ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
18 հունիսի 2019 թվականի |
թիվ 98 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 2019 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու նպատակով:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ոչ ուշ, քան սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVII բաժնի և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 18 հավելված) դրույթներով,
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում ալկոհոլային շուկայի գործունեության համար պայմաններ ստեղծելու և ալկոհոլային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայր զարգացնելու նպատակով,
կիսելով Միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումը,
ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,
հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին,
ընդունելով յուրաքանչյուր անդամ պետության՝ ալկոհոլային արտադրանքի հարկման մակարդակն ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,
համաձայնեցին հետևյալի մասին՝
Հոդված 1
Համաձայնագրի առարկան
Սույն համաձայնագիրն ուղղված է Միության շրջանակներում՝ անդամ պետությունների տարածքներում իրացվող ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով ալկոհոլային շուկայի գործունեության համար պայմանների ապահովմանը և սահմանում է ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) կարգը (այդ թվում՝ հիմնական սկզբունքները և միջոցները)։
Հոդված 2
Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները
Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության տրամադրության տակ եղած եկամուտների չափերի տարբերությունների, անդամ պետությունների բնակչության համար ալկոհոլային արտադրանքի մատչելիության (այդ թվում՝գնային) հաշվառում.
աճի ավելի ցածր տեմպեր ունեցող անդամ պետություններում ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի արագացում և աճի ավելի բարձր տեմպեր ունեցող անդամ պետություններում ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի աճի տեմպերի դանդաղեցում.
անդամ պետությունների (այդ թվում՝ դրանց տարածաշրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման պլանների հաշվառում.
անդամ պետությունների՝ ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, համակցված) ինքնուրույն որոշելու իրավունքի ապահովում.
ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի սահմանման ոլորտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկություն ու կանխատեսելիություն։
Հոդված 3
Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը)
1. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է՝ սահմանելով՝
1) ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների միասնական ինդիկատիվ դրույքաչափ (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափ).
2) 4-ամյա ժամկետ, որի ընթացքում իրականացվում է ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելը.
3) ինդիկատիվ դրույքաչափից ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերի շեղման տիրույթներ (այսուհետ՝ շեղման տիրույթներ):
2. Ինդիկատիվ դրույքաչափը և շեղման տիրույթները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ դրանք կիրառելու ժամկետից սկսած 1 օրացուցային (բյուջետային) տարի ժամկետով, որը հաջորդում է սույն համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված ժամկետին:
3. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ և ակցիզի յուրահատուկ և (կամ) ադվալորային մասերի հանրագումարն են:
4. Ինդիկատիվ դրույքաչափը կիրառվում է անդամ պետության ազգային արժույթի նկատմամբ եվրոյի այն փոխարժեքով, որը գործում է բյուջետային տարվա 1-ին օրվա դրությամբ։
5. Անդամ պետությունները Հանձնաժողովի կոլեգիային առընթեր՝ հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական մարմնի աշխատանքի շրջանակներում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամկետի ավարտից 2 տարի առաջ մշակում են առաջարկություններ ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ։
6. Ինդիկատիվ դրույքաչափի չափի և շեղման տիրույթների փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքների ավելի քան 15 տոկոսով փոփոխության դեպքում Հանձնաժողովի խորհուրդն իրավունք ունի անդամ պետություններից ցանկացածի նախաձեռնությամբ ընդունել որոշում՝ համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։
Հոդված 4
2024 թվականի համար ալկոհոլային արտադրանքի առանձին տեսակների ինդիկատիվ դրույքաչափի չափը և շեղման տիրույթները
1. Էթիլային սպիրտի ավելի քան 9 տոկոս (Բելառուսի Հանրապետությունում՝ 7 տոկոս և ավելի) ծավալային մասնաբաժին ունեցող՝ սննդային հումքից կրկնաթորված էթիլային սպիրտի օգտագործմամբ արտադրված և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2208 60 և 2208 90 ենթադիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանքի (բացառությամբ արրակի, ուզոյի, կալվադոսի, թեքիլայի, մեսկալի, շոչուի, ինչպես նաև մրգերի թորման եղանակով պատրաստված սպիրտային խմիչքների) առնչությամբ անդամ պետությունները 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ կիրառում են 9 եվրոյին համարժեք չափով՝ ազգային արժույթով ինդիկատիվ դրույքաչափ՝ պատրաստի արտադրանքում պարունակվող սննդային հումքից 1 լիտր անջուր (100 տոկոսանոց) կրկնաթորված էթիլային սպիրտի համար:
2. Անդամ պետություններում գործող ակցիզների փաստացի դրույքաչափերը սույն հոդվածի 1-ին կետում նշված ինդիկատիվ դրույքաչափից կարող են շեղվել 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝
1) Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար՝ 40 տոկոսից ոչ ավելի՝ դեպի նվազում և 10 տոկոսից ոչ ավելի՝ դեպի աճ.
2) Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ 15 տոկոսից ոչ ավելի՝ դեպի նվազում և 10 տոկոսից ոչ ավելի՝ դեպի աճ։
Հոդված 5
Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով փոխգործակցությունը
1. Ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցառումների իրագործման նպատակով՝ Հանձնաժողովն անդամ պետություններին աջակցում է ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հարկային քաղաքականության հարցերով խորհրդատվությունների անցկացման գործընթացում, ինչպես նաև իրականացնում է անդամ պետությունների կողմից ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու գործընթացի մշտադիտարկում։
2. Անդամ պետությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 1-ը, Հանձնաժողով են ներկայացնում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանման համար պլանավորվող՝ հերթական օրացուցային (բյուջետային) տարվա համար ալկոհոլային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակցիզների պլանավորվող դրույքաչափերի մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում):
3. Հանձնաժողովը սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով այն ուղարկում է անդամ պետություններ՝ սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթներն իրագործելու համար:
Այն դեպքում, երբ Հանձնաժողովից նշված տեղեկատվությունն ստանալուց հետո անդամ պետություններից որևէ մեկը որոշում է կայացնում ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերը փոփոխելու մասին, ակցիզների նոր դրույքաչափերի մասին տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողով և մյուս անդամ պետություններ՝ ոչ ուշ, քան անդամ պետության համապատասխան ակտն ուժի մեջ մտնելուց 60 օրացուցային օր առաջ:
Հոդված 6
Հարկային ինքնավարությունը
Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես՝
ցանկացած անդամ պետության նկատմամբ ալկոհոլային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափեր սահմանելու այնպիսի պահանջ, որը կարող է դիտարկվել որպես դրա անվտանգության շահերին հակասող.
ցանկացած անդամ պետության կողմից այնպիսի գործողություններ իրականացնելու հարցում խոչընդոտ, որոնք նա անհրաժեշտ է համարում իր անվտանգության պաշտպանության համար՝ ալկոհոլային արտադրանքի համար ակցիզային դրույքաչափերի սահմանում նախատեսող ակտ ընդունելու միջոցով։
Հոդված 7
Վարչական համագործակցությունը
Միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ալկոհոլային արտադրանքի իրացումը կանխելու նպատակով անդամ պետությունները սահմանում են իրենց լիազորված մարմինների միջև վարչական համագործակցության կարգը (այդ թվում՝ Միության շրջանակներում համապատասխան միջազգային պայմանագրեր կնքելու միջոցով)։
Հոդված 8
Եզրափակիչ դրույթներ
1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:
2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մեջ է մտնում։
4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է _________ քաղաքում, 20 թվականի ________ի «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |