ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
8 հոկտեմբերի 2019 թվականի |
թիվ 171 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՖՐԻԿՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության հանձնաժողովի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Աֆրիկյան միությունը, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Աֆրիկյան միության 2000 թվականի հուլիսի 11-ի «Հիմնադիր ակտի» վրա,
Եվրասիական տնտեսական միության և Աֆրիկյան միության միջև ավելի սերտ կապերի զարգացմանը կողմ հանդես գալով,
ձգտելով Եվրասիական տնտեսական միության և Աֆրիկյան միության անդամ պետությունների միջև բացել տարբեր ոլորտներում համագործակցության նոր հեռանկարներ,
հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքների վրա,
նպատակ ունենալով հիմք դնել Կողմերի բազմակողմանի տնտեսական համագործակցության համար և ստեղծել աշխատանքային մեխանիզմներ սույն հուշագիրը պատշաճ իրագործելու համար,
եկան հետևյալ փոխըմբռնման՝
1. Նպատակը
Սույն հուշագրի նպատակն է աջակցությունը բազմակողմանի համագործակցությանն ու փոխըմբռնման զարգացմանը, ինչպես նաև Կողմերի միջև փոխգործակցության պարզեցումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:
2. Համագործակցության ձևերը
Իրենց իրավասությունների շրջանակներում Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝
համաժողովների, ֆորումների, սեմինարների, կլոր սեղանների, խորհրդակցությունների, այցերի անցկացման միջոցով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների Կողմերի ներկայացուցիչների, պետական մարմինների և բիզնես համայնքների, ինչպես նաև Աֆրիկյան միության անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ.
տեղեկատվության (այդ թվում՝ վիճակագրական) փոխանակման միջոցով՝ պահպանելով գաղտնիության և տեղեկատվության պաշտպանության այն պահանջները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ, ինչպես նաև Աֆրիկյան միության անդամ պետությունների օրենսդրությամբ.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակման միջոցով.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության այլ ձևերի իրագործման միջոցով:
3. Համագործակցության ուղղությունները
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
ա) ենթակառուցվածք և գյուղատնտեսություն.
բ) առևտուր, ներդրումներ և ձեռնարկատիրության զարգացում.
գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրում.
դ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ուղղություններ։
2. Համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասությանը վերապահված ոլորտներում իրականացվելու է այդ անդամ պետությունների մասնակցությամբ։
3. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերը կարող են մշակել համագործակցության ծրագրեր, որոնք այդ թվում ներառում են՝
ա) կոնկրետ միջոցառումներ.
բ) միջոցառումների իրականացման ժամկետներ:
4. Իրականացման մեխանիզմը
Կողմերը ձգտելու են պահպանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության հանձնաժողովի միջև կանոնավոր շփումները, սույն հուշագրից բխող հարցերի շուրջ խորհրդատվությունների և խորհրդակցությունների անցկացումը:
5. Տեղեկատվության փոխանակումը
1. Կողմերը փոխանակելու են իրենց գործունեությանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը: Սույն հուշագիրը չի ենթադրում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության և Աֆրիկյան միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Աֆրիկյան միության անդամ պետությունների օրենսդրություններով:
2. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի ստացած տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմին՝ միայն այդ տեղեկատվությունը ներկայացրած Կողմի գրավոր նախնական համաձայնությամբ։
6. Ֆինանսական պայմանավորվածություններ
Կողմերից յուրաքանչյուրը կրում է իր մասնակցության հետ կապված կամ սույն հուշագրին համապատասխան անցկացվող միջոցառումներին նրա մասնակցությունից բխող ծախսերը և ծաղքերը: Սույն հուշագրի իրագործման հետ կապված միջոցառումները յուրաքանչյուր մասնավոր դեպքում կհամաձայնեցվեն Կողմերի կողմից՝ հաշվի առնելով միջոցների, անձնակազմի և այլ ռեսուրսների առկայությունը:
7. Փոխգործակցության համակարգումը
1. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացվում է՝
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Ինտեգրման զարգացման դեպարտամենտի միջոցով.
բ) Աֆրիկյան միության կողմից՝ Աֆրիկյան միության հանձնաժողովի միջոցով:
2. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է գրավոր՝ անգլերենով։
8. Կիրառումը և կիրառման դադարեցումը
1. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից 3 տարվա ընթացքում, եթե դրա կիրառումը չդադարեցվի ավելի վաղ:
2. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից 3 ամիս հետո։
3. Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակահատվածում մեկնարկած միջոցառումներն ու նախագծերն իրականացնելու վրա։
9. Երկարաձգումը
1. Կողմերն իրավունք ունեն 3 տարով երկարաձգելու սույն հուշագրի կիրառումը դրա կիրառման արդյունքների համատեղ գնահատումն անցկացնելու արդյունքներով նամակների փոխանակման միջոցով:
2. Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված երկարաձգումը պետք է իրականացվի մինչև սույն հուշագրի կիրառումը դադարեցնելու օրը:
10. Փոփոխությունների կատարումը
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել հուշագրի անբաժանելի մաս կազմող փոփոխություններ՝ Կողմերի միջև նամակների փոխանակման միջոցով։ Վերջին փոխանակման նամակի ստացման ամսաթիվը համարվում է այդպիսի փոփոխություններն ուժի մեջ մտնելու ամսաթիվը։
11. Հուշագրի իրավական կարգավիճակը
Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
12. Վեճերի կարգավորումը
Սույն հուշագիրը կիրառելիս առաջացող ցանկացած հարց կարգավորվելու է կողմերի կողմից խորհրդակցություններ և բանակցություններ անցկացնելու միջոցով:
Ստորագրված է ___________ քաղաքում 20__ թվականի _________ «_____» -ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Աֆրիկյան միության կողմից՝ |