ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 14875/23
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 08.10.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.08.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 14875/23)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

28 oգոստոսի 2025թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Դիանա Սարկու [Diana Sârcu],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,

և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,

2025 թվականի հուլիսի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն գործը հարուցվել է ,Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2023 թվականի ապրիլի 11-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

2. Գանգատի մասին ծանուցումն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն)։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

3. Դիմումատուի գանգատի առնչությամբ կարևորություն ներկայացնող մանրամասները և տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:

4. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ իր կալանքի տակ գտնվելու ընթացքում պատշաճ բժշկական օգնություն չստանալու և իր կալանքի տակ գտնվելու պայմանների, ներառյալ՝ սանհանգույցից օգտվելու սահմանափակ հնարավորության ու դիետիկ սննդի բացակայության վերաբերյալ, որոնք անհամատեղելի էին վերջինիս առողջական վիճակի հետ։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

5. Դիմումատուն հիմնականում բողոքել է, որ իր կալանքի տակ գտնվելու ընթացքում վերջինիս չեն տրամադրել պատշաճ բուժում, և կալանքի տակ գտնվելու պայմաններն անհամատեղելի են եղել իր առողջական վիճակի հետ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա։

6. Դատարանը նշում է, որ դիմումատուն տառապել է կից աղյուսակում նշված լուրջ հիվանդություններով, որոնք ազդեցություն են ունեցել նրա առօրյա կենսագործունեության վրա: Այսպիսով, նրան կարող էր զգալիորեն անհանգստացնել իրեն տրամադրված բուժման պատշաճ լինելու հանգամանքը։

7. Դատարանը վերահաստատում է, որ ցուցաբերված բուժօգնության ,պատշաճ լինելըե շարունակում է մնալ այնպիսի տարր, որն ամենից բարդն է որոշել (տե՛ս Բլոխինն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Blokhin v. Russia], թիվ 47152/06 գործը, § 137, ՄԻԵԴ 2016)։ Այս համատեքստում Դատարանը պարզաբանել է, որ իշխանությունները պետք է ապահովեն ախտորոշման և բժշկական օգնության տրամադրման օպերատիվությունն ու ճշգրտությունը (տե՛ս, օրինակ, Գորբուլյան ընդդեմ Ռուսաստանի [Gorbulya v. Russia], թիվ 31535/09 գործը, § 62, 2014 թվականի մարտի 6, հետագա հղումներով, և Պոխլեբինն ընդդեմ Ուկրաինայի [Pokhlebin v. Ukraine] թիվ 35581/06 գործը, § 62, 2010 թվականի մայիսի 20, հետագա հղումներով), և առողջական վիճակով պայմանավորված հսկողության կանոնավոր և համակարգված լինելը՝ ներառելով համալիր բուժման ռազմավարություն՝ կալանքի տակ գտնվող անձի առողջական խնդիրները բարեհաջող կարգավորելու կամ դրանց վատթարացումը կանխելու նպատակով (տե՛ս, inter alia (ի թիվս այլնի), Յուխանն ընդդեմ Ուկրաինայի [Ukhan V. Ukraine], թիվ 30628/02 գործը, § 74, 2008 թվականի դեկտեմբերի 18, հետագա հղումներով և Կոլեսնիկովիչն ընդդեմ Ռուսաստանի [Kolesnikovich v. Russia], թիվ 44694/13 գործը, § 70, 2016 թվականի մարտի 22, հետագա հղումներով): Դատարանն ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկներում բուժման տրամադրումը պետք է լինի համարժեք և համադրելի այն բուժման որակի հետ, որը պետական իշխանությունները պարտավորվել են տրամադրել ամբողջ ազգաբնակչությանը: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ կալանքի տակ գտնվող յուրաքանչյուր անձի համար պետք է երաշխավորված լինի միևնույն մակարդակի բուժում, որը հասանելի է ազատազրկման վայրերից դուրս գտնվող լավագույն բուժհաստատություններում (տե՛ս, օրինակ, Սադրետդինովն ընդդեմ Ռուսաստանի [Sadretdinov v. Russia], թիվ 17564/06 գործը, § 67, 2016 թվականի մայիսի 24, հետագա հղումներով, և Կոնովալչուկն ընդդեմ Ուկրաինայի [Konovalchuk v. Ukraine], թիվ 31928/15 գործը, § 52, 2016 թվականի հոկտեմբերի 13 հետագա հղումներով):

8. Ուսումնասիրելով գործով ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը հայտնաբերել է դիմումատուի բուժման հետ կապված թերությունները, որոնք թվարկված են կից աղյուսակում: Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ (տե՛ս Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, [Ashot Harutyunyan v. Armenia] թիվ 34334/04 գործը, §§ 101-16, 2010 թվականի հունիսի 15, և Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի [Shirkhanyan v. Armenia], թիվ 54547/16 գործը, §§ 149-74, 2022 թվականի փետրվարի 22): Հաշվի առնելով տվյալ հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը գտնում է, որ տվյալ գործում դիմումատուն կալանքի տակ գտնվելու ընթացքում չի ստացել համալիր և պատշաճ բժշկական օգնություն: Բացի այդ, դիմումատուի վիճակն ավելի է վատթարացել նրա կալանքի տակ գտնվելու պայմանների հետևանքով, որոնք պատշաճ չեն եղել սանհանգույցի սահմանափակ հասանելիության պատճառով (հետագա մանրամասների համար տե՛ս կից աղյուսակը) (տե՛ս վերևում հիշատակված Շիրխանյանի գործը, §§ 166-69)։

9. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։

10. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերջինս արդեն սահմանել է սույն գործով ծագող հիմնական իրավական հարցերը, և հետևաբար կարիք չկա առանձին քննելու դիմումատուի լրացուցիչ բողոքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ նրա կալանքի պայմանների, այդ թվում՝ դիետիկ սննդի ենթադրյալ բացակայության վերաբերյալ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania], [GC]], թիվ 47848/08 գործը, § 156, ՄԻԵԴ 2014):

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Շիրխանյանի գործը, § 216)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է կալանքի տակ գտնվելու ընթացքում տրամադրված բուժօգնության ոչ պատշաճ լինելու և սանհանգույցի սահմանափակ հասանելիության մասին բողոքներն ընդունելի և համարում է կալանավորման պայմաններն անհամատեղելի դիմումատուի առողջական վիճակի հետ, ինչպես նշված է կից աղյուսակում, ինչպես նաև գտնում է, որ գանգատի մնացած մասն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի օգոստոսի 28-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

 Անդրեաս Զունդ՝

Նախագահ

Վիկտորիա Մարադուդինա՝

Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ

 

(կալանքի տակ գտնվելու ընթացքում տրամադրված ոչ պատշաճ բուժում) Գանգատ թիվ

Ներկայացման ամսաթիվը

Դիմումատուի անունը

Ծննդյան տարեթիվը

Ներկա-յացուցչի անունը և գտնվելու վայրը

Ընդհանուր առող-ջական վիճակը

Բուժման թերությունները

Ամսաթվեր

Ազա-տազրկման վայրը, ազա-տազրկման ժամանա-կահատ-վածը

Կալանավորման պայմանների նկարագրությունը

Յուրա-քանչյուր դիմու-մատուի ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը

(եվրոյով)1

Յուրա-քանչյուր գանգատի դիմաց ծախսերի և ծախքերի համար տրվող գումարը

(եվրոյով)2

14875/23

2023 թվականի ապրիլի 11

Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1958

Ղազարյան Արայիկ

Երևան

Ծանր ընթացքով շաքարային դիաբետ, սրտային պաթոլոգիա

Դեղորայքային բուժման բացակայություն/
ուշացում, բժշկական հետազոտության բացակայություն/
ուշացում, մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխման անհնարինություն/ ուշացում, մասնագետի հետ խորհրդատվության բացակայություն/ ուշացում, դեղորայքի ընդունման, ինչպես նաև այլ պլանային բժշկական պրոցեդուրաների համար անհրաժեշտ օգնության բացակայություն

05.05.2023- ենթակա է քննության,

Ավելի քան 2 տարի 15 օր

Արմավիր

(05.05.2023-26.06.2023), Վարդաշեն

(26.06.2023-մինչ օրս)

Դիմումատուն՝ տեղաշարժման լուրջ խնդիրներ ունեցող անձը, ունեցել է սանհանգույցից օգտվելու սահմանա-փակումներ. նշված տարածքները հարմարեցված չեն եղել և հետևաբար անհասանելի են եղել այդպիսի բժշկական սահմանա-փակումներով անձանց համար. նա զրկված է եղել ամենօրյա օգնությունից՝ իր կարիքները հոգալու համար, ինչպիսիք են դեղորայքի ընդունումը և անձնական հիգիենայի պահպանումը. նրան օգնություն են ցուցաբերել խցակիցները՝ հոգալու իր ամենօրյա սանիտարական և բժշկական կարիքները

10,000

4,350

 

_____________________________

1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան