ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 278/15)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
28 oգոստոսի 2025թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2025 թվականի հուլիսի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Ս. Ջաղինյանը։
3. Գանգատն ուղարկվել է Հայաստանի կառավարություն (Կառավարություն)։
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուի գանգատի առնչությամբ կարևորություն ներկայացնող մանրամասները և տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5. Դիմումատուն բողոք է ներկայացրել իր դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ դիմումատուի մեղադրական դատավճռի կայացման գործում կարևոր նշանակություն ունեցող ցուցմունք տվող վկային դատարանում հարցաքննելու հնարավորություն չունենալու համար։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ԿԵՏԻ «Դ» ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուն բողոք է ներկայացրել հատկապես իր դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ իր դեմ ցուցմունք տված վկային դատարանում հարցաքննելու հնարավորություն չունենալու համար։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի վրա։
7. Ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքերում, երբ հետապնդում իրականացնող մարմնի վկան ներկա չի գտնվել դատաքննության ընթացքում, իսկ նրա կողմից նախկինում կատարված հայտարարություններն ընդունվել են որպես ապացույց, հստակ սահմանված են դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]], թիվ 9154/10 գործը, §§ 100-31, ՄԻԵԴ 2015)։ Շաչաշվիլիի գործով Դատարանը գտել էր, որ տեղի էր ունեցել խախտում, քանի որ իշխանությունները հնարավորություն չեն ընձեռել դիմումատուին վարույթի որևէ փուլում հարցաքննել հետապնդում իրականացնող մարմնի երկու առանցքային վկաներին (նույն տեղում՝ §§ 161-65)։
8. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին և ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ ներառյալ՝ կողմերի փաստարկները, Դատարանը չի հայտնաբերել սույն բողոքի ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Դատարանը համարում է, որ այն փաստը, որ դիմումատուին հնարավորություն չի տրվել տվյալ վկային խաչաձև հարցաքննելու, մեծ նշանակություն ունի վերջինիս նկատմամբ քրեական վարույթի ընդհանուր արդարացիության գնահատման գործում: Դատարանը նաև հաշվի է առնում, որ իր տրամադրության տակ գտնվող նյութերում չկա որևէ փաստ, որի համաձայն ազգային դատական մարմինների կողմից ջանք է գործադրվել օգտագործելու որևէ հակակշռող միջոց՝ փոխհատուցելու համար այն դժվարությունները, որոնց բախվել է դիմումատուն վկայի չստուգված ցուցմունքները որպես ապացույց ընդունելու հետևանքով։
9. Հետևաբար սույն բողոքն ընդունելի է և բացահայտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
10. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Avetisyan v. Armenia], թիվ 13479/11 գործը, §§ 73-74, 2016 թվականի նոյեմբերի 10), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի,
2. Վճռում է, որ սույն բողոքը բացահայտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, այն հիմքով, որ դատարանում հնարավորություն չի ընձեռվել հարցաքննելու վկային, որի ցուցմունքը կարևոր նշանակություն է ունեցել դիմումատուի մեղադրական վճռի կայացման գործում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի օգոստոսի 28-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Անդրեաս Զունդ՝ Նախագահ |
Վիկտորիա Մարադուդինա՝ Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(ոչ արդար դատաքննություն՝ հաշվի առնելով վկաներին հարցաքննելու իրավունքի սահմանափակումները)
|
Գանգատ թիվ Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարեթիվը |
Ներկա-յացուցչի անունը և գտնվելու վայրը |
Ներպետական վերջնական որոշումը Առաջադրված մեղադ-րանքները |
Դատաքննության ընթացքում ներկա չգտնվող վկա (նշվում են անվան առաջին տառերը) Վկայի ցուցմունքի համառոտ շարադրանքը |
Ներկա չգտնվելու պատճառները |
Վկաների ներկա չգտնվելու դեպքում ձեռնարկված փոխարինող միջոցներ |
Յուրա-քանչյուր դիմումատուի ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը1 |
Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար տրվող գումարը (եվրոյով)2 |
|
278/15 01․12․2014 |
Սարիբեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1979 |
Ջաղինյան Սամվել Երևան |
Վճռաբեկ դատարան 31.05.2014 Ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը հանգեցրել է մահվան |
Զ․Մ․ Քննության ընթացքում վկայի տված ցուցմունքի համաձայն՝ վերջինս տեսել է, թե ինչպես է դիմումատուն հարձակվել տուժողի վրա, որը հետագայում մահացել է ծանր մարմնական վնասվածքների պատճառով: Զ․Մ․-ն միակ վկան էր, որը պնդում էր, որ տեսել է, թե ինչպես է դիմումատուն դեպքի վայրում հարվածներ հասցրել տուժողին։ Ողղակիորեն հարձակման մասին փաստող այլ ապացույցներ գոյություն չունեին, և դատարանները հիմնականում հիմք են ընդունել տվյալ վկայի ցուցմունքները՝ դիմումատուի կողմից հարձակման վարկածն ապացուցելու համար: Սակայն քննող դատարանում Զ․Մ․-ի եղբայրը պնդել է, որ Զ․Մ․-ն վերջինիս ասել է, որ դիմումատուի վերաբերյալ ոստիկանությունում ստել է։ Քննող դատարանի կողմից կիրառված մյուս ապացույցները միայն փաստական են եղել։ Մասնավորապես քննող դատարանը հիմնվել է այլ վկաների ցուցմունքների վրա։ Սակայն նրանք ականատես են եղել դիմումատուի և տուժողի միջև ծեծկռտուքին միայն այդ երեկո՝ ավելի վաղ, մեկ այլ վայրում (ոչ դեպքի վայրում): Որոշ վկաներ նաև պնդել են, որ դիմումատուն և տուժողը ծեծկռտուքից հետո միասին են հեռացել, չնայած դա հակասում է այլ վկաների ցուցմունքներին, որոնց համաձայն՝ նրանք հեռացել են առանձին։ Բոլոր դեպքերում նրանցից ոչ ոք ականատես չի եղել, թե ով է հարձակվել տուժողի վրա, այլ ավելի ուշ հայտնաբերել են նրան արդեն վնասված՝ դեպքի վայրում: Դատարանները վկայակոչել են նաև դիահերձման և դատաբժշկական եզրակացությունները, որոնց համաձայն տուժողը մահացել է բութ առարկայի (առարկաների), ինչպիսին է բռունցքը կամ երկաթե ձողը, պատճառած վնասվածքներից: |
Մահ՝ |
Դիմումատուի ձերբակալությունից հետո դիմումատուի և Զ․Մ. - ի միջև տեղի է ունեցել մինչդատական առերեսում, որի ընթացքում դիմումատուն որոշել է որևէ հայտարարություն չանել և չպատասխանել հարցերին: Միևնույն ժամանակ քննիչը թույլ չի տվել դիմումատուի իրավաբանին հարցեր ուղղել վկային այն հիմքով, որ դիմումատուին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, և նա առերեսմանը մասնակցել է որպես վկա, այլ ոչ որպես կասկածյալ: Դիմումատուի նկատմամբ մեղադրանք առաջադրվելուց հետո վերջինս դիմել է իր և Զ․Մ․-ի միջև առերեսում անցկացնելու խնդրանքով, որը մերժվել է քննիչի կողմից՝ նրանց հայտարարություններում հակասությունների բացակայության հիմքով։ Վարույթի ամբողջ ընթացքում դիմումատուին թույլ չեն տվել առերեսում ունենալ Զ․Մ․-ի հետ։ |
2,400 |
500 |
_____________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|