ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 97
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.06.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 հունիսի 2019 թվականի

թիվ 97

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ԱԿՑԻԶՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին համաձայնագրի նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    »    ի 2019 թվականի

թիվ

քաղ. 

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծի մասին

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի նախագծին (կից ներկայացվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու նպատակով:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ոչ ուշ, քան սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու մասին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ՝

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVII բաժնի և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 18 հավելված) դրույթներով,

հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2003 թվականի մայիսի 21-ի՝ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան,

Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` Միություն) շրջանակներում ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պայմանների ստեղծման և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայրի զարգացման նպատակներով,

կիսելով Միության շրջանակներում տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումը,

ընդունելով անդամ պետությունների տնտեսական շահերի պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը,

հաստատելով իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին ու նորմերին,

ընդունելով յուրաքանչյուր անդամ պետության՝ ծխախոտային արտադրանքի հարկման մակարդակն ինքնուրույն որոշելու և իր տարածքում այդ արտադրանքի նկատմամբ հարկային քաղաքականություն վարելու անկապտելի իրավունքը,

համաձայնեցին հետևյալի մասին՝

 

Հոդված 1

 

Համաձայնագրի առարկան

 

Սույն համաձայնագիրն ուղղված է Միության շրջանակներում՝ անդամ պետությունների տարածքում իրացվող ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցով ծխախոտային արտադրանքի շուկայի գործունեության համար պայմանների ապահովմանը, և դրանով սահմանվում է ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) կարգը (այդ թվում՝ հիմնական սկզբունքները և միջոցները)։

 

Հոդված 2

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) սկզբունքները

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝

անդամ պետությունների բնակչության մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի, անդամ պետությունների բնակչության տնօրինվող եկամուտների չափերի տարբերությունները, անդամ պետությունների բնակչության համար ծխախոտային արտադրանքի մատչելիությունը (այդ թվում՝ գնային) հաշվի առնելը.

անդամ պետություններում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների՝ աճի ավելի ցածր տեմպերով դրույքաչափերի աճի տեմպերի արագացումը և անդամ պետություններում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների՝ աճի ավելի բարձր տեմպերով դրույքաչափերի աճի տեմպերի դանդաղեցումը.

անդամ պետությունների (այդ թվում՝ դրանց շրջանների) սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը հաշվի առնելը.

անդամ պետությունների՝ ծխախոտային արտադրանքի համար ակցիզների կիրառվող դրույքաչափերի տեսակները (ադվալորային, յուրահատուկ, խառը) ինքնուրույն որոշելու իրավունքի ապահովումը.

ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի սահմանման ոլորտում անդամ պետությունների հարկային քաղաքականության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը։

 

Հոդված 3

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցում (մոտարկում)

 

1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցումը (մոտարկումը) իրականացվում է հետևյալը սահմանելու միջոցով՝

1) ծխախոտային արտադրանքի համար ակցիզների ընդհանուր ինդիկատիվ դրույքաչափերը (այսուհետ՝ ինդիկատիվ դրույքաչափեր).

2) 4-ամյա ժամկետը, որի ընթացքում իրականացվում է ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելը.

3) ծխախոտային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերի` ինդիկատիվ դրույքաչափից շեղման տիրույթները (այսուհետ՝ շեղման տիրույթներ):

2. Ինդիկատիվ դրույքաչափը և շեղման տիրույթները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ դրանք կիրառելու ժամկետից հաշված 1 օրացուցային (բյուջետային) տարի ժամկետով, որը հաջորդում է սույն համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսված ժամկետին:

3. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների փաստացի դրույքաչափերը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ ու ակցիզի յուրահատուկ և (կամ) ադվալորային մասերի հանրագումարն են:

4. Ինդիկատիվ դյրույքաչափը կիրառվում է անդամ պետության ազգային արժույթի նկատմամբ եվրոյի այն փոխարժեքով, որը գործում է բյուջետային տարվա առաջին օրվա դրությամբ։

5. Անդամ պետությունները Հանձնաժողովի կոլեգիային առընթեր՝ հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական մարմնի աշխատանքների շրջանակներում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման ժամկետի ավարտին նախորդող 2 տարվա ընթացքում առաջարկություններ են մշակում ինդիկատիվ դրույքաչափի կիրառման հաջորդ ժամկետի համար ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների վերաբերյալ։

6. Ինդիկատիվ դրույքաչափի չափի և շեղման տիրույթների փոփոխության հիմնավորված տնտեսական նպատակահարմարության առկայության դեպքում, ինչպես նաև եվրոյի նկատմամբ անդամ պետությունների ազգային արժույթների փոխարժեքի՝ ավելի քան 15 տոկոսով փոփոխության դեպքում, Հանձնաժողովի խորհուրդն իրավասու է ցանկացած անդամ պետության նախաձեռնությամբ ընդունելու որոշում համապատասխան ցուցանիշների փոփոխության մասին։

 

Հոդված 4

 

2024 թվականի համար սիգարետի ինդիկատիվ դրույքաչափի չափը և շեղման տիրույթները

 

1. Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2402 20 ենթադիրքում դասակարգվող սիգարետների համար հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կիրառում են ազգային արժույթով ինդիկատիվ դրույքաչափ՝ 1000 հատի համար 35 եվրոյին համարժեք չափով:

2. Անդամ պետություններում գործող ակցիզների փաստացի դրույքաչափերը կարող են շեղվել սույն հոդվածի 1-ին կետում նշված ինդիկատիվ դրույքաչափից հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ նվազման կամ աճման ուղղությամբ՝ 20 տոկոսից ոչ ավելի:

 

Հոդված 5

 

Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների բնագավառում հարկային քաղաքականության հարցերով համագործակցությունը

 

1. Ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման (մոտարկման) միջոցների կիրարկման նպատակով Հանձնաժողովն աջակցություն է ցուցաբերում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերի նկատմամբ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հարկային քաղաքականության հարցերով խորհրդատվությունների անցկացմանը, ինչպես նաև իրականացնում է անդամ պետությունների կողմից ինդիկատիվ դրույքաչափի մակարդակին հասնելու մշտադիտարկում։

2. Անդամ պետությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև օգոստոսի 1-ը, Հանձնաժողով են ներկայացնում հերթական օրացուցային (բյուջետային) տարվա կտրվածքով ծխախոտային արտադրանքի համար ակցիզների այն դրույքաչափերի մասին տեղեկատվությունը, որոնք պլանավորվում են սահմանվել անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ակցիզների պլանավորվող դրույքաչափերի մասին տեղեկատվությունը (առկայության դեպքում):

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքներով՝ Հանձնաժողովն այն ուղարկում է անդամ պետություններ՝ սույն համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթների կիրարկման համար:

Այն դեպքում, երբ Հանձնաժողովից նշված տեղեկատվությունն ստանալուց հետո անդամ պետություններից որևէ մեկը որոշում է կայացնում ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափերը փոփոխելու մասին, ակցիզների նոր դրույքաչափերի մասին տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողով և մյուս անդամ պետություններ՝ ոչ ուշ, քան անդամ պետության համապատասխան ակտն ուժի մեջ մտնելուց 60 օրացուցային օր առաջ:

 

Հոդված 6

 

Հարկային ինքնավարությունը

 

Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես՝

ցանկացած անդամ պետության նկատմամբ ծխախոտային արտադրանքի համար ակցիզների դրույքաչափեր սահմանելու այնպիսի պահանջ, որը կարող է դիտարկվել որպես իր անվտանգության շահերին հակասող.

ցանկացած անդամ պետության կողմից այնպիսի գործողություններ իրականացնելու հարցում խոչընդոտ, որոնք այն անհրաժեշտ է համարում իր անվտանգության պաշտպանության համար՝ ծխախոտային արտադրանքի համար ակցիզային դրույքաչափերի սահմանում նախատեսող ակտ ընդունելու միջոցով։

 

Հոդված 7

 

Վարչական համագործակցությունը

 

Անդամ պետությունները Միության մաքսային տարածքում առանց ակցիզների և այլ անուղղակի հարկերի վճարման ծխախոտային արտադրանքի իրացումը կանխելու նպատակներով սահմանում են իրենց լիազորված մարմինների միջև վարչական համագործակցության կարգը (այդ թվում՝ Միության շրջանակներում համապատասխան միջազգային պայմանագրեր կնքելու միջոցով)։

 

Հոդված 8

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

2. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։

3. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է ____________ քաղաքում, 20_____ թվականի _______ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն պետք է ուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան