ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԿԱՆԱՉ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ)» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍՈՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 11
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.07.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

7 հուլիսի 2020 թվականի

թիվ 11

քաղ. Մոսկվա

 

COVID-19 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԿԱՆԱՉ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ)» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍՈՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 56-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 57-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 48-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների իրագործման մասին» թիվ 11 և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի համավարակի զարգացման պայմաններում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» թիվ 6 կարգադրության իրագործման նպատակով՝

հանձնարարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն hանձնարարականը հրապարակելու օրվանից COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «կանաչ միջանցքների (տրանսպորտային երթուղիների)» օբյեկտների աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառել սանիտարահամաճարակաբանական հանձնարարականները՝ հավելվածի համաձայն։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի հուլիսի 7-ի

 թիվ 11 հանձնարարականի

 

COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում «կանաչ միջանցքների (տրանսպորտային երթուղիների)» օբյեկտների աշխատանքի կազմակերպման մասով սանիտարահամաճարակաբանական հանձնարարականներ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հանձնարարականները Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում սահմանում են «կանաչ միջանցքների (տրանսպորտային երթուղիների)» օբյեկտների (լիցքավորման, տեխնիկական սպասարկման համար ավտոմոբիլային տրանսպորտի կանգառման, վարորդների հանգստի և սննդի կետերի) (այսուհետ`օբյեկտներ) աշխատանքի կազմակերպման կարգը` կազմակերպչական, կանխարգելիչ և ախտահանման միջոցառումներ իրականացնելու և COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու նպատակով:

2. Օբյեկտներին հանձնարարվում է ծառայություններ մատուցել միայն վարորդներին և (կամ) միջազգային փոխադրման ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով փոխադրվող բեռն ուղեկցող անձանց (այսուհետ՝ բեռն ուղեկցող անձինք)՝ նրանց շփումը բնակչության հետ բացառելու նպատակով:

3. COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման միջոցառումներն ուղղված են՝

ա) COVID-19 կորոնավիրուսային վարակի օբյեկտ ներս բերելը կանխելուն.

բ) օբյեկտի աշխատատողների շրջանում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալուն.

գ) օբյեկտում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու այլ կազմակերպչական միջոցառումներ իրականացնելուն.

դ) COVID-19 կորոնավիրուսային վարակից վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց ինքնապաշտպանությունն ապահովելուն:

 

II. COVID-19 կորոնավիրուսային վարակի օբյեկտ ներսբերումը կանխելը

 

4. COVID-19 կորոնավիրուսային վարակի օբյեկտ ներսբերումը կանխելու նպատակով հանձնարարվում է.

ա) կազմակերպել «մուտքի ֆիլտր» վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց համար՝ ոչ կոնտակտային ջերմաչափման անցկացման և հատուկ հատկացված տարածքում մարմնի բարձր ջարմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) ունեցող անձանց պարտադիր մեկուսացման միջոցով՝ մինչև բուժաշխատողների ժամանումը: Նման անձանց առանձին տարածք տրամադրելու հնարավորության բացակայության դեպքում վարորդին և (կամ) բեռն ուղեկցող անձին անհրաժեշտ է ինքնամեկուսացվել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի սրահում (խցիկում).

բ) կազմակերպել օբյեկտի մուտքի մոտ ձեռքերի մշակման տեղ՝ մաշկի հակասեպտիկով (այդ թվում՝ տեղադրված բաժնաչափիչների օգնությամբ) կամ ախտահանող անձեռոցիկներով.

գ) ապահովել ժամանած վարորդի և (կամ) բեռն ուղեկցող անձանց շփման նվազեցումն օբյեկտի աշխատողների հետ.

դ) ապահովել ժամանած վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց իրազեկումը՝

առողջության վիճակի վատթարացման և շնչառական վարակի նշանների (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) վերաբերյալ անհապաղ հայտնելու անհրաժեշտության մասին.

ինքնամեկուսացման (այլ անձանց հետ շփումները բացառելու հնարավորություն տվող մեկուսացված տարածքում գտնվելու) պահանջների պարտադիր կատարման մասին.

անհատական և հասարակական կանխարգելիչ միջոցների պահպանման մասին.

ե) նախատեսել ավտոլցակայաններում վճարման անկանխիկ համակարգ.

զ) նախատեսել վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց համար առանձին սանհանգույց (ախտահանման ուժեղացված ռեժիմի պահպանմամբ), տարածք՝ սնվելու համար, ցնցուղ, հանգստի սենյակ.

է) վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց սնունդը կազմակերպելիս՝

նախատեսել սպասարկման առավել ռացիոնալ մեթոդներ (ինքնասպասարկման տարբեր տեսակներ, սպասարկում վաճառքի ավտոմատների միջոցով, սպասարկում վաճառականգնակի մոտ՝ վաճառասեղան-ցուցափեղկից ուտելիք ընտրելու հնարավորությամբ).

բացառել տեսականուց այն կերակրատեսակները, որոնք չեն անցել ջերմամշակում.

ապահովել սնունդ ընդունելու տարածքում մարդկանց գտնվելու նվազագույն քանակություն՝ պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքը (1,5 մետրից ոչ պակաս).

օգտագործել միանգամյա օգտագործման սպասք: Հավաքել օգտագործված միանգամյա օգտագործման սպասքը միանգամյա օգտագործման համար ամուր փակվող պոլիէթիլենային պարկերի մեջ, ախտահանել դրանք աշխատանքային օրվա վերջում և օգտահանել դրանց համար հատուկ հատկացված տեղում:

ը) նշանակել աշխատողներ՝ օբյեկտ ժամանող վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց հետ շփվելու համար: Նման աշխատողներին անհրաժեշտ է ապահովել օբյեկտի մյուս այն աշխատողների հետ նվազագույն շփումներ, որոնք ժամանող վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց հետ շփման մեջ չեն մտնում:

5. Մարմնի բարձր ջերմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) ունեցող վարորդ և (կամ) բեռն ուղեկցող անձ հայտնաբերելու դեպքում հանձնարարվում է՝

ա) հայտնել տվյալ տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտի լիազորված մարմին (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություն, լիազորված մարմին).

բ) տեղափոխել այն ավտոմոբիլային տրանսպորտային միջոցը, որով ժամանել են վարորդը և (կամ) բեռն ուղեկցող անձը, սանիտարական կայանատեղի՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ սանիտարական մշակման համար՝ անդամ պետությունում սահմանված կարգին համապատասխան.

գ) ախտահանել այն ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի կայանման և մնալու տեղերը, որով ժամանել են վարորդը և (կամ) բեռն ուղեկցող անձը:

6. Օբյեկտից՝ մարմնի բարձր ջերմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) ունեցող վարորդի և (կամ) բեռն ուղեկցող անձի մեկնելուց հետո անհրաժեշտ է մաքրել նրանց գտնվելու տարածքները վարակասպան ազդեցության ախտահանման միջոցներով:

 

III. Օբյեկտի աշխատատողների շրջանում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալը

 

7. Օբյեկտի աշխատատողների շրջանում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու նպատակով՝

ա) կազմակերպել ամենօրյա «մուտքի ֆիլտր»՝ ոչ կոնտակտային ջերմաչափմամբ և մարմնի բարձր ջարմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) ունեցող անձանց պարտադիր մեկուսացմամբ.

բ) կազմակերպել օբյեկտի մուտքի մոտ ձեռքերի մշակման տեղ՝ մաշկի հակասեպտիկով (այդ թվում՝ տեղադրված բաժնաչափիչների օգնությամբ) կամ ախտահանող անձեռոցիկներով.

գ) ձեռքերի կանոնավոր հիգիենայի համար ընդհանուր օգտագործման վայրերում (սննդի ընդունման վայրերում, հանգստի սենյակներում, սանհանգույցներում) տեղադրել ձեռքերն օճառով լվանալու լվացարաններ (այդ թվում՝ պատին ամրացվող բաժնաչափիչներով սարքավորված), մաշկի հակասեպտիկով ձեռքերի մշակման բաժնաչափիչներ, թղթե սրբիչների բռնիչներ և կափարիչը բացելու համար ոտնակով աղբի կոնտեյներներ.

դ) ապահովել աշխատողներին շնչառական օրգանների անհատական պաշտպանության միջոցներով (միանգամյա օգտագործման դիմակներով (ելնելով հերթափոխի տևականությունից՝ հաշվի առնելով դիմակների 3 ժամը մեկ փոխելը), շնչադիմակներով), ձեռնոցներով, լվացող միջոցներով, ախտահանող անձեռոցիկներով, ձեռքերի մշակման համար մաշկի հակասեպտիկներով և այլ ախտահանող միջոցներով: Օբյեկտ ժամանող վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց հետ շփվող աշխատողներին անհրաժեշտ է լրացուցիչ ապահովել՝ միանգամյա օգտագործման հակահամաճարակային կոստյումներով (խալաթներով, գոգնոցներով) և աչքերի պաշտպանության միջոցներով (օրինակ՝ դեմքի վահանակներով կամ պաշտպանիչ ակնոցներով): Միանգամյա օգտագործման դիմակների, ձեռնոցների, հակահամաճարակային կոստյումների (խալաթների, գոգնոցների) և աչքերի պաշտպանության միջոցների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև խոնավ (թրջված) դիմակների օգտագործումը չի թույլատրվում.

ե) ապահովել օբյեկտի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ՝ ծառայողական և արտադրական տարածքներում աշխատողների գտնվելու նվազագույն քանակություն՝ պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքը (1,5 մետրից ոչ պակաս), ինչպես նաև սահմանափակել օբյեկտի գործունեության հետ չկապված անձանց մուտքը՝ բացառությամբ արտադրական գործընթացների հետ կապված աշխատանքներ կատարող անձանց (տեխնոլոգիական սարքավորման վերանորոգում և սպասարկում).

զ) սահմանափակել աշխատողների տեղաշարժը ճաշի ընդմիջման և հանգստի ընդմիջումների ժամանակ (օբյեկտի տարածքից դուրս գալը, ուղղակի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ չկապված տարածքներ, սենյակներ տեղաշարժը).

է) կազմակերպել աշխատողների կենտրոնացված սնունդը և ճաշարանի այցելումը խիստ որոշակի ժամի՝ համաձայն հաստատված ժամանակացույցի.

ը) արգելել ճաշարանի բացակայության դեպքում սնվել աշխատատեղերում. այս դեպքում սննդի ընդունման համար տրամադրել հատուկ տարածք կամ տարածքի մի մաս՝ սարքավորված ձեռքերը լվանալու համար լվացարանակոնքով և ձեռքերը մաշկը հակասեպտիկով մշակելու համար բաժնաչափիչով.

թ) ապահովել ճաշարանում կամ սննդի ընդունման տարածքում աշխատողների գտնվելու նվազագույն քանակություն՝ պահպանելով սոցիալական հեռավորության սկզբունքը (1,5 մետրից ոչ պակաս).

ժ) կատարել ծառայողական տարածքների և ընդհանուր օգտագործման վայրերի ամենօրյա խոնավ մաքրում (ամեն հերթափոխի ժամանակ)՝ վարակասպան ազդեցության ախտահանման միջոցների կիրառմամբ՝ մշակելով յուրաքանչյուր 2-4 ժամը մեկ բոլոր շփման մակերևույթները. դռան բռնակների, անջատիչների, բռնաձողերի, ճաղաշարերի, սեղանների մակերևույթների, աթոռների թիկնակների, օրգտեխնիկայի.

ժա) կիրառել տարածքներում օդի մանրէասպան վերաշրջապտտիչ (ռեցիրկուլյացիոն) տիպի ճառագայթիչներ.

ժբ) օդափոխել տարածքները յուրաքանչյուր 2 ժամը մեկ.

ժգ) կազմակերպել աշխատանքային օրվա ընթացքում աշխատողների զննում՝ շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) հայտնաբերելու մասով՝ ջերմաչափում անցկացնելու միջոցով (օբյեկտում բժշկական անձնակազմի բացակայության դեպքում կազմակերպել աշխատողների հարցում՝ շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) հայտնաբերելու մասով՝ ջերմաչափում անցկացնելու միջոցով, նախապես նշանակելով նման հարցում անցկացնելու համար պատասխանատու անձ):

Մարմնի բարձր ջերմություն և (կամ) շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) ունեցող անձանց հայտնաբերելու դեպքում ապահովել նրանց մեկուսացումը հատուկ հատկացված տարածքում՝ մինչև բուժաշխատողների ժամանումը:

8. Օբյեկտի աշխատողների համար ճաշարանի աշխատանքը կազմակերպելիս հանձնարարվում է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետևյալ կանխարգելիչ և ախտահանման միջոցառումների իրականացում.

ա) պահպանել անձնական հիգիենայի միջոցները, թույլ չտալ աշխատել շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) ունեցող անձանց.

բ) կիրառել Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող ակտերով սահմանված կարգով գրանցված ախտահանիչ միջոցներ, և որոնք կիրառման համար թույլատրվում են հասարակական սննդի կազմակերպություններում, որոնց կիրառման հրահանգում նշված են վիրուսային վարակների ժամանակ օբյեկտների վարակազերծման ռեժիմները.

գ) իրականացնել կանխարգելիչ ախտահանում համակարգային հիմունքով՝ պահպանել անձնական հիգիենայի միջոցները (օգտագործել շնչառական օրգանների պաշտպանության համար դիմակներ, կանոնավոր կերպով ձեռքերը լվանալ օճառով (ոչ պակաս քան 40 վայրկյանի ընթացքում) կամ մշակել դրանք մաշկի հակասեպտիկով), իրականացնել ճաշարանի տարածքի ախտահանում (օդափոխել և վարակազերծել օդը, ախտահանող միջոցների կիրառմամբ իրականացնել տարածքի խոնավ մաքրում) և խոհանոցային սպասքի ախտահանում.

դ) աշխատանքային հերթափոխի ավարտից հետո (կամ ոչ պակաս քան 6 ժամը մեկ) օդափոխել ճաշարանի տարածքները և իրականացնել դրանց խոնավ մաքրումը ախտահանող անձեռոցիկներով (կամ ախտահանող միջոցների լուծույթներով)՝ դռան բռնակները, բռնաձողերը, սեղանների մակերևույթները, աթոռների թիկնակները (բազկաթոռների արմնկակալները), ձեռքերը լվանալու համար ճաշարանի մուտքի լվացարանակոնքերը, ինքնասպասարկման ցուցափեղկերը մշակելու միջոցով.

ե) պահպանել ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգով նախատեսված՝ դրա պահաժամին և աշխատանքային լուծույթի կոնցենտրացիային ներկայացվող պահանջները: Անհրաժեշտության դեպքում մշակումից հետո ախտահանվող մակերևույթը լվանալ ջրով և չորացնել թղթե սրբիչների միջոցով.

զ) իրականացնել սանհանգույցների մաքրումը և ախտահանումը լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.

է) սնունդը կազմակերպելիս օգտագործել միանգամյա օգտագործման սպասք: Հավաքել օգտագործված միանգամյա օգտագործման սպասքը միանգամյա օգտագործման համար ամուր փակվող պոլիէթիլենային պարկերի մեջ, ախտահանել դրանք աշխատանքային օրվա վերջում և օգտահանել՝ դրանց համար հատուկ հատկացված տեղում:

ը) օգտագործել ախտահանման համար միջոցներ տարբեր քիմիական խմբերից՝ քլորակտիվ (երկքլորիզոցիանուրաթթվի նատրիումական աղ՝ աշխատանքային լուծույթում առնվազն 0,06 տոկոս ակտիվ քլորի կոնցենտրացիայով, Բ քլորամին՝ աշխատանքային լուծույթում առնվազն 3 տոկոս ակտիվ քլորի կոնցենտրացիայով), թթվածնակտիվ (ջրածնի պերօքսիդ՝ առնվազն 3 տոկոս ակտիվ թթվածնի կոնցենտրացիայով), կատիոնային մակերևութաակտիվ նյութեր (ԿՄԱՆ)՝ քառորդային ամոնիումական միացություններ (աշխատանքային լուծույթում առնվազն 0,5 տոկոս ակտիվ նյութի կոնցենտրացիայով), երրորդային ամիններ (աշխատանքային լուծույթում առնվազն 0,05 տոկոս ակտիվ նյութի կոնցենտրացիայով), գուանիդինի պոլիմերային ածանցյալներ (աշխատանքային լուծույթում առնվազն 0,2 տոկոս ակտիվ նյութի կոնցենտրացիայով), սպիրտներ (որպես մաշկի հակասեպտիկներ և համեմատաբար փոքր մակերևույթների մշակման ախտահանիչ միջոցներ. իզոպրոպիլային սպիրտ՝ ըստ զանգվածի 60-80 տոկոս կոնցենտրացիայով, էթիլային սպիրտ՝ ըստ զանգվածի 60-80 տոկոս կոնցենտրացիայով): Ակտիվ նյութերի կազմը նշված է ախտահանող միջոցների կիրառման հրահանգներում.

թ) ախտահանող միջոցները պահել արտադրողի փաթեթվածքներով, ամուր փակված՝ հատուկ առանձնացված չոր, հով և մութ տեղում: Ախտահանիչ միջոցառումներ իրականացնելու և պատահական թունավորման ժամանակ առաջին օգնություն տրամադրելու նախազգուշական միջոցները շարադրված են ախտահանող միջոցի կիրառման հրահանգում.

ժ) COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդացածներին թեստավորման արդյունքներով հայտնաբերելու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում իրականացնել տարածքների վերջնական ախտահանում մասնագիտացված կազմակերպության ուժերով՝ մարդկանց բացակայության պայմաններում: Մշակման համար օգտագործել քլորակտիվ և թթվածնաակտիվ միացությունների հիմքով ախտահանող միջոցներ: Վարակազերծման ենթակա են արտադրական և ծառայողական տարածքների, ճաշասրահների, սանհանգույցների բոլոր մակերևույթները, սարքավորումները և գույքը: Մակերևույթները մշակելիս կիրառել ողողման մեթոդը: Մշակել օդը մարդկանց բացակայության պայմաններում՝ աեորոզոլի ձևով ախտահանող միջոցներ օգտագործելու միջոցով:

9. Օբյեկտում հասարակական սննդի կազմակերպման մասով սույն հանձնարարականներն ամբողջական ծավալով կատարելու հնարավորության բացակայության դեպքում անհրաժեշտ է նախատեսել սպասարկում դուրս տանելու միջոցով:

 

IV. Օբյեկտում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու այլ կազմակերպչական միջոցառումներ

 

10. Օբյեկտում COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով հանձնարարվում է.

ա) իրականացնել աշխատողների իրազեկումը կանխարգելման միջոցների և անձնական հիգիենայի կանոնների պահպանման անհրաժեշտության մասին՝ ձեռքերն օճառով կանոնավոր կերպով լվանալու (առնվազն 40 վայրկյանների ընթացքում) կամ ամբողջ օրվա ընթացքում՝ զուգարանի յուրաքանչյուր այցելումից հետո, սնունդի յուրաքանչյուր ընդունումից առաջ մաշկի հակասեպտիկով մշակելու մասով.

բ) աշխատանքի մեջ չընդգրկել ռիսկի խմբերից անձանց՝ որոնք են 65 տարեկանն անց անձինք, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ (լիազորված մարմինների կողմից սահմանված քրոնիկ հիվանդությունների ցանկին համապատասխան), ցածր իմունիտետ ունեցող անձինք, հղի կանայք, սահմանելով նշված անձանց համար ինքնամեկուսացման ռեժիմ COVID-19 կորոնավիրուսային վարակի աճի և հիվանդության բարձր մակարդակի պահպանման ժամանակահատվածի ընթացքում:

11. COVID-19 կորոնավիրուսային վարակով վարակվածի հետ շփում ունեցած յուրաքանչյուր անձի մոտ շնչառական վարակի նշաններ (բարձր ջերմություն, հազ, հարբուխ) հայտնաբերելու դեպքում հանձնարարվում է տվյալ դեպքը դասակարգել որպես կասկածելի և իրականացնել պատշաճ թեստավորում՝ ընդգրկելով անդամ պետության առողջապահության մարմինների մասնագետներին:

COVID-19 կորոնավիրուսային վարակով վարակված նոր հավանական կամ հաստատված դեպք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է բացահայտել հիվանդացածի կամ COVID-19 կորոնավիրուսային վարակով վարակման մեջ կասկածվող անձի հետ շփում ունեցած մարդկանց շրջանակը և նրանց նկատմամբ հսկողություն սահմանել՝ ընդգրկելով անդամ պետության առողջապահության մարմինների մասնագետներին:

12. Հանձնարարվում է պահպանել հետևյալ նախազգուշական միջոցները.

ձեռքերը կանոնավոր կերպով լվանալ օճառով (առնվազն 40 վայկյանի ընթացքում) և չորացնել միանգամյա օգտագործման սրբիչներով: Ձեռքերը մշակելու համար նույնպես կարելի է օգտագործել (առկայության դեպքում) մաշկի հակասեպտիկ (60 տոկոսից ոչ պակաս սպիրտի պարունակությամբ).

պահպանել սոցիալական հեռավորություն (1,5 մետրից ոչ պակաս).

հազի և փռշտոցի ժամանակ բերանը և քիթը ծածկել միանգամյա օգտագործման անձեռոցիկով, որն այնուհետև անմիջապես նետել թափոնների համար նախատեսված կափարիչով կոնտեյների մեջ.

խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց:

13. Բժշկական դիմակներ օգտագործելու դեպքում հանձնարարվում է պահպանել դրանց պատշաճ օգտագործման և օգտահանման հետևյալ կանոնները.

կանոնավոր կերպով հագնել դիմակն այնպես, որ այն ծածկի բերանն ու քիթը և կիպ հպված լինի դեմքին.

օգտագործման ընթացքում դիմակին ձեռքերով չդիպչել.

դիմակը հանելու համար չդիպչել դիմակին արտաքին կողմից, դիմակը հանել ռետինե թելերի (կապերի) օգնությամբ.

դիմակը հանելուց հետո կամ դրան պատահաբար դիպչելու դեպքում ձեռքերը մշակել մաշկի հակասեպտիկով (առկայության դեպքում) կամ լվանալ ձեռքերն օճառով (առնվազն 40 վայրկյանի ընթացքում).

եթե դիմակը խոնավացել կամ թրջվել է, այն փոխարինել նորով.

միանգամյա օգտագործման դիմակները կրկնակի չօգտագործել. օգտագործումից հետո միանգամյա դիմակն օգտահանել դրա համար հատուկ հատկացված տեղում:

14. Անհատական պաշտպանության միջոցներն օգտագործելիս կոնտամինացման ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով հանձնարարվում է պահպանել հետևյալ կանոնները.

հանել ձեռնոցները և օգտահանել դրանք որպես թափոններ՝ լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.

ձեռքերը լվանալ օճառով (առնվազն 40 վայրկյանի ընթացքում) կամ մշակել դրանք մաշկի հակասեպտիկով.

հանել միանգամյա օգտագործման հակահամաճարակային կոստյումը (խալաթը, գոգնոցը)՝ փաթաթելով այն արտաքին կողմով դեպի ներս, և տեղադրել այն թափոնների կոնտեյների մեջ՝ լիազորված մարմնի կողմից սահմանած կարգով.

հանել պաշտպանիչ ակնոցը (դեմքի վահանակը), ձգելով միայն գլխի կապը կամ կողային կապերը, և օգտահանել դրանք որպես թափոններ՝ լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով.

ձեռքերը լվանալ օճառով (առնվազն 40 վայրկյանի ընթացքում) կամ մշակել դրանք մաշկի հակասեպտիկով:

 

V. COVID-19 կորոնավիրուսային վարակից վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց ինքնապաշտպանության ապահովումը

 

15. COVID-19 կորոնավիրուսային վարակից վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց ինքնապաշտպանության ապահովման նպատակով հանձնարարվում է.

ա) իրականացնել վարորդների և (կամ) բեռն ուղեկցող անձանց տեսական և գործնական ուսուցումը (հրահանգավորումը) ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների սրահների (խցիկների) անվտանգ ախտահանման մեթոդներին և գործելաձևերին.

բ) վարորդներին և (կամ) բեռն ուղեկցող անձանց ինքնուրույն իրականացնել ջերմաչափում ընթացուղու ժամանակ (ավտոմոբիլային տրանսպորտային միջոցում ջերմաչափի առկայությունն անհրաժեշտ է):

16. Վարորդին և (կամ) բեռն ուղեկցող անձին հանձնարարվում է պահպանել հետևյալ կանոնները.

ա) մշտապես օգտագործել շնչառական ուղիների պաշտպանության միջոցներ (դիմակներ, շնչադիմակներ) և պաշտպանիչ ակնոցներ (դեմքի վահանակ), հատկապես մարդկանց հետ փոխգործողության ժամանակ.

բ) խուսափել մարդաշատ վայրերից (2 անձից ավելի).

գ) ընդունել դուրս տանելու համար պատվիրված սնունդ, բացառել սննդի ընդունում հասարակական և ճանապարհամերձ սրճարաններում.

դ) ապահովել ավտոմոբիլային տրանսպորտում հասանելի ախտահանման միջոցների առկայություն (մաշկի հակասեպտիկների, ախտահանող անձեռոցիկների).

ե) կանոնավոր կերպով ձեռքերը և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի կառավարման տարրերը (ղեկը, կայանման արգելակի փոխանցման տուփի լծակը, դռները բացող բռնակները, ապակեամբարձիչների և կլիմայի կառավարման համակարգի ստեղները, մուլտիմեդիայի համակարգերի էկրանները) մշակել ախտահանման միջոցներով կամ օգտագործել բժշկական ձեռնոցներ (դրանք փոխելով առնվազն 4 - 6 ժամը մեկ).

զ) կանոնավոր կերպով օդափոխել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի սրահը (խցիկը)՝ թույլ չտալով օդի անշարժություն.

է) օգտագործել ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի սրահը (խցիկը) ախտահանելու համար հատուկ սարքվածքներ (բորտային ցանցից աշխատող կվարցային լամպեր, օդամաքրիչներ, հակամանրէային ազդեցություն ունեցող ֆորմալդեհիդի լուծույթը փոշեցրող՝ ախտահանող սարքեր):