ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
19 փետրվարի 2019 թվականի |
թիվ 31 |
քաղ. Մոսկվա |
««ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ԱԶԳԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ԷՏԱԼՈՆԱՅԻՆ ՄՈԴԵԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նկարագրության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նկարագրության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նկարագրության մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նկարագրության մասին
Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի XII բաժնի 1.6-րդ կետի՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նկարագրությունը։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմները ներդնելիս և զարգացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված նկարագրությունը։
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ շարունակել «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների իրագործմանն ուղղված գործիքների ստեղծման աշխատանքները՝ հաշվի առնելով սույն որոշմամբ հաստատված նկարագրությունը։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2 տարին 1 անգամ նախապատրաստել և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ուղարկել «մեկ պատուհանի» մեխանիզմի կատարելագործման միջազգային պրակտիկայի, միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցման թվային տեխնոլոգիաների զարգացման մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն և այլ նյութեր։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 20 թվականի ի թիվ որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի
I. Ընդհանուր դրույթներ
1. Համաշխարհային հանրությունը գտնվում է հերթական տեխնոլոգիական հեղափոխության փուլում։ Թվային փոխակերպման պայմաններում առաջանում են տվյալների վրա հիմնված նոր բիզնես մոդելներ, փոխվում են մատակարարումների շղթաները և ավելացված արժեքի ստեղծման շղթաները, ավտոմատացման և բիզնես գործընթացների պարզեցմանն ուղղված առաջատար տեխնոլոգիաների ներդրման հաշվին մեծանում են տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի արդյունավետությունն ու արագությունը։
Տեխնոլոգիական նորարարություններն արտաքին տնտեսական գործունեության կառավարման նոր հնարավորություններ են ստեղծում և նոր պահանջներ են ներկայացնում «մեկ պատուհանի» մեխանիզմի գործառութային հնարավորություններին։
«Մեկ պատուհանի» ապագա մոդելների ստեղծման ազգային ծրագրերի (ռազմավարությունների) իրագործման առաջատար դերը պատկանում է պետությանը։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) համապատասխան նորմատիվ իրավական բազայի ձևավորման, այդ թվում՝ «մեկ պատուհանի» մեխանիզմի օգտագործման միջոցով բիզնեսի և պետության փոխգործակցության թափանցիկ և հարմարավետ էկոհամակարգ ստեղծելու համար արգելքների վերացման համալիր միջոցներ են իրականացնում։
3. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը (այսուհետ՝ էտալոնային մոդել) պետք է ապահովի «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների անցումը զարգացման նոր հետագծի, ինչպես նաև տվյալների, գործընթացների և տեղեկատվական փոխգործակցության (այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմինների հետ տնտեսավարող սուբյեկտների (B2G/G2B), անդամ պետությունների պետական մարմինների՝ միմյանց միջև (G2G), և տնտեսավարող սուբյեկտների՝ միմյանց միջև (В2В)) արդյունավետ կառավարումը։
Էտալոնային մոդելի և դրան բնորոշ առանձնահատկությունների ընդհանուր նկարագրությունը բերված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի V բաժնում։
4. Սույն նկարագրությունը պարունակում է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի ստեղծման և գործունեության բազային սկզբունքները, էտալոնային մոդելի գործառույթների և ճարտարապետության, ինչպես նաև այդ մոդելում ընդգրկված պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկի նկարագրությունը՝ հաշվի առնելով վերազգային հատվածը՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման հայեցակարգերը մշակելիս (լրամշակելիս) դրանք կիրառելու և անդամ պետություններում այդ մեխանիզմներն իրագործելու նպատակով։
5. Սույն նկարագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
տվյալներ՝ «մեկ պատուհանի» օգտատերերի կողմից իրենց գործունեությունն իրականացնելու ընթացքում նրանց կողմից ներկայացվող, օգտագործվող, մշակվող կամ փոխանցվող տեղեկատվություն.
անձնական գրասենյակ՝ բազմաֆունկցիոնալ պաշտպանված ծառայություն, որը թույլ է տալիս համապատասխան գործընթացների շրջանակներում փոխգործակցել այլ օգտատերերի հետ և ապահովում է «մեկ պատուհանի» մեխանիզմի գործառույթների հասանելիությունը.
մեկ պատուհանի» օգտատերեր՝ անդամ պետությունների պետական մարմիններ, անդամ պետությունների լիազորված կազմակերպություններ, տնտեսավարող սուբյեկտներ (անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձինք, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություններ, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատերեր).
լիազորված կազմակերպություններ՝ անդամ պետությունների կազմակերպություններ, որոնց, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վերապահված են պետական գործառույթների (վարչական ընթացակարգերի) իրականացման և պետական ծառայությունների տրամադրման լիազորություններ։
Սույն նկարագրության մեջ օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով։
6. Սույն նկարագրությունը՝
ա) ինտեգրում է առաջատար կազմակերպաիրավական, տեխնիկական և տեխնոլոգիական որոշումների օգտագործմամբ «մեկ պատուհանի» մեխանիզմի ժամանակակից մոդելների ստեղծման միջազգային փորձը.
բ) ձևավորում է տվյալների, գործընթացների արդյունավետ կառավարման ու ապրանքների և (կամ) ծառայությունների մատակարարումների շղթայում (այսուհետ՝ մատակարարումների շղթա) ներգրավված մասնակիցների և անդամ պետությունների պետական մարմինների փոխգործակցության արդյունավետ կառավարման մոդել.
գ) հաշվի է առնում միջազգային ստանդարտների և Միավորված ազգերի կազմակերպության, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջարկությունների դրույթները։
7. Սույն նկարագրության նպատակներն են՝
ա) միջնաժամկետ հեռանկարում՝
«մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման տեմպերի արագացում՝ թվային տեխնոլոգիաների օգտագործման հաշվին.
միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցում, տնտեսավարող սուբյեկտների գործունեության գործառնական ծախքերի կրճատում, անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումների թափանցիկության բարձրացում.
բ) երկարաժամկետ հեռանկարում՝
«մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի զարգացման նոր՝ արտաքին տնտեսական գործունեության կառավարման էկոհամակարգի ստեղծումն ապահովող հետագծի անցնելու համար պայմանների ստեղծում.
բիզնեսի և պետության միջև կայուն հորիզոնական կապերով արտաքին տնտեսական գործունեության զարգացման պայմանների ստեղծում։
8. Սույն նկարագրության 7-րդ կետում նշված նպատակներին կարելի է հասնել կազմակերպաիրավական, տեխնոլոգիական և տեխնիկական այն հիմքերի ձևավորման խնդիրները լուծելու միջոցով, որոնք ուղղված են՝
ա) փաստաթղթերից դեպի տվյալների կառավարում անցնելու ապահովմանը.
բ) տվյալների համատեղ օգտագործման հիման վրա տեղեկատվական փոխգործակցության կառավարման մեխանիզմի զարգացմանը.
գ) «մեծ տվյալների» հիման վրա մտավոր վերլուծության և կանխատեսման մեխանիզմների զարգացմանը, փոփոխությունների կառավարմանն անցնելուն.
դ) «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների համատեղելիության (փոխգործունակության) ապահովմանը։
9. Սույն նկարագրության 8-րդ կետում նշված խնդիրների իրագործման ժամկետներն ու փուլերն անդամ պետությունների կողմից սահմանվում են նրանց կողմից ընդունվող՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծման միջոցառումների պլաններին («ճանապարհային քարտեզներին») համապատասխան։
10. «Մեկ պատուհանի» մեխանիզմի ներդրման շրջանակներում միջոցառումների ֆինանսական ապահովումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրների միջոցների հաշվին, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում։
11. Էտալոնային մոդելը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա՝
ա) ճկունություն՝ գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների և «մեկ պատուհանի» օգտատերերի պահանջմունքների զարգացման հիման վրա փոխակերպվելու, ընդլայնվելու, գործառութային հնարավորությունները մեծացնելու ունակություն.
բ) ինտելեկտուալություն՝ մարդկային գործոնի պատճառով սխալների նվազագույն հավանականություն և ժամանակի առավելագույն խնայում ապահովող տեխնոլոգիաների օգտագործում, այդ թվում՝ որոշումներն ավտոմատ ընդունելու հաշվին.
գ) բաց և թափանցիկ լինելը՝ բոլոր շահագրգիռ անձանց համար «մեկ պատուհանի» մեխանիզմի հասանելիության ապահովում, ինչպես նաև «մեկ պատուհանի» մեխանիզմի աշխատանք՝ կանխատեսելի և նախապես սահմանված ու հրապարակված կանոններով, ստանդարտներով և կանոնակարգերով.
դ) բարձր աստիճանի վստահության ապահովում՝ տրամադրվող տվյալների գաղտնիության, ամբողջականության ու դրանցից չհրաժարվելու և դրանց հավաստիության համար տեղեկատվական փոխանակման մասնակիցների պատասխանատվության ապահովում.
ե) համատեղելիություն՝ տեղեկատվական փոխգործակցության գործընթացների միասնականացման և ստանդարտացման ապահովում՝ դրանց կանոնակարգման միասնական կանոնների կիրառման, Միության տվյալների մոդելի, Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմի մեջ մտնող տեղեկատուների և դասակարգիչների օգտագործման հիման վրա, ինչպես նաև բաց, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային ստանդարտների կիրառման հիման վրա արտաքին համակարգերի և թվային հարթակների հետ ինտեգրման հնարավորության ապահովում՝ հաշվի առնելով անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող տեղեկատվական անվտանգության պահանջները.
զ) տվյալների միանգամյա ներկայացում և բազմակի օգտագործում՝ տվյալները ստանդարտացված տեսքով մեկ անգամ ներկայացնելու հնարավորություն՝ բոլոր շահագրգիռ անձանց կողմից, իրենց իրավասությանը համապատասխան, դրանք հետագայում համատեղ օգտագործելու համար.
է) հաճախորդակենտրոն լինելը՝ օգտատերերի տարբեր նպատակների համար ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում և ցանկացած սարքվածքով տեղեկատվության հասանելիության ապահովում (միջհարթակային լինելը)։
II. Էտալոնային մոդելը
12. Էտալոնային մոդելը հայեցակարգային հիմք է, որը սահմանում է «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման և արտաքին տնտեսական գործունեության կառավարման էկոհամակարգի ստեղծման սկզբունքների ու գործիքների համակարգը։
«Արտաքին տնտեսական գործունեության կառավարման էկոհամակարգ» ասելով հասկանում ենք բաց կայուն համակարգ, որն Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի V բաժնի 7-րդ ենթաբաժնին համապատասխան ներառում է արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտներին, ինչպես նաև այդ սուբյեկտների կապերն ու փոխհարաբերությունները թվային տարբերակով՝ թվային հարթակի ծառայությունների հիման վրա։
Արտաքին տնտեսական գործունեության կառավարման այդ մոտեցումը թույլ է տալիս կազմակերպել մատակարարումների շղթայի բոլոր մասնակիցների և պետության համատեղ աշխատանքը միասնական թվային տարածքում՝ հնարավորություն տալով որոշ գործառույթներ պատվիրակելու տեղեկատվական, այդ թվում՝ կիբերֆիզիկական համակարգերին։
Արտաքին տնտեսական գործունեության կառավարման էկոհամակարգը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմով տրամաբանորեն միացնել մատակարարումների շղթայի տարբեր մասնակիցների, կառավարել ապրանքների առքուվաճառքի և դրանք վերջնական սպառողին մատակարարելու համար անհրաժեշտ տվյալներն ու գործընթացները, կատարել վճարումներ, ստանալ ֆինանսական գործիքների հասանելիություն, փոխգործակցել անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների հետ՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաներ։
13. Արտաքին տնտեսական գործունեության կառավարման էկոհամակարգն ստեղծվում է «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման ազգային հայեցակարգերին, անդամ պետությունների թվային տնտեսությունների զարգացման ծրագրերին (ռազմավարություններին) համապատասխան՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունները։
14. Էտալոնային մոդելում առանցքային առևտրային, լոգիստիկ, կարգավորիչ և վճարային գործառույթների լրակազմը սահմանվում է մատակարարումների շղթայով՝ Միավորված ազգերի կազմակերպության առևտրի ընթացակարգերի պարզեցման և էլեկտրոնային բիզնես գործառնությունների կենտրոնի (ՄԱԿ-ի ԱԷՊԿ) կողմից առաջարկված՝ «գնում-փոխադրում-վճարում» («buy-ship-pay») մոդելի օգտագործման միջոցով։
Մատակարարումների շղթայի բիզնես նպատակն ապրանքները և (կամ) ծառայությունները վերջնական սպառողին առաքելն է և դա հնարավորինս արագ և հուսալի կատարելը՝ միաժամանակ ավտոմատացման հաշվին բարձրացնելով մատակարարման գործընթացի արդյունավետությունը և կրճատելով ծախսերը։
Բիզնես նպատակի հաջող իրագործումը երաշխավորված է, եթե մատակարարումների շղթան լինի ամբողջովին ինտեգրված, անխափան (բազմուղի), արտադրությունը, լոգիստիկան, պահեստավորումը, վաճառողներին և գնորդներին միավորող։
15. Ինտեգրման բարձր մակարդակը մատակարարումների շղթայի մասնակիցներին թույլ կտա ապահովել տեղեկատվության թափանցիկ և հասանելի լինելը՝ դրա համատեղ օգտագործման համար, և կայացնել օպտիմալ համաձայնեցված որոշումներ՝ ուղղված իրական ժամանակի ռեժիմով տվյալների որակական կառավարման և դրանց հետագծելիության ապահովմանը։
16. Ապրանքների, մասնակից անձանց, վճարումների և լոգիստիկայի ամբողջականության մասին հավաստի և յուրաժամանակ տեղեկատվությունը թույլ կտա ապահովել՝
ա) ազգային անվտանգությունը, այդ թվում՝ տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտներում.
բ) անդամ պետությունների պետական մարմինների գործունեության բաց և թափանցիկ լինելը.
գ) անդամ պետությունների պետական մարմինների կողմից իրենց գործառույթները կատարելու և իրենց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը։
17. Տեղեկատվության պաշտպանությունն ապահովելու համար հարկ է առաջնորդվել՝
ա) տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում (նախքան անդամ պետությունների կողմից համապատասխան միջազգային պայմանագիր կնքելը), էլեկտրոնային ստորագրության օգտագործման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ.
բ) տեղեկատվության պաշտպանության ոլորտում Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով.
գ) Միության իրավունքով սահմանված՝ Միության շրջանակներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցության ապահովման նպատակով տեղեկատվության անվտանգության սպառնալիքների մոդելի հիման վրա իրագործվող՝ տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջներով։
18. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցությունն ապահովվում է վստահության անդրսահմանային տարածքի և տեղեկատվության պաշտպանության միջոցների օգտագործմամբ։
«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցության ժամանակ տեղեկատվության պաշտպանությունն ապահովելու համար օգտագործվող՝ տեղեկատվության պաշտպանության միջոցները, այդ թվում՝ տեղեկատվության կրիպտոգրաֆիկ պաշտպանության միջոցները մշակվում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան իրագործվող նախագծի շրջանակներում և հավաստագրվում են անդամ պետությունների օրենսդրության պահանջներին համապատասխանության մասով (պետք է ունենան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության մասին լիազորված կազմակերպության հաստատումը)։
19. Մատակարարումների շղթայի թափանցիկությանը, անվտանգությանը և հուսալիությանը կարելի է հասնել տարբեր աղբյուրներից տվյալների բոլոր տարրերի սահուն ինտեգրումն ապահովող միասնական վիրտուալ տեղեկատվական տարածքի ստեղծման և տնտեսավարող սուբյեկտների, անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների կողմից տվյալները համատեղ օգտագործելու միջոցով։
20. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմը պետք է ապահովի՝
ա) տվյալների միանգամյա ներկայացումը, դրանց բազմակի օգտագործումը.
բ) մատակարարումներ շղթաների մասին տեղեկատվության թափանցիկությունը, հուսալիությունը.
գ) մատակարարումների շղթայի անվտանգության կառավարումը.
դ) մատակարարումների շղթայի տարբեր աղբյուրներից տվյալների բոլոր տարրերի ինտեգրումը.
ե) «մեկ պատուհանի» օգտատերերի համար տվյալների հասանելիության սահմանազատումը՝ մատակարարումների կոնկրետ շղթայում նրանց իրավասություններին համապատասխան.
զ) տվյալների ոչ ժամանակին ներկայացումը կամ ոչ հավաստի տվյալների ներկայացումը կանխելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը (այդ թվում՝ իրավական, կազմակերպական և տեխնիկական բնույթի).
է) իրական ժամանակի ռեժիմով արտաքին տնտեսական գործունեության բիզնես գործընթացների կարգավիճակի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունը.
ը) «մեկ պատուհանի» օգտատերերի նույնականացումն ու իսկորոշումը։
21. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի իրագործման համար անհրաժեշտ է անցկացնել համալիր միջոցառումներ, այդ թվում՝
ա) նորմատիվ իրավական դաշտում համաձայնեցված սահմանումների մշակում, գործառույթների (ծառայությունների) առանձնացված լրակազմերի դասակարգում և պարամետրացում.
բ) փոխգործակցության միջերեսների միասնականացման և ստանդարտացման նպատակով Միության տվյալների մոդելի կիրառման ապահովում.
գ) տվյալների փոխանցման գործընթացների ստանդարտացում, միասնական վիրտուալ տեղեկատվական տարածքի ստեղծում՝ տվյալների համատեղ օգտագործման համար (էլեկտրոնային տվյալների փոխանակման ստանդարտներ, ստանդարտներ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում).
դ) բիզնես գործընթացների օպտիմալացում.
ե) հատուկ իրավունքների և տեղեկատվության հասանելիության սահմանում.
զ) նոր գաղափարների և հեռանկարային նորարարությունների փորձարկման համար պիլոտային նախագծերի նախագծում և ներդրում, հնարավոր բիզնես մոդելների ուսումնասիրում.
է) «մեկ պատուհանի» մեխանիզմի տարրերի (ենթահամակարգերի, գործառութային մասերի) փորձարկման դրական արդյունքներ տված՝ իրագործված պիլոտային նախագծերի հիմքի վրա «մեկ պատուհանի» մեխանիզմի ազգային համակարգի (էկոհամակարգի) ստեղծում և զարգացում։
22. Էտալոնային մոդելի ներդրումն անդամ պետություններին թույլ կտա՝
ա) բարձրացնել պետական հսկողության արդյունավետությունը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման ոլորտում՝ վերլուծության համար հասանելի տեղեկատվության ընդլայնման և տվյալների փոխադարձ փոխանակման ապահովման, մատակարարումների շղթայի կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերում ապրանքների և ծառայությունների մասին տեղեկատվության հետագծելիության ապահովման հաշվին.
բ) բարձրացնել արտաքին տնտեսական գործունեության պետական կարգավորման ոլորտում կայացվող որոշումների օպերատիվությունը և որակը, ապահովել պետական կարգավորման հիմնավորվածությունն ու կանխատեսելիությունը.
գ) պետական մարմինների և կազմակերպությունների փոխգործակցության ձևերի ու մեխանիզմների փոփոխության հետևանքով օպտիմալացնել առկա ռեսուրսների, այդ թվում՝ ժամանակային, ֆինանսական ռեսուրսների օգտագործումը.
դ) նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը.
ե) բացառել անդամ պետությունների պետական մարմինների կողմից իրենց գործառույթներն իրականացնելիս կատարվող ավելցուկային ու կրկնօրինակող գործառնությունները։
23. Տնտեսավարող սուբյեկտների համար էտալոնային մոդելի ներդրումը կունենա հետևյալ առավելությունները՝
ա) ժամանակային, ֆինանսական և աշխատանքային ծախքերի նվազում, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններ ներկայացվող տվյալների քանակի կրճատման հաշվին.
բ) անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների կողմից որոշումների ընդունման օպերատիվության բարձրացում.
գ) անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների հետ փոխգործակցելիս կոռուպցիոն ռիսկերի նվազում, այդ թվում՝ տվյալների փոխանցման ավտոմատ ֆիքսման, ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ ներկայացվող տեղեկատվության ավտոմատացված ուսումնասիրման և անդամ պետությունների պետական մարմինների պաշտոնատար անձանց և (կամ) լիազորված կազմակերպությունների աշխատակիցների հետ անմիջական շփման բացառման հաշվին.
դ) արտաքին տնտեսական գործունեության ոլորտում ընթացակարգերի թափանցիկության և կանխատեսելիության ապահովում։
III. Էտալոնային մոդելի գործառույթները և ճարտարապետությունը
24. Էտալոնային մոդելն ապահովում է տվյալների, գործընթացների և փոխգործակցության, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմինների հետ տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության (B2G/G2B) արդյունավետ կառավարումը՝ թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ։
25. Էտալոնային մոդելի հիմքը տնտեսավարող սուբյեկտների, անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների տեղեկատվական փոխգործակցության ապահովման, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող տվյալների փոխանակման համար «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի սկզբունքների իրագործումն է։
26. Էտալոնային մոդելի ճարտարապետությունը պետք է ապահովի «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցությունը՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
Անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների տեղեկատվական համակարգերի զուգակցումը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն անցուղու հետ, որպես կանոն, պետք է իրականացվի Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածի շրջանակներում անդամ պետությունների միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության համակարգերի միջոցով։
27. Էտալոնային մոդելի գործառութային հնարավորությունները կարող են ներառել՝
ա) կարգավորիչ գործառույթներ.
բ) «Հսկողության կառավարում» գործառույթներ.
գ) «Անվտանգության կառավարում» գործառույթներ.
դ) «Անդամ պետությունների պետական մարմինների և լիազորված կազմակերպությունների հետ փոխգործակցություն» գործառույթներ.
ե) «Առևտրի կառավարում» գործառույթներ.
զ) «Լոգիստիկայի և տրանսպորտի կառավարում» գործառույթներ.
է) «Ֆինանսների կառավարում» գործառույթներ։
28. Էտալոնային մոդելի՝ ծառայությունների հետ կապված գործառույթները ներառում են՝
ա) «Անձնական գրասենյակ» ծառայությունը՝ տնտեսավարող սուբյեկտների, անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների, ինչպես նաև դրանց տեղեկատվական համակարգերի անմիջական փոխգործակցության ծառայություն.
բ) հետևյալ ընդհանուր՝ ծառայությունների հետ կապված գործառույթները՝
«Տեղեկատվության հավաքում» ծառայություն.
«Տեղեկացում» ծառայություն.
«Բաց տվյալներ» ծառայություն.
«Հաշվետվություն» ծառայություն.
«Արխիվ» ծառայություն.
այլ ծառայություններ։
Անդամ պետությունների պետական մարմինների համար էտալոնային մոդելի գործառութային հնարավորությունների նկարագրությունը
29. «Կարգավորիչ գործառույթներ» գործառույթների խմբի շրջանակներում անդամ պետությունների պետական մարմիններին տրվում են հետևյալ հնարավորությունները՝
ա) կատարել պետական գործառույթներ և պետական ծառայություններ մատուցել արտաքին տնտեսական գործունեության կարգավորման և հսկողության ոլորտում, այդ թվում՝ Միության իրավունքով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, տեխնիկական կանոնակարգման միջոցների, մաքսային կարգավորման և հարկման կարգավորման միջոցների պահպանումն ապահովելու գործառույթներ.
բ) արտաքին տնտեսական գործունեության կարգավորման և հսկողության ոլորտում կատարել այլ պետական գործառույթներ և մատուցել այլ պետական ծառայություններ։
30. «Հսկողության կառավարում» գործառույթների խմբի շրջանակներում անդամ պետությունների պետական մարմիններին տրվում է իրենց իրավասության շրջանակներում հսկողություն իրականացնելու հնարավորություն, այդ թվում՝
ա) ապահովել համակարգված կառավարում Միության մաքսային սահմանին.
բ) անդամ պետությունների հսկող մարմինների հետ իրականացնել միջպետական տեղեկատվական փոխգործակցություն.
գ) Միության մաքսային սահմանին տրանսպորտային վարչությունների հետ իրականացնել տեղեկատվական փոխգործակցություն.
դ) նախաձեռնել ստուգման անցկացում։
31. «Անվտանգության կառավարում» գործառույթների խմբի շրջանակներում անդամ պետությունների պետական մարմիններին տրվում է ռիսկերը կառավարելու և փոխադարձ ճանաչում իրականացնելու հնարավորություն, այդ թվում՝
ա) անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատման նպատակով կատարել տվյալների վերլուծություն.
բ) անվտանգության սպառնալիքների գնահատման նպատակով մշակել ռիսկերի պրոֆիլներ.
գ) օգտագործել ռիսկերի կառավարման միջգերատեսչական համակարգ.
դ) կատարել մոնիթորինգ և ռիսկերի գնահատում՝ հետագայում ձևավորելով և վարելով ռիսկերի գրադարան՝ ներառյալ ռիսկերի քարտերը.
ե) օգտագործել տվյալները, հսկողության արդյունքները, անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների կողմից ընդունված որոշումները, ինչպես նաև երրորդ երկրների պետական մարմինների և (կամ) կազմակերպությունների կողմից տրամադրված փաստաթղթերը։
Տնտեսավարող սուբյեկտների համար էտալոնային մոդելի գործառութային հնարավորությունների նկարագրությունը
32. Տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության համար (В2В) էտալոնային մոդելի գործառութային հնարավորություններն իրագործվում են բիզնես ցանցերի, առևտրային հարթակների և այլ համակարգերի՝ «մեկ պատուհանի» մեխանիզմի հետ ինտեգրման միջոցով։
33. «Անդամ պետությունների պետական մարմինների և լիազորված կազմակերպությունների հետ փոխգործակցություն» գործառույթների խմբի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին պետք է տրվեն հետևյալ հնարավորությունները՝
ա) անհրաժեշտ տվյալների տրամադրում.
բ) իրավաբանական նշանակություն ունեցող այլ գործողությունների կատարում.
գ) անդամ պետության պետական մարմնի և (կամ) լիազորված կազմակերպության համապատասխան որոշման ստացում։
34. «Առևտրի կառավարում» գործառույթների խմբի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ տրվում է վաճառքների, պատվերների, գնումների, գործարքների, վճարումների և մարկետինգի կառավարման հնարավորություն։
35. «Լոգիստիկայի և տրանսպորտի կառավարում» գործառույթների խմբի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին հնարավորություն է տրվում մատակարարումների շղթայի շրջանակներում արդյունավետորեն կառավարելու ապրանքների տրանսպորտային փոխադրման, դրանց պահեստավորման, պահպանման և վերամշակման գործընթացները, պլանավորելու տրանսպորտի տեսակների օպտիմալ երթուղիներ և ռացիոնալ օգտագործում, վարելու ապրանքների տեղափոխման մոնիթորինգ, ինչպես նաև կառավարելու տրանսպորտի տարբեր տեսակներով ապրանքների տեղափոխման հետ կապված այլ գործընթացներ։
36. «Ֆինանսների կառավարում» գործառույթների խմբի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին տրվում է ֆինանսների կառավարման համար բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ փոխգործակցելու հնարավորություն, այդ թվում՝
ա) կառավարել դրամական միջոցները՝ ներառյալ դրանց պահպանումը.
բ) ստանալ բանկային և այլ ֆինանսական ծառայությունների հասանելիություն.
գ) կատարել վճարումներ (փոխանցումներ).
դ) ընտրել վճարային ծառայություններ.
ե) հետևել վճարումների (փոխանցումների) պատմությանը։
Էտալոնային մոդելի սերվիսային գործառույթները
37. Տնտեսավարող սուբյեկտների համար էտալոնային մոդելի գործառութային հնարավորությունները ներառում են «Անձնական գրասենյակ» ծառայության օգտագործման հնարավորությունը։
«Մեկ պատուհանի» յուրաքանչյուր օգտատեր, որն անցել է գրանցումը և ավտորիզացումը, ստանում է իր անձնական գրասենյակի հասանելիություն։
«Անձնական գրասենյակ» ծառայության գործառույթների լրակազմը, միջերեսը և մյուս առանցքային առանձնահատկությունները կախված են բազմաթիվ գործոններից, որոնք սահմանվում և կարգաբերվում են յուրաքանչյուր օգտատիրոջ կողմից՝ անհատապես։
Անդամ պետությունների պետական մարմինների և լիազորված կազմակերպությունների տարբեր տեղեկատվական և հաշվառման համակարգերում պահվող արտաքին և ներքին տվյալների համախմբման շնորհիվ իրավաբանական նշանակություն ունեցող տվյալները (հարկ վճարողի անհատական համարը, անձնագրային տվյալները և այլն) կարող են ավտոմատ կերպով ներբեռնվել «մեկ պատուհանի» օգտատիրոջ գրանցման դեպքում (անդամ պետությունների պետական մարմիններ և (կամ) լիազորված կազմակերպություններ դիմելիս նրա նույնականացման համար)։
38. «Տեղեկատվության հավաքում» ծառայությունը «մեկ պատուհանի» օգտատերերին տալիս է հարցումների մոդելավորման, հարցման օբյեկտի, այդ թվում՝ ապրանքի, ծառայության, կոնտրագենտի, անդամ պետության պետական մարմնի և (կամ) լիազորված կազմակերպության մասին տեղեկատվության որոնման ու հավաքման, ինչպես նաև ստացված արդյունքների մշակման հնարավորություն։
39. «Տեղեկացում» ծառայությունը «մեկ պատուհանի» օգտատերերին տալիս է անդամ պետությունների պետական մարմիններից և (կամ) լիազորված կազմակերպություններից պարզաբանումներ, խորհրդատվություններ և կարևոր ծանուցումներ ստանալու հնարավորություն։
40. «Բաց տվյալներ» ծառայությունը «մեկ պատուհանի» օգտատերերին հնարավորություն է տալիս հրապարակելու և հավաքելու բաց տեղեկատվություն՝ դրա հետագա մշակման և վերլուծության համար պիտանի որոշակի ձևաչափերով (այդ թվում՝ օգտագործելու բաց տեղեկատվական ռեսուրսներ), և «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցության ցանցում տեղադրված տեղեկատվություն՝ անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների գործունեության մասին տվյալների զանգվածների տեսքով։
41. «Հաշվետվություն» ծառայությունը «մեկ պատուհանի» օգտատերերին հնարավորություն է տալիս վերլուծելու և օպերատիվ կերպով ընդունելու որոշումներ՝ օգտագործելով ինտերակտիվ տեղեկատվական պանելներ, ստանալու տեղեկատվություն բիզնես գործընթացի մասին՝ ներառյալ համապատասխան ցուցիչների վիզուալացումը, ինչպես նաև միասնական տեղեկատվական տարածքում պարունակվող տեղեկատվության հիման վրա հաշվետվությունների տարբեր տեսակները (տեքստի, աղյուսակների, գրաֆիկների, սխեմաների, դիագրամների տեսքով) ձևավորելու հնարավորություն։
42. «Արխիվ» ծառայությունը «մեկ պատուհանի» օգտատերերին տալիս է տվյալների արխիվացման, պահպանման և դրանց կրկնակի օգտագործման հնարավորություն։
IV. Էտալոնային մոդելում ընդգրկված պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկը՝ հաշվի առնելով վերազգային հատվածը
43. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների հետ շահագրգիռ անձանց փոխգործակցության՝ միասնականացման համար առաջնահերթ ընթացակարգերի ցանկի հետագա արդիականացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կատարվելու է անդամ պետությունների հետ համատեղ՝ համապատասխան պետական ծառայությունների և ընթացակարգերի (ներառյալ միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության (G2G) և միջպետական տեղեկատվական փոխգործակցության (S2S) իրագործման հետ կապված ընթացակարգերը) միասնականացմանը զուգահեռ։
44. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ, ինչի համար անհրաժեշտ է ապահովել դրանց համատեղելիությունը (փոխգործունակությունը)։
«Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի օպտիմալացման միջոցով։
V. Եզրափակիչ դրույթներ
45. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի գործունեությունը պետք է կարգավորվի օրենսդրական մակարդակով և ապահովվի յուրաքանչյուր անդամ պետության կողմից ինքնուրույն սահմանվող՝ միջանցիկ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։
46. Էտալոնային մոդելի իրագործման գործընթացը և արտաքին տնտեսական գործունեության կառավարման էկոհամակարգին անցում կատարելը բարդ կազմակերպատեխնիկական խնդիրներ են, և այդ իսկ պատճառով դրանք պետք է բաժանել փուլերի։
47. Սույն նկարագրությամբ նախատեսված դրույթների իրագործման համար անհրաժեշտ է ազգային մակարդակով գնահատել պոտենցիալ հնարավորություններն ու ռիսկերը և սահմանել անհրաժեշտ միջոցառումների ցանկը։
48. Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի և վստահության անդրսահմանային տարածքի ստեղծումն ու գործունեության ապահովումը պետք է իրականացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման ու զարգացման պլաններին և Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման պլաններին համապատասխան։
49. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում օգտագործվող էլեկտրոնային տվյալների կառուցվածքների մշակումն իրականացվում է Միության տվյալների մոդելի հիման վրա, որը ստեղծվում է՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները։
50. Սույն նկարագրությունը հաշվի առնելով՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծումն անդամ պետություններին և դրանց բիզնես համայնքներին հնարավորություն կտա կատարելագործելու արտաքին տնտեսական գործունեության ոլորտում տվյալների փոխանակման գործընթացը։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|