ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
26 հունվարի 2021 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ՈԼՈՐՏՈՒՄ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ և 53-րդ հոդվածներին համապատասխան,
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխելու, ինչպես նաև Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) (այսուհետ՝ պետական հսկողություն (վերահսկողություն)) իրականացման արդյունավետությունը բարձրացնելու և նշված ոլորտում Միության անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու նպատակով,
հաշվի առնելով պետական հսկողության (վերահսկողության) իրականացման գործում ընդգրկված աշխատանքային, նյութական և ֆինանսական ռեսուրսների օպտիմալ օգտագործման, ինչպես նաև այն իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց ծախքերի նվազեցման անհրաժեշտությունը, որոնց նկատմամբ իրականացվում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ՝
հանձնարարում է Միության անդամ պետություններին Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս առաջնորդվել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ոլորտում ռիսկի վրա հիմնված մոտեցում կիրառելու սկզբունքներով և մոտեցումներով՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունվարի 26-ի թիվ 4 հանձնարարականի |
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ոլորտում ռիսկի վրա հիմնված մոտեցում կիրառելու
1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, պետական հսկողություն (վերահսկողություն)) իրականացումը Միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ դրանց օրենսդրությանը համապատասխան ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ ենթադրում է պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման ռիսկի գնահատման հիման վրա, որի արդյունքներով իրականացվում է պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման ձևի, տևողության և պարբերականության ընտրությունը։
2. Պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս անդամ պետություններն իրենց օրենսդրությանը համապատասխան կիրառում են ռիսկի վրա հիմնված մոտեցման համադրելի մոդել (այսուհետ՝ մոդել), որը ներառում է հետևյալ տարրերը՝
ա) տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) մասով ռիսկի գնահատումը.
բ) տնտեսավարող սուբյեկտի գործունեության մասով ռիսկի գնահատումը.
գ) ընդհանուր առմամբ ռիսկի նվազեցմանն ուղղված գործոնները.
դ) ռիսկի ընդհանուր գնահատումը։
3. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) մասով ռիսկի գնահատականը որոշվում է ըստ չափորոշիչների ամբողջության (տրված բալերին համապատասխան)՝ միատեսակ արտադրանքի յուրաքանչյուր խմբի համար։
4. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) ռիսկի աստիճանը որոշվում է որպես արտադրանքի վտագավորության աստիճան՝ հաշվի առնելով արտադրանքի յուրահատկությունը՝ ըստ մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա ազդեցության չափորոշիչների և ըստ այն չափորոշիչների, որոնց հիման վրա գնահատվելու են այդ ազդեցության հետևանքները։
5. Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները խախտելու հետևանքով տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) ռիսկի աստիճանը որոշվում է միատեսակ արտադրանքի յուրաքանչյուր խմբի համար առանձին՝ փոխկապակցված այն ցուցանիշների բազմաչափ դինամիկ համակարգի հիման վրա, որոնք ներառում են՝
ա) Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրված և շրջանառվող արտադրանքի ծավալը.
բ) Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտում հայտնաբերելու հաճախության և հայտնաբերված խախտումների քանակի մասին արդիական տեղեկատվությունը.
գ) արտադրանքի առնչությամբ հայտնաբերվող խախտումների ծավալը՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կոնկրետ իրավատիրոջ համար.
դ) անդամ պետությունների տարածքներում արտադրանքի սպառման առանձնահատկությունները.
ե) անվտանգության պահանջները չպահպանելու կապակցությամբ արտադրանք սպառողների առողջությանը վնաս պատճառելը.
զ) այլ ցուցանիշներ:
6. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) ռիսկի աստիճանը որոշելիս նույնականացվում և հաշվի են առնվում այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ արտադրանքի նախագծման (ներառյալ՝ հետազոտությունները), արտադրության, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման բոլոր փուլերում։
7. Տնտեսավարող սուբյեկտի, այդ թվում՝ համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության մասով ռիսկի գնահատականը որոշվում է սույն փաստաթղթի 8-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխան՝ կախված անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրված բալերի քանակից։
8. Տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը գնահատելիս սահմանվում են ռիսկի գնահատման հետևյալ չափորոշիչները, որոնք հաշվի են առնվում անդամ պետություններում ստուգումների պլանը ձևավորելիս՝ դրանց օրենսդրությանը համապատասխան՝
ա) նախորդ ժամանակահատվածում պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում միջոցառումների արդյունքում հայտնաբերված խախտման, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման փաստերի առկայությունը.
բ) արտադրանքի համապատասխանության գնահատման հետ կապված խախտման փաստերի առկայությունը (համապատասխանության գնահատման վերաբերյալ կասեցված և չեղարկված փաստաթղթերով, տեխնիկական կանոնակարգման ոլորտում օրենսդրության խախտումներով տրված փորձարկումների արձանագրություններով արտադրանքի կիրառումը).
գ) որակի կառավարման սերտիֆիկացված համակարգի առկայությունը (բացակայությունը).
դ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների վերաբերյալ տեղեկատվության, զանգվածային լրատվության միջոցներում տեղադրված՝ խախտումների վերաբերյալ պաշտոնապես հաստատված տեղեկատվության, արտադրանքը ձեռքբերողներից (սպառողներից) և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության մասին հիմնավորված տեղեկատվություն պարունակող այլ աղբյուրներից ստացված դիմումների առկայությունը.
ե) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) ցուցումների և հանձնարարականների խախտման փաստերի առկայությունը.
զ) տնտեսավարող սուբյեկտի տարածք մուտքը մերժելը կամ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ստուգման տեղափոխումն առանց հիմնավորման.
է) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից կանխարգելիչ և կանխիչ բնույթի միջոցառումներ անցկացնելը (չանցկացնելը).
ը) տնտեսավարող սուբյեկտի կողմից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն ինքնուրույնաբար հետ կանչելը.
թ) այլ չափորոշիչներ։
9. Ընդհանուր առմամբ ռիսկի նվազեցմանն ուղղված գործոնների գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով կանխիչ-կանխարգելիչ աշխատանքի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների առնչությամբ անցկացվող միջոցառումները՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված չափորոշիչների հիման վրա։
10. Ռիսկի ընդհանուր գնահատականը ձևավորվում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) մասով ռիսկի գնահատականից և տնտեսավարող սուբյեկտի գործունեության մասով ռիսկի գնահատականից։
Ռիսկի ամբողջական գնահատման համար օգտագործվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված այն չափորոշիչների ամբողջ ցանկը, որոնք թույլ են տալիս առավելագույնս հավաստի կերպով իրականացնել ռիսկի գնահատումն ինչպես տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի), այնպես էլ տնտեսավարող սուբյեկտի գործունեության մասով, նախատեսել դրա՝ ընդհանուր արժեքի բերելը և որոշել ռիսկի աստիճանը, որը դասակարգվում է որպես բարձր, միջին կամ ցածր։
Անդամ պետություններում կարող են սահմանվել ռիսկի՝ ավելի մեծ թվով աստիճաններ։
11. Ռիսկի ընդհանուր գնահատման հիման վրա ընտրվում են պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների, այդ թվում՝ ստուգումների անցկացման ձևը, տևողությունն ու պարբերականությունը։
12. Ռիսկի ընդհանուր գնահատումը ներառում է ռիսկի վիճակագրական գնահատումը և ռիսկի դինամիկ (վարքագծային) գնահատումը։
13. «Ռիսկի վիճակագրական գնահատում» ասելով հասկացվում է այն մոդելի ձևավորումը, որով հաշվի են առնվում տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) և տնտեսավարող սուբյեկտի մասին սկզբնական տվյալները, և որով նախատեսվում են հետևյալ չափորոշիչները՝
ա) տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) վտանգավորության աստիճանը.
բ) Միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտի նախագծման (ներառյալ՝ հետազոտությունները) արտադրության, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունները (տնտեսավարող սուբյեկտների ռեեստրին համապատասխան).
գ) Միության տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտի նախագծման (ներառյալ՝ հետազոտությունները) արտադրության, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման ոլորտում տնտեսավարող սուբյեկտի հայտնաբերված խախտումների մասին տեղեկությունները (բալերով՝ կախված խախտումների ծանրությունից)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։
14. «Ռիսկի դինամիկ (վարքագծային) գնահատում» ասելով հասկացվում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) և տնտեսավարող սուբյեկտի մասին սկզբնական տվյալների ճշգրտումը՝ հենց տնտեսավարող սուբյեկտի կողմից այն արդիական տեղեկատվությունը ներառելու միջոցով, որը թույլ է տալիս նվազեցնել կամ բարձրացնել ռիսկի աստիճանը։
15. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ռիսկի դինամիկ (վարքագծային) գնահատմամբ նախատեսվում են հետևյալ չափորոշիչները՝
ա) հենց սուբյեկտի կողմից արտադրանքը հետ կանչելը (խախտումների հայտնաբերման դեպքում)՝ առանց պետական հսկողության (վերահսկողության) մարմնի ներգրավման.
բ) կանխիչ-կանխարգելիչ աշխատանքները, որոնք պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից իրականացվում են տնտեսավարող սուբյեկտների առնչությամբ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
գ) զանգվածային լրատվության միջոցներում տեղադրված՝ պաշտոնապես հաստատված տեղեկատվությունը (որը պարունակում է դրական կամ բացասական գնահատական).
դ) արտադրանքի կամավոր սերտիֆիկացման իրականացումը.
ե) ռիսկի աստիճանի վրա ազդող լրացուցիչ տեղեկատվություն (օրինակ՝ ստուգման տեղափոխումն առանց պատշաճ հիմնավորման)։
16. Չափորոշիչների վերաբերյալ բոլոր քանակական և որակական տվյալները (բնութագրերը) դասակարգվում են (ըստ բալերի)։
17. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման շրջանակներում մոդելի ձևավորման և օգտագործման ժամանակ պետական հսկողության (վերահսկողության) մարմինները որոշում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) վտանգավորության աստիճանը՝ կախված պետական հսկողության (վերահսկողության) օբյեկտից։
18. Մոդելի իրագործման շրջանակներում միատեսակ արտադրանքի խմբերի առնչությամբ կիրառվում է արտադրանքի վտանգավորության աստիճանների միանման դասակարգումը՝ հաշվի առնելով բալային համակարգի օգտագործմամբ շահագործման ռիսկը։
19. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները մշակում են արտադրանքի վտանգավորության աստիճանների միանման դասակարգումը, այդ թվում՝ հաշվի առնելով հետևյալ տեղեկատվությունը՝
ա) պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման արդյունքների մասին.
բ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (արտադրանքի) մասին.
գ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հայտնաբերված՝ մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիներին, բույսերին և շրջակա միջավայրին վնաս պատճառելու դեպքերի մասին, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներում տեղադրված, պաշտոնապես հաստատված տեղեկատվությունը։
20. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս մոդելի օգտագործման ժամանակ պետական հսկողության (վերահսկողության) մարմինները որոշում են ռիսկի աստիճանը՝ տնտեսավարող սուբյեկտի գործունեությանը համապատասխան։
21. Տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը գնահատելիս օգտագործվող մոդելում հաշվի են առնվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում հայտնաբերված խախտումները։
Տնտեսավարող սուբյեկտի գործունեության ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները տնտեսավարող սուբյեկտի գործունեության ռիսկի աստիճանը գնահատելիս համարվում են բարձրացնող գործոն՝ տալով դրական նշանով համապատասխան բալ։
Տնտեսավարող սուբյեկտի գործունեության ստուգման ժամանակ խախտումների բացակայությունը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ռիսկի աստիճանը գնահատելիս համարվում է նվազեցնող գործոն՝ տալով բացասական նշանով համապատասխան բալ։
22. Տնտեսավարող սուբյեկտի գործունեության առնչությամբ ռիսկի աստիճանը որոշելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից կիրառվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված չափորոշիչները։
23. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս մոդելի օգտագործման ժամանակ պետական հսկողության (վերահսկողության) մարմինները հաշվի են առնում հետևյալ լրացուցիչ չափորոշիչները, այդ թվում՝ այն չափորոշիչները, որոնք թույլ են տալիս ճշգրտել ռիսկի աստիճանը (ռիսկի աստիճանը նվազեցնող և բարձրացնող)՝
ա) տնտեսավարող սուբյեկտի կողմի ձեռնարկության անձնակազմի հետ կանխիչ-կանխարգելիչ աշխատանքի իրականացումը՝ ձեռնարկության աշխատանքը բարելավելու և հնարավոր խախտումները կանխելու նպատակով.
բ) տնտեսավարող սուբյեկտների ստուգումների արդյունքների օգտագործումը.
գ) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից տնտեսավարող սուբյեկտների հետ կանխիչ-կանխարգելիչ աշխատանքի իրականացումը (բացատրական աշխատանք, խորհրդակցություններ, այդ թվում՝ այցելելով ձեռնարկություններ, և այլ միջոցառումներ).
դ) սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության կամավոր հաստատումը.
ե) զանգվածային լրատվության միջոցներում խախտումների վերաբերյալ հաստատված տեղեկատվության, ինչպես նաև արտադրանքը ձեռքբերողների (սպառողների) կողմից տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված դիմումների առկայությունը.
զ) տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ինքնուրույն հետկանչի իրականացումը.
է) տնտեսավարող սուբյեկտի այն պլանային ստուգումը տեղափոխելու հիմքերը կամ պատճառները, որի օբյեկտն է կոնկրետ արտադրանքը.
ը) այլ չափորոշիչներ։
24. Ռիսկի աստիճանի ընդհանուր գնահատումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) ռիսկի աստիճանի գնահատման և տնտեսավարող սուբյեկտի գործունեության ռիսկի աստիճանի գնահատման (վիճակագրական գնահատման) հիման վրա՝ հաշվի առնելով այն գնահատումը, որը թույլ կտա նվազեցնել կամ բարձրացնել ռիսկի աստիճանի ընդհանուր գնահատականը (դինամիկ (վարքագծային) գնահատականը)։
25. Ռիսկի աստիճանի հաշվարկն իրականացվում է՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մեթոդիկաներով ռիսկի աստիճանի գնահատման բոլոր չափորոշիչները։
26. Ըստ տեխնիկական կանոնակարգման օբյեկտի (արտադրանքի) ռիսկի (բարձր, միջին, ցածր) և տնտեսավարող սուբյեկտի գործունեության ռիսկի աստիճանի՝ դասակարգումն իրականացվում է՝ կախված անցկացված աշխատանքների և հաշվարկների արդյունքներով ստացված բալերի քանակից, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
27. Հաշվի առնելով դասակարգման արդյունքները՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմինները որոշում են տնտեսավարող սուբյեկտների ստուգումների պարբերականությունը՝ կախված ռիսկի աստիճանից, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
28. Նախատեսվում է պետական հսկողության (վերահսկողության) մարմնի տեղեկատվական-վերլուծական ավտոմատացված այնպիսի համակարգի տեսքով մոդելի իրագործման հնարավորությունը, որը ներառում է ռիսկի վիճակագրական և դինամիկ (վարքագծային) գնահատականներով տվյալների բազաներ, ինչպես նաև Միության մաքսային տարածքում վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի հետ դրա հետագա ինտեգրման հնարավորությունը՝ օպերատիվ կերպով արձագանքելու և վտանգավոր արտադրանքի վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով։