ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

15 հունվարի 2019 թվականի

թիվ 8

քաղ. Մոսկվա

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »    -ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

«Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »    -ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների մասին

 

Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղությունների մասին» թիվ 12 որոշման՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմները:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2019 թվականի      ի

թիվ     որոշմամբ

 

ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմները (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, մեխանիզմներ) մշակվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրագործելու հիմնական ուղղություններին համապատասխան:

2. Մեխանիզմներով սահմանվում են Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի նախապատրաստման, իրագործման և իրագործման մոնիթորինգի (այսուհետ՝ մոնիթորինգ) ժամանակավոր կարգը, ինչպես նաև նախագծերի իրագործման գործառութային կառուցվածքը:

3. Մեխանիզմները գործում են ընդhուպ մինչև Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մշտապես գործող կարգի հաստատումը:

4. Սույն փաստաթղթում գործածվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

կոնսորցիում՝ կոնսորցիումի մասին համաձայնագրի հիման վրա նախագիծն իրագործելու նպատակով ձևավորված՝ Միության անդամ պետությունների կազմակերպությունների միավորում.

ազգային պատվիրատուներ՝ Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններ, որոնք մասնակցում են ծրագրի (նախագծի) մշակմանը, իրագործմանը և ծրագրի (նախագծի) շրջանակներում Միության անդամ պետության տարածքում միջոցառումների և (կամ) աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ հսկողությանը.

ազգային պատվիրատու-համակարգող՝ ազգային պատվիրատուներից մեկը, որը ծրագրի (նախագծի) մշակման և իրագործման ժամանակ համակարգում է Միության անդամ պետության մյուս ազգային պատվիրատուների գործունեությունը.

նախագիծ՝ սահմանափակ ժամանակի և ռեսուրսների պայմաններում եզակի արդյունքներ ստեղծելու համար նախատեսված փոխկապակցված միջոցառումների համալիր.

նախագծային գործունեություն՝ նախագծերի նախապատրաստման, իրագործման և ավարտման հետ կապված գործունեություն։

5. Նախագծի մասնակիցներ կարող են լինել Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) պետական իշխանության մարմինները և կազմակերպությունները, կոնսորցիումները, անդամ պետությունների մասնագիտական պատրաստվածության կենտրոնները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), այլ սուբյեկտներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

6. Նախագիծն իրագործվում է բոլոր անդամ պետությունների կողմից դրան հավանություն տալու պայմանով։ Ընդ որում, նախագիծն իրագործվում է դրանում առնվազն 3 անդամ պետության մասնակցության պայմանով։

7. Նախագծի իրագործումը համակարգում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ), որի կազմում ընդգրկվում են նախաձեռնությունների կառավարման գրասենյակի, Հանձնաժողովի դեպարտամենտների, անդամ պետությունների մասնագիտական պատրաստվածության կենտրոնների և լիազորված մարմինների ներկայացուցիչները, ազգային պատվիրատու-համակարգողները։

 

II. Նախագծային գործունեությունը

 

8. Նախագծի իրագործումն սկսելու համար նախատեսված փաստաթղթերի փաթեթը ձևավորվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգին համապատասխան՝ նախաձեռնության մշակման արդյունքների հիման վրա:

9. Նախագծի իրագործման համար օգտագործվում է որոշումների ընդունման հետևյալ մեխանիզմը.

ա) Հանձնաժողովի խորհուրդը՝

որոշում է ընդունում նախագծի իրագործման մասին կամ հարցն ուղարկում է Միության վերադաս մարմինների քննարկմանը.

նախագծի նախաձեռնման համար նախատեսված փաստաթղթերի հիման վրա հաստատում է նախագծի անձնագիրը՝ նշելով մասնակիցներին, ֆինանսավորման ծավալները, ժամկետները և աղբյուրները, սեփականության տիրապետման հարցերը.

հաստատում է բարձր մակարդակի միջոցառումների պլանը.

հաստատում է համակարգող խմբի կազմը և դրա ղեկավարին.

ընդունում է նախագծերի իրագործման հարցերով այլ որոշումներ.

բ) Հանձնաժողովի կոլեգիան նախագիծն իրագործելու մասին Հանձնաժողովի խորհրդի (Միության այլ մարմնի) որոշման հիման վրա ընդունում է որոշում՝ նախագծի իրագործումը համակարգելու հարցերի վերաբերյալ, հաստատում է նախագծի տեխնիկական առաջադրանքը (որը ներառում է նախագծի նպատակների իրականացման վրա ներգործող, սակայն Միության բյուջեի կամ անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին միջոցառումների իրագործում չնախատեսող պահանջներ) և նախագծի հաջող իրագործման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր.

գ) անդամ պետությունները սահմանում են ազգային մակարդակով նախագծի իրագործման համար պատասխանատու լիազորված մարմիններին կամ մասնագիտական պատրաստվածության կենտրոններին։

10. Պետական ծրագրերի իրագործման շրջանակներում նախագծի ֆինանսավորմանն անդամ պետությունների մասնակցության դեպքում նախագծի իրագործման մասին որոշումը և նախագծի անձնագիրն ընդունվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: Անդամ պետությունը նշված դեպքում սահմանում է ազգային պատվիրատուներին և ազգային պատվիրատու-համակարգողին:

11. Սույն փաստաթղթի 9-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան սահմանված լիազորված մարմինների և մասնագիտական պատրաստվածության կենտրոնների, ինչպես նաև ազգային պատվիրատուների և ազգային պատվիրատու-համակարգողի մասին Հանձնաժողովը ծանուցվում է սահմանված կարգով։

12. Համակարգող խումբը՝

ա) իրականացնում է նախագծային գործունեության համակարգում.

բ) իրականացնում է մոնիթորինգ.

գ) պատրաստում է հաշվետվություններ՝ նախագծի իրագործման ընթացքի վերաբերյալ.

դ) անհրաժեշտության դեպքում պատրաստում է նախագծի անձնագրում փոփոխություններ կատարելու պահանջով դիմումներ.

ե) քննարկում է նախագծի մասնակիցների միջև առկա խնդրահարույց հարցերը և տարաձայնությունները.

զ) իրականացնում է նախագծային գործունեության համակարգման հետ կապված այլ գործառույթներ։

13. Նախագծային գործունեության մեթոդական և փորձագիտական աջակցությունը կարող են իրականացնել մասնագիտական պատրաստվածության կենտրոնները։

14. Նախագիծը կարող է ներառել Հանձնաժողովի, անդամ պետությունների և (կամ) կոնսորցիումի կողմից իրագործվող միջոցառումներ։

15. Հանձնաժողովի կողմից իրագործվող միջոցառումների մասով նախագծի համապատասխան միջոցառումների կատարողը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունվարի 25-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերաբերյալ պատվերների տեղադրման և պայմանագրերի կնքման մասին» հիմնադրույթին համապատասխան:

16. Միակ մատակարարից գնումը կազմակերպելու դեպքում նախնական ընտրության կարգը սահմանվում է Հանձնաժողովի կոլեգիայի կողմից:

17. Կատարողը պարտադիր կարգով որպես համակատարողներ ներգրավում է կազմակերպություններ՝ նախագծի իրագործմանը մասնակցող բոլոր անդամ պետություններից: Կատարողը համակատարողների հետ կնքում է կոնսորցիումի մասին համաձայնագիր, որը ներկայացվում է Հանձնաժողով։

18. Համակարգող խմբի կողմից ներկայացված՝ նախագծի իրագործման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվության հիման վրա Հանձնաժողովի խորհուրդը ընդունում է որոշում՝ նախագիծը փակելու մասին։

Պետական ծրագրերի իրագործման շրջանակներում նախագծի ֆինանսավորմանն անդամ պետությունների մասնակցության դեպքում նախագիծը փակելու մասին որոշումը ներկայացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

 

III. Մոնիթորինգ

 

19. Մոնիթորինգն իրականացվում է Հանձնաժողովի և անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից մշտական հիմունքներով՝ նախագծի իրագործման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դրա փակումը:

Մոնիթորինգ անցկացնելու մասով հիմնական գործունեությունն իրականացվում է համակարգող խմբի կողմից՝ կատարողի հետ փոխգործակցությամբ։

20. Մոնիթորինգի ընթացքում համակարգող խմբի կողմից կազմվում են հաշվետվություններ (ներառյալ ամփոփիչ հաշվետվությունը), որոնց ներկայացման պարբերականությունն ու ժամկետները նշվում են նախագծի անձնագրում, այդ թվում նախատեսվում է տարին առնվազն 2 անգամ հաշվետվության պարտադիր ներկայացում՝ Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

21. Թափանցիկություն և անկախ մոնիթորինգ ապահովելու համար Միության պաշտոնական կայքում հրապարակվում են նախագծի անձնագիրը, նախագծի իրագործման ընթացքի մասին հաշվետվությունները, կատարողի, կոնսորցիումի մասին տեղեկատվությունը, այլ տեղեկություններ։

22. Նախագծի իրագործման մոնիթորինգն ու արդյունքների վերլուծությունն իրականացվում են՝ հաշվի առնելով նախագծի անձնագրում նշված նպատակային ցուցանիշները։ Նպատակային ցուցանիշներից շեղումների դեպքում համակարգող խմբի կողմից պատրաստվում են նախագծի անձնագրում փոփոխություններ կատարելու պահանջով դիմումներ, և անցկացվում են շտկող միջոցառումներ։

 

IV. Նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը

 

23. Նախագծերի իրագործման ֆինանսական ապահովումն իրականացվում է՝

ա) Միության թվային օրակարգի իրագործման մասով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման նպատակով Հանձնաժողովի համար նախատեսված՝ Միության բյուջեի միջոցների հաշվին՝ նախագծերի իրագործման մասին Միության մարմինների որոշումների հիման վրա.

բ) անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին՝ անդամ պետությունների կողմից պետական ծրագրերի կազմում ընդգրկված նախագծերի առանձին միջոցառումների իրականացման միջոցով՝ սեփական օրենսդրության համաձայն, ինչպես նաև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների զարգացման միջոցառումների իրականացման միջոցով.

գ) կոնսորցիումների մասնակիցների միջոցների, դրամաշնորհների և անդամ պետությունների օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։

 

V. Եզրափակիչ դրույթներ

 

24. Նախագծի իրագործման շրջանակներում ստացված արդյունքների նկատմամբ սեփականության իրավունքների, հեղինակային իրավունքների տիրապետմանը վերաբերող հարցերը սահմանվում են նախագծի անձնագրով։