ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ)
1. Ընդհանուր առմամբ հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով) (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 22-ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
(Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման մասով)
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով՝
անդամ պետությունների էներգետիկ անվտանգության բարձրացման, Եվրասիական տնտեսական միությունում՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառում բարեխիղճ մրցակցության և անդամ պետությունների տնտեսությունների արդյունավետության և մրցունակության բարձրացման համար պայմանների ստեղծումն ապահովող իրավական տիրույթի ձևավորման, տնտեսական փոխշահավետ և իրավահավասար համագործակցության հետագա ամրապնդման նպատակով
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 79-րդ հոդվածի 3-րդ կետը «նախատեսված» բառից առաջ լրացնել «սույն բաժնին և XIX բաժնին համապատասխան» բառերով.
2) 81-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 81
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումը
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումն իրականացվում են սույն Պայմանագրի թիվ 21 հավելվածով սահմանված սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 8-րդ կետը:».
3) 82-րդ հոդվածում՝
1-ին կետում «հավելվածի համաձայն միասնական սկզբունքներին և կանոններին համապատասխան» բառերը փոխարինել «հավելվածին» բառով.
2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
4) 104-րդ հոդվածում՝
2-րդ և 3-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8. «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության (սույն Պայմանագրի թիվ 21 հավելված) 5-8-րդ կետերով նախատեսված ակտերից վերջինն ուժի մեջ մտնելու պահից՝
նշված արձանագրության 46-52-րդ կետերը և դրա հավելվածը կորցնում են ուժը.
նշված արձանագրության 5-րդ կետի առաջին պարբերության, 10-40-րդ, 42-րդ և 43-րդ կետերի դրույթներն ուժի մեջ են մտնում:».
5) «Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովման, այդ թվում՝ գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքների մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 21 հավելված)՝
անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արձանագրություն Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին».
1-12-րդ կետերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝
«I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն արձանագրությունը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 81-րդ հոդվածին համապատասխան և դրանով սահմանվում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման իրավական հիմքերը:
2. Սույն արձանագրության դրույթները չեն տարածվում երրորդ պետությունների հետ անդամ պետությունների կողմից էլեկտրական էներգիայի առևտրի հետ կապված հարաբերությունների վրա, այդ թվում՝ անդամ պետության տարածքով երրորդ պետությունների տարածքներ, երրորդ պետությունների տարածքներից անդամ պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման հետ կապված հարաբերությունների վրա:
Երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի սուբյեկտների նկատմամբ պարտավորությունները կատարելու նպատակով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը կարգավորվում է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքով իրականացվում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը:
3. Սույն արձանագրության մեջ օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝
միանալու մասին պայմանագիր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան կնքվող պայմանագիր, որով սահմանվում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակցի, էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի որոշակի տեսակի մասով կենտրոնացված սակարկությունների օպերատորի (օպերատորների) և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև փոխադարձ պարտավորությունները, որոնք ապահովում են կենտրոնացված սակարկությունների արդյունքներով էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագրերի կատարումը.
էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիություն՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններից՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների օգտվելու հնարավորությունը.
էլեկտրական էներգիայի (հզորության) փոխարինում՝ անդամ պետության սահմանին (սահմաններին) տեղակայված մատակարարման տարբեր կետերի միջոցով դեպի էլեկտրաէներգետիկական համակարգ և դրանից դուրս էլեկտրաէներգիայի (հզորության) հավասար ծավալների փոխկապակցված և միաժամանակյա մատակարարում.
ծրագրման համակարգող՝ անդամ պետությունների հարակից էլեկտրաէներգետիկական համակարգերից մեկի համակարգային օպերատոր, որն իրականացնում է այդ անդամ պետությունների էներգահամակարգերի՝ զուգահեռ աշխատանքի էլեկտրաէներգետիկական ռեժիմների ծրագրումը համակարգելու և Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով սահմանված այլ գործառույթներ.
էլեկտրահաղորդման միջպետական գիծ՝ անդամ պետությունների պետական սահմանները հատող էլեկտրահաղորդման գիծ.
էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում՝ անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) փոխադրման և (կամ) փոխարինման ծառայությունների մատուցում։ Անդամ պետության օրենսդրության համաձայն` համապատասխան հարաբերությունները ձևակերպվում են էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման (տարանցման) ծառայությունների մատուցման պայմանագրերով կամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերով` ներառյալ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագրերը.
միջպետական հատվածք՝ երկու և ավելի պետությունների էներգահամակարգերի (էներգահամակարգերի մասերի) միջև բոլոր դասերի լարմամբ այն էլեկտրահաղորդման գծերի տեխնոլոգիապես պայմանավորված ամբողջությունը, որոնք անցնում են անդամ պետությունների սահմաններով, ինչպես նաև անդամ պետությունների և երրորդ պետությունների սահմաններով.
միջպետական փոխհոսք՝ էլեկտրահաղորդման միջպետական գծով էլեկտրական էներգիայի (հզորության) փոխհոսք.
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկա՝ զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտների միջև առկա հարաբերությունների համակարգ, որը կապված է էլեկտրական էներգիայի (հզորության) առք ու վաճառքի հետ, գործում է սույն արձանագրության, սույն արձանագրության 5-8-րդ կետերով նախատեսված ակտերի և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների միջև համապատասխան պայմանագրերի հիման վրա.
կենտրոնացված սակարկությունների օպերատոր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի որոշակի տեսակի կազմակերպման մասով ծառայություններ մատուցող կազմակերպություն.
էլեկտրական էներգիայի (հզորության) փոխադրում՝ անդամ պետություններից մեկի տարածքում արտադրված էլեկտրական էներգիայի (հզորության) փոխհոսքերի ապահովում մեկ այլ անդամ պետության ցանցերով՝ այդ պետության սահմանին (սահմաններին) տեղակայված մատակարարման կետերի միջև.
էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսք՝ միջպետական հատվածքների կազմի մեջ մտնող էլեկտրահաղորդման բոլոր գծերով էլեկտրական էներգիայի միջպետական փոխհոսքերի հանրահաշվական գումար (հաշվի առնելով ուղղությունը).
ազատ երկկողմ պայմանագիր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև կնքված՝ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագիր, որի մեջ մատակարարման և հաշվարկների ծավալները, գները, ժամկետները և պարտավորությունների կատարման այլ պայմաններ ինքնուրույն սահմանում են պայմանագրի կողմերը՝ հաշվի առնելով միջպետական հատվածքների թողունակությունը, տեխնոլոգիական և կարգավորող այլ սահմանափակումներ.
ցանցային օպերատոր՝ անդամ պետության տարածքով՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներին էլեկտրական էներգիայի հաղորդման մասով ծառայություններ մատուցող կազմակերպություն.
համակարգային օպերատոր՝ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ-կարգավարական կառավարումը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իրականացնող կազմակերպություն.
ժամկետային պայմանագիր՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի պայմանագիր, որը պարունակում է ստանդարտացված պայմաններ էլեկտրական էներգիայի մատակարարման ժամանակահատվածի և ժամերի, ինչպես նաև այլ էական պայմանների վերաբերյալ, որում էլեկտրական էներգիայի գինն ու ծավալը սահմանվում են կենտրոնացված սակարկությունների ընթացքում՝ ժամկետային պայմանագրերի մասով կենտրոնացված սակարկությունների օպերատորի կանոնակարգերին համապատասխան.
էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտներ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ անդամ պետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի սուբյեկտներ հանդիսացող իրավաբանական անձինք.
փակուղային սխեմա՝ սխեմա, որի դեպքում մեկ անդամ պետության էլեկտրական էներգիա սպառողների էլեկտրամատակարարումն իրականացվում է միջպետական էլեկտրահաղորդման այն գծերով, որոնք լարում են ստանում այլ անդամ պետության կողմից.
Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից մատուցվող ծառայություններ՝ էլեկտրաէներգետիկայում էլեկտրական էներգիայի հաղորդման, օպերատիվ-կարգավարական կառավարման և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան բնական մենաշնորհների ոլորտին վերագրվող այլ ծառայություններ, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք մատուցվում են բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում՝ Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
II. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման սկզբունքները
4. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումն իրականացվում են հետևյալ սկզբունքների հիման վրա՝
1) իրավահավասարության, փոխշահավետության և որևէ անդամ պետության տնտեսական վնաս չհասցնելու վրա հիմնված համագործակցություն.
2) էլեկտրական էներգիա արտադրողների և սպառողների, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի այլ սուբյեկտների տնտեսական շահերի հավասարակշռության պահպանում.
3) շուկայական հարաբերությունների և բարեխիղճ մրցակցության վրա հիմնված մեխանիզմների առաջնահերթ օգտագործում` գործունեության մրցակցային տեսակներում էլեկտրական էներգիայի (հզորության) պահանջարկի բավարարման կայուն համակարգի ձևավորման համար.
4) տեխնիկական հնարավորությունների սահմաններում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների անարգել հասանելիության ապահովում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդում իրականացնելու ժամանակ անդամ պետությունների ներքին կարիքների ապահովման համար նշված ծառայություններն առաջնահերթ օգտագործելու պայմանով.
5) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ձևավորում և զարգացում անդամ պետությունների զուգահեռ աշխատող էլեկտրաէներգետիկական համակարգերի հիման վրա` հաշվի առնելով անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական շուկաների առկա մոդելների առանձնահատկությունները.
6) անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի տեխնիկական և տնտեսական առավելությունների օգտագործում՝ զուգահեռ աշխատանքի փոխհամաձայնեցված պայմանների պահպանմամբ.
7) անդամ պետությունների սուբյեկտների միջև էլեկտրական էներգիայի առևտրի իրականացում` հաշվի առնելով անդամ պետությունների էներգետիկ անվտանգությունը.
8) էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության փուլային ներդաշնակեցում, այդ թվում՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից տեղեկատվության բացահայտման մասով:
III. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կանոնները
5. Առկա տեխնիկական հնարավորության սահմաններում անդամ պետություններն ապահովում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների անարգել հասանելիությունը՝ անդամ պետությունների էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքներն ապահովելու համար նշված ծառայություններն առաջնահերթ օգտագործելու պայմանով՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների անարգել հասանելիության ապահովման սկզբունքներն ու կարգը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման կարգը սահմանող կանոններին համապատասխան (այսուհետ՝ հասանելիության կանոններ):
Հասանելիության կանոնները հաստատում է Միջկառավարական խորհուրդը:
6. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը կարգավորվում է Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող կանոններով (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններ):
7. Էլեկտրահաղորդման միջպետական գծերի թողունակության սահմանման և բաշխման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների փոխհարաբերությունները կանոնակարգող կանոններին համապատասխան՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի և էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման համար հասանելի էլեկտրահաղորդման միջպետական գծերի թողունակությունը սահմանելիս և բաշխելիս:
Նշված կանոնները հաստատում է Միջկառավարական խորհուրդը:
8. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ընթացքում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների, անդամ պետությունների պետական մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ընթացքում տվյալների կազմը սահմանող և դրանք Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների, անդամ պետությունների պետական մարմինների և Հանձնաժողովի կողմից տրամադրելու ընթացակարգը սահմանող կանոններին համապատասխան (այսուհետ՝ տեղեկատվության փոխանակման կանոններ):
Տեղեկատվության փոխանակման կանոնները հաստատում է Միջկառավարական խորհուրդը:
IV. Հանձնաժողովի լիազորությունները
9. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորումը, գործունեությունը և զարգացումն ապահովելու նպատակով Հանձնաժողովն իրականացնում է հետևյալ լիազորությունները՝
1) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մշտադիտարկում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող կարգով.
2) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի նկատմամբ իրավական կարգավորման կատարելագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում.
3) էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորում իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմինների փոխգործակցության կազմակերպատեխնիկական աջակցություն, որն ուղղված է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման, գործունեության և զարգացման համար պայմաններ ստեղծելուն.
4) սույն արձանագրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
V. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարումը և դրա գործունեության ապահովումը
10. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի կառավարումն իրականացնում և դրա գործունեությունն ապահովում են հետևյալ մարմիններն ու կազմակերպությունները՝
1) անդամ պետությունների այն պետական մարմինները, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, լիազորված են էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորումներ իրականացնելու.
2) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները.
3) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի օժանդակ մարմինները (անդամ պետությունների պետական մարմինների ղեկավարների խորհուրդը, աշխատանքային խմբերը, հատուկ հանձնաժողովները), որոնք (անհրաժեշտության դեպքում) ստեղծվում են Բարձրագույն խորհրդի որոշմամբ:
11. Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմինների շարքին կարող են դասվել նաև՝
անդամ պետությունների՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում պետական քաղաքականության իրականացման համար լիազորված պետական մարմինները.
անդամ պետությունների՝ մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացման և (կամ) անցկացման համար լիազորված պետական մարմինները.
անդամ պետությունների՝ բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման և (կամ) հսկողության լիազորություններով օժտված պետական մարմինները:
Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար լիազորված անդամ պետությունների պետական մարմինները Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում իրականացնում են հետևյալ գործառույթներն ու լիազորությունները՝
ապահովում են սույն արձանագրության իրականացմանն ուղղված միջոցառումների կատարումը.
աջակցում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը՝ սույն արձանագրության 5-8-րդ կետերով նախատեսված ակտերին համապատասխան.
մասնակցում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մշտադիտարկման տվյալների նախապատրաստմանը և ուսումնասիրմանը.
իրականացնում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կողմից էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոնների և համապատասխան անդամ պետության տարածքներ մուտք գործելու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
ուսումնասիրում են այն բողոքները, որոնք վերաբերում են համապատասխան անդամ պետության տարածքում գրանցված՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտի կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից մատուցվող ծառայությունների հասանելիության կանոններին.
սահմանում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների սակագների չափը.
հաստատում են համապատասխան անդամ պետության տարածքում գրանցված և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի բնական մենաշնորհների սուբյեկտներ չհանդիսացող Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդական ցուցումները.
սույն արձանագրության 5-8-րդ կետերում նշված ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ և լիազորություններ:
Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար լիազորված՝ անդամ պետությունների պետական մարմինների կողմից սույն կետում նշված գործառույթների և լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է համապատասխան անդամ պետությունների օրենսդրությամբ:
12. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կազմը սահմանվում է սույն արձանագրության 22-25-րդ կետերին համապատասխան:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ապահովման մասով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները (գործառույթներն ու լիազորությունները) սահմանվում են սույն արձանագրությամբ, սույն արձանագրության 5-8-րդ կետերով նախատեսված ակտերով և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ այդ ակտերով սահմանված մասով:
13. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի օժանդակ մարմինները ստեղծվում են Բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների նախաձեռնությամբ:
14. Անդամ պետություններն ապահովում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան` էլեկտրաէներգետիկայի ոլորտում կարգավորումներ իրականացնելու համար լիազորված անդամ պետությունների պետական մարմինների, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխգործակցությունը:
VI. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտները
15. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների կազմում ընդգրկված են՝
1) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցները.
2) Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները:
16. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները (գործառույթները և լիազորությունները) սահմանվում են սույն արձանագրությանը և սույն արձանագրության 5-8-րդ կետերով նախատեսված ակտերին համապատասխան:
17. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրը ներառում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից կազմվող այն անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտների մասին տեղեկատվությունը, որոնք, սույն արձանագրության 18-20-րդ կետերին համապատասխան՝ իրավունք ունեն մասնակցություն ունենալու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում:
Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:
VII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցները
18. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կազմում ընդգրկված են՝
1) համապատասխան անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրական էներգիայի վաճառք (մատակարարում) իրականացնող և էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտներ հանդիսացող իրավաբանական անձինք.
2) համապատասխան անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ էլեկտրական էներգիայի գնում իրականացնող և էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների սուբյեկտներ հանդիսացող իրավաբանական անձինք.
3) «փակուղային սխեմայով» այլընտրանքի և սեփական անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիա գնելու հնարավորության բացակայության դեպքում սահմանակից անդամ պետությունից էլեկտրահաղորդման միջպետական գծերով էլեկտրական էներգիայի գնում իրականացնող իրավաբանական անձինք.
4) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորմանը մասնակցող իրավաբանական անձինք:
19. Մինչև սույն արձանագրության 20-րդ կետով նախատեսված՝ Հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելը, յուրաքանչյուր անդամ պետություն, սեփական օրենսդրությանը համապատասխան, կարող է էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտին օժտել Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մասնակցելու լիազորություններով, ինչպես նաև սահմանել այն իրավաբանական անձանց ցանկը, որոնք իրավունք ունեն մասնակցելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին:
20. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիրը, ինչպես նաև Միության գազի ընդհանուր շուկայի աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ՝ Միության մարմինների ակտերն ուժի մեջ մտնելուց հետո Հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունվում է որոշում, որին համապատասխան, անդամ պետությունները պայմաններ են ստեղծում Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում կամավոր և մրցակցային հիմունքներով էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների բոլոր սուբյեկտների մասնակցության համար: Հանձնաժողովի խորհրդի նշված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անդամ պետություններն իրավունք չունեն էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի առանձին սուբյեկտներին լիազորելու Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մասնակցելու համար (բացառությամբ սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերի):
21. Անդամ պետությունների իրավաբանական անձինք մինչև տվյալ անդամ պետությունների կողմից ուղղահայաց ինտեգրված կառույցները գործունեության մրցակցային և մենաշնորհային տեսակների կազմակերպությունների բաժանման միջոցառումների կատարումն ու մինչև տվյալ անդամ պետությունների տարածքներում էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկաների ստեղծումը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուր չեն իրականացնում:
VIII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները
22. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունների կազմում ընդգրկված են՝
1) համակարգային օպերատորները.
2) ցանցային օպերատորները.
3) կենտրոնացված սակարկությունների օպերատորը (օպերատորները).
4) սույն արձանագրության 5-8-րդ կետերով նախատեսված ակտերին համապատասխան՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի ժամանակ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներին ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:
23. Մեկ անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մի քանի ենթակառուցվածքային կազմակերպությունների գործառույթները կարող են համատեղվել՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
24. Էլեկտրաէներգետիկական ռեժիմների համակարգված ծրագրման գործառույթներն իրականացվում են անդամ պետությունների հարակից էլեկտրաէներգետիկական համակարգերի համակարգային օպերատորների կողմից (անհրաժեշտության դեպքում) 2 օղակաձև էլեկտրական կապերի կամ մի շարք հարակից էլեկտրաէներգետիկական համակարգերի առկայության դեպքում, այդ թվում՝ երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ համատեղ աշխատանքի դեպքում: Համակարգային օպերատորները ծրագրման տարածաշրջանային համակարգողի գործառույթները կատարելու համար կարող են նշանակել համակարգային օպերատորներից մեկին:
25. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ենթակառուցվածքային կազմակերպությունները ծառայություններ են մատուցում սույն արձանագրության 5-8-րդ կետերով նախատեսված ակտերի համաձայն կնքված պայմանագրերին համապատասխան:
IX. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրը
26. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման եղանակները՝
1) ազատ երկկողմ պայմանագրերով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր.
2) այն կենտրոնացված սակարկությունների միջոցով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրը, որոնց տեսակները սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով և, այդ թվում՝ ներառում են «մեկ օր առաջ» կենտրոնացված առևտուրը՝ դրա տնտեսական նպատակահարմարության պայմանով (այսուհետ՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր).
3) պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորում՝ դրա համար լիազորված՝ անդամ պետությունների կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա:
27. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի՝ տարբեր անդամ պետությունների իրավաբանական անձ համարվող մասնակիցների միջև՝ սույն արձանագրությանը, էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան և այն պայմանագրերի հիման վրա, որոնց կնքումն անհրաժեշտ է՝ սահմանված առևտրի եղանակի օգտագործմամբ էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնելու համար:
28. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցը պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք, էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան, անհրաժեշտ են առևտրի համապատասխան եղանակի օգտագործմամբ առևտուր սկսելու համար:
Պայմանագրերի էական պայմանների ցանկը, որոնց կնքումն անհրաժեշտ է առևտրի սահմանված եղանակի օգտագործմամբ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին մասնակցելու համար, և դրանք կնքելու կարգը սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով ու հասանելիության կանոններով: Այն դեպքում, երբ դա նախատեսված է նշված կանոններով, Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրին մասնակցելու համար անհրաժեշտ պայմանագրերը կնքվում են՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ այդպիսի պայմանագրերի ստանդարտ ձևերին համապատասխան: Համաձայն այդ ձևերի՝ կնքված պայմանագրերի պայմանները չեն կարող միակողմանի կարգով փոփոխվել պայմանագրերի կողմեր հանդիսացող՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից:
29. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուրն ազատ երկկողմ պայմանագրերով իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից՝ էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի երկկողմ պայմանագրեր կնքելու միջոցով՝ այն գներով, ծավալով և մատակարարման պայմաններով, որոնք պայմանագրերի կողմերը սահմանում են ինքնուրույն՝ հաշվի առնելով միջպետական հատվածքների թողունակությունը, այլ տեխնոլոգիական և կանոնակարգող սահմանափակումներ: Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև ազատ երկկողմ պայմանագրերի կնքման, գրանցման և հաշվառման կարգը սահմանվում է էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով: Միության էլեկտրաէներգետիկական շուկայում սահմանված կարգով գրանցված ազատ երկկողմ պայմանագրերով գնվող (վաճառվող) էլեկտրական էներգիայի ծավալներն անդամ պետությունների էլեկտրական էներգիայի ներքին մեծածախ շուկաներում պետք է գրանցվեն և հաշվառվեն այդ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
30. Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտուրն իրականացվում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից՝ առևտրի էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ, որն ապահովում է էլեկտրական էներգիայի գների և գնման (վաճառքի) ծավալների սահմանումը՝ էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման ծառայությունները մատուցվում են կենտրոնացված սակարկությունների օպերատորի (օպերատորների) կողմից՝ պայմանագրային հատուցելի հիմունքներով:
31. Պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումները կարգավորելու և Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից համապատասխան միջպետական հատվածքներով էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտուր իրականացնելու հնարավորությունն ապահովելու նպատակներով շեղումների կարգավորման համար լիազորված՝ սահմանակից անդամ պետությունների կազմակերպությունները, էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններին համապատասխան, կնքում են ժամային շեղումների առք ու վաճառքի պայմանագրեր կամ այլ պայմանագրեր, եթե դա չի հակասում անդամ պետությունների օրենսդրությանը:
Ժամային շեղումների մեծությունների հաշվարկման կարգը և դրանց կարգավորման կարգը սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով:
Միջպետական հատվածքներում, որտեղ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների միջև իրականացվում է էլեկտրական էներգիայի այնպիսի առևտուր, որն առնչություն ունի «փակուղային սխեմայով»՝ այլընտրանքի և սեփական անդամ պետության ներքին էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիա գնելու հնարավորության բացակայության դեպքում էլեկտրական էներգիայով սպառողներին էլեկտրամատակարարման հետ, շեղումների կարգավորումն իրականացվում է էլեկտրական էներգիայի առք ու վաճառքի ազատ երկկողմ պայմանագրերի շրջանակներում:
32. Յուրաքանչյուր անդամ պետություն՝ սեփական օրենսդրությանը համապատասխան, սահմանում է պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորմանը մասնակցելու և համապատասխան պայմանագրեր կնքելու համար լիազորված՝ էլեկտրաէներգետիկական ներքին մեծածախ շուկայի սուբյեկտին:
33. Մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից այդպիսի անդամ պետության հետ սահմանակից երրորդ պետության տարածքով Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայով առևտուր իրականացնելու համար մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության լիազորված կազմակերպության և երրորդ պետության օրենսդրության համաձայն՝ համապատասխան պայմանագրեր կնքելու համար լիազորված կազմակերպության միջև պետք է կնքվեն պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման պայմանագրեր:
Պլանային արժեքներից էլեկտրական էներգիայի փաստացի սալդո-փոխհոսքերի ժամային շեղումների կարգավորման պայմանագրեր կնքելու մասին տեղեկատվությունը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտներին տրամադրվում է տեղեկատվության փոխանակման կանոններին համապատասխան:
Մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահման չունեցող անդամ պետության՝ Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների կողմից Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտուր իրականացնելու անհրաժեշտ պայման է նաև երկու ուղղությամբ երրորդ պետությունով էլեկտրական էներգիայի տարանցման պայմանագրերի կնքումը (առկայությունը):
X. Կենտրոնացված սակարկությունների օպերատորը (օպերատորները)
34. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպումն իրականացվում է անդամ պետության (անդամ պետությունների) կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, որը սահմանվել է Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։
35. Կենտրոնացված սակարկությունների օպերատորի (օպերատորների) իրավունքները և պարտականությունները (գործառույթներն ու լիազորությունները) սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով, տեղեկատվության փոխանակման կանոններով, միանալու մասին պայմանագրով (պայմանագրերով) և կենտրոնացված սակարկությունների օպերատորի (օպերատորների) կանոնակարգերով։
36. Էլեկտրական էներգիայի կենտրոնացված առևտրի կազմակերպման մասով ծառայությունների մատուցումն իրականացվում է առևտրի համապատասխան էլեկտրոնային համակարգի՝ առևտրային հարթակի օգտագործմամբ։
37. Միանալու մասին պայմանագրի ձևը (պայմանագրերի ձևերը), սույն արձանագրության 5-8-րդ կետերում նշված ակտերով նախատեսված պայմանագրերի ստանդարտ ձևերն ու կանոնակարգերը հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից՝ անդամ պետությունների առաջարկների հիման վրա։
38. Կենտրոնացված սակարկությունների օպերատորի (օպերատորների) ծառայությունների գնի (սականգնի) որոշման սկզբունքները սահմանվում են էլեկտրական էներգիայի փոխադարձ առևտրի կանոններով։
XI. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի տեխնոլոգիական հիմքը
39. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի տեխնոլոգիական հիմք են կազմում՝
1) տեղեկատվության փոխանակման համակարգը, որն ապահովում է Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի սուբյեկտների փոխգործակցությունն անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի և էլեկտրաէներգետիկական շուկաների գործունեության մասին տվյալների հիման վրա.
2) առևտրի էլեկտրոնային համակարգը, որն ապահովում է ժամկետային պայմանագրերով կենտրոնացված սակարկությունների անցկացումը.
3) առևտրի էլեկտրոնային համակարգը, որն ապահովում է «մեկ օր առաջ» կենտրոնացված սակարկությունների անցկացումը։
XII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումը
40. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորումն իրականացվում է Պայմանագրի XIX և XX բաժիններին համապատասխան և ըստ հասանելիության կանոնների։
41. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների նկատմամբ գնագոյացումն (սակագնի գոյացումն) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների սակագները Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում չպետք է գերազանցեն էլեկտրական էներգիայի ներքին շուկայի սուբյեկտների համար համանման ներքին սակագները։
XIII. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հակամենաշնորհային կարգավորումը
42. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի հակամենաշնորհային կարգավորումն իրականացվում է Պայմանագրի XVIII բաժնին համապատասխան և հաշվի առնելով Պայմանագրի XIX և XX բաժիններով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սույն արձանագրության 19-րդ կետին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։
43. Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ համատեղ անցկացնում են Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման առանձնահատկությունների սահմանման նպատակահարմարության և անհրաժեշտության գնահատում՝ «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին համապատասխան։
XIV. Միջպետական էլեկտրական ցանցերի զարգացումը
44. Անդամ պետությունն իր տարածքում իրականացնում է միջպետական էլեկտրական ցանցերի զարգացում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ միջպետական էլեկտրական ցանցերի զարգացման մասին հիմնադրույթին և իր օրենսդրությանը համապատասխան։
XV. Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման և զարգացման փուլերը
45. Սույն արձանագրությամբ նախատեսված ակտերի ընդունման ժամկետները, ինչպես նաև Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի զարգացման փուլերը սահմանվում են Բարձրագույն խորհրդի որոշմամբ։
XVI. էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացումը
46. Սույն բաժնի նպատակներով օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքներ՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ծավալներ, որոնք անհրաժեշտ են համապատասխան անդամ պետությունների տարածքներում՝ դրանց սպառման համար.
էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների հասանելիություն՝ անդամ պետություններից մեկի ներքին շուկայի սուբյեկտի կողմից այլ անդամ պետության տարածքում էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններից օգտվելու հնարավորություն.
Էլեկտրական էներգիայի ներքին շուկայի սուբյեկտներ՝ անդամ պետության՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրական էներգիայի (հզորության) շուկայի սուբյեկտ հանդիսացող անձինք, որոնք էլեկտրաէներգետիկայի ոլորտում իրականացնում են գործունեություն, այդ թվում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրություն, էլեկտրական էներգիայի (հզորության) ձեռքբերում և վաճառք, էլեկտրական էներգիայի բաշխում, սպառողների էներգամատակարարում, էլեկտրաէներգետիկայի ոլորտում էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման, օպերատիվ-կարգավարական կառավարման մասով ծառայությունների մատուցում, էլեկտրական էներգիայի (հզորության) իրացում, էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի կազմակերպում։
47. Առկա տեխնիկական հնարավորության սահմաններում անդամ պետություններն ապահովում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններից անարգել օգտվելու հնարավորություն` անդամ պետությունների՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքների ապահովման համար նշված ծառայությունների առաջնահերթ օգտագործման պայմանով՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝
1) էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին շուկայի սուբյեկտներին ներկայացվող այն պահանջների հավասարություն, որոնք սահմանված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում մատուցվում են այդ ծառայությունները.
2) էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայություններից օգտվելու հնարավորություն տրամադրելիս անդամ պետությունների օրենսդրությունը հաշվի առնելը՝ անդամ պետությունների ներքին կարիքների ապահովման համար նշված ծառայությունների առաջնահերթ օգտագործման պայմանով.
3) էլեկտրաէներգետիկայի այն օբյեկտների պատշաճ տեխնիկական վիճակի ապահովում, որոնք ազդում են անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ռեժիմների վրա՝ էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից ծառայությունների մատուցման ժամանակ.
4) անդամ պետությունների էլեկտրական էներգիայի ներքին շուկայի սուբյեկտների միջև ծագող հարաբերությունների պայմանագրային ձևակերպում.
5) էլեկտրաէներգետիկայի ոլորտում անդամ պետությունների բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայություններին հատուցելիություն։
48. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովումն իրականացվում է հետևյալ սկզբունքների հիման վրա՝
1) սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումն ապահովվում է անդամ պետությունների կողմից առկա տեխնիկական հնարավորության սահմաններում՝ անդամ պետությունների՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքների առաջնահերթ ապահովման պայմանով.
2) էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման տեխնիկական հնարավորության սահմանումն իրականացվում է ըստ հետևյալ առաջնահերթության`
այն անդամ պետության՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներքին կարիքների ապահովում, որի էլեկտրաէներգետիկական համակարգով պլանավորվում է իրականացնել միջպետական հաղորդումը.
սահմանակից անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի միջոցով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովում անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգի մի մասից դեպի դրա մյուս մասը.
էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովում անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով՝ մեկ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգից դեպի այլ անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգ.
էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովում անդամ պետության էլեկտրաէներգետիկական համակարգով՝ երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի ոլորտի սուբյեկտների նկատմամբ պարտավորությունների կատարման նպատակով.
3) էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ժամանակ անդամ պետությունների լիազորված կազմակերպություններն առաջնորդվում են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման արժեքի փոխհատուցման սկզբունքով՝ ելնելով անդամ պետության օրենսդրությունից.
4) երրորդ պետությունների էլեկտրաէներգետիկայի ոլորտի սուբյեկտների նկատմամբ պարտավորությունները կատարելու նպատակով Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը կարգավորվում է երկկողմ հիմունքներով՝ հաշվի առնելով համապատասխան անդամ պետության օրենսդրությունը։
49. Էլեկտրաէներգետիկական համակարգերով էլեկտրական էներգիայի (հզորության) անխափան միջպետական հաղորդում ապահովելու նպատակով անդամ պետություններն իրականացնում են համաձայնեցված նախապատրաստական համալիր միջոցառումներ, այն է՝
մինչև էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման օրացուցային տարվա սկիզբն անդամ պետությունների կողմից լիազորված կազմակերպությունների կողմից հայտագրվում են միջպետական հաղորդման համար նախատեսված էլեկտրական էներգիայի (հզորության) պլանային ծավալները՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և սպառման կանխատեսվող ազգային հաշվեկշիռների մեջ դրանք հաշվի առնելու համար, այդ թվում՝ այդ մատակարարումների հաշվառման համար բնական մենաշնորհների սուբյեկտների ծառայությունների սակագների հաշվարկի ժամանակ.
էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման պլանային արժեքի հաշվարկների հիման վրա, անդամ պետությունների կողմից լիազորված կազմակերպությունները կնքում են պայմանագրեր՝ ի կատարումն ձեռք բերված պայմանավորվածությունների։
Անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերով էլեկտրական էներգիայի (հզորության) անխափան միջպետական հաղորդում ապահովելու նպատակով անդամ պետությունների լիազորված մարմինները կիրառում են անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման իրականացման մեթոդաբանություն, որը ներառում է էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման տեխնիկական պայմանների և ծավալների սահմանման կարգը, ինչպես նաև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման հետ կապված ծառայությունների գնագոյացման համաձայնեցված մոտեցումները՝ համաձայն սույն արձանագրության հավելվածի։
Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանվող կազմակերպություններն իրենց պետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումն ապահովում են նշված մեթոդաբանությանը համապատասխան։
50. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդումը և էլեկտրացանցային տնտեսության այն օբյեկտների շահագործումը, որոնք անհրաժեշտ են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովման համար, իրականացվում են էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման ապահովման հետ կապված ծառայությունները մատուցող անդամ պետության նորմատիվ իրավական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին համապատասխան։
51. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդման մերժման դեպքում անդամ պետությունների կողմից լիազորված կազմակերպություններն ապահովում են մերժման պատճառները հիմնավորող նյութերի տրամադրումը։
52. Էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական հաղորդմանը վերաբերող հարաբերությունների կարգավորումն իրականացվում է՝ հաշվի առնելով գործող այլ միջազգային պայմանագրեր։».
նշված արձանագրության հավելվածի համարակալված վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հավելված «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի մասին» արձանագրության»։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից:
Կատարված է ___________ քաղաքում, 20___ թվականի _________ «___» -ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|