ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԵՎ ԴԻԼԵՐՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 135
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ԵՎ ԴԻԼԵՐՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՐՍԱՆԵՐԻ (ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ) ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 10-ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման անցկացման արդյունքների մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղազախստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության՝ ֆինանսական շուկայի կարգավորման ու զարգացման հարցերով գործակալության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի գործունեության համար պատշաճ պայմաններ ստեղծելու նպատակներով,

կիսելով ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու ձգտումը,

ճանաչելով Միության մեկ անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետությունների բորսաների (առևտրի կազմակերպիչների) կազմակերպված սակարկություններին մասնակցելու թույլտվության ապահովման անհրաժեշտությունը,

շահագրգռվածություն արտահայտելով անդամ պետությունների փոխադարձ առևտրային և ներդրումային համագործակցությունն ամրապնդելու, անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացումը խթանելու հարցում,

հիմնվելով իրավահավասարության և փոխադարձ օգուտի սկզբունքների վրա, հաշվի առնելով անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսական շահերը,

միմյանց ցուցաբերելով համակողմանի աջակցություն՝ սույն համաձայնագրի իրականացման նպատակներով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրի նպատակներով՝ գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը՝

բորսա (առևտրի կազմակերպիչ)՝ իրավաբանական անձ, որը մատուցում է արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) կազմակերպված սակարկությունների ծառայություններ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան և այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը.

բրոքեր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է բրոքերային գործունեություն՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

բրոքերային գործունեություն՝ հաճախորդների հանձնարարությունների կատարմանն ուղղված գործունեություն՝ կապված արժեթղթերի մասով քաղաքացիաիրավական գործարքների կատարման և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի կնքման հետ, որն իրականացվում է հաճախորդների հետ պայմանագրերի հիման վրա.

դեպոզիտարիա, կենտրոնական դեպոզիտարիա՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է դեպոզիտարային գործունեություն՝ այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և (կամ) այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

դեպոզիտարային գործունեություն՝ արժեթղթերի շուկայում արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման և փոխանցման ծառայությունների մատուցման գործունեություն.

դիլեր՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է դիլերային գործունեություն՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը, և այդ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա.

դիլերային գործունեություն՝ արժեթղթերի առուվաճառքի գործարքների կատարում և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի կնքում՝ իր անունից և իր հաշվին, եթե այդպիսի գործարքների կատարման համար պահանջվում է այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիա (թույլտվություն), որտեղ գրանցված է այդպիսի գործարքները կատարող անձը.

բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից անցկացվող կազմակերպված սակարկություններում ուղիղ (անմիջական) մասնակցության հնարավորության ապահովում՝ արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) առուվաճառքի պայմանագրերի կնքման համար.

օտարերկրյա հաճախորդ՝ ֆիզիկական անձ, որը Միության անդամ չհանդիսացող պետության քաղաքացի է և օգտվում է բրոքերի ծառայություններից, կամ իրավաբանական անձ, որը գրանցված (հիմնադրված) է Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում և օգտվում է բրոքերի ծառայություններից.

քլիրինգ՝ կատարման ենթակա պարտավորությունների սահմանում, որոնք ծագում են կազմակերպված սակարկությունների ժամանակ կնքվող պայմանագրերից, և այդ պարտավորությունների դադարեցման և (կամ) կատարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի (տեղեկատվության) նախապատրաստում, ինչպես նաև այդ պարտավորությունների կատարման ապահովում.

քլիրինգային գործունեություն՝ գործունեություն՝ ուղղված քլիրինգի իրականացման ծառայությունների մատուցմանը.

քլիրինգային կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է քլիրինգային գործունեություն՝ այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է այդ իրավաբանական անձը.

ազգային հաճախորդ՝ անդամ պետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձ կամ անդամ պետության տարածքում գրանցված (հիմնադրված) իրավաբանական անձ, որն օգտվում է այդ անդամ պետության տարածքում գրանցված բրոքերի ծառայություններից.

օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ՝ մեկ անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կողմից մյուս անդամ պետության դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) կամ այն բրոքերի համար բացվող հաշիվ, որը, իր պետության օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի իրականացնելու դեպոզիտարային գործունեություն.

լիազորված մարմին՝ անդամ պետության մարմին, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, օժտված է բորսաների (առևտրի կազմակերպիչների), բրոքերների, դիլերների, դեպոզիտարիաների (կենտրոնական դեպոզիտարիաների), քլիրինգային կազմակերպությունների գործունեության կարգավորում, լիցենզավորում, հսկողություն, վերահսկողություն իրականացնելու լիազորություններով՝ բացառությամբ այն լիազորված մարմինների, որոնք օժտված են լիազորություններով միայն ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմով անդամ պետությունների իրավազորություններում (տարածքներում):

Սույն համաձայնագրում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով սահմանված նշանակություններով:

 

Հոդված 2

 

1. Սույն համաձայնագրի առարկան մեկ անդամ պետության բրոքերների և դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության ապահովումն է:

2. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմով անդամ պետությունների իրավազորությունների (տարածքների) վրա։

3. Յուրաքանչյուր անդամ պետություն ստեղծում է պայմաններ՝ դիլերային գործունեություն իրականացնելու նպատակով մյուս անդամ պետությունների դիլերների՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության համար, ինչպես նաև մյուս անդամ պետությունների բրոքերների՝ բացառապես ազգային հաճախորդների և Միության անդամ չհանդիսացող պետությունների հաճախորդ ռեզիդենտների շահերից ելնելով բրոքերային ծառայություններ մատուցելու համար՝ հաշվի առնելով սույն հոդվածի 10-րդ կետի դրույթները:

4. Մեկ անդամ պետության բրոքերների ու դիլերների՝ մյուս անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը տրամադրվում է ոչ պակաս բարենպաստ պայմաններով, քան այդ մյուս անդամ պետության տարածքում գրանցված բրոքերներին ու դիլերներին այդպիսի բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից տրամադրվող մասնակցության թույլտվության պայմանները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։

5. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված լիցենզիայի (թույլտվության) հիման վրա, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը):

6. Բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության դեպքում բրոքերներին և դիլերներին հնարավորություն է տրվում, այդ թվում՝

1) կազմակերպված սակարկությունների ժամանակ հայտեր ներկայացնել և գործարքներ կնքել (բորսայի (առևտրի կազմակերպչի) պահանջները կատարելու պայմանով).

2) դառնալ քլիրինգի մասնակիցներ՝ այն անդամ պետության տարածքում գրանցված քլիրինգային կազմակերպության ծառայությունների օգտագործմամբ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը) (այդպիսի կազմակերպության պահանջները կատարելու պայմանով).

3) ստանալ կազմակերպված սակարկություններին և քլիրինգին մասնակցության տեխնիկական թույլտվություն (այդ տեխնիկական թույլտվությունը տրամադրող անձի պահանջները կատարելու պայմանով).

4) անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում) բացել համապատասխան հաշիվներ (դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի) պահանջները կատարելու պայմանով):

7. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը մյուս անդամ պետությունների բրոքերներին և դիլերներին կարող է տրամադրվել կազմակերպված սակարկություններին, դեպոզիտարային և քլիրինգային ծառայություններին հեռահար մուտքի միջոցով:

8. Մեկ անդամ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների մասնակցության թույլտվությունը տրամադրվում է նրանց կողմից այն անդամ պետության օրենսդրության պահանջների պահպանման պայմանով, որտեղ գրանցված է այդ բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ թվում` արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում (ներառյալ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) շուկայում բրոքերային և դիլերային գործառնություններ կատարելը), արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) շուկայում չարաշահումներին հակազդելու ոլորտում (ներառյալ շուկայի մանիպուլյացիան և ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործումը), բորսայական, քլիրինգային և դեպոզիտարային գործունեության ոլորտում, ինչպես նաև բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված կանոնների պահպանման պայմանով։

Այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից սահմանվող պրուդենցիալ վերահսկողության լիցենզիոն պահանջներն ու նորմատիվները, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), չեն տարածվում մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների վրա:

Իր հաճախորդների հետ բրոքերի փոխգործակցության կարգը սահմանվում է այն անդամ պետության օրենսդրությամբ (այդ թվում՝ լիազորված մարմինների կողմից), որտեղ գրանցված է այդ բրոքերը:

9. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան դեպոզիտարային գործունեություն իրականացնող՝ մեկ անդամ պետության բրոքերներն ու դեպոզիտարիաները (կենտրոնական դեպոզիտարիան) իրավունք ունեն հաշիվներ բացելու մյուս անդամ պետությունների դեպոզիտարիաներում (կենտրոնական դեպոզիտարիաներում)՝ այդ մյուս անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով։

Բրոքերը, դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որոնց համար բացվել է արտասահմանյան անվանատիրոջ հաշիվը, պարտավոր են ապահովել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ դեպոզիտային գործունեության նկատմամբ սահմանված պահանջների կատարումը, որի տարածքում իր գործունեությունն է իրականացնում այն դեպոզիտարիան (կենտրոնական դեպոզիտարիան), որում բացված է այդպիսի հաշիվ:

10. Անդամ պետությունն իրավունք ունի սահմանելու սահմանափակումներ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև այն երրորդ պետությունների ու տարածքների նկատմամբ, որոնց ռեզիդենտներին այդ անդամ պետության բրոքերներն իրավունք չունեն ծառայություններ մատուցելու այդ անդամ պետության տարածքում։

Բորսան (առևտրի կազմակերպիչը), այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համաձայնեցված ժամկետի ընթացքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), սահմանված ընթացակարգով կասեցնում է այն բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը, որը շարունակում է այդ բորսայում (առևտրի կազմակերպչում) իրականացնել բրոքերային գործունեություն՝ երրորդ պետությունների ու տարածքների այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ռեզիդենտների շահերից ելնելով, որոնց նկատմամբ գործում են սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումները։ Տեխնիկական հնարավորության առկայության դեպքում բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցվում է միայն բրոքերի՝ այդ հաճախորդների շահերից բխող գործառնությունների մասով։ Ընդ որում, մինչև բրոքերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելը, նրա կողմից կնքված գործարքների մասով հաշվարկները պետք է ավարտին հասցվեն։

11. Յուրաքանչյուր անդամ պետություն ֆինանսական համակարգի կայունության պահպանման և (կամ) տնտեսական ռիսկերի կանխարգելման համար (բացառիկ դեպքերում) կարող է սահմանել ինչպես այդ անդամ պետության բրոքերների ու դիլերների, այնպես էլ իր տարածքում գործունեություն իրականացնող մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների կողմից արժեթղթերի ու ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) հետ գործառնությունների կատարման ժամանակավոր հատուկ կարգն ու պայմանները։ Այդպիսի միջոցների կիրառումը դադարեցվում է այն դեպքում, երբ դրանց սահմանումը պայմանավորող հանգամանքները կդադարեն գոյություն ունենալուց։

 

Հոդված 3

 

Լիազորված մարմինները, անհրաժեշտության դեպքում, անդամ պետությունների բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) ցուցաբերում են աջակցություն բորսաների (առևտրի կազմակերպիչների) միջև փոխգործակցություն սահմանելու գործում (այդ թվում՝ բորսաների (առևտրի կազմակերպիչների) կողմից համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով):

Սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում յուրաքանչյուր անդամ պետության լիազորված մարմին աջակցություն է ցուցաբերում մյուս անդամ պետության բորսային (առևտրի կազմակերպչին)՝ այդ բորսայի (առևտրի կազմակերպչի) հարցման հիման վրա՝ իր անդամ պետության օրենսդրության՝ բրոքերներին և (կամ) դիլերներին, ինչպես նաև դեպոզիտարային գործունեությանը ներկայացվող պահանջների հետ կապված այնպիսի հարցերի վերաբերյալ դրան տեղեկատվություն տրամադրելու ձևով, որոնց մասով այդ լիազորված մարմինն ունի կարգավորման և (կամ) հսկողության, վերահսկողության լիազորություններ։

 

Հոդված 4

 

Սույն համաձայնագրի իրականացման նպատակներով՝ լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի hամաձայնագրին համապատասխան:

 

Հոդված 5

 

1. Լիազորված մարմինը սահմանում է իր անդամ պետությունում գրանցված բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից հետևյալ տեղեկատվությունը ներկայացվելու կարգն ու ժամկետները՝

1) բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների մասնակցության թույլտվության (թույլտվության վերականգնման) մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.

2) մյուս անդամ պետությունների այն բրոքերների և (կամ) դիլերների նկատմամբ ազդեցության միջոցների կիրառման մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ, որոնց տրամադրվել է բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվություն.

3) բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից կազմակերպված սակարկություններին մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների մասնակցության թույլտվության կասեցման (դադարեցման) մասին բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից ընդունված որոշման վերաբերյալ.

4) մյուս անդամ պետությունների բրոքերների (և (կամ) նրանց հաճախորղների) և մյուս անդամ պետությունների դիլերների կողմից այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների հնարավոր խախտումների մասին վկայող հատկանիշների վերաբերյալ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը հակազդելու և շուկայի մանիպուլյացիայի ոլորտում.

5) մյուս անդամ պետությունների բրոքերների կողմից իրենց անդամ պետության օրենսդրության այնպիսի պահանջների հնարավոր խախտումների մասին վկայող հատկանիշների վերաբերյալ, որոնցով կարգավորվում է բրոքերի՝ իր հաճախորդների հետ փոխգործակցության կարգը (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում).

6) բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից հայտնաբերված՝ մյուս անդամ պետությունների բրոքերների և դիլերների կողմից՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից սահմանված պահանջների ու արգելքների էական խախտումների փաստերի վերաբերյալ։ Խախտումների էական լինելու չափորոշիչները կարող են սահմանվել բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններին և (կամ) այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը).

7) այլ խախտումների, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) և (կամ) այն անդամ պետության լիազորված մարմնի հայեցողությամբ, որի տարածքում գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։

2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված տեղեկատվությունն ստանալու դեպքում լիազորված մարմինն իրականացնում է այդ տեղեկատվության փոխանցումն այն անդամ պետությունների լիազորված մարմիններին, որտեղ գրանցված են բրոքերներն ու դիլերները, հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն տեղեկատվությունն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ՝ «Կապիտալի ազատ տեղաշարժն ապահովելու համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկատվության, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի hամաձայնագրով նախատեսված կարգով։

3. Լիազորված մարմինը «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցում՝ իր պաշտոնական կայքում, հրապարակում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) լիցենզիայի (թույլտվության) գործողության կասեցման (վերսկսման) կամ մասնագիտական գործունեության կասեցման (վերսկսման) վերաբերյալ՝ նշելով կասեցման (վերսկսման) ժամկետը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ.

2) բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) լիցենզիայի (թույլտվության) կամ մասնագիտական գործունեության չեղարկման վերաբերյալ՝ նշելով չեղարկման, լիցենզիայի (թույլտվության) գործողության դադարեցման, մասնագիտական գործունեության դադարեցման ամսաթիվը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ.

3) արժեթղթերի և (կամ) ածանցյալ ֆինանսական գործիքների (ածանցյալ ֆինանսական գործիքներ հանդիսացող պայմանագրերի) շուկայում բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից առանձին գործառնությունների անցկացման արգելքների կամ սահմանափակումների սահմանման վերաբերյալ՝ նշելով արգելքի (սահմանափակման) ժամկետը՝ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվանից ոչ ուշ։

4. Լիազորված մարմինը հրապարակում է բրոքերի, դիլերի, դեպոզիտարիայի (կենտրոնական դեպոզիտարիայի), բորսայի (առևտրի կազմակերպչի) նկատմամբ կիրառվող այլ միջոցների մասին տեղեկատվությունն այն դեպքում, երբ այդ տեղեկատվության հրապարակումը նախատեսված է այդ լիազորված մարմնի անդամ պետության օրենսդրությամբ՝ այդ օրենսդրությամբ նախատեսված կարգով և ժամկետներում։

 

Հոդված 6

 

1. Լիազորված մարմինը, սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև այլ դեպքերում (անհրաժեշտության դեպքում) անցկացնում է մյուս անդամ պետությունների բրոքերների ու դիլերների գործունեության, նրանց գործառնությունների և նրանց պատասխանատու անձանց գործառնությունների ստուգում։

2. Ստուգումը նշանակվում և անցկացվում է լիազորված մարմնի կողմից՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

3. Սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այն անդամ պետության՝ ստուգման կազմակերպիչը հանդիսացող լիազորված մարմնի համաձայնության դեպքում, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը), և այն դեպքում, երբ այդ ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։

Սույն հոդվածի 5-րդ և 7-րդ կետով նախատեսված դեպքերում ստուգումը կարող է անցկացվել այն անդամ պետության լիազորված մարմնի հետ համատեղ, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը), ստուգման կազմակերպիչը հանդիսացող լիազորված մարմնի համաձայնության դեպքում և այն դեպքում, երբ այդ ստուգումների անցկացումը չի հակասում այդ անդամ պետությունների օրենսդրությանը։

4. Այն դեպքում, երբ խախտումը կապված է մյուս անդամ պետության բրոքերի՝ իր հաճախորդների հետ փոխգործակցության կարգի հետ, այն անդամ պետության լիազորված մարմինը, որտեղ գրանցված է բրոքերը, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) այդ բրոքերին և (կամ) նրա պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում, նաև տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բորսան։

5. Այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջների ու արգելքների խախտման դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը) (այդ թվում՝ ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման և շուկայի մանիպուլյացիայի ոլորտում), այդ անդամ պետության լիազորված մարմինը ձեռնարկում է ազդեցության միջոցներ՝ ուղղված խախտումների վերացմանը և (կամ) այդպիսի խախտումներ կատարած բրոքերին և (կամ) նրա պատասխանատու անձանց, և (կամ) նրա հաճախորդներին պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է (անհրաժեշտության դեպքում, նաև տրամադրում է հաստատող փաստաթղթեր) այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը)։

6. Բորսան (առևտրի կազմակերպիչը) իրավունք ունի կասեցնելու (դադարեցնելու) մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ այդ բրոքերի (դիլերի) կողմից բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոնները, ինչպես նաև այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու արգելքները խախտելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։

Բորսան (առևտրի կազմակերպիչը) կասեցնում (դադարեցնում) է մյուս անդամ պետության բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը՝ համապատասխան բրոքերի կամ դիլերի՝ կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվությունը կասեցնելու (դադարեցնելու) անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից ստանալու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը)։

7. Այլ խախտումների վերաբերյալ տեղեկատվությունն այն անդամ պետության լիազորված մարմին ներկայացվելու դեպքում, որտեղ գրանցված է բորսան (առևտրի կազմակերպիչը), այդ լիազորված մարմինը, իր օրենսդրությանը համապատասխան, ձեռնարկում է միջոցներ՝ ուղղված խախտումները վերացնելուն և (կամ) համապատասխան բրոքերին (դիլերին) պատասխանատվության ենթարկելուն, և համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ այդ մասին տեղեկացնում է այն անդամ պետության լիազորված մարմնին, որտեղ գրանցված է բրոքերը (դիլերը)։

8. Այն դեպքում, երբ սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության հիման վրա ընդունվել է որոշում՝ համապատասխան բրոքերին (դիլերին) և (կամ) նրա պատասխանատու անձանց նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու վերաբերյալ, լիազորված մարմինը, համապատասխան որոշումն ընդունելու օրվանից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, այդ մասին տեղեկացնում է նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմնին։

9. Սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը փոխանցած լիազորված մարմինը բորսային (առևտրի կազմակերպչին) ծանուցում է ստուգման արդյունքների մասին: Լիազորված մարմնի կողմից խախտում հայտնաբերվելու դեպքում բորսան (առևտրի կազմակերպիչը) իրականացնում է գործողություններ՝ ուղղված մյուս անդամ պետության բրոքերի (դիլերի) նկատմամբ ազդեցության միջոցների կիրառմանը (ներառյալ բորսայի (առևտրի կազմակերպչի) կազմակերպված սակարկություններին մասնակցության թույլտվության կասեցումը (դադարեցումը))։

10. Պատասխանատվության միջոցների կիրառման և անդամ պետությունների պետական իշխանության մարմինների կողմից ընդունված որոշումների կատարումն ապահովելու հետ կապված հարցերը, սույն հոդվածի 5-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում, սահմանվում են Միության շրջանակներում առանձին միջազգային պայմանագրով (միջազգային պայմանագրերով):

 

Հոդված 7

 

1. Սույն համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը լիազորված մարմինների կողմից ուսումնասիրվում են համատեղ խորհրդակցությունների անցկացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավմամբ:

2. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։

 

Հոդված 8

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է __________ քաղաքում, 20 _____ թվականի _______ «_____», մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից

Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից

   

Ղազախստանի Հանրապետության
կառավարության կողմից

 

Ղազախստանի Հանրապետության՝
ֆինանսական շուկայի կարգավորման
ու զարգացման հարցերով
գործակալության կողմից

Ղրղզստանի Հանրապետության
կառավարության կողմից

   

Ռուսաստանի Դաշնության
կառավարության կողմից

 

Ռուսաստանի Դաշնության
կենտրոնական բանկի կողմից