ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
21 մայիսի 2019 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 13 հավելված) 6-րդ կետի իրագործման նպատակներով,
հաշվի առնելով սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրության ներդաշնակեցումն ապահովելու համար պայմաններ ստեղծելու և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում այնպիսի համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը, որն ուղղված է անդամ պետությունների քաղաքացիների համար տնտեսավարող սուբյեկտների անազնիվ գործունեությունից նրանց շահերը պաշտպանելու նպատակով հավասար պայմանների ձևավորմանը,
հանձնարարում է անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման ամսաթվից սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական կարգավորման գործունեությունն իրականացնելիս հաշվի առնել Սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանության հատուկ միջոցներ սահմանելու ընդհանուր մոտեցումները՝ համաձայն հավելվածի։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 15 հանձնարարականի |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանության հատուկ միջոցներ սահմանելու
1. Սույն փաստաթուղթը մշակվել է սպառողների առանձին կատեգորիաների (հաշմանդամների, անչափահասների, տարեց մարդկանց) մասնակցությամբ իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները սահմանելու ընդհանուր մոտեցումները բնութագրելու նպատակով, որոնց կենսագործունեության առանձնահատկությունը հաշվի է առնվում սպառողների (այսուհետ՝ սպառողների առանձին կատեգորիաներ) իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականություն անցկացնելիս, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) կողմից սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համաձայնեցված քաղաքականություն իրականացնելու ընդհանուր մոտեցումները հասկանալուն աջակցելու նպատակով՝ սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանության հատուկ միջոցներ սահմանելու միջոցով, որոնք հանձնարարվում է հաշվի առնել անդամ պետությունների օրենսդրության մեջ։
2. Սույն փաստաթղթում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.
հաշմանդամ՝ այն անձը, որն ունի կայուն ֆիզիկական, հոգեկան, մտավոր կամ զգայական խանգարումներ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության դեպքում կարող են խանգարել այդ անձի լիարժեք և գործուն մասնակցությանը հասարակության կյանքում՝ մյուսների հետ հավասար.
անչափահասներ՝ 14 տարին չլրացած այն անձինք, որոնց անունից գործարքները կարող են կատարել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները (բացառությամբ՝ մանր կենցաղային գործարքների, գործարքների, որոնք ուղղված են անհատույց օգուտ ստանալուն և չեն պահանջում նոտարական հաստատում կամ պետական գրանցում, գործարքների, որոնք կապված են որոշակի նպատակով կամ ազատ տնօրինման համար օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձի կողմից տրամադրված միջոցների տնօրինման հետ).
տարեց մարդիկ՝ 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք.
սպառողական ռիսկ՝ սպառողի համար բացասական հետևանքներ առաջանալու հնարավորություն՝ ներառյալ տնտեսական կորուստները և (կամ) առողջության, կյանքի համար սպառնալիքը և (կամ) բարոյական վնասը՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվերի (ձեռքբերման) վերաբերյալ սպառողի կողմից կայացվող որոշումների հետևանքով.
սպառողական վնաս՝ կորուստներ (վնաս), որոնք կրել է սպառողը անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված սպառողների իրավունքները խախտելու հետևանքով.
խոցելիություն՝ սպառողի տարիքի կամ ֆիզիկական (հոգեկան) վիճակի այն առանձնահատկությունների հետ կապված սպառողական ռիսկի կատեգորիա, որոնք անմիջական ազդեցություն ունեն սպառողի նկատմամբ անբարեխիղճ կոմերցիոն փորձեր կիրառելու դեպքում սեփական գործողությունների հետևանքները գիտակցելու և գնահատելու սպառողի հնարավորության վրա և հանգեցնում են սպառողական վնաս ստանալու հավանականությանը.
էլեկտրոնային առևտուր՝ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վաճառք սպառողի հետ պայմանագիր կնքելու միջոցով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի օգնությամբ՝ անկախ սպառողի հետ կատարվող հաշվարկի ձևից և ապրանքի առաքման եղանակից (եթե անդամ պետությունների օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ)։
Սույն փաստաթղթում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված իմաստներով:
3. Սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանության, այդ թվում՝ սույն փաստաթղթի 6-րդ կետում նշված, հատուկ միջոցների իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց տարիքային, ֆիզիկական և հոգեկան առանձնահատկություններով, որոնք ազդում են կատարվող գործարքի հետևանքներն ադեկվատ գնահատելու ունակության վրա և հանգեցնում են բարձր սպառողական վնասի հետ համակցված սպառողական ռիսկի առաջացմանը։
Սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված հատուկ միջոցները անդամ պետություններում կարող են իրագործվել ընդհանուր սոցիալական քաղաքականության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում։
4. Սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանության հիմնական մեխանիզմները, ինչպես նաև սպառողների առանձին կատեգորիաների կողմից իրենց իրավունքների լիարժեք իրականացման և օրինական շահերի պաշտպանության համար՝ գոյություն ունեցող և հնարավոր սպառնալիքների վերացմանն ուղղված հատուկ միջոցները կարող են ներառվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների կողմից ընդունվող պետական ռազմավարական պլանավորման փաստաթղթերում։
5. Որպես սպառողների՝ քաղաքացիների իրավունքների երաշխիքները իրականացնելու, ինչպես նաև նրանց հավասար իրավական պաշտպանությունը Միության մաքսային տարածքում ապահովելու նպատակով` անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ապահովել սպառողների առանձին կատեգորիաների համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հասանելիության հավասար հնարավորությունների պայմաններ։
6. Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են նախատեսվել հատուկ միջոցներ, որոնք ուղղված են սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, այդ թվում՝
ա) սպառողների առանձին կատեգորիաների (օրինակ՝ լսողության և (կամ) տեսողության ֆունկցիաների խանգարումներ ունեցող հաշմանդամների) կողմից ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ՝ նրանց համար հասանելի ձևով և անհատույց հիմունքներով տեղեկատվություն ստանալու հնարավորության ապահովումը.
բ) վաճառողների (կատարողների) համար պատասխանատվության հատուկ միջոցների սահմանումը.
ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սպառողական հատկությունների, որակի, հասանելիության և (կամ) գնի շահավետության, սպառողի հետ կնքվող պայմանագրի պայմանների վերաբերյալ սպառողների առանձին կատեգորիաներին մոլորության մեջ գցելու համար,
սպառողների առանձին կատեգորիաների համար ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հասանելիությունը նրանց առողջական վիճակի, կենսագործունեության սահմանափակման, տարիքի (եթե այդպիսի սահմանափակում չի սահմանվել անդամ պետությունների օրենսդրությամբ) հետ կապված պատճառներով մերժելու համար.
գ) սպառողական վեճերի կարգավորման արդյունավետ, սպառողների առանձին կատեգորիաների համար հասանելի մեխանիզմների կիրառումը, այդ թվում՝ վեճերի կարգավորման այլընտրանքային միջոցների ներդրման, սպառողական վնասի փոխհատուցմանն ուղղված տնտեսական ծախսերի նվազեցման միջոցով.
դ) Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում անդամ պետություններում սպառողների, այդ թվում՝ սպառողների առանձին կատեգորիաների, իրավունքների պաշտպանության մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսների ստեղծումն ու զարգացումը.
ե) սպառողների առանձին կատեգորիաների կողմից տեղեկատվության ընկալման առանձնահատկությունները հաշվի առնող՝ սպառողների իրավունքների պաշտպանության և քաղաքացիների իրազեկման ոլորտում կրթական ծրագրերի մշակումն ու ներդրումը.
զ) սպառողների իրավական գրագիտության բարձրացման (այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի ոլորտում) աշխատանքներում սպառողների հասարակական կազմակերպությունների ներգրավումը և այդպիսի աշխատանքներում նրանց մասնակցության խթանումը.
է) տնտեսավարող սուբյեկտների անազնիվ ձեռնարկատիրական գործունեության անթուլատրելիության և սպառողների առանձին կատեգորիաների հետ փոխգործակցության առանձնահատկությունները հաշվի առնող սոցիալապես պատասխանատու բիզնեսի խթանման վերաբերյալ հանձնարարականների մշակումը։
7. Սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված՝ պետական մակարդակով ընդունվող միջոցների արդիականացման նպատակով անդամ պետություններին հանձնարարվում է մշտական հիմունքներով անցկացնել բնակչության սոցիալական և սպառողական վարքագծի վերլուծություն՝ բնակչության առանձին խմբերին կամ քաղաքացիներին բարձր սպառողական ռիսկի առումով խոցելի անձանց կատեգորիային դասելու համար պայմաններ հայտնաբերելու նպատակով։
8. Անդամ պետություններում ձեռնարկատիրական գործունեության զարգացման ոլորտում պետական քաղաքականությունը կարող է ձևավորվել և անցկացվել՝ հաշվի առնելով սպառողների առանձին կատեգորիաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների իրագործումը։