ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին» հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության խորացման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեն, այսուհետ՝ Կողմեր,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրի դրույթների վրա,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Անկախ Պետությունների Համագործակցության 1993 թվականի հունվարի 22-ի կանոնադրությամբ և 2000 թվականի հունիսի 21-ի արձանագրությամբ հաստատված՝ «Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի մասին» հիմնադրույթով,
հաստատելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության և բարեխղճության սկզբունքների հիման վրա բազմակողմանի համագործակցությունը խթանելու և զարգացնելու ձգտումը,
ընդունելով Եվրասիական մայրցամաքի պետությունների և տարածաշրջանային տնտեսական միավորումների միջև տեղեկատվության փոխանակման ու երկխոսության զարգացմանն աջակցելու անհրաժեշտությունը,
փոխհամաձայնության եկան հետևյալի շուրջ.
1. Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում աջակցել ինտեգրացիոն գործընթացներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում իրավական կարգավորումը կատարելագործելուն։
2. Ի լրումն «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի միջև փոխգործակցության մասին» 2012 թվականի դեկտեմբերի 17-ի հուշագրով սահմանված ուղղությունների՝ Կողմերն իրենց իրավասության սահմաններում կզարգացնեն համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝
մաքսային կարգավորում.
սանիտարական, անասնաբուժասանիտարական եվ կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ.
ապրանքների հետագծելիություն և մակնշում նույնականացման միջոցներով.
սպառողների իրավունքների պաշտպանություն.
պետական գնումներ.
մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում,
թվային տնտեսություն.
հարկային քաղաքականության ու վարչարարության ոլորտում համագործակցություն.
արտաքին առևտրի ոլորտում համագործակցություն.
Կողմերի ընդհանուր շահերի ոլորտում գտնվող փոխգործակցության այլ ուղղություններ։
3. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համագործակցությունն իրականացվում է հետևյալ կերպ՝
տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ տնտեսական համագործակցության զարգացման և ընդհանուր շուկայի ստեղծման հարցերի վերաբերյալ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում (ներառյալ առևտրի վրա ազդող միջոցառումները).
առևտրային խոչընդոտների հայտնաբերման, դրանց նվազեցման և վերացման հարցերի վերաբերյալ առաջարկների ու հանձնարարականների մշակում.
Եվրասիական տնտեսական միության և Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում իրավական կարգավորումը կատարելագործելու վերաբերյալ առաջարկների մշակում.
Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում.
հարցումների հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների կողմից ընդունված փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ բացառությամբ սահմանափակ տարածման (գաղտնի և ծառայողական օգտագործման) տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի.
համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացման համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.
համագործակցության այլ ուղղությունների իրագործում:
4. Սույն հուշագրի իրագործման նպատակով Կողմերը, կանոններին և ընթացակարգերին համապատասխան, մտադիր են ներգրավել Եվրասիական տնտեսական միության մարմինների և Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների ներկայացուցիչներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության մարմինների հարթակներում անցկացվող փորձագիտական խմբերի նիստերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական մարմինների և Անկախ Պետությունների Համագործակցության ճյուղային համագործակցության մարմինների նիստերին մասնակցելու համար (նշված փորձագիտական խմբերի և մարմինների ղեկավարների հրավերով)։
5. Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելիս Կողմերը մտադիր են հրավիրել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին՝ Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերին՝ նշված նիստերի անցկացման կարգին համապատասխան.
Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի նախագահին՝ գործադիր քարտուղարին և նրա տեղակալներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստերին՝ նշված նիստերի անցկացման կարգին համապատասխան։
6. Կողմերից յուրաքանչյուրը մտադիր է հրավիրել մյուս Կողմի ներկայացուցիչներին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ներկայացուցիչներին՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, իր կողմից կազմակերպվող միջոցառումներին՝ համապատասխան միջոցառումների կանոններին և ընթացակարգերին համապատասխան։
Սույն հուշագրով նախատեսված ձևերով համագործակցության իրականացումը կախված է Կողմերից յուրաքանչյուրի մոտ ֆինանսական ռեսուրսների առկայությունից, և կիրագործվի դրանց գործող ներքին կանոններին ու ընթացակարգերին համապատասխան։ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կիրականացվեն համապատասխան գործարար համայնքների հաշվին։
7. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցության նորմատիվ իրավական բազային, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի ստացած տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ կողմին՝ միայն այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության առկայության դեպքում։
8. Սույն հուշագրի կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
9. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, Կողմերի համար չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
10. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
11. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
12. Ցանկացած Կողմ իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի՝ այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է _________ քաղաքում, 20__ թվականի _________ «____»-ին, երկու օրինակից՝ ռուսերենով։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի կողմից՝ |