ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00021 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2127-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
05.09.2025
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«05» սեպտեմբերի 2025 թ.

ք. Երևան

N 2127-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00021 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2025 թվականի օգոստոսի 08-ի N 1857-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝

 

Պարզեցի

 

1Վարչական վարույթի նախապատմությունը.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 1857-Ա հրամանով «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Վարչական վարույթի հարուցման համար հիմք Է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2025 թվականի հուլիսի 22-ի ՔՏՄ/21․9/19483-25 գրությունը առ այն, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի մայիսի 30-ի ստուգում իրականացնելու վերաբերյալ թիվ Տ/658-2025 հանձնարարագրի հիման վրա 2025 թվականի հունիսի 18-ից 20-ը ստուգում է իրականացվել «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» ՍՊ ընկերությունում՝ 2024 թվականի հունիսի 18-ից մինչև 2025 թվականի հունիսի 20-ը ներառյալ ժամանակահատվածի համար։

Ըստ «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման մասին N S/658-2025 (21) ակտի՝ ստուգմամբ բացահայտվել է հետևյալ խախտումը՝

1) Տեխնիկական զննության իրականացման գործընթացը չի տեսանկարահանվում և տեսաձայնագրությունները մեկ տարի ժամկետով չի պահպանվում։

Խախտվել է ՀՀ կառավարության 2021 թ․ սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջը։

Ստուգվող օբյեկտը հրաժարվել է ստանալ ակտի օրինակը և հրաժարվել է ստորագրել այն։

Ընկերության կողմից ներկայացվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԲ ընկերության «ՂԱՐՍ» մասնաճյուղի «ԱՐԹԻԿ» էլ․ ցանցի պետի կողմից տրված տեղեկանքն՝ առ այն, որ 2025 թվականի հունիսի 14-ին ժամը՝ 17․30-ին ուժեղ քամիների պատճառով կոտրվել է «ՕՄԵԳԱ» 10 ԿՎ ՕԳ-ի երկաթ-բետոնյա հենասյուն, որի պատճառով հոսանազրկվել է ԳՏԵ 5106-Ը։ Վթարը վերականգնվել է հունիսի 15-ին ժամը 12։30-ին։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից քննարկվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 28-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հրավիրվել է վարչական լսում, որի վերաբերյալ Ընկերությունը ծանուցվել է թիվ ԱՎ//27595-2025 գրությամբ։ Վարչական լսմանը ներկայացել է նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Հ․ Մովսիսյանը։

Վարչական լսման ընթացքում Ընկերության տնօրեն Ա․ Գրիգորյանը պնդել է, որ Ընկերությունը պատշաճ իրականացնում է տեխնիկական զննության գործընթացի տեսագրությունները։ 2025 թվականի հունիսի 14-ին ժամը՝ 17․30-ին ուժեղ քամու պատճառով էլեկտրական հոսանքի հենասյունը կոտրվել է և Ընկերության գործունեության վայրում առաջացել է հոսանքի տատանումներ, որի հետևանքով տեսաձայնագրող սարքավորումը վնասվել է, իսկ տեսաձայնագրությունները ջնջվել։ Տեսաձայնագրությունները վերականգնելու նպատակով Ընկերությունը դիմել է մասնագիտական կազմակերպությունների, սակայն տեսագրությունները դեռևս չի հաջողվել վերականգնել։

Լիցենզավորման հանձնաժողովի նիստը նախագահողը պարզաբանել է, որ անհրաժեշտ է հանձնաժողովին ներկայացնել հիմնավոր փորձագիտական ապացույցներ առ այն, որ տեսաձայնագրման սարքավորման կրիչի վրա առկա են եղել տեխնիկական զննության գործընթացի տեսագրությունները, որոնք ջնջվել են հոսանքի տատանումների պատճառով։ Ընկերության տնօրենը նշել է, որ Հանձնաժողովին ներկայացնում է մասնագիտական կազմակերպությունների բանավոր պատասխանները և գրավոր որևէ հիմնավորում չի ներկայացրել։ Միաժամանակ Հանձնաժողովին տրամադրվել է 2025 թվականի հունիսի 14-ին Արթիկում ուժեղ քամիների և նրա հետևանքների վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդումների տեսագրություն։

 

 2 Ընկերության կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.

Ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի տվյալների՝ Ընկերությունը 2024 թվականի հունիսի 18-ից 2025 թվականի հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան է մուտքագրել 6 հազար 498 տրանսպորտային միջոց։

Ընկերության կողմից չեն ներկայացվել պահանջվող տեսագրությունները։

Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում և վարչական վարույթի շրջանակներում Ընկերության տնօրենը հայտարարել է, որ տեսաձայնագրող սարքավորման կրիչը վնասվել և տեսաձայնագրությունները ջնջվել է հոսանքի տատանումների պատճառով, մինչդեռ չեն ներկայացվել համապատասխան տեխնիկական պատշաճ հիմնավորումներ՝ 2025 թվականի հունիսի 14-ին Արթիկում ուժեղ քամիների հետևանքով էլեկտրական հոսանքի տատանումների պատճառով տեսանկարահանող սարքավորումների վնասման մասին։

 

3․Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.

«Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:

Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին։

Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։

Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։

Այսինքն, Ընկերությունը պարտավորվում է տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրել և ձայնագրությունները պահպանել մեկ տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ, Ընկերությունը պարտավորվում է Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում՝ պահանջի առկայության պարագայում, Տեսչական մարմնին ներկայացնել շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները։

Այսպիսով, արձանագրենք որ 2025 թվականի հունիսի 18-ից 20-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ՝ «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» ՍՊ ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում։

Ստուգումների արդյունքում Ընկերությանն է տրամադրվել Տեսչական մարմնի կողմից կայացված ստուգման թիվ S/658-2025 ակտը։

Թիվ S//658-2025 ստուգման ակտի կայացման համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները Տեսչական մարմին չներկայացնելը։

Այսինքն, չնայած որ Ընկերության պնդմամբ՝ Ընկերության կողմից գործընթացի ձայնագրումը պատշաճ ապահովվում է, սակայն ստուգումների ընթացքում Ընկերությունը Տեսչական մարմին չի ներկայացրել 2024 թվականի հունիսի 18-ից 2025 թվականի հունիսի 20-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները։

Ստացվում է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը, ավելին՝ Ընկերության կողմից չեն ներկայացվել որևէ հիմնավոր ապացույցներ դրանց չներկայացման վերաբերյալ, բացառությամբ բանավոր պնդումների առ այն, որ տեսաձայնագրությունները ջնջվել են հոսանքի տատանումների հետևանքով։

Այսինքն, Ընկերությունը առանց որևէ հիմնավոր ապացույցի հրաժարվում է Տեսչական մարմին ներկայացնել պահանջված տեսաձայնագրությունները, մինչդեռ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով, դա դիտարկվում է Ընկերության վրա օրենքով դրված պարտավորության խախտում։

Վերոգրյալի առթիվ Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի հուլիսի 22-ին ներկայացվել է թիվ ՔՏՄ/21․9/19483-25 միջնորդագիրը՝ Ընկերության թիվ 00021 լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։

«Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝

1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`

5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

Արձանագրվում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերությունից պահանջվել են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, որոնք Ընկերության կողմից չեն ներկայացվել։

Այսինքն, Ընկերության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, ինչն էլ ինքնին համարվում է Լիցենզավորման մասին օրենքով սահմանված՝ Ընկերությանը տրամադրված լիցենզիայի կասեցման հիմք։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝

1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

«Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`

1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.

2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.

3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).

4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:

Միևնույն ժամանակ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության լիցենզիան ենթակա է կասեցման քանի դեռ Ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառը չի վերացվում։

Հաշվի առնելով, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը առանց պատշաճ հիմնավորման, իսկ վարչական վարույթի շրջանակներում Ընկերության կողմից ներկայացված ապացույցները չեն հիմնավորում հոսանքի տատանումներով պայմանավորված տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունների ներկայացման անհնարինության միջև առկա պատճառահետևանքային կապը, ուստի Ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00021 լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ մինչ Ընկերության կողմից Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերի ներկայացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի N 11/2 եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. Կասեցնել «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00021 լիցենզիայի գործողությունը՝ մինչև սույն կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառի վերացումը։

2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում:

4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ԳՐԻԳՈՐՅԱՆՆԵՐԻ ՄՈԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

 

9/5/2025

Դ. Խուդաթյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան