ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 64
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.04.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 ապրիլի 2019 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա 

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների ու մակրոտնտեսական քաղաքականության բնագավառում անդամ պետությունների կողմից ձեռնարկված միջոցների վերաբերյալ զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական բնույթի նյութ)՝

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »       ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 4-րդ կետի, ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրագործման արդյունքների մասին 2018-2019 թվականների հաշվետվությունը (կցվում է որպես տեղեկատվական բնույթի նյութ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »       ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:

2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին մակրոտնտեսական քաղաքականությունն անցկացնելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անցկացնել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների վերլուծություն և գնահատել այդ միջոցների համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

2019 թվականի       -ի

թիվ      որոշմամբ

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության

 

Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան և ուղղված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով սահմանված նպատակների իրագործմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) 2019-2020 թվականների ռազմավարական և ծրագրային փաստաթղթերով սահմանված խնդիրների լուծմանը:

Չնայած ապրանքային և ֆինանսական համաշխարհային շուկաներում անկայունության ուժեղացմանը, անդամ պետություններում մակրոտնտեսական վիճակը 2018 թվականին բավականին կայուն է մնացել:

Միությունում տնտեսական աճի տեմպերը գերազանցել են 2 տոկոսը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներով սահմանված արժեքը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը վերջին երկու տարիների ընթացքում պահպանում են տնտեսական աճի տեմպերը միջին համաշխարհային արժեքներից բարձր մակարդակում:

2018 թվականի արդյունքներով ընդհանուր առմամբ Միությունում նկատվել է ապրանքների և ծառայությունների արտադրության հիմնական ցուցանիշների դրական դինամիկա։ Արդյունաբերական արտադրությունն աճել է բոլոր անդամ պետություններում, և ընդհանուր առմամբ Միությունում աճը կազմել է 3,1 տոկոս: Ընդ որում, Միությունում հանքարդյունաբերական հատվածում արտադրության ծավալների ավելացումն ավելի բարձր է եղել, քան մշակող հատվածում, ինչը գլխավորապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունում օգտակար հանածոների արդյունահանման ավելացմամբ: Ընդհանուր առմամբ Միությունում աճը շինարարության հատվածում կազմել է 5 տոկոս: Միությունում մանրածախ առևտրի շրջանառությունն ավելացել է 3,1 տոկոսով, ընդ որում, աճ նկատվել է յուրաքանչյուր անդամ պետությունում: Ոչ մեծ կրճատում (0,4 տոկոս) տեղի է ունեցել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում՝ Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում արտադրության ծավալների նվազման հետևանքով:

Բոլոր անդամ պետություններում տնտեսական զարգացման դինամիկայի վրա դրական ազդեցություն է ունեցել ներդրումային ակտիվության բարձրացումը: Կապիտալ ներդրումների հավելաճի առավել բարձր տեմպեր են արձանագրվել Ղազախստանի Հանրապետությունում, որտեղ նկատվել է ներդրումների ծավալների ավելացում հանքարդյունահանող և մեծ մասամբ մշակող ճյուղերում:

Անդամ պետություններում գործնական ակտիվության չափավոր դրական դինամիկան հումքային շուկաներում գրեթե ողջ 2018 թվականի ընթացքում համեմատաբար բարենպաստ գնային կոնյունկտուրայի հետ մեկտեղ նպաստել են ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի ծավալների աճին: Երրորդ երկրների հետ առևտրի արժեքային ծավալներն աճել են առաջանցիկ տեմպերով՝ հաշվի առնելով ապրանքային կառուցվածքում հանքային արտադրանքի արտահանման պահպանվող գերակշռությունը: Ներդրումային ակտիվության աճին զուգընթաց ներմուծման գնումները մեծամասամբ կենտրոնացվել են մեքենաշինության ճյուղի արտադրանքի և արտադրական սարքավորումների վրա, ինչը որոշակի խթան է հանդիսացել Միության արտադրական ներուժի զարգացման համար՝ նպաստելով, մյուս կողմից, դրա՝ ներմուծումից կախվածության ավելացմանը:

Արդյունաբերական հատվածում բացթողման աճի և ներմուծման ծավալների ավելացման ֆոնին իրական աշխատավարձերի բարձրացմամբ և սպառողական վարկավորման ծավալների մեծացմամբ ապահովված սպառողական ակտիվությունը հիմնականում աճել է երկարաժամկետ օգտագործման ապրանքների հաշվին, ինչը հիմնականում կապված է սպառման աստիճանաբար վերականգնման հետ՝ նախորդ տարիներին դրա էական կրճատումից հետո: Միևնույն ժամանակ պահպանվում է ապրանքների և ծառայությունների գների նկատմամբ բնակչության բարձր զգայունությունը:

Անդամ պետություններում սպառողական գների աճը եղել է չափավոր: Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի քաղաքականությունն ուղղված է եղել ազգային միջնաժամկետ կողմնորոշիչներին մոտ կամ դրանց սահմաններում գնաճի ցուցանիշների պահպանմանը, ինչը նաև նպաստել է Պայմանագրով սահմանված՝ գնաճի մակարդակի ցուցանիշի քանակական հաշվարկային առավելագույն արժեքի (սպառողական գների ինդեքս) պահպանմանը գրեթե բոլոր անդամ պետությունների կողմից: Գնաճի ֆոնը ձևավորվել է գլխավորապես այնպիսի գործոնների հաշվին, ինչպիսիք են ներքին պահանջարկի ամրապնդումը, վառելիքաէներգետիկական ապրանքների գների բարձրացումը, ինչպես նաև որոշ անդամ պետություններում ազգային արժույթների թուլացումը:

Պետական ֆինանսների ոլորտում 2018 թվականին իրավիճակը բարելավվել է, համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական կառավարման հատվածի պարտքը բոլոր անդամ պետություններում նվազել է: Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պետական կառավարման հատվածի համակարգված (կոնսոլիդացված) բյուջեի սալդոն եղել է դրական, իսկ Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ բացասական, սակայն այդ երկրներում բյուջեի պակասուրդը 2017 թվականի համեմատ նվազել է: Իրավիճակի բարելավմանը նպաստել են անդամ պետությունների կառավարությունների կողմից ընդունված՝ բյուջեի եկամտային բաղադրիչի ավելացման և ծախսային բաղադրիչի օպտիմալացման միջոցները, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման պրակտիկայում բյուջետային կանոնների ներդրումը և օգտագործումը, որոնք ուղղված են դրանց ընթացիկ հավասարակշռվածության և երկարաժամկետ կայունության ապահովմանը:

Միությունում 2018 թվականին 2-տոկոսանոց տնտեսական աճին հասնելու խնդիրը կատարվել է: Սակայն ստացված մակրոտնտեսական արդյունքները չեն տարբերվում էական կայունությամբ, և միջնաժամկետ ժամանակաշրջանում ձեռք բերված տնտեսական աճի տեմպերի պահպանումն անդամ պետությունների համար մարտահրավեր է: Տնտեսական ակտիվության վերականգնման փուլն ավարտվում է, և ամբողջ Միությունում տնտեսական աճը 2019 թվականին կդանդաղի: Դա պայմանավորված է ինչպես արտաքին գլոբալ ռիսկերով, այնպես էլ ներքին սահմանափակումների առկայությամբ, որոնք բոլորը միասին ազդում են մակրոտնտեսական կայունության և ամբողջ Միությունում տնտեսական զարգացման վրա:

2019-2020 թվականների ժամանակահատվածում առաջատար միջազգային կազմակերպությունները կանխատեսում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղում՝ մի շարք զարգացած երկրների և ձևավորվող շուկաներով խոշոր տնտեսությունների դրամավարկային քաղաքականության խստացման, արդյունաբերական արտադրության զսպված դինամիկայի ու համաշխարհային առևտրի պայմանների բարդեցման ֆոնին:

ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճը, որը պայմանավորված է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կողմից բազային տոկոսադրույքի հետագա ավելացման վերաբերյալ մի շարք որոշումների ընդունմամբ, կարող է հանգեցնել հյուսիսամերիկյան ակտիվների ներդրումային գրավչության բարձրացմանը և ձևավորվող շուկաներով երկրներից կապիտալի արտահոսքի պահպանմանը: Այս առնչությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցային ճնշման պահպանման հավանականությունը, առանձնակի արդիականություն է ձեռք բերում Միության շրջանակներում մակրոտնտեսական և ֆինանսական պայմանների կանխատեսելիության և կայունության բարձրացումը՝ որպես անդամ պետությունների հետագա տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հիմք:

Էներգակիրների և մետաղների շուկաներում պահանջարկի նկատմամբ առաջարկի ավելցուկի դեպքում արդյունաբերական արտադրության համաշխարհային աճի դանդաղեցումը կարող է ցուցաբերել նվազեցնող ճնշում անդամ պետությունների հումքային գների և արտահանման արժեքային ծավալի վրա: Հումքային ապրանքները նախկինի նման անդամ պետությունների արտահանման կառուցվածքում խոշորագույն աղբյուր են, սակայն հումքային պաշարների օգտագործման հաշվին ազգային տնտեսությունների տարածուն աճի հնարավորություններն էականորեն սահմանափակված են: Անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել Միության արտադրական ներուժի բարձրացման վրա՝ թվային տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման, որակապես նոր գիտատեխնոլոգիական մշակումների և նորարարությունների ստեղծման հիման վրա՝ օգտագործելով ոչ միայն կառուցվածքաներդրումային քաղաքականության հնարավորությունները, այլ նաև հասանելի խթանները՝ բիզնեսի ներդրումային մոտիվացումը բարձրացնելու համար:

Համաշխարհային առևտրի պայմանների բարդացումը, ինչը պայմանավորված է առևտրային սահմանափակումների խստացմամբ և գլոբալ հովանավորչության ուժեղացմամբ, առնչվում է բազմաթիվ երկրներից ապրանքների լայն շրջանակներին և կարող է հանգեցնել արտադրության և իրացման միջազգային շղթաների ներդաշնակեցված գործունեության խախտմանը: Առևտրատնտեսական փոխգործակցության գլոբալ հեռանկարների վատթարացման ֆոնին աճում է Միության ներքին շուկայի զարգացման և անդամ պետությունների մրցակցային առավելությունների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ տնտեսական համագործակցության խորացման և Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատության հետագա ընդլայնման, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ ներուժի իրագործման հաշվին: Միջազգային անկայունության աճի պայմաններում ներքին շուկայի զարգացումն անդամ պետությունների տնտեսությունների համար կարող է ստեղծել լրացուցիչ սիներգիկ ազդեցություն՝ ջանքերի միավորման, համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործման, ինչպես նաև Միության շրջանակներում ընդհանուր նպատակներին հասնելուն ուղղված միջոցների համակարգման հաշվին: Այս առնչությամբ առանձնակի կարևորություն է ձեռք բերում այդ թվում՝ անդամ պետությունների ղեկավարների կողմից 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի իրագործումը:

Միևնույն ժամանակ արտաքին գործընկերների հետ առևտրային և տնտեսական կապերի ամրապնդումը մնում է կարևոր գերակայություն և փոխշահավետ միջպետական հարաբերությունների ստեղծման գրավական:

Ստեղծվող գլոբալ կոնյունկտուրայի ենթատեքստում միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակն է դառնում Միության ներքին շուկայում և արտաքին շուկաներում անդամ պետությունների մրցունակության բարձրացման հաշվին դինամիկ և կայուն տնտեսական զարգացման ապահովումը: Անհրաժեշտ է ջանքերն ուղղել դեպի ռազմավարական հիմունքների ամրապնդմանը՝ Միության տնտեսության կայուն և առաջընթաց աճի համար:

Այդ նպատակին հասնելուն կնպաստի ազգային և ինտեգրացիոն միջոցների իրականացումը հետևյալ ուղղություններով.

ներքին մակրոտնտեսական և ֆինանսական պայմանների կանխատեսելիության և կայունության բարձրացում՝

գնային կայունության պահպանում.

պետական ֆինանսների կայունության բարձրացում.

ֆինանսական հատվածի հետագա զարգացում՝ միջազգային սկզբունքների և ստանդարտների հիման վրա.

պայմանների ստեղծում՝ փոխադարձ առևտրի հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման համար.

անդամ պետությունների արտադրական ներուժի հզորացում՝

տնտեսության արտադրական հատվածում ներդրումային ակտիվության խթանում.

գիտատեխնոլոգիական և նորարարական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների և գործիքների ստեղծում.

թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում ու զարգացում.

անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների աջակցության մեխանիզմի ձևավորում՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի շրջանակներում ներմուծման փոխարինման կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս.

բարձր ավելացված արժեքով արտադրանքի բացթողման հզորությունների ավելացում և արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդում.

արդյունաբերությունում միջպետական ծրագրերի և ինտեգրացիոն նախագծերի իրականացում և Միության ագրոարդյունաբերական հատվածում այդպիսի նախագծերի ձևավորում.

Միության ներքին շուկայի զարգացում և արտաքին գործընկերների հետ համագործակցության ամրապնդում՝

Միության ներքին շուկայում խոչընդոտների բացահայտման և վերացման, ինչպես նաև բացառումների և սահմանափակումների փուլային կրճատման մասով աշխատանքների շարունակում, այդ թվում՝ Պայմանագրի և Միության մարմինների՝ դրա զարգացման համար ընդունված ակտերի համապատասխան դրույթներում փոփոխություններ կատարելու միջոցով.

անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորում և մրցակցության պաշտպանություն.

Միության տրանսպորտային-լոգիստիկ ներուժի զարգացում.

Միության շրջանակներում աշխատանքային և կրթական շարժունության ոլորտում հնարավորությունների ընդլայնում.

արտաքին գործընկերների հետ առևտրային և տնտեսական կապերի խորացում և միջազգային համագործակցության զարգացում:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան