ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ «ԱՍՏԱՆԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 113
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.06.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

26 հունիսի 2018 թվականի

թիվ 113

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ «ԱՍՏԱՆԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի միջև համագործակցության մասին հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Մ. Ժակսիլիկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի միջև համագործակցության մասին

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը (այսուհետ՝ ԱՄՖԿ), այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի և ԱՄՖԿ-ի գործունեությունը կարգավորող ակտերի դրույթների վրա,

հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացների զարգացման բնագավառում Կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները,

ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տնտեսական ներուժի զարգացման գործում փոխադարձ շահագրգռվածությունից,

ղեկավարվելով իրավահավասարության, փոխըմբռնման և թափանցիկության սկզբունքներով,

մտադրություն հայտնելով հիմք դնել ֆինանսական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս ոլորտներում Կողմերի համագործակցության համար,

հանգեցին փոխըմբռնմանը հետևյալի վերաբերյալ՝

1. Կողմերը մտադիր են իրենց իրավասության սահմաններում համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝

փոխգործակցություն ֆինանսական շուկաների զարգացման հարցերով.

փոխգործակցություն կապիտալի, առևտրային և ներդրումային համագործակցության շուկաների զարգացման հարցերով.

փոխգործակցություն ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքների ու շահերի պաշտպանության հարցերով.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` համագործակցության այլ ուղղություններ։

2. Կողմերը մտադիր են իրականացնել համագործակցություն հետևյալ ձևերով՝

Կողմերի գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասով.

մեկ Կողմի ներկայացուցիչների մասնակցությունը մյուս Կողմի կողմից անցկացվող միջոցառումներին.

ֆինանսական շուկաների ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակի ու անդամ պետությունների ֆինանսական շուկաների զարգացման խնդիրների մասով համատեղ վերլուծական հետազոտությունների և աշխատանքների անցկացում.

համատեղ վերլուծական ամփոփագրերի ու հրապարակումների նախապատրաստում.

վիճակագրական, վերլուծական ու տեղեկատվական նյութերի փոխանակում.

խորհրդակցությունների, համատեղ համաժողովների, ֆորումների, գիտաժողովների, սեմինարների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում.

համագործակցության այլ ձևերի իրագործում։

3. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում Կողմերը կարող են նախապատրաստել համատեղ միջոցառումների անցկացման ծրագրեր: Համատեղ միջոցառումների անցկացման պայմաններն ու կարգը նախապես որոշվում են Կողմերի կողմից՝ յուրաքանչյուր որոշակի դեպքի համար:

4. Սույն հուշագիրն իրագործելիս Կողմերն ապահովում են միմյանց փոխանցվող գաղտնի տեղեկատվության պահպանությունը, այդ տեղեկատվությունը չեն հրապարակում և չեն փոխանցում երրորդ անձանց՝ առանց այդ տեղեկատվությունը ներկայացրած Կողմի գրավոր համաձայնության։

5. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ռուսերենով։

6. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի հանգեցնում որևէ իրավական և ֆինանսական պարտավորության Կողմերից ոչ մեկի համար:

7. Սույն հուշագրի իրագործման ժամանակ Կողմերի միջև ծագող բոլոր վեճերը, ցանկացած տարաձայնություն կլուծվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

8. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրությամբ և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։

9. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Ստորագրված է Աստանա քաղաքում 2018 թվականի ___________ «_____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերենով և անգլերենով: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է ռուսերենով տեքստը։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝

«Աստանա» միջազգային ֆինանսական

կենտրոնի կողմից՝