ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
6 օգոստոսի 2019 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
«ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՍՈՒԲՍՏԱՆՑԻԱՆԵՐԻ (ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ) ԵՎ ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՄԱՆՐԷԱՅԻՆ ԿՈՆՏԱՄԻՆԱՑԻԱՅԻ ՌԻՍԿԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների միասնական սկզբունքների ու շրջանառության կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, ինչպես նաև դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի ռիսկերի հսկողությանը ներկայացվող պահանջներում տարբերությունները վերացնելու համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսության միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից 6 ամիս անց դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների արտադրության ու որակի փորձաքննության դեպքում, համաձայն հավելվածի, կիրառել Դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի ռիսկերի հսկողության վերաբերյալ ուղեցույցը:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 24 հանձնարարականի |
ՈՒՂԵՑՈՒՅՑ
դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի ռիսկերի հսկողության վերաբերյալ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն ուղեցույցը մշակվել է դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) և դեղաբուսական պատրաստուկների (այսուհետ՝ բուսամթերք և դեղաբուսական պատրաստուկներ) մանրէային կոնտամինացիայի ռիսկերի հսկողության նկատմամբ միասնական մոտեցումների նկարագրության նպատակով:
2. Սույն ուղեցույցը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տարածքներում շրջանառության համար թույլատրված բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների արտադրության ու որակի փորձաքննության դեպքում:
3. Սույն ուղեցույցը պարունակում է պարզաբանումներ հետևյալի մասին՝
բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի ռիսկի հսկողության առանձնահատկություններ.
բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների աճման, աճեցման, հավաքման, մշակման, արտադրության, պահպանման և փոխադրման կրիտիկական ասպեկտներ (փուլեր), որոնք պետք է հաշվի առնել դրանց մանրէաբանական մաքրությունն ապահովելու համար.
բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի նվազեցման եղանակներ:
4. Սույն ուղեցույցում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունվարի 26-ի թիվ 15 որոշմամբ հաստատված՝ Բուսական ծագման սկզբնական հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահպանման պատշաճ գործելակերպի կանոններով, Դեղաբուսական պատրաստուկների որակի վերաբերյալ ուղեցույցով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 6 հանձնարարականի հավելված) և Դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներ) և դեղաբուսական պատրաստուկների մասնագրերը կազմելու համար թեստերի և կիրառելիության չափանիշների ընտրության վերաբերյալ ուղեցույցով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 հանձնարարականի հավելված) սահմանված իմաստներով:
II. Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների մանրէաբանական հսկողության առանձնահատկությունները
5. Ելնելով իր բնական ծագումից՝ դեղաբուսական պատրաստուկի կազմում մտնող դեղաբուսական հումքը և բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկ), որպես կանոն, բնութագրվում են մանրէային կոնտամինացիայի առավել բարձր մակարդակով՝ համեմատած քիմիական ծագման նյութերի հետ, և բուսական նյութում առկա մանրէային պոպուլյացիան իսկ կարող է ունենալ տարբեր քանակական և որակական բնութագրեր, այդ իսկ պատճառով՝ դեղաբուսական պատրաստուկի մանրէային կոնտամինացիային անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:
6. Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների ռուտինային մանրէաբանական անալիզի դեպքում անցկացնում են աերոբ միկրոօրգանիզմների, խմորասնկերի և բորբոսասնկերի քանակական որոշում, ինչպես նաև ախտածին մանրէների առանձին տեսակների առանձնացում: Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների որակի նկատմամբ ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց վերլուծության մեթոդները ներկայացված են Միության Դեղագրքի ընդհանուր դեղագրքային հոդվածներում (մենագրություններում), իսկ դրանում բացակայության դեպքում՝ Միության անդամ պետությունների դեղագրքերի համապատասխան դեղագրքային հոդվածներում (մենագրություններում):
7. Դեղաբուսական պատրաստուկի մանրէային կոնտամինացիայի գնահատման նկատմամբ ներկայացվող այլ նորմատիվային պահանջներ սահմանվում են՝ ելնելով սկզբնական նյութերի որակից, արտադրական գործընթացից, դրանց նշանակությունից և հիմնավորվում են վալիդացման հետազոտության ընթացքում:
III. Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի ռիսկերի վերլուծությունը
8. Դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) պահպանման ժամանակ բարձր խոնավությունը (> 60 %) և ջերմաստիճանը (> 20 °С) նպաստում են միկրոօրգանիզմների բազմացմանը:
Նման միկրոօրգանիզմների առկայությունը կարող է ազդեցություն ունենալ նմուշների ֆիզիկաքիմիական հատկությունների վրա:
9. pH-ի արժեքով պայմանավորված՝ քիմիապես իոնացվող կոնսերվանտ պարունակող դեղաբուսական պատրաստուկում pH արժեքը (օրինակ՝ բենզոաթթու կամ սորբինաթթու) զգալիորեն փոփոխվելու դեպքում այդպիսի կոնսերվանտի արդյունավետությունը կարող է նվազել:
10. Այդպիսի ռիսկերը հաշվի են առնվում բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների աճման, աճեցման, հավաքման, մշակման, արտադրման, պահպանման և փոխադրման ընթացքում մանրէային կոնտամինացիայի հսկողության ժամանակ:
11. Միկոտոքսինների ռուտինային անալիզը չի անցկացվում դեղաբուսական հումքի բոլոր ձևաբանական խմբերի համար, քանի որ կոնտամինացիայի ռիսկին ենթարկված են դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) այնպիսի ձևաբանական խմբեր, ինչպիսիք են՝ ընդերացողունը, արմատները, պտուղները, սերմերը: Այդպիսի անալիզի կատարման նպատակահարմարության մասին եզրակացությունը կարող է արվել ռիսկերի անցկացված վերլուծության հիման վրա:
12. Միկոտոքսինները կայուն են ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության նկատմամբ: Բարձր ջերմաստիճանը (200 °С-ից բարձր), սառեցումը, չորացումը, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությունը չեն հանգեցնում դրանց քայքայմանը:
13. Բույսի աշխարհագրական ծագումը կարող է զգալիորեն ազդել առաջացող աֆլատոքսինների քանակի վրա, քանի որ սունկ-պրոդուցենտների համար առավել բարենպաստ են համարվում բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմանները: Մեր արևադարձային (արևադարձային) շրջաններում աճող բույսերից ստացված դեղաբուսական հումքը, որպես կանոն, կարող է պարունակել աֆլատոքսինների առավել բարձր մակարդակ, քան առավել ցուրտ և չոր կլիմայական պայմաններում աճող բույսերից ստացված հումքը:
IV. Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների արտադրության առանձնահատկությունները, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել մանրէային կոնտամինացիան
14. Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիան կարող է լինել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային: Առաջնային մանրէային կոնտամինացիան հավաքվող բուսահումքի բնական մանրէային ֆլորան է: Երկրորդային մանրէային կոնտամինացիան տեղի է ունենում հումքի մշակման, ինչպես նաև փոխադրման ընթացքում: Միկրոօրգանիզմներով և մանրէային տոքսիններով կոնտամինացիան նվազագույնի կարելի է հասցնել մշտադիտարկում անցկացնելու և առաջնային ու երկրորդային մանրէային կոնտամինացիայի հավանականությունը սահմանափակելու միջոցով, այսինքն՝ նախընտրելի է կանխարգելման, այլ ոչ թե դեկոնտամինացիայի մեթոդի օգնությամբ:
15. Որակյալ բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) արտադրությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության Պատշաճ արտադրական գործելակերպի կանոնների (այսուհետ՝ Պատշաճ արտադրական գործելակերպի) պահպանմամբ:
16. Դեղաբուսական հումքը և բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) կարող են ստացվել մշակովի և (կամ) վայրի բույսերից: Այդպիսի մթերքի որակը մեծապես կախված է մշակման, նախապատրաստման, չորացման, վերամշակման կանոնների և պահպանման պայմանների կատարումից:
17. Մշակովի բույսերի մանրէային կոնտամինացիան կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է ընտրել աճեցման ճիշտ պայմաններ և ապահովել դրանց հսկողությունը: Չի թույլատրվում բույսերը մշակելիս որպես պարարտանյութ ուղղակիորեն օգտագործել մարդու արտաթորանք, ինչպես նաև կեղտաջրեր:
18. Ինչպես մշակովի, այնպես էլ վայրի բույսերի համար անհրաժեշտ է հավաքման ժամանակն այնպես ընտրել, որ արտաքին խոնավության առկայությունը բույսերի վրա լինի նվազագույն, այսինքն՝ խուսափել բույսերը հավաքելուց անձրևի ժամանակ կամ անձրևից կամ էլ առատ առավոտյան (երեկոյան) ցողից հետո անմիջապես: Ջերմոցներում բույսերի աճեցումը որոշ չափով թույլ է տալիս վերահսկել օդով կամ կենդանիների միջոցով փոխանցվող միկրոօրգանիզմներով կոնտամինացիան:
19. Սառեցում չպահանջող, թարմ տեսքով օգտագործման համար նախատեսված դեղաբուսական հումքը հավաքելուց հետո անհրաժեշտ է անմիջապես մշակել: Եթե բուսական հումքը մինչ կիրառումը ենթակա է չորացման, ապա պետք է նկարագրել չորացման ընթացքը՝ նշելով մեթոդը և տևողությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ չորացման փուլը կրիտիկական է միկրոօրգանիզմների աճի և բորբոսասնկերով միկոտոքսինների առաջացման համար: Մանրէային կոնտամինացիայի մակարդակի բարձրացմանը հանգեցնող ոչ բավարար չորացումը չպետք է վերացվի բացառապես արտադրանքի դեկոնտամինացիայի մեթոդներով:
20. Այն դեպքում, երբ դեղաբուսական հումքի մաքրումն իրականացվում է ջրով լվացման եղանակով, ջրի որակը նույնպես պետք է հաշվի առնել որպես մթերքի մանրէային կոնտամինացիայի հնարավոր ռիսկի գործոն:
21. Դեղաբուսական հումքի փաթեթավորման նյութերի և պահպանման պայմանների ընտրությունն անհրաժեշտ է հիմնավորել՝ հաշվի առնելով մանրէային աճի և երկրորդային կոնտամինացիայի կանխարգելման անհրաժեշտությունը: Ցածր աստիճանների պայմաններում պահպանումը կարող է հանգեցնել կոնդենսատի առաջացմանը, ինչը նույնպես մանրէային կոնտամինացիայի ռիսկ է պարունակում:
22. Դեղաբուսական հումքի արագ, արդյունավետ և հավասարաչափ մշակման սկզբունքները պետք է նաև կիրառվեն բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) նկատմամբ: Արտադրական գործընթացի կարևոր փուլեր և վերահսկվող բնութագրեր են լուծամզման ջերմաստիճանը և ժամանակը, հատկապես՝ ջրային լուծամզուքների համար, լուծամզուքների վակուումային գոլորշացումը, եթերային յուղերի թորումը և հասունացման ժամանակը:
23. Քամած հյութերը և դեղաբուսական հումքից ջրով կամ ցածր կոնցենտրացիաների սպիրտներով լուծամզումից ստացվող լուծամզուքները առավել շատ ենթարկված են մանրէաբանական կոնտամինացիայի ռիսկին: Կոնսերվանտների հավելումը կարող է դիտարկվել որպես տվյալ խնդրի լուծում: Սակայն կոնսերվանտի և դրա կոնցենտրացիայի ընտրությունը պետք է ամբողջությամբ հիմնավորել օգտագործվող կոնսերվանտի արդյունավետության և դրա կիրառման անվտանգության ապացուցողական փորձարարական հաստատման եղանակով:
24. Մանրէային կոնտամինացիայից բացի, որի աղբյուրն է հենց դեղաբուսական հումքը, տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող ջրի, լուծամզուքների և օժանդակ նյութերի որակը նույնպես ենթակա է հսկողության:
25. Որոշակի դեղաձևերի արտադրության համար օգտագործվող օժանդակ նյութերի մանրէային կոնտամինացիան պետք է վերահսկվի Միության Դեղագրքի համապատասխան ընդհանուր դեղագրքային հոդվածներում (մենագրություններում) սահմանված պահանջներին համապատասխան, իսկ դրանում բացակայության դեպքում՝ Միության անդամ պետությունների դեղագրքերի համապատասխան դեղագրքային հոդվածներում (մենագրություններում):
26. Դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) մանրէային կոնտամինացիայի կանխարգելման սկզբունքները տարածվում են նաև դեղաբուսական պատրաստուկի արտադրության, փոխադրման և պահպանման վրա:
27. Բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) և դեղաբուսական պատրաստուկի փաթեթավորման նյութերը և պահպանման պայմաններն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մանրէային աճի և երկրորդային կոնտամինացիայի կանխարգելման անհրաժեշտությունը:
28. Այն դեպքերում, երբ արտադրության գործընթացում կիրառվում է վարակազերծում, անհրաժեշտ է ապացուցել, որ դեկոնտամինացիայի ընտրված եղանակը չի ազդում բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի՝ դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) ազդող նյութի վրա և չի հանգեցնում մարդու առողջության համար վնասակար միացությունների կուտակմանը նման դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) դեղաբուսական պատրաստուկը արտադրության համար կիրառելու դեպքում:
V. Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիայի նվազեցման եղանակները
29. Արտադրական գործելակերպի կանոնների համաձայն՝ դեղաբուսական պատրաստուկի պատշաճ որակը պետք է ապահովվի արտադրական գործընթացի բոլոր փուլերում՝ ներառյալ դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) սկզբնական որակը: Դեղաբուսական հումքի մանրէային սերմնավորումը՝ աճեցման, հավաքման, պահպանման և մշակման փուլերում նվազագույնի հասցնելու համար, բացառիկ կարևոր խնդիր է, քանի որ դեղաբուսական պատրաստուկի՝ հետագա մշակման միջոցով մանրէային կոնտամինացիայի նվազման հնարավորությունը շատ սահմանափակ է:
30. Բուսական ծագման բոլոր մթերքները ենթակա են մշակման ընթացքում որակի վատթարացմանը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է ամբողջությամբ լուծել մշակման ընթացքում առաջացող՝ դեգրադացման վտանգավոր արգասիքների վերացման խնդիրը: Մշակման ցանկացած ընթացակարգ օգտագործելիս անհրաժեշտ է հաստատել, որ բույսի որևէ բաղադրիչի որակը չի խախտվել, և վտանգավոր մնացորդային արգասիքները բացակայում են:
31. Պետք չէ օգտագործել առանձին վերցված դեղաբուսական հումքի մեջ, բուսական դեղագործական սուբստանցիայում (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկում) բոլոր միկրոօրգանիզմների ամբողջական ոչնչացման համար մանրէազերծման մեթոդներ այն դեպքում, երբ պատրաստի դեղաբուսական պատրաստուկում միկրոօրգանիզմների առկայությունը չի գերազանցում թույլատրելի սահմանները, իսկ ախտածին միկրոօրգանիզմները բացակայում են:
32. Դեկոնտամինացիայի ընթացակարգի ընտրությունը և դրա անցկացման հիմնավորվածությունը կախված են դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) և դեղաբուսական պատրաստուկի ձևաբանական խմբից և կազմից, դրա պլանավորվող կիրառումից և հիվանդին այն ներմուծելու ուղուց: Ռիսկերի գնահատումն անցկացնում է բուսամթերք և դեղաբուսական պատրաստուկներ արտադրողը մանրէային կոնտամինացիայի սկզբնական մակարդակի մասին տվյալների հիման վրա՝ հաշվի առնելով ոչ մանրէազերծ դեղապատրաստուկների համար կիրառելիության առաջարկվող չափանիշները՝ ի նկատի ունենալով արտադրական գործընթացի փուլերը և միկրոօրգանիզմների աճի վրա ազդող գործոնները, ինչպիսիք խոնավությունը, ապրանքի պահպանման առաջարկվող ժամկետը և պայմանները են:
33. Դեկոնտամինացիայի ընթացակարգը չի վերացնում Արտադրական գործելակերպի կանոնները պահպանելու անհրաժեշտությունը և չի կիրառվում չմշակված դեղաբուսական հումքի կամ բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) ցածր մանրէաբանական մաքրությունը թաքցնելու համար:
34. Դեկոնտամինացված բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների որակը զգալիորեն կախված է պահպանման և փոխադրման պայմաններից, ինչը կապված է մանրէային աղտոտման աստիճանի նվազման գործընթացից հետո գոյատևած միկրոօրգանիզմների աճի հետ:
35. Դեկոնտամինացիայի մեթոդն օգտագործելիս պատրաստուկի մշակման գործընթացում անհրաժեշտ է տարբեր ֆիզիկաքիմիական մեթոդների (օրինակ՝ քրոմատագրման) օգնությամբ հաստատել, որ բուսական ծագման նյութը չի փոփոխվել նման ընթացակարգից հետո: Քիմիական կազմում փոփոխություններ հայտնաբերելու դեպքում դրանք պետք է դիտարկվեն: Ընդ որում, անհրաժեշտ է ապացուցել բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների անվտանգության և արդյունավետության վրա բացահայտված փոփոխությունների ազդեցությունը:
36. Առկա են պատրաստի դեղապատրաստուկի արտադրման գործընթացում դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի մանրէային կոնտամինացիայի նվազեցման համար օգտագործվող մի շարք մեթոդներ: Դեկոնտամինացիան նպատակահարմար է կիրառել տեխնոլոգիական գործընթացի վաղ փուլերում: Դա երաշխավորում է ամբողջ արտադրական ցիկլի ընթացքում պատշաճ մակարդակով մթերքի մանրէաբանական մաքրության պահպանումը և դեղաբուսական պատրաստուկի արտադրման, պահպանման և կիրառման գործընթացում միկրոօրգանիզմների աճը նվազագույնի հասցնելը:
37. Մանրէային կոնտամինացիայի նվազեցման ընտրվող մեթոդը պետք է նվազագույն ազդեցություն ունենա, որպեսզի չհանգեցնի պատրաստի դեղապատրաստուկի որակի վրա ներգործող՝ քիմիական կազմում և ֆիզիկական հատկություններում անցանկալի փոփոխությունների: Բացի այդ, անհրաժեշտ է ապացուցել դեկոնտամինացիայի այս կամ այն եղանակի կիրառումից հետո մշակման գործընթացում առաջացող դեգրադացման վտանգավոր արգասիքների բացակայությունը:
38. Անհրաժեշտ է հաշվի առնել ախտածին մանրէների բացակայությունը և դրանց վերացման կամ հսկողության մասով միջոցներ ձեռնարկել: Այնպիսի տոքսիններ, ինչպես օրինակ՝ Clostridium botulinum կամ սնկեր արտադրող միկրոօրգանիզմները, անվնաս են դրանց աճի հավանականությունը բացառող պայմաններում: Միաժամանակ, եթե տոքսիններն առաջացել են, դրանք դժվար է վերացնել: Հետևաբար` մանրէային մետաբոլիտների հնարավոր առկայությունը պահանջում է մանրակրկիտ գնահատում, քանի որ մանրէային դեկոնտամինացիայի մեթոդների մեծ մասը հանգեցնում են կենսունակ միկրոօրգանիզմների պարունակության նվազեցմանը, սակայն՝ ոչ միկոտոքսինների և էնդոտոքսինների պարունակության նվազմանը:
39. Մեթոդի ընտրությունը և գործընթացի պարամետրերի (ժամանակային միջակայքերի, ջերմաստիճանների, ճնշման, կոնցենտրացիաների, բաժնեչափերի և այլն) որոշումը պետք է հիմնավորվեն դեղաբուսական պատրաստուկի արտադրական գործընթացի մշակման և վալիդացման ընթացքում ստացված տվյալների հիման վրա:
1. Դեկոնտամինացիայի որոշ մեթոդներ
Լուծամզում
40. Շատ դեպքերում արտադրական գործընթացն ինքնին կարող է որոշ չափով ապահովել միկրոօրգանիզմների քանակի նվազումը: Օրինակ՝ սպիրտային լուծույթի օգնությամբ դեղաբուսական հումքի լուծամզումը կարող է դիտարկվել որպես ախտածին միկրոօրգանիզմների քանակի նվազեցման մեթոդ: Էթանոլի առավել բարձր կոնցենտրացիաները (60-ից մինչև 95 %) տալիս են վեգետատիվ ձևերի նկատմամբ բակտերիցիդ և ֆունգիցիդ էֆեկտ, սակայն նկատվում է որոշակի կոնսերվացնող ազդեցություն և ավելի ցածր կոնցենտրացիաների դեպքում (20 %-ից): Էթանոլի կոնցենտրացիայից բացի՝ հակամանրէային ազդեցությունը նույնպես կախված է ներգործության տևողությունից, ջերմաստիճանից և միկրոօրգանիզմների ներկա տեսակներից:
41. Վեգետատիվ բջիջները, հատկապես գրամ-բացասական տեսակները, շատ զգայուն են սպիրտային լուծույթների տաքացման և ազդեցության նկատմամբ: Լուծամզման նման գործընթացներից հետո մնացորդային մանրէային կոնտամինացիան հիմնականում մանրէային էնդոսպոր է, որը կայուն է հակամանրէային միջոցների, օրինակ՝ էթանոլի ներգործության նկատմամբ: Տաքացմամբ ջրասպիրտային լուծամզումը, որպես կանոն, արդյունավետ է 104 ԳԱՄ/մլ-ից պակաս աերոբ միկրոօրգանիզմների ընդհանուր քանակով պատրաստուկների նկատմամբ:
42. Չոր լուծամզուքի արտադրությունը, որպես կանոն, նախատեսում է վակուումային գոլորշիարարում օրգանական լուծիչի մանրազնին շոգեհանման փուլ: Հիմնականում ստացվող խիտ լուծամզուքը, որում մնում է որոշ քանակի խոնավություն, խառնում են հարմար օժանդակ նյութերի հետ, իսկ հետո ևս մեկ անգամ շոգեհանում են մինչև չորանալը, օրինակ՝ փոշիացնող կամ ժապավենավոր չորապահարանի օգնությամբ: Սպիրտի շոգեհանումից հետո միկրոօրգանիզմների ընդհանուր պարունակությունը կարող է ավելանալ, քանի որ խիտ լուծամզուքում պարունակվող ջուրը կարող է առաջ բերել մանրէային աճ: Այդ ասպեկտը հաշվի է առնվում արտադրական գործընթացը մշակելիս:
43. Բուսական հավաքներից ջրային արտազատումների ստացման համար եռացող ջրի օգտագործման արդյունավետության հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա եռացող ջրի լուծամզումը թույլ է տալիս կրճատել աերոբ միկրոօրգանիզմների և խմորասնկերի ու բորբոսասնկերի ընդհանուր քանակությունը միջինում ավելի քան 2 կարգով: Դեղաբուսական հումքում սպոր չառաջացնող մանրէների (Е.coli, Staphylococcus aureus, Aeromonas hydrophila, Klebsiella pneumonia և Enterobacter cloaceae) քանակը զգալիորեն նվազել է, մինչդեռ միկրոօրգանիզմների սպոր առաջացնող տեսակները (Bacillus cereus) պահպանել են կենսունակությունը եռացվող ջրով լուծամզումից հետո:
44. Քանի որ ջուրը միկրոօրգանիզմների աճի և բազմացման միջավայրն է, հեղուկ և խիտ ջրային լուծամզուքների պահպանման ժամկետը չի կարող գերազանցել 24 ժամը սառնարանի 2-ից 8 °С ջերմաստիճանում: Պահպանման այլ պայմաններ անհրաժեշտ է հիմնավորել և հաստատել կայունության մասով տվյալներով:
45. Ածխածնի երկօքսիդի օգնությամբ լուծամզումը թույլ է տալիս կրճատել աերոբ միկրոօրգանիզմների և խմորասնկերի ու բորբոսասնկերի ընդհանուր քանակությունը լուծիչի ազդեցության՝ բարձր ճնշման ներգործության հետ համակցելու հաշվին, որոնք հավասարապես կրճատում են միկրոօրգանիզմների պարունակության մակարդակը:
46. Եթերայուղերի թորման ընթացքում մանրէային կոնտամինացիան, որպես կանոն, ցածր է, ինչը կապված է իր իսկ գործընթացի առանձնահատկությունների (բարձր ջերմաստիճան և ֆազային անցում) և, բացի այդ, եթերային յուղերի մեծ մասին բնորոշ հակամանրէային հատկությունների հետ:
47. Էթանոլով լուծամզումը օգնում է նվազեցնելու մանրէային կոնտամինացիան, այդ իսկ պատճառով մանրէային սերմնավորումը նվազագույնի հասցնելու համար կարող է անցկացվել էթանոլով՝ հետագա շոգեհանմամբ լուծամզուքների բազմակի մշակում:
Ջերմամշակում
48. Մանրէային կոնտամինացիան նվազագույնի հասցնելու համար մինչ բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների չորացումը հարկ եղած դեպքում հնարավոր է կարճաժամկետ ջերմամշակման (գերբարձր ջերմաստիճանային կամ բարձրջերմաստիճանային) կամ պաստերիզացման անցկացում: Նման մշակումը, որպես կանոն, չի անցկացվում խեժային նյութերի բարձր պարունակությամբ լուծամզուքների, 50 % -ից բարձր չոր մնացորդով բարձր մածուցիկ լուծամզուքների կամ ջերմաանկայուն կամ ցնդող բաղադրիչներով լուծամզուքների նկատմամբ:
49. Մի քանի րոպեում բարձր ջերմաստիճանում, օրինակ՝ արդյունաբերական չորացման թմբկագլաններում չորացումն ընդհանուր առմամբ նվազեցնում է մանրէային ծանրաբեռնվածությունը: Առավել երկար ժամանակահատվածում ստատիկ չորապահարաններում ավելի ցածր ջերմաստիճաններում չորացումը կարող է պակաս ազդեցություն ունենալ առանձին քիմիական բաղադրիչների վրա, սակայն պակաս արդյունարար է կենսունակ միկրոօրգանիզմների քանակի նվազման մասով, քան չորացման թմբկագլանները, և անարդյունավետ է տաքացման նկատմամբ կայուն գրամ-դրական մանրէների սպորների մասով: Դրանց ոչնչացման համար պահանջվող ջերմաստիճանի ներգործությունը կարող է հանգեցնել դեղապատրաստուկի ֆիզիկաքիմիական, քիմիական և օրգանոլեպտիկ փոփոխությունների:
50. 65 °С ջերմաստիճանում ջրային գոլորշիներով մշակումը կարող է ոչնչացնել միկրոօրգանիզմների որոշ անցանկալի տեսակներ: Նման մշակումն անցկացնելուց հետո անցկացնում են մնացորդային խոնավության վերացում և դրա պարունակության մանրազնին հսկողություն՝ խուսափելու համար մանրէային կոնտամինացիայից:
Կոնսերվանտի ներմուծումը
51. Հակամանրէային կոնսերվանտի հավելումը չի դիտարկվում որպես դեկոնտամինացիայի մեթոդ: Սակայն նման եղանակը նպատակահարմար է կիրառել պատրաստուկը պահպանելիս ամբողջ պահպանման ժամկետի ընթացքում՝ մանրէային աճը կանխարգելելու համար, եթե պատրաստուկում առանց կոնսերվանտի օգտագործման նկատվում է մանրէային աճ:
52. Ընդ որում, կոնսերվանտների ներմուծումը չի բացառում Արտադրական գործելակերպի կանոնները պահպանելու անհրաժեշտությունը և չի կիրառվում նվազեցնելու համար ի սկզբանե միկրոօրգանիզմների բարձր պարունակությամբ դեղապատրաստուկների ցածր մանրէաբանական մաքրությունը թաքցնելու համար:
53. Հակամանրէային կոնսերվանտների ընտրությունը կատարվում է փորձարարական եղանակով ստացված՝ դրանց արդյունավետության մասին տվյալների հիման վրա:
54. Կոնսերվանտների հավելումն անհրաժեշտ է նվազագույնի հասցնել: Որոշակի դեպքերում մանրէային կոնտամինացիայի նվազեցման նման եղանակը թույլատրելի է այն դեղապատրաստուկների համար, որոնց կազմը կոնսերվանտների բացակայության դեպքում և բազմաբաժնեչափային կոնտեյներներում փաթեթավորման դեպքում նպաստում է միկրոօրգանիզմների աճին:
55. Օգտագործվող կոնսերվանտների հակամանրէային արդյունավետությունը հաստատվում է անհատական կարգով:
56. Կոնսերվանտների պարունակության մասով փորձարկումը (քիմիական և (կամ) ֆիզիկաքիմիական մեթոդներով որակական և քանակական անալիզ), որպես կանոն, ներառվում է մասնագրում:
Ծխահարում
57. Վնասատուների և բույսերի հիվանդությունների հսկողության համար դեղաբուսական հումքի ծխահարումը նույնպես կարող է նվազեցնել մանրէային կոնտամինացիան: Թունաքիմիկատների օգնությամբ ծխահարումը, որպես կանոն, կիրառվում է դեղաբույսերի մշակովի տեսակներ աճեցնելու դեպքում: Առաջարկվում է հնարավորինս սահմանափակել ֆումիգանտների օգտագործումը՝ օգտագործելով դրանք միայն ըստ անհրաժեշտության: Ծխահարումն իրականացվում է միայն հնարավոր ամենավաղ փուլերից մեկում, իսկ ֆումիգանտի, դրա կոնցենտրացիայի և օգտագործման պայմանների ընտրությունը (ջերմաստիճանի, խոնավության, էքսպոզիցիայի ժամանակի) մանրամասն գնահատվում է բուսական նյութում ֆումիգանտի մնացորդային պարունակությունը նվազագույնի հասցնելու համար: Դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկ և դեղաբուսական պատրաստուկ ֆումիգանտի մնացորդային պարունակությունների հնարավոր փոխանցումն անհրաժեշտ է բազմակողմանի վերլուծել՝ օգտագործելով (անհրաժեշտության դեպքում) մթերքում ֆումիգանտի մնացորդների առկայության հսկողության մեթոդները: Դեղաբուսական հումքի դեկոնտամինացիայի համար էթիլենօքսիդ չի կիրառվում:
Ճառագայթահարում
58. Ճառագայթահարումը սահմանափակված կամ թույլատրված չէ Միության մի շարք անդամ պետություններում: Նման մեթոդի կիրառման թույլատրելիության դեպքում այն թույլատրվում է օգտագործել միայն հիմնավորումների առկայության և այլ մեթոդներ կիրառելու անհնարինության դեպքում:
59. Ճառագայթահարումն անհրաժեշտ է իրականացնել նախապես որոշված պայմաններում, իսկ ճառագայթահարված մթերքի անվտանգությունն անհրաժեշտ է գնահատել Միության անդամ պետությունների ճառագայթային անվտանգության մասով փաստաթղթերին համապատասխան:
60. Մշակման արդյունավետությունը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ սուբստրատի կազմից, միկրոօրգանիզմների թվից և տեսակից, ճառագայթահարման համար օգտագործվող բաժնեչափից: Ճառագայթահարման մահացու բաժնեչափը տատանվում է՝ պայմանավորված ճառագայթման տեսակով և միկրոօրգանիզմների տեսակով: Մանրէների վեգետատից ձևերն ընդհանուր առմամբ առավել զգայուն են իոնացնող ճառագայթման նկատմամբ, քան սնկերը: Ռենտգենային ճառագայթները և գամմա-ճառագայթումը նույնպես կարող են նվազեցնել սպորների թիվը:
61. Անհրաժեշտ է նշել պատրաստուկի համար պահանջվող ճառագայթահարման բաժնեչափը՝ ներառյալ հիմնավորված սահմանաչափերը՝ նշելով Միության անդամ պետությունների ճառագայթային անվտանգության մասին փաստաթղթերին հղումները:
62. Դեղապատրաստուկների արտադրության մեջ իոնացնող ճառագայթում օգտագործող արտադրողներին անհրաժեշտ է դիմել Արտադրական գործելակերպի կանոնների թիվ 12 հավելվածին:
Դեկոնտամինացիայի նոր այլընտրանքային մեթոդներ
63. Սույն ուղեցույցի 40-62-րդ կետերով նախատեսված մեթոդների ցանկը սպառիչ չէ: Թույլատրվում է օգտագործել դեկոնտամինացիայի այլ մեթոդներ՝ համապատասխան հիմնավորման դեպքում (օրինակ՝ վալիդացված հետազոտության արդյունքներ ներկայացնելիս):
2. Դեկոնտամինացիայի մեթոդների կիրառման առանձնահատկությունները՝ պայմանավորված դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) տեսակով
64. Դեղաբուսական հումքի մանրէային կոնտամինացիայի նվազեցման մեթոդները պայմանավորված են դրա հետագա կիրառմամբ: Եթե բուսական հումքը նախատեսված է հետագա վերամշակման համար, ապա բավական կլինի բուսական նյութի չորացումը կամ սառեցումը մինչև հետագա վերամշակումը՝ մանրէային աճը և որակի վատթարացումը կանխարգելելու համար:
65. Եթե բուսական նյութի մանրէային կոնտամինացիայի նվազեցման համար օգտագործվում է շոգեմշակում, ապա նյութն անհապաղ անհրաժեշտ է չորացնել, քանի որ խոնավության մնացորդները կարող են ազդել դրա որակի վրա մշակման հետագա փուլերում:
66. Լուծամզման գործընթացը կարող է ուղղակիորեն նպաստել մանրէային կոնտամինացիայի զգալի կրճատմանը էթանոլի բարձր կոնցենտրացիաներ օգտագործելու դեպքում: Անհրաժեշտ է նշել, որ սառը ջրով լուծամզումը, ինչպես կակղացման (մացերացիայի) դեպքում, կարող է հանգեցնել միկրոօրգանիզմների պարունակության զգալի ավելացմանը, ինչը պետք է հաշվի առնել դեղաբուսական պատրաստուկի արտադրության տեխնոլոգիան մշակելիս, ստուգել որակի գնահատման ընթացքում և վերահսկել դեղաբուսական պատրաստուկի պիտանիության ժամկետը սահմանելու համար:
67. Ջերմամշակումը (օրինակ՝ խիտ լուծամզուքների գերբարձր ջերմաստիճանային մշակումը) կամ բարձր ճնշման ներքո մշակումը թույլատրելի է, սակայն անհրաժեշտ է ընտրել և վալիդացնել նյութի կազմի վրա դրա ազդեցության գնահատման հնարավորության համար սպեցիֆիկ պայմանները: Հնարավոր փոփոխություններն անհրաժեշտ է ուսումնասիրել և հիմնավորել:
68. Դեղաբուսական պատրաստուկի մանրէային կոնտամինացիան պայմանավորված է սկզբնական հումքի (բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի)) որակով, արտադրական գործընթացի պայմաններով և սանիտարական պայմաններով: Ցանկալի է, որ պատրաստի դեղաբուսական պատրաստուկի մանրէային դեկոնտամինացիայի դեպքերը հասցվեն նվազագույնի: Օրինակ՝ դեղահավաքների համար թույլատրելի են աերոբային միկրոօրգանիզմների, ինչպես նաև բորբոսասնկերի ու խմորասնկերի ընդհանուր քանակի հարաբերականորեն բարձր ցուցանիշներ՝ հաշվի առնելով եռացող ջրով մշակման մեթոդը (եփում): Սակայն դեղահավաքների ոչ պատշաճ մշակումը տաք ջրով՝ եռացողի փոխարեն, թույլ չի տալիս հասնել արդի պահանջներին բավարարող մանրէաբանական մաքրության բարձր մակարդակի:
69. Էմուլսիայի և սուսպենզիայի ձևերով՝ տաքացման նկատմամբ զգայուն դեղաբուսական պատրաստուկները կարող են մշակում անցնել բարձր ճնշման ներքո՝ առանց դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների խախտման:
70. Քանի որ մանրէաբանական մաքրության վերլուծությունն անցկացվում է արտադրական գործընթացի բոլոր փուլերում, նման փորձարկումների արդյունքները կոչված են հաստատելու պատրաստի մթերքի որակը և երաշխավորել արտադրության բոլոր տեխնոլոգիական պարամետրերի կայունությունն ու միօրինակությունը: Փորձարկումների անցկացումը, մոնիթորինգի իրականացումը և բուսամթերքի ու դեղաբուսական պատրաստուկների մանրէային կոնտամինացիան նվազագույնի հասցնելը պետք է հիմնվեն յուրաքանչյուր դեպքի համար առանձին անցկացվող՝ ռիսկերի վերլուծության վրա:
71. Անհրաժեշտ է դիտարկել և հաշվի առնել մի շարք կարևոր գործոններ՝
բուսական հումքի աղբյուրը.
դրա աշխարհագրական ծագման մասին տեղեկությունը.
միկրոօրգանիզմների մասին տվյալները.
արտադրական գործընթացները և դեկոնտամինացիայի ընթացակարգերը.
օժանդակ նյութերի մանրէաբանական մաքրությունը.
փաթեթավորման ընտրված նյութի պաշտպանիչ ունակությունը.
դեղաձևը.
ներմուծման ուղին.
նոզոլոգիան և հիվանդների պոպուլյացիոն խմբերը:
72. Դեղաբուսական պատրաստուկի արտադրության բոլոր փուլերում տեխնոլոգիական ընթացակարգերի՝ Արտադրական գործելակերպի կանոններին համապատասխանությունը դեղաբուսական պատրաստուկի մանրէային կոնտամինացիայի նվազեցման ապահովման բացառապես կարևոր ասպեկտն է համարվում:
73. Անհրաժեշտ է հիմնավորել դեկոնտամինացիոն մշակման կիրառումը, եթե մանրէային կոնտամինացիայի ռիսկերի վերլուծության հիման վրա որոշվել է, որ բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկների արտադրության գործընթացում պահանջվում է նման մշակման կիրառում: Մանրէային աղտոտման աստիճանի նվազեցման մեթոդն ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել միկրոօրգանիզմների սկզբնական և ցանկալի վերջնական պարունակությունը: Բացի այդ, անհրաժեշտ է ապացուցել, որ դեկոնտամինացիայի գործընթացը չի փոփոխում նմուշի քիմիական կազմը և մշակումից հետո նյութում բացակայում է որևէ մնացորդային տոքսիկ բաղադրիչ:
74. Բուսամթերքի և դեղաբուսական պատրաստուկի մասնագիրը պարունակում է «Մանրէաբանական մաքրություն» ցուցանիշը՝ նշելով գնահատման մեթոդները և կիրառելիության չափանիշները Միության դեղագրքի համապատասխան ընդհանուր դեղագրքային հոդվածի (մենագրության) համաձայն, իսկ դրանում բացակայության դեպքում՝ Միության անդամ պետությունների դեղագրքերի ընդհանուր դեղագրքային հոդվածի (մենագրության) համաձայն, ինչպես նաև՝ «Թունաքիմիկատների մնացորդային պարունակություն» ցուցանիշը՝ նշելով հսկողության մեթոդները և կիրառելիության չափանիշները դեղաբույսների մշակովի տեսակների ծխահարման համար դրանք կիրառելու դեպքում:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|