ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 115
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.07.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 հուլիսի 2019 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահի
ժամանակավոր պաշտոնակատար`

Կ. Մինասյան

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհրդի մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Բելառուսի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության ազգային բանկը, Ղազախստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկը, Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկը, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը, այսուհետ՝ Կողմեր,

ձգտելով խորացնել տնտեսական ինտեգրումը և զարգացնել համագործակցությունն արժութային-ֆինանսական ոլորտում,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 64–րդ հոդվածի 3-րդ կետով (այսուհետ՝ Պայմանագիր),

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության հարցերով խորհրդատվական խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ):

Խորհուրդը խորհրդատվական-խորհրդակցական մարմին է, որն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ազգային (կենտրոնական) բանկերի փոխգործակցությունը:

 

Հոդված 2

 

Խորհրդի գործունեության հիմնական նպատակը անդամ պետությունների փոխարժեքային քաղաքականության համակարգումն է:

Խորհրդի հիմնական խնդիրներն են՝

անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի միջև արժութային քաղաքականության հարցերով համագործակցության զարգացումը և խորացումը,

խոցելիության և արտաքին ցնցումների այն հնարավոր աղբյուրների վերհանումը, որոնք կարող են անդամ պետությունների ներքին արժութային շուկաներում անկայունության և ազգային արժույթների փոխարժեքների փոխադարձ տատանումների աճի պատճառ դառնալ,

անդամ պետություններում գնաճային գործընթացների և մակրոտնտեսական կայունության վրա արտաքին ցնցումների բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված քաղաքականության պայմանների ստեղծումը և միջոցների մշակումը:

Խորհուրդը կարող է Պայմանագրի իրագործման նպատակներով ուսումնասիրել անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի իրավասությանն առնչվող այլ հարցեր:

 

Հոդված 3

 

Խորհրդին վերապահված խնդիրների իրագործման նպատակներով անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերն իրականացնում են տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝ այն գործողությունների վերաբերյալ, որոնք կհանգեցնեն կամ կարող են հանգեցնել անդամ պետությունների ազգային արժույթների փոխանակման փոխարժեքի էական տատանումների, ինչպես նաև անցկացնում են խորհրդակցություններ՝ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի իրավասությանն առնչվող հարցերով:

 

Հոդված 4

 

Խորհրդի անդամներն են անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի նախագահները: Խորհրդի անդամների լիազորությունները կարող են պատվիրակվել անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի այլ ներկայացուցիչների՝ նախագահի տեղակալի պաշտոնից ոչ ցածր մակարդակով:

Խորհրդի նիստին նախագահում է այն անդամ պետության կողմից Խորհրդի անդամը, որի տարածքում անցկացվում է նիստը:

Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրանում մասնակցում են Խորհրդի բոլոր անդամները և այն անձինք, որոնց պատվիրակված են Խորհրդի անդամների լիազորությունները:

Խորհուրդը որոշումներն ընդունում է ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։ Խորհրդի որոշումները կրում են հանձնարարական բնույթ և արտացոլվում են Խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է նիստին ներկա Խորհրդի անդամների և (կամ) այն անձանց կողմից, որոնց պատվիրակվել են Խորհրդի անդամների լիազորությունները: Խորհրդի նիստի արձանագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը խորհրդապահական (կոնֆիդենցիալ) է:

Խորհրդի կողմից ընդունված որոշումների մասին տեղեկատվությունը կարող է հրապարակվել անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի պաշտոնական տեղեկատվական ռեսուրսներում՝ արձանագրությամբ ամրագրված՝ Խորհրդի բոլոր անդամների և (կամ) այն անձանց համաձայնությամբ, որոնց պատվիրակվել են Խորհրդի անդամների լիազորությունները:

 

Հոդված 5

 

Խորհրդի նիստերն անցկացվում են առնվազն տարին երկու անգամ՝ անդամ պետություններից յուրաքանչյուրում ըստ հերթականության: Խորհրդի հերթական նիստի անցկացման վայրը և ժամկետները որոշվում են Խորհրդի կողմից:

Խորհուրդը կարող է հրավիրել արտահերթ նիստ՝ Խորհրդի անդամներից մեկի նախաձեռնությամբ:

Խորհրդի հերթական նիստի անցկացման համար պատասխանատու անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը՝ հերթական նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, այլ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի հետ համաձայնեցնում է Խորհրդի նիստի անցկացման կոնկրետ օրը, վայրը և օրակարգի նախագիծը:

Խորհրդի նիստի օրակարգն ընդունվում է Խորհրդի նիստի ժամանակ:

Խորհրդի նիստի անցկացման կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է այն անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկը, որի տարածքում անցկացվում է Խորհրդի նիստը:

 

Հոդված 6

 

Խորհրդի նիստերին (բաց մասում)՝ Խորհրդի անդամի հրավերով (Խորհրդի բոլոր անդամների հետ համաձայնեցված) որպես դիտորդ կարող են մասնակցել Կողմերի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև անդամ պետությունների գործադիր իշխանության և Միության մարմինների ներկայացուցիչներ՝ իրենց իրավասությանն առնչվող հարցերի ուսումնասիրության դեպքում: Որպես դիտորդ հրավիրված նիստի մասնակիցները չունեն ձայնի իրավունք և չեն կարող ներկայացնել առաջարկներ՝ Խորհրդի նիստի օրակարգի և Խորհրդի կողմից ընդունվող նախագծերի մասով:

 

Հոդված 7

 

Սույն համաձայնագրի դրույթների կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են Պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 8

 

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում։

 

Հոդված 9

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում են սույն համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Ալմաթի քաղաքում ստորագրված ««Արժութային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի համաձայնագրի մասնակից պետությունների համաձայնեցված արժութային քաղաքականության մասին պայմանագրի» գործողությունը:

Կատարված է ___________ քաղաքում, 201__ թվականի __________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության կողմից՝

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից՝

Բելառուսի Հանրապետության
կառավարության կողմից՝

Բելառուսի Հանրապետության
ազգային բանկի կողմից՝

Ղազախստանի Հանրապետության
կառավարության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության
կառավարության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից

Ռուսաստանի Դաշնության
կառավարության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության
կենտրոնական բանկի կողմից