ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
30 մարտի 2020 թվականի |
թիվ 51 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը տեղեկացնելու խնդրանքով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ ի դեմս կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ՝
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով,
ձգտելով գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները,
մեծապես կարևորելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեության իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» 2018 թվականի դեկտեմբերի 6-ի հռչակագրի դրույթները,
համաձայնեցին հետևյալի մասին՝
Հոդված 1
Հիմնական հասկացությունները
Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
«ատենախոսություն»՝ գիտական որակավորման ինքնուրույն աշխատանք, որում շարադրված և ապացուցված են նոր գիտական դրույթներ, և որը կատարված է անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխանող ձևով.
«գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթեր»՝ փիլիսոփայության դոկտորի (PhD), ըստ գիտության ուղղվածության դոկտորի, գիտությունների թեկնածուի, գիտությունների դոկտորի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթեր, որոնք տրված են համապատասխան ատենախոսության հրապարակային պաշտպանության հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
«իրավասու մարմիններ»՝ անդամ պետությունների մարմիններ (կազմակերպություններ), որոնք իրականացնում են բարձրագույն որակավորման գիտական և գիտամանկավարժական աշխատողների ատեստավորում, ինչպես նաև՝ կրթության և գիտության ոլորտում կառավարում.
«գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչում»՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի՝ սույն համաձայնագրին համապատասխան ճանաչվող կարևորությունը՝ այդ փաստաթղթերն ունեցող անձանց աշխատանքային միգրացիայի ոլորտում միևնույն իրավունքների տրամադրմամբ, ինչպիսիք ունեն գիտական աստիճանների վերաբերյալ ազգային փաստաթղթեր ունեցող անձինք.
«լիազորված կազմակերպություններ»՝ անդամ պետությունների կազմակերպություններ, որոնք իրականացնում են գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման տեղեկատվական ապահովման գործառույթը։
Սույն համաձայնագրում օգտագործվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով։
Հոդված 2
Կիրառման ոլորտը
Սույն համաձայնագրով կարգավորվում է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը՝ աշխատանքի տեղավորման պետությունում աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիությունն այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար ապահովելու նպատակով։
Սույն համաձայնագրի դրույթները կիրառվում են նաև մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը տրված՝ գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի առնչությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ աշխատանքի տեղավորման պետությունում ընդունվել է բացասական որոշում՝ ատենախոսության փորձաքննության արդյունքներով։
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման ընթացակարգի իրականացման ժամանակ ընդունված բացասական որոշումները հաշվի առնելու նպատակով անդամ պետություններն իրագործում են համապատասխան տեղեկատվության հասանելիությունն ապահովող միջոցներ։
Հոդված 3
Ճանաչման հիմնական սկզբունքները
Անդամ պետություններն անհրաժեշտ են համարում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանությունը (համադրելիությունը) և արդարացի ճանաչումն ապահովող հետևյալ հիմնական սկզբունքների պահպանումը՝
ատենախոսությունների պաշտպանության ընթացակարգի հանրայնությունը (հրապարակայնությունը)՝ բացառությամբ պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկություններ պարունակող ատենախոսությունների.
գիտական համայնքի կողմից ատենախոսությունների փորձաքննության անցկացման օբյեկտիվությունը, համակողմանիությունն ու ամբողջականությունը.
ըստ ատենախոսությանը համապատասխանող գիտական ուղղվածության՝ գիտական որակավորման բարձր մակարդակ ունեցող գիտնականներին որպես փորձագետներ ներգրավելը.
ատենախոսության վրա աշխատելու ժամանակ հայցորդի կողմից նոր գիտական արդյունքներ ստանալու ինքնուրույնությունը, ինչպես նաև՝ ատենախոսության մեջ ոչ իրավաչափ փոխառություններին և գիտական արդյունքների կեղծմանը հակազդելը.
գրախոսվող գիտական հրատարակություններում, այդ թվում՝ հղումների համակարգերի և տվյալների միջազգային բազաներում ներառված հրատարակություններում հրապարակումներ ունենալու՝ գիտական աստիճանների հայցորդների բարձր ակտիվությունը՝ ատենախոսությունների գիտական ուղղություններին համապատասխան.
բարձրագույն որակավորման գիտական աշխատողների ատեստավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ ատենախոսություններին և գիտական աստիճանների հայցորդներին ներկայացվող պահանջների մակարդակի պահպանումը.
գիտական աստիճանների շնորհման հարցերով, ինչպես նաև՝ գիտական աշխատողների մասնագիտությունների ազգային անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) մշակման ժամանակ համագործակցությունը և տեղեկատվական փոխգործակցությունը։
Հոդված 4
Փիլիսոփայության դոկտորի (PhD), ըստ գիտության ուղղվածության՝ դոկտորի, և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչումը
Փիլիսոփայության դոկտորի (PhD), ըստ գիտության ուղղվածության՝ դոկտորի, գիտությունների թեկնածուի գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերն աշխատանքի տեղավորման պետությունում ճանաչվում են համապատասխանող (համադրելի)՝ առանց ճանաչման ազգային ընթացակարգերի անցկացման։
Հոդված 5
Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերի ճանաչումը
Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի վերաբերյալ փաստաթղթերն աշխատանքի տեղավորման պետությունում ճանաչվում են համապատասխանող (համադրելի)՝ առանց ճանաչման ազգային ընթացակարգերի անցկացման։
Հոդված 6
Անհրաժեշտ պահանջների պահպանումը
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի՝ սույն համաձայնագրով նախատեսված ճանաչումն իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի 3-րդ հոդվածը և դրանք ունեցող անձանց չի ազատում աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու համար գործատուի (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի) կողմից ներկայացվող որակավորման և այլ պահանջներին համապատասխանելու պարտականությունից։
Հոդված 7
Իսկության ստուգումը և տեղեկությունների տրամադրումը
Գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի իսկության ստուգման (վերիֆիկացման), սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված հիմնական սկզբունքների պահպանման հաստատման, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկատվության ստացման նպատակով գիտական աստիճան ունեցողը, գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն), անդամ պետությունների այլ շահագրգիռ մարմիններ իրավունք ունեն հարցումներ ուղարկելու իրավասու մարմիններ և լիազորված կազմակերպություններ, ինչպես նաև ստանալու անհրաժեշտ տեղեկություններ՝ տվյալների տեղեկատվական բազաներին և անմիջապես գիտական աստիճան ունեցողին դիմելու միջոցով։
Սույն հոդվածով նախատեսված հարցումներն ուղարկվում են գրավոր, ռուսերենով և ենթակա են ուսումնասիրման՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որին ուղարկվել է հարցումը։
Հոդված 8
Տեղեկատվական ապահովումը
Սույն համաձայնագիրն իրագործելու նպատակով իրավասու մարմինների կողմից որոշվում են այն լիազորված կազմակերպությունները, որոնք իրականացնում են գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցերի մասին տեղեկատվության փոխանակումը։
Լիազորված կազմակերպություններն ապահովում են իրենց պաշտոնական կայքերում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ռուսերենով հետևյալ տեղեկատվության տեղադրումը՝
գիտական աստիճանների շնորհման հարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի տեքստերը, ինչպես նաև դրանցում փոփոխությունների կատարման մասին տեղեկությունները,
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի ցանկը և նմուշները,
գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերում ներառման համար պարտադիր տեղեկությունների ցանկն այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը տրվում են այն կազմակերպությունների կողմից, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք,
անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված գիտական ատեստավորման համակարգերի մասին, այդ թվում՝ այն գիտական մասնագիտությունների բովանդակության և անվանացանկերի (նախապատրաստման ուղղությունների դասակարգիչների) մասին տեղեկությունները, որոնցով շնորհվում են գիտական աստիճանները, ինչպես նաև՝ այն կազմակերպությունների մասին տեղեկությունները, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված է գիտական աստիճանների ինքնուրույն շնորհման իրավունք։
Հոդված 9
Փորձագիտական խորհրդակցությունները
Սույն համաձայնագրի իրագործման հետ կապված, ինչպես նաև՝ գիտական աստիճանների շնորհման հարցերը կարգավորող՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերում և գիտական ատեստավորման համակարգերում կատարվող փոփոխությունների հետ կապված հարցերն ուսումնասիրվում են իրավասու մարմինների փորձագետների խորհրդակցությունների շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնակցությամբ։
Հոդված 10
Վեճերի կարգավորումը
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։
Հոդված 11
Փոփոխությունների կատարումը
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Հոդված 12
Եզրափակիչ դրույթներ
Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունք է կազմում։
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում այնպիսի փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը, որոնցով նախատեսվում է 97-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության ճշգրտում։
Կատարված է ____________ քաղաքում, 20___ թվականի ____________ «___»-ին մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |