ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
22 հունվարի 2019 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տ.Մ. Ժակսիլիկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով բազմակողմանի, փոխշահավետ և իրավահավասար համագործակցության ամրապնդման ձգտումը,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնող՝ 1967 թվականի հուլիսի 14-ի Կոնվենցիայի դրույթներով,
հաշվի առնելով մտավոր սեփականության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնական գործառույթներն ու խնդիրները,
ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական ներուժի զարգացմանը աջակցելու ձգտումից,
հիմնվելով մտավոր սեփականության ոլորտում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության աշխատանքի փորձի վրա,
ճանաչելով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության՝ որպես մտավոր սեփականության իրավունքների պահպանումն ապահովելու աջակցություն ցուցաբերող միջազգային կազմակերպության դերը, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պահպանությունն ու պաշտպանությունը ապահովելու դերը,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝
իրավական կարգավորման բնագավառում փորձի փոխանակում՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում.
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերով հանձնարարականների մշակման հետ կապված տեղեկատվության փոխանակում.
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում վեճերի կարգավորման հետ կապված տեղեկատվության փոխանակում.
Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
2. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունը կիրականացվի՝
վերլուծական և տեղեկատվական նյութերի փոխանակման միջոցով՝ պահպանելով գաղտնիության և տեղեկատվության պաշտպանության պահանջները.
մտավոր սեփականության ոլորտում փաստաթղթերի նախագծերի մշակման ժամանակ մեթոդական օգնություն տրամադրելու միջոցով.
մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում մի Կողմի կողմից անցկացվող միջոցառումներին մյուս Կողմի ներկայացուցիչների մասնակցելու (այդ թվում՝ նշված ոլորտում կոնկրետ խնդրահարույց հարցերի շուրջ փորձագետների խորհրդակցություններին՝ դրանց լուծման համար առաջարկությունների մշակման նպատակով), ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ միջոցառումների մասնակցելու միջոցով։
3. Համագործակցության առանձին ուղղություններով Կողմերը կարող են իրականացնել համատեղ նախագծերի նախապատրաստում և իրագործում։ Այդպիսի նախագծերում Կողմերից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանը, ինչպես նաև դրանց իրագործման կարգը կլինեն առանձին պայմանավորվածությունների առարկա։
4. Սույն հուշագրի իրագործման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով։
5. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ Կողմերի միջև նամակների փոխանակման միջոցով։ Վերջին փոխանակման նամակի ստացման օրը այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրն է։
6. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի վրա ֆինանսական պարտավորություններ չի դնում։
7. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից։
8. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
9. Սույն հուշագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես միջազգային կազմակերպություն և Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հիմնարկ հանդիսացող Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության՝ որպես որևէ արտոնությունից և անձեռնմխելիությունից հրաժարում։
Ստորագրված է __________ քաղաքում, 20 ___ թվականի __________-ի «__»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից՝ |