ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4045-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4045-Ա

«03» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հարություն Սարգսյանի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի սեպտեմբերի 30-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել են Հարություն Սարգսյանը և վերջինիս լիազորված անձ՝ Գեղամ Խլղաթյանը:

Ուսումնասիրելով 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումը, նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի սեպտեմբերի 30-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատարի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 581 և 2025 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 632 գրությունները և գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցներն ու փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Լսումների ընթացքում Հարություն Սարգսյանը պնդելով 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումով ներկայացված պահանջը և հիմք ընդունելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները՝ խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հուլիսի 14-ին Մոլդովական փողոցի թիվ 6/7 հասցեի դիմաց տրոլեյբուսի սնուցման էլեկտրական լարը «Lexus Nx 300 2.0T» մակնիշի «44 NX 404» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում պատճառված վնասը՝ 377.000 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամի չափով:

2024 թվականի մարտի 4-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YJ702490 վկայագրի համաձայն՝ «Lexus Nx 300 2.0T» մակնիշի «44 NX 404» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Սևակ Սարգսյանի սեփականությունը:

Հայաստանի հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի վարչական վարույթի իրականացման բաժնի տեսուչի կողմից 2025 թվականի օգոստոսի 5-ին կայացված՝ թիվ 567471 վարչական վարույթը կարճելու մասին որոշման մեջ նշված փաստական հանգամանքների համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 14-ին Երևան քաղաքի Գայի պողոտայի՝ Մոլդովական փողոցի թիվ 6/7 հասցեի դիմացի հատվածում տրոլեյբուսի սնուցման էլեկտրալարն ընկել է Հարություն Սարգսյանի կողմից վարած «Lexus Nx 300 2.0T» մակնիշի «44 NX 404» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դիմապակուն:

«Տոյոտա Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված հաշվարկի համաձայն՝ փոխադրամիջոցի՝ ենթադրաբար փոխարինման ենթակա մասերի և դրանց փոխարինման աշխատանքների արժեքի հանրագումարը կազմում է 377.000 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամ:

2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումին կից, ինչպես նաև 2025 թվականի սեպտեմբերի 30-ին հրավիրված լսումների ընթացքում չեն ներկայացվել «Lexus Nx 300 2.0T» մակնիշի «44 NX 404» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասմանը հանգեցրած պատահարի հանգամանքներն ու պատճառները հետազոտող, ինչպես նաև տրանսպորտային միջոցի հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ գույքին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը պատկանում է վնասված գույքի սեփականատիրոջը (սեփականատերերին), ով (ովքեր) պահանջը կարող է (են) ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող ներկայացուցչի միջոցով:

Քննարկվող պարագայում՝ «Lexus Nx 300 2.0T» մակնիշի «44 NX 404» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը հանդիսանում է Սևակ Սարգսյանը, մինչդեռ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է Հարություն Սարգսյանի կողմից, ով հանդես է եկել անձամբ և չի ներկայացրել Սևակ Սարգսյանի անունից հանդես գալու իրավասություն սահմանող՝ օրենքով նախատեսված կարգով տրված լիազորագիր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:

Քննարկվող պարագայում՝ 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումին կից ներկայացված, ինչպես նաև վարչարարության շրջանակներում ստացված նյութերի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտման արդյունքում չեն հիմնավորվում նույն դիմումում նկարագրված պատահարի արդյունքում Հարություն Սարգսյանի կողմից 377.000 (երեք հարյուր յոթանասունյոթ հազար) ՀՀ դրամի չափով վնաս կրելու, ինչպես նաև ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքները:

Հաշվի առնելով, որ 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումով վնասի հատուցման պահանջը ոչ իրավասու անձի կողմից ներկայացված լինելու հանգամանքն արդեն իսկ դիմումի մերժման հիմք է հանդիսանում, ուստի վարույթով ապացուցման ենթակա՝ պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությանն ու վնասի չափին առնչվող փաստական հանգամանքներն ապացուցված լինել-չլինելու հարցը առանձին գնահատման առարկա չի դարձվում:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է վնասված գույքի սեփականատեր չհանդիսացող անձի կողմից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Հարություն Սարգսյանի 2025 սեպտեմբերի 3-ի թիվ Դ-96992-25 դիմումով ներկայացված պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան