ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
15 սեպտեմբերի 2020 թվականի |
թիվ 121 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԽՄԲԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական հարցերով անդամ (նախարար) Տ. Մ. Ժակսիլիկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խումբը, այսուհետ՝ Կողմեր,
հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի մասին» 2011 թվականի հունիսի 16-ի համաձայնագրի դրույթները,
ընդունելով հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի դերը՝ միջազգային ստանդարտների կիրարկման գործում Եվրասիական տարածաշրջանի երկրներին օժանդակություն ցուցաբերելու հարցում,
նշելով Կողմերի կուտակած փորձը և գիտելիքները ինտեգրման գործընթացների զարգացման ոլորտում,
հաշվի առնելով, որ վարկային և ֆինանսական ինստիտուտների թափանցիկությունը, ամբողջականությունն ու կայունությունը, ինչպես նաև ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը կախված են հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված արդյունավետ միջոցներ ձեռնարկելուց,
ընդունելով հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերը հասկանալու կարևորությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման պայմաններում հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու համակարգի ազգային հատվածների միջև փոխգործակցության ուժեղացման անհրաժեշտությունը,
ելնելով եվրասիական տարածաշրջանի երկրներում տնտեսական անվտանգության պահպանման հարցում Կողմերի փոխադարձ շահագրգռվածությունից,
հաստատելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և բարեխղճության սկզբունքների վրա հիմնված համակողմանի համագործակցություն զարգացնելու ձգտումը,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Կողմերը մտադիր են իրենց իրավասության շրջանակներում համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
հանցավոր եկամուտների օրինականացմանն (լվացմանն) ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի անդամ պետությունների փորձի ուսումնասիրություն և դրանց տարածքներում ձեռնարկվող միջոցների վերլուծություն․
ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի պայմաններում առաջացող՝ հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ռիսկերի բացահայտում և վերլուծություն․
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելուն ուղղված միջոցների իրագործման նպատակով առաջարկությունների մշակում․
հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում փոխադարձ փորձագիտական աջակցության ցուցաբերում
համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
2. Սույն հուշագրի իրականացման շրջանակներում համագործակցությունը կիրականացվի հետևյալ միջոցներով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում․
հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացմանն (լվացմանն) ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցություն (այդ թվում՝ Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի անդամ պետությունների փոխադարձ գնահատման).
խորհրդակցությունների, համաժողովների, նիստերի, ֆորումների, ուսումնագործնական սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների կազմակերպում և անցկացում.
գաղտնիության և տեղեկատվության պաշտպանության պահանջների պահպանմամբ՝ վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական և այլ նյութերի փոխանակում.
համագործակցության ընթացքում ծագող հարցերի շուրջ գործունեության համակարգման իրականացում (այդ թվում `աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով).
համագործակցության այլ ձևերի իրագործում:
3. Սույն հուշագրի իրագործման նպատակով Կողմերը կարող են մշակել համագործակցության ծրագրեր և համատեղ միջոցառումների անցկացման պլաններ։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համատեղ միջոցառումներին մասնակցելու համար կարող են հրավիրվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի անդամ պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչները։
4. Սույն հուշագիրն իրագործելիս Կողմերն ապահովելու են գաղտնի տեղեկատվության անվտանգությունը, չեն բացահայտելու և չեն փոխանցելու նման տեղեկատվությունը երրորդ անձանց` առանց այդպիսի տեղեկատվություն տրամադրած Կողմի գրավոր համաձայնության:
5. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով:
6. Կողմերի փոխգործակցության համակարգումը սույն հուշագրի իրագործման նպատակով իրականացվում է՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտը․
Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի կողմից՝ Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի քարտուղարությունը։
7. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի հանգեցնում իրավական և ֆինանսական պարտավորությունների Կողմերից որևէ մեկի համար:
8. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
9. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
10. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է՝ մյուս Կողմի կողմից նման ծանուցում ստանալու օրվանից 2 ամիսը լրանալուց հետո:
Ստորագրված է ___________ քաղաքում 20___ թվականի ___________ __ին, երկու բնօրինակից՝ յուրաքանչյուրը ռուսերենով և անգլերենով՝ յուրաքանչյուր Կողմի՝ մեկական օրինակ։ Տարընթերցումների դեպքում օգտագործվում է ռուսերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցերով եվրասիական խմբի կողմից՝ |