ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

28 փետրվարի 2018 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին:

3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 5 հավելված)՝

3-րդ կետում՝

երկրորդ պարբերությունից հանել «վճարողները» բառը.

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց կարող են հաշվանցվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարված և լիազորված մարմնի միասնական հաշվին մուտքագրված կանխավճարները, արտահանման մաքսատուրքերը, հարկերը և վճարները, ինչպես նաև մյուս վճարումները (բացառությամբ հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի)։».

երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե կանխավճարների հաշվանցումը ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց իրականացվում է կանխավճարներ կատարած անձի կարգադրության հիման վրա՝ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով, ապա այդպիսի վճարումների հաշվանցումը լիազորված մարմնի միասնական հաշվին իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որում ներմուծման մաքսատուրքերը ենթակա են վճարման անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց թողելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, իսկ այն դեպքում, երբ ապրանքները բաց են թողնվել մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապա անդամ պետության մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելու կամ ապրանքների բացթողման մասին նշում կատարելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ:».

չորրորդ պարբերությունից հանել «վճարողների» բառը.

40-րդ կետում՝

2-րդ ենթակետը «հաշվանցված գումարները» բառերից հետո լրացնել «կանխավճարները» բառով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 ենթակետով՝

«21) հաշվետու օրը լիազորված մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված արտահանման մաքսատուրքերի, հարկերի և վճարների, ինչպես նաև այլ վճարումների գումարները.».

46-րդ և 47-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«46. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունները ձևավորվում են հետևյալ աղբյուրներից՝

1) անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկություններ՝ ապրանքների մասին հայտարարագրերից, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկից և այնպիսի գործառնությունների կատարման մասին դիմումից, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան չի թույլատրվում կիրառել Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ, այդ թվում՝ այդպիսի մաքսային փաստթղթերում տեղեկությունները փոփոխող (լրացնող) տեղեկություններ.

2) անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկություններ անձնական հաշիվներից, ռեեստրներից, ինչպես նաև փաստաթղթերից, որոնք պարունակում են փաստացի վճարված և անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ փոխանցված ներմուծման մաքսատուրքերի գումարների մասին տվյալներ, և որոնք կազմվել են անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվառման իրականացման միասնական սկզբունքներին համապատասխան, Հանձնաժողովի կողմից հաստատված կանոնների վրա հիմնված հաշվեգրման մեթոդով:

47. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունները չեն ներառում ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային տուրքերի, հարկերի վճարման մասին տվյալներ:».

48-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 և 52 ենթակետերով՝

«51) ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված կանխավճարների գումարները.

52) ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված արտահանման մաքսատուրքերի, հարկերի և վճարների, ինչպես նաև այլ վճարումների գումարները.».

49-րդ կետում՝

առաջին պարբերության մեջ՝ [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

երկրորդ պարբերության մեջ՝ «տեղեկությունների» բառից հետո ավելացնել «կազմը,» բառը.

51-րդ կետում «հաստատումը» բառը փոխարինել «կիրառման սկզբի ամսաթիվը» բառերով.

2) «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթում (նշված պայմանագրի թիվ 8 հավելվածին կից հավելված)՝

6-րդ կետում «վճարողների կողմից» բառերը հանել.

7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց կարող են հաշվանցվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարված և լիազորված մարմնի միասնական հաշվին մուտքագրված կանխավճարները, արտահանման մաքսատուրքերը, հարկերը և վճարները, ինչպես նաև այլ վճարումներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքերի)։

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրությանը (պայմանագրի թիվ 5 հավելված) համապատասխան՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով պարտքի մարման դիմաց կարող են հաշվանցվել ներմուծման մաքսատուրքերը։

Եթե կանխավճարների հաշվանցումը հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց իրականացվում է կանխավճարներ կատարած անձի կարգադրության հիման վրա՝ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով, ապա այդպիսի վճարումների հաշվանցումը լիազոր մարմնի միասնական հաշվին իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց թողելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, իսկ այն դեպքում, երբ ապրանքները բաց են թողնվել մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը, ապա անդամ պետության մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելու կամ ապրանքների բացթողման մասին նշում կատարելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

8. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները չեն կարող հաշվանցվել այլ վճարումների վճարման դիմաց՝ բացի մաքսավճարների, ինչպես նաև տույժերի (տոկոսների) վճարման համար պարտքի մարման դիմաց հաշվանցումից (այսուհետ՝ հաշվանցում պարտքի մարման դիմաց)։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է ___________ քաղաքում, 201__ թվականի __________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝