ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 116
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

23 հուլիսի 2019 թվականի

թիվ 116

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև համագործակցության հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար`

Կ. Մինասյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև համագործակցության

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ որպես Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին, և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներով,

հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

ընդունելով Կողմերի՝ փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու Ինդոնեզիայի Հանրապետության միջև առևտրի ընդլայնումն ու բազմազանեցումը խթանելու նպատակով երկխոսություն հաստատելու ձգտումը,

հաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին,

հանգեցին փոխըմբռնման՝ հետևյալի վերաբերյալ.

 

I. Նպատակը

 

Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ինդոնեզիայի Հանրապետության միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացմանն ուղղված աջակցությունը՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացման, առևտրի զարգացմանը խոչընդոտող արգելքների վերացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ավելի սերտ համագործակցության համար։

 

II. Համագործակցության ուղղությունները

 

Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝

տարածաշրջանային տնտեսական ինտեգրում,

առևտրային քաղաքականություն,

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Ինդոնեզիայի Հանրապետությունում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական վիճակի վերլուծություն,

մաքսային կարգավորում և առևտրային ընթացակարգերի պարզեցում,

տեխնիկական կանոնակարգում և ստանդարտացում,

սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների կիրառում,

ֆինանսական շուկաներ,

տրանսպորտ,

էներգետիկա,

ագրոարդյունաբերական համալիր,

մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,

արդյունաբերություն,

մտավոր սեփականություն,

տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն,

ծառայությունների առևտուր և ներդրումներ,

սպառողների իրավունքների պաշտպանություն,

ձեռնարկատիրության զարգացում, ներառյալ՝ փոքր և միջին բիզնեսը,

փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ ուղղություններ։

Համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությանը վերապահված ոլորտներում իրականացվելու է այդ անդամ պետությունների մասնակցությամբ։

 

III. Համագործակցության ձևերը

 

Սույն հուշագրի իրագործման նպատակներով փոխգործակցությունը կիրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև համագործակցության հարցերով Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ): Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացվի երկու համանախագահների կողմից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։

Աշխատանքային խմբի նիստերին հրավիրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները։

Աշխատանքային խմբի նիստերը համանախագահների մակարդակով կանցկացվեն առնվազն տարին 1 անգամ։

Նիստերի անցկացման ամսաթիվը, վայրը և օրակարգը կորոշվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից համատեղ։ Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք ստորագրվում են համանախագահների կողմից։

Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:

Համատեղ աշխատանքային խմբերում Կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն իրականացվում է ուղարկող Կողմի հաշվին։

 

IV. Իրագործումը

 

Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համագործակցությունը կիրականացվի հետևյալ եղանակներով՝

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակում.

առևտրային խոչընդոտների բացահայտման, դրանց հաղթահարման շուրջ հարցերի և առևտրատնտեսական վեճերի կարգավորման (հաշտարարության) հետ կապված հարցերի մասով փորձի փոխանակում.

առևտրային արգելքների կրճատման ու վերացման և տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում.

համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների անցկացման համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ինդոնեզիայի Հանրապետության գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։

Սույն հուշագրի իրագործման հետ կապված միջոցառումները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կհամաձայնեցվեն Կողմերի կողմից՝ հաշվի առնելով միջոցների, անձնակազմի և այլ ռեսուրսների առկայությունը:

 

V. Համագործակցության ծրագրերը

 

Կողմերն իրենց իրավասությունների շրջանակներում կարող են մշակել համագործակցության ծրագրեր, որոնք կիրականացվեն իրենց նախնական համաձայնությամբ:

 

VI. Տեղեկատվության փոխանակումը

 

Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ինդոնեզիայի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է անգլերենով։

 

VII. Գաղտնիություն

 

Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը կօգտագործեն միայն սույն հուշագրի իրագործման նպատակով և առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության՝ այն չեն հաղորդի երրորդ կողմին։

 

VIII. Խորհրդակցությունները

 

Սույն հուշագրի կիրառմանը վերաբերող հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:

 

IX. Կիրառումը և փոփոխումը

 

Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։

Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

Սույն hուշագրում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք սույն հուշագրի անբաժանելի մասն են կազմում, համապատասխան արձանագրություններ ստորագրելու միջոցով, որոնք կկիրառվեն կողմերի կողմից սահմանված օրվանից։

 

X. Կիրառումը դադարեցնելը

 

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 60 օրը լրանալուց հետո: Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակահատվածում սկսած միջոցառումներն ու նախագծերն իրականացնելու վրա։

Ստորագրված է ____________ քաղաքում 20_____ թվականի ___________, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն, ինդոնեզերեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝

Ինդոնեզիայի Հանրապետության

կառավարության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան