարձր ջերմություն, հազ, հարբուխ) հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է տվյալ դեպքը դասակարգել որպես կասկածելի և իրականացնել պատշաճ թեստավորում՝ ընդգրկելով անդամ պետության առողջապահության համակարգի կազմակերպությունների մասնագետներին:
COVID-19 կորոնավիրուսային վարակով վարակման նոր հավանական կամ հաստատված դեպք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է բացահայտել հիվանդացածների կամ COVID-19 կորոնավիրուսային վարակով վարակման մեջ կասկածվող անձանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը և նրանց նկատմամբ հսկողություն սահմանել՝ ընդգրկելով անդամ պետության առողջապահության համակարգի կազմակերպությունների մասնագետներին:
9. Հանձնարարվում է նաև պահպանել հետևյալ նախազգուշական միջոցները.
ա) տեղեկացնել ուղևորներին և երկաթուղային կայարանների աշխատողներին անձնական հիգիենայի կանոնները պահպանելու մասին.
բ) ձեռքերը կանոնավոր կերպով լվանալ օճառով (առնվազն 40 վայրկյանի ընթացքում) և չորացնել մեկանգամյա սրբիչներով: Ձեռքերը մշակելու համար կարելի է օգտագործել նաև (առկայության դեպքում) հակասեպտիկ միջոցներ (60 տոկոսից ոչ պակաս սպիրտի պարունակությամբ).
գ) պահպանել սոցիալական հեռավորություն (1,5 մետրից ոչ պակաս).
դ) հազի և փռշտոցի ժամանակ բերանը և քիթը ծածկել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով, որն այնուհետև անմիջապես նետել թափոնների համար նախատեսված՝ կափարիչով ծածկված կոնտեյների մեջ.
ե) խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց:
IV. СОVID-19 կորոնավիրուսային վարակից գնացքաքարշերի բրիգադների, գնացքների բրիգադների անդամների և ուղևորների ինքնապաշտպանության ապահովումը
10. Երկաթուղային ուղևորատար շարժակազմը երթի դուրս գալուց առաջ նախապատրաստելիս և դրա երթուղու ընթացքում հանձնարարվում է՝
ա) ապահովել գնացքի բրիգադի անդամների աշխատանքի թույլտվությունը СОVID-19-ի թեստ անցնելու մասին տեղեկանքի (նյութը պետք է վերցված լինի ոչ շուտ, քան երթի դուրս գալուց 3 օրացուցային օր առաջ) և անհատական պաշտպանության միջոցների առկայության դեպքում.
բ) իրականացնել գնացքաքարշերի և գնացքների բրիգադների անդամների նախահերթափոխային բուժզննում՝ մարմնի ջերմության չափումով.
գ) երթից առաջ ուղևորատար վագոնում իրականացնել օդորակման, օդափոխության համակարգերի վերստուգում և զտիչների փոխարինում.
դ) ապահովել ուղևորների՝ միմյանց միջև անվտանգ տարածության պահպանումը (1 մետր) նստելու և իջնելու ընթացքում.
ե) կազմակերպել հնարավորության դեպքում ուղևորների տեղաբաշխումը վագոնում՝ անվտանգ հեռավորության (յուրաքանչյուր կուպեում 2 ուղևոր) պահպանմամբ.
զ) իրականացնել ուղևորների՝ վագոն մուտքի թույլտվությունը նրանց մոտ անհատական պաշտպանության միջոցների (դիմակների), հաշվի առնելով դրանց փոխելիությունը 3 ժամը մեկ, և ձեռքերը մշակելու համար հակասեպտիկ միջոցների (բավարար քանակությամբ՝ երթուղու ընթացքում դրանք օգտագործելու համար) առկայության դեպքում.
է) ապահովել երթուղու ընթացքում ուղեկցորդների կողմից անհատական պաշտպանության միջոցների (դիմակների և ձեռնոցների) կրումը.
ը) ապահովել ուղևորատար վագոնում անհատական պաշտպանության միջոցների (դիմակների և ձեռնոցների), ձեռքերի մշակման համար հակասեպտիկ միջոցների, ախտահանիչ միջոցների չնվազող պաշարներ.
թ) սահմանափակել երթուղու ընթացքում ուղևորների տեղափոխությունները մյուս վագոններ, ինչպես նաև ուղևորների կուտակումը զուգարանի մոտ.
ժ) կատարել սրահում օրվա մեջ առնվազն 4 անգամ ընթացիկ խոնավ մաքրում՝ լվացող և ախտահանիչ միջոցների կիրառմամբ, իսկ զուգարանում՝ օրվա մեջ առնվազն 6 անգամ և ըստ աղտոտվածության աստիճանի.
ժա) իրականացնել երթուղու ընթացքում ուղևորների և ուղեկցորդների անկետավորում և անկետայի լրացման ամբողջականության ստուգում (դրա թերի կամ ոչ հավաստի լրացման դեպքում իրականացնել լրացուցիչ անկետավորում):
11. СОVID-19 կորոնավիրուսային վարակից գնացքաքարշերի բրիգադների, գնացքների բրիգադների անդամների և ուղևորների ինքնապաշտպանության ապահովման նպատակով հանձնարարվում է՝
ա) իրականացնել գնացքաքարշերի և գնացքների բրիգադների անդամների տեսական և գործնական ուսուցում (հրահանգավորում) երկաթուղային շարժակազմերի խցիկների և տարածքների անվտանգ ախտահանման մեթոդների և հնարքների վերաբերյալ.
բ) իրականացնել ուղևորների տեղեկացում՝ մեկնելուց առաջ և երթուղու ընթացքում անձնական հիգիենայի կանոնների պահպանման մասին:
V. Բժշկական դիմակների և անհատական պաշտպանության միջոցների պատշաճ օգտագործման միջոցառումներ
12. Բժշկական դիմակներ օգտագործելու դեպքում հանձնարարվում է պահպանել դրանց պատշաճ օգտագործման և օգտահանման հետևյալ կանոնները.
ա) խնամքով հագնել դիմակն այնպես, որ այն ծածկի բերանն ու քիթը և հնարավորինս կիպ հպված լինի դեմքին.
բ) օգտագործման ընթացքում դիմակին ձեռքերով չդիպչել.
գ) դիմակը հանելիս չդիպչել դիմակին արտաքին կողմից, դիմակը հանել ռետինե թելերի (կապերի) օգնությամբ.
դ) դիմակը հանելուց հետո կամ դրան պատահաբար դիպչելու դեպքում ձեռքերը մշակել հակասեպտիկ միջոցով (առկայության դեպքում) կամ լվանալ ձեռքերն օճառով (առնվազն 40 վայրկյանի ընթացքում).
ե) դիմակը փոխել՝ այն խոնավանալու կամ թրջվելու դեպքում.
զ) մեկանգամյա օգտագործման դիմակները կրկնակի չօգտագործել.
է) օգտագործումից հետո մեկանգամյա դիմակն օգտահանել դրա համար հատուկ հատկացված տեղում:
13. Անհատական պաշտպանության միջոցները օգտագործելուց հետո կոնտամինացիայի ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով հանձնարարվում է պահպանել հետևյալ կանոնները.
ա) հանել ձեռնոցները և օգտահանել դրանք որպես թափոններ՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.
բ) ձեռքերը լվանալ օճառով (առնվազն 40 վայրկյանի ընթացքում) կամ դրանք մշակել հակասեպտիկ միջոցով.
գ) հանել մեկանգամյա օգտագործման հակահամաճարակային զգեստը (խալաթը, գոգնոցը)՝ փաթաթելով արտաքին կողմով դեպի ներս, և այն տեղադրել թափոնների կոնտեյների մեջ՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանած կարգով.
դ) հանել պաշտպանիչ ակնոցները (դեմքի վահանակը), ձգելով միայն գլխի կապը կամ կողային կապերը, և օգտահանել դրանք որպես թափոններ՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.
ե) ձեռքերը լվանալ օճառով (առնվազն 40 վայրկյանի ընթացքում) կամ մշակել հակասեպտիկ միջոցով: