|
20 հոկտեմբերի 2020 թվականի |
թիվ 145 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ (ՏՐԱՄԱԴՐՄԱՆ), ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի համար պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2021 թվականի մարտի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել համաձայնագրի նախագծի՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական համաձայնեցումն անցկացնելու արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի համար պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
կիսելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունն ապահովելու ձգտումը,
ելնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի համար պահեստային վկայագրերի կիրառման փորձի ընդլայնման և դրանց կայուն շրջանառության ապահովման, ինչպես նաև՝ պահեստային վկայագրերի իրավատերերի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության հարցում անդամ պետությունների շահագրգռվածությունից,
պահպանելով փոխադարձ հարգանքի, հավասարության և հրապարակայնության սկզբունքները,
համաձայնեցին հետևյալի մասին՝
Հոդված 1
Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
պահեստային վկայագրի իրավատեր՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրավունք ունի տնօրինելու պահեստում պահվող գյուղատնտեսական արտադրանքն այն քանակով և որակով, որոնք նշված են պահեստային վկայագրում.
գրավառու՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի գյուղատնտեսական արտադրանքի գրավով ապահովված պարտավորությունների կատարումը պահանջելու իրավունքը.
պահեստային վկայագրերի ռեեստր՝ անդամ պետության տեղեկատվական ռեսուրս, որը տեղեկություններ է պարունակում թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրերի մասին, այդ թվում՝ պահեստային վկայագրերի հետ գործառնությունների (ներառյալ դրանց մարումը) մասին, պահեստային վկայագրերի շրջանառության կամ դրանց մասով իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակումների (ներառյալ դրանց բնույթը) առկայության մասին, ինչպես նաև պահեստային վկայագրերի իրավատերերի ու գրավառուների մասին.
պահեստ՝ անդամ պետության իրավաբանական անձ, որը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է ապրանքների պահատվություն և գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայությունների մատուցում.
պահեստային վկայագիր՝ ոչ փաստաթղթային ոչ էմիսիոն արժեթուղթ, որը հավաստում է պահեստից գյուղատնտեսական արտադրանքն ստանալու մասով դրա իրավատիրոջ իրավունքը՝ այն քանակով ու որակով, որոնք սահմանվել են այդ թուղթը թողարկելիս (տրամադրելիս), և տրամադրում է գրավով ապահովված պարտավորությունների կատարումը պահանջելու իրավունքը:
Սույն համաձայնագրում օգտագործվող մյուս հասկացություններն ընկալվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով:
Հոդված 2
1. Սույն համաձայնագրով կարգավորվում են Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանվում պահեստային վկայագրերին ներկայացվող պահանջները։
2. Միության շրջանակներում պահեստային վկայագրերի թողարկումը (տրամադրումը), շրջանառությունը և մարումն իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները։
3. Պահեստային վկայագրերի շրջանառությունն իրականացվում է բորսայում և (կամ) արտաբորսայական շուկայում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
4. Գյուղատնտեսական արտադրանքի այն տեսակները, որոնց մասով թողարկվում (տրամադրվում) են պահեստային վկայագրեր, սահմանվում են անդամ պետության օրենսդրությամբ:
5. Անդամ պետություններում թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրերը, որոնք ընդգրկված են պահեստային վկայագրերի ռեեստրներում և համապատասխանում են սույն համաձայնագրի պահանջներին, փոխադարձ ճանաչվում են անդամ պետությունների կողմից:
Հոդված 3
1. Որպես որոշակի քանակի ու որակի գյուղատնտեսական արտադրանքն ի պահ ընդունելու հաստատում՝ պահեստի կողմից թողարկվում է (տրամադրվում է) պահեստային վկայագիր, որը ձևակերպվել է ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ):
2. Պահեստային վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր տեղեկությունները (վավերապայմանները)՝
ա) պահեստային վկայագրի համարը և թողարկման (տրամադրման) ամսաթիվը.
բ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ ընդունած պահեստի անվանումը, դրա գտնվելու վայրն ու որպես անդամ պետության հարկ վճարող՝ անձի նույնականացման համարը.
գ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ հանձնած՝ պահեստային վկայագրի իրավատիրոջ անվանումը, նրա գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի համար, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ ֆիզիկական անձի համար, որպես անդամ պետության հարկ վճարող՝ անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).
դ) ի պահ ընդունված գյուղատնտեսական արտադրանքի տեսակը, դրա քանակական ու որակական բնութագրերը.
ե) այն ժամկետը, որով գյուղատնտեսական արտադրանքն ի պահ է ընդունվել, եթե, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, այդ ժամկետը սահմանվում է, կամ նշումն առ այն, որ արտադրանքն ի պահ է ընդունվել ցպահանջ.
զ) պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվության կամ պահեստային վկայագրեր թողարկող (տրամադրող)՝ անդամ պետության պահեստների ռեեստրում (այսուհետ՝ պահեստների ռեեստր) պահեստի մասին տեղեկությունների ընդգրկումը հաստատող փաստաթղթի վավերապայմանները.
է) գյուղատնտեսական արտադրանքի պահատվության համար վարձատրության չափը (սակագները, որոնց հիման վրա այն հաշվարկվում է) և այդ արտադրանքի պահատվության համար վճարման կարգը կամ այն ամսաթիվը, մինչև որը կատարվել է պահատվության հետ կապված ծառայությունների վճարումը.
ը) պահեստային վկայագրի մասով պարտավորությունների կատարումն ապահովող կարգի մասին տեղեկությունները:
Հոդված 4
1. Թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրի մասին տեղեկություններն ընդգրկվում են պահեստային վկայագրերի ռեեստրում:
2. Պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցման դեպքում պահեստային վկայագրերի ռեեստրում կատարվում է համապատասխան գրառումը:
3. Պահեստային վկայագրերի ռեեստրը պարունակում է սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև տեղեկություններ հետևյալի մասին՝
ա) գրավառուի անվանումը, գտնվելու վայրը, նրա՝ որպես անդամ պետության հարկ վճարողի նույնականացման համարը (գյուղատնտեսական արտադրանքի գրավադրման դեպքում).
բ) պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցումը.
գ) պահեստային վկայագրի մարումը.
դ) պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակումը:
4. Պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները:
Հոդված 5
1. Պահեստն իրականացնում է իր գործունեությունն անդամ պետության տարածքում և պահպանում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության կանոններն ու գյուղատնտեսական արտադրանքի քանակական-որակական հաշվառման վարմանը ներկայացվող պահանջները:
Պահեստը թողարկում (տրամադրում) է պահեստային վկայագրեր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվությունը տրամադրելու օրվանից կամ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված կարգով պահեստների ռեեստրում դրա մասին տեղեկությունները ներառելու օրվանից:
2. Պահեստների ռեեստրը պարունակում է տեղեկություններ հետևյալի մասին՝
ա) գյուղատնտեսական արտադրանքի տեսակը, որի պահատվության մասով է մասնագիտանում պահեստը.
բ) պահեստի անվանումը, տեսակը, տարողունակությունը, պահպանման հասանելի ծավալը, գտնվելու վայրը և գյուղատնտեսական արտադրանքի պահատվության վայրը.
գ) պահեստների ռեեստրում պահեստի գրանցումը հաստատող փաստաթուղթը, որը տրամադրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
դ) անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այլ տեղեկություններ:
Հոդված 6
1. Պահեստային վկայագրով պահատվության ընդունված գյուղատնտեսական արտադրանքն իր պահատվության ժամկետի ընթացքում կարող է լինել գրավի առարկա, որը ձևակերպվում է պահեստային վկայագրերի ռեեստրում պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակման մասին տեղեկությունները մուտքագրելու միջոցով:
2. Պահեստային վկայագրերի ռեեստրում պահեստային վկայագրի գրավի մասին պարունակվող տեղեկությունների առկայության դեպքում պահեստային վկայագրի իրավատերը՝ մինչև գրավով ապահովված պարտավորությունների մարումը, չի կարող պահեստից վերցնել գյուղատնտեսական արտադրանքը:
3. Պահեստը պահեստային վկայագրի իրավատիրոջն է տրամադրում գյուղատնտեսական արտադրանքը պահեստային վկայագրերի ռեեստրում դրա մասով իրավունքների իրականացման վրա սահմանափակումների մասին տեղեկությունների բացակայության դեպքում:
4. Այն պահեստը, որը, ի հեճուկս սույն հոդվածի 2-րդ կետի պահանջների, պահեստային վկայագրի իրավատիրոջը տրամադրել է գյուղատնտեսական արտադրանք, որի առնչությամբ պահեստային վկայագրերի ռեեստրում գրավի մասին գրառում է պարունակվում, գրավառուի առջև պատասխանատվություն է կրում՝ պահեստային վկայագրի գրավով ապահովված պարտավորությունների մարման մասով:
5. Պահեստային վկայագրի մասով իրավունքների իրականացման սահմանափակումներով չծանրաբեռնված՝ պահեստային վկայագրի իրավատերը իրավունք ունի պահանջելու գյուղատնտեսական արտադրանքը մաս-մաս տրամադրել: Ընդ որում, սկզբնական պահեստային վկայագրի փոխարեն նրա համար թողարկվում (տրամադրվում) է նոր պահեստային վկայագիր՝ պահեստում մնացած գյուղատնտեսական արտադրանքի մասով:
Հոդված 7
Պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները ձևակերպվում են պահատվության հրապարակային պայմանագիրը կնքելու միջոցով։ Պահատվության հրապարակային պայմանագրի տիպային ձևը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով դրանում հետևյալի մասին պարտադիր տեղեկությունների ընդգրկումը՝
պահատվության հանձնվող գյուղատնտեսական արտադրանքի քանակը և բնութագրերը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի՝ դրա պահպանվածության ապահովման համար անհրաժեշտ որակական ցուցանիշները.
անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պահատվության ընդունված՝ որակի մասով համասեռ գյուղատնտեսական արտադրանքի խմբաքանակի համար պահեստային վկայագիր թողարկելու (տրամադրելու), պահեստային վկայագրում նշված քանակով ու որակով՝ պահատվության ընդունած գյուղատնտեսական արտադրանքի պահպանվածությունն ապահովելու, ինչպես նաև պահատվության հրապարակային պայմանագրի մասով իր քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ապահովագրելու և (կամ) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը երաշխավորող ֆոնդի (ֆոնդերի) անդամ դառնալու պահեստի պարտավորությունները:
Հոդված 8
Անդամ պետությունն ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ստորև ներկայացվածների տեղադրումը՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
անդամ պետության պահեստային վկայագրերի ռեեստրից տեղեկությունների հասանելիության միասնական կետը տրամադրող ինտերնետ ռեսուրսը.
գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության ու որակի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկությունները (անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև որպես անդամ պետության հարկ վճարող՝ անձի նույնականացման համարը).
անդամ պետությունում պահեստային վկայագրերի շրջանառությունը, պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման ու վարման կարգը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտեր, ինչպես նաև՝ այդ ակտերի նախագծերը.
պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումն ապահովող կարգի և պայմանների մասին տեղեկատվությունը.
պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև կնքված պահատվության հրապարակային պայմանագրի տիպային ձևը.
այն պահեստների ցանկը, որոնց տրամադրվել են պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահատվության հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվություններ, կամ որոնք ընդգրկվել են պահեստների ռեեստրում:
Հոդված 9
1. Պահեստների կողմից պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, և դրանով նախատեսվում է պահեստների կողմից թողարկված (տրամադրված) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունները պահեստների կողմից չկատարվելուց հետո պահեստային վկայագրերի իրավատերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված կազմակերպաիրավական համալիր միջոցներ, այդ թվում՝ անդամ պետություններում պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումը երաշխավորող ֆոնդի (ֆոնդերի) ձևավորման կամ պահեստային վկայագրերի իրավատերերի առջև պահեստների ունեցած քաղաքացիաիրավական պատասխանատվության երաշխավորման միջոցով։
2. Անդամ պետություններում ստեղծվող՝ պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումն ապահովող համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։
3. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունն իր տարածքում ապահովում է պահեստների կողմից պահեստային վկայագրերի թողարկման (տրամադրման) և մարման կանոնների, գյուղատնտեսական արտադրանքի պահատվության կանոնների, անվտանգության պահանջների և գյուղատնտեսական արտադրանքի քանակաորակական հաշվառման վարմանը ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:
4. Անդամ պետությունն ապահովում է այն գյուղատնտեսական արտադրանքի որակի փորձաքննության կատարումը, որի մասով անդամ պետության տարածքում թողարկվում (տրամադրվում) են պահեստային վկայագրեր:
Հոդված 10
Սույն համաձայնագրի առումով վերապահումներ չեն թույլատրվում։
Հոդված 11
Սույն համաձայնագրի կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան։
Հոդված 12
Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։
Հոդված 13
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։
Հոդված 14
Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Կատարված է քաղաքում, 20 թվականի ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |