ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
25 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 149 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՍԻԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տ.Ս. Սարգսյանին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլ տալով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ՀԱՊԱ), այսուհետ՝ Կողմերը,
ճանաչելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ՀԱՊԱ-ի միջև ավելի սերտ տնտեսական փոխգործակցություն զարգացնելու կարևորությունը,
ցանկություն հայտնելով հիմք դնել՝ Կողմերի միջև փոխգործակցությունն ակտիվացնելու և համագործակցության նոր ուղղություններ զարգացնելու համար,
ճանաչելով համաշխարհային տնտեսությունում և ընդհանուր առմամբ միջազգային առևտրային համակարգում ինտեգրման հարցերով տնտեսական համագործակցության կարևորությունը,
հիմնվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքների վրա,
համաձայնեցին հետևյալի մասին՝
I. Նպատակը
Սույն հուշագրի նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ պետությունների և ՀԱՊԱ անդամ պետությունների միջև առևտրային-տնտեսական և ներդրումային փոխգործակցության ընդլայնման համար տնտեսական համագործակցությանը:
II. Համագործակցության ուղղությունները
1. Իրենց իրավասության շրջանակներում Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ ուղղություններով՝
ա) մաքսային կարգավորում և առևտրային ընթացակարգերի պարզեցում.
բ) սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ.
գ) տեխնիկական կանոնակարգում.
դ) էլեկտրոնային առևտուր.
ե) ծառայությունների առևտուր և ներդրումներ.
զ) ձեռնարկատիրության զարգացում, առաջին հերթին՝ միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների համար.
է) այլ ուղղություններ՝ Կողմերի համաձայնեցմամբ:
2. ԵԱՏՄ անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համատեղ իրավասությանը վերաբերող ոլորտներում համագործակցությունը կիրականացվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ։
III. Համագործակցության ձևերը
Սույն հուշագրի շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղիներով՝
ա) համաժողովների, ֆորումների, սեմինարների, կլոր սեղանների անցկացում, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական իշխանության և ՀԱՊԱ անդամ պետությունների պետական մարմինների և գործարար համայնքների ներկայացուցիչների հնարավոր մասնակցությամբ.
բ) տեղեկությունների փոխանակում՝ Կողմերի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և ՀԱՊԱ անդամ պետությունների նորմերի, կանոնների և վարչական ընթացակարգերի համաձայն.
գ) փորձի փոխանակում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ոլորտում.
դ) այլ միջոցառումների իրականացում՝ Կողմերի համաձայնեցմամբ:
IV. Իրագործումը
1. Կողմերը կձգտեն պահպանել կանոնավոր շփումներ՝ սույն հուշագրի իրագործման նպատակով համատեղ խորհրդակցություններ կազմակերպելու միջոցով:
2. Կողմերի փոխգործակցությունը կիրականացվի համագործակցության ծրագրի հիման վրա, որը կմշակվի և կհամաձայնեցվի Կողմերի կողմից:
3. Սույն հուշագրի իրագործման հետ կապված անհամաձայնությունները կլուծվեն փոխադարձ պայմանավորվածությամբ՝ Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով:
V. Գաղտնիությունը
Կողմերը կապահովեն գաղտնիությունը և երրորդ կողմին չեն բացահայտի կամ փոխանցի սույն հուշագրի իրագործման արդյունքում կամ սույն հուշագրի համաձայն ստացված փաստաթղթերը, տեղեկությունները կամ տվյալները՝ առանց տեղեկությունները տրամադրող Կողմի նախնական գրավոր համաձայնության: Սույն դրույթը կկիրառվի նաև սույն հուշագրի կիրառությունը դադարելուց հետո։ Սույն հուշագրով չի ենթադրվում այնպիսի տեղեկությունների փոխանակում, որոնց հասանելիությունը սահմանափակված է ԵԱՏՄ-ի և ՀԱՊԱ-ի իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների և ՀԱՊԱ անդամ պետությունների օրենսդրության համաձայն:
VI. Կիրառությունը
1. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Կողմերի համար չի սահմանում և չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավական առումով պարտադիր իրավունքներ ու պարտավորություններ։
2. Սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ (ուղղումներ) ցանկացած ժամանակ՝ Կողմերի գրավոր համաձայնությամբ: Ցանկացած փոփոխություն (ուղղում) ձևակերպվում է գրավոր և ստորագրվում Կողմերի կողմից: Այդպիսի փոփոխությունները (ուղղումները) սույն հուշագրի անբաժանելի մասն են և կիրառվում են Կողմերի կողմից սահմանվող ամսաթվից սկսած։
3. Սույն հուշագիրը կիրառվում է դրա ստորագրման օրվանից մինչև սույն հուշագրի IX բաժնի 1-ին կետի համաձայն՝ Կողմերից մեկի կողմից դրա կիրառությունը դադարեցնելը:
VII. Ֆինանսական ծախսերը
Սույն հուշագրի իրագործման հետ կապված ցանկացած ֆինանսական ծախս, յուրաքանչյուր մասնավոր դեպքում, համաձայնեցվում է Կողմերի կողմից՝ հաշվի առնելով միջոցների, անձնակազմի և այլ ռեսուրսների առկայությունը:
VIII. Վեճերի կարգավորումը
Սույն հուշագրի իրագործման ընթացքում ծագած կամ դրա իրագործմանը վերաբերող հարցերը լուծվում են փոխադարձ պայմանավորվածությամբ՝ Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով, առանց երրորդ կողմին կամ միջազգային դատարան դիմելու:
IX. Դադարեցումը
1. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառությունը՝ մյուս Կողմին դրա կիրառությունը դադարեցնելու ենթադրվող օրվանից ոչ պակաս, քան 6 ամիս առաջ համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով:
2. Եթե կողմերն այլ համաձայնության չեն եկել, ապա սույն հուշագրի կիրառության դադարեցումը չի ազդում մինչ այն դադարեցումը մեկնարկած միջոցառումների և նախագծերի իրագործման վրա:
Կատարված է ____________ քաղաքում 201__ թվականի __________ «___»-ին, երկու բնօրինակից՝ յուրաքանչյուրը՝ անգլերենով և ռուսերենով, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են։ Սույն հուշագրի մեկնաբանության կամ կիրառության իմաստով տարընթերցումների դեպքում կիրառվում է անգլերեն տեքստը:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա |