ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
Հ-4
Տիպ
Հայտարարություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը,

Գիտակցելով միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչման հիման վրա բոլոր հարևանների հետ խաղաղ համակեցության նշանակությունը տարածաշրջանի տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար,

Ընդգծելով խաղաղության հաստատման կարևորությունը Հայաստանի Հանրապետության զարգացման և հարատևության համար,

Հենվելով անցյալի հակամարտությանը վերջ դնելու և ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության գիտակցության վրա՝

1. աջակցություն է հայտնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ Հռչակագրին,

2. ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը և ստորագրմանն ուղղված ջանքերը,

3. կարևորում է ձեռք բերված համաձայնությունը առ այն, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացումը տեղի կունենա պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով,

4. առանցքային է համարում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով,

5. քաջալերում է անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, պայծառ ապագայի ուղի նախանշելու՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի Հռչակագրով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև մեկնարկած գործընթացը,

6. վերահաստատում է, որ մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ժողովուրդների համար ստեղծվել են բարիդրացիական հարաբերություններ սկսելու պայմաններ՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա,

7. երախտագիտություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար,

8. ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական բարգավաճման և առաջընթացի համար, որ խաղաղության ինստիտուցիոնալ կայացումը բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից, և որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հաստատված խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ,

9. կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար։

 

Ազգային ժողովի նախագահ

Ա. Սիմոնյան

 

2025 թվական, հոկտեմբերի 2

Երևան 

Հ-4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան