ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
10 մայիսի 2018 թվականի |
թիվ 6 |
քաղ. Մոսկվա |
ԲՈՒՍԱԿԱՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան,
բուսական դեղապատրաստուկների որակին ներկայացվող պահանջներում տարբերությունները վերացնելու համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով`
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման ամսաթվից սկսած՝ բուսական դեղապատրաստուկների դեղագործական մշակման, հետազոտման և գրանցման ժամանակ կիրառել բուսական դեղապատրաստուկների որակին վերաբերող ձեռնարկը՝ համաձայն հավելվածի:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 6 հանձնարարականի |
ՁԵՌՆԱՐԿ
բուսական դեղապատրաստուկների որակին վերաբերող
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն ձեռնարկը կազմված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառման համար դեղապատրաստուկների գրանցման և փորձաքննության կանոնների թիվ 1 հավելվածին համապատասխան բուսական դեղապատրաստուկների գրանցման դոսյեի 3-րդ մոդուլի կազմման կանոններից (այսուհետ՝ Կանոններ):
2. Սույն ձեռնարկում նկարագրված են այն հարցերը, որոնք վերաբերում են բուսական դեղապատրաստուկների որակին (այդ թվում՝ վիտամիններ և հանքային բաղադրիչներ պարունակող)՝ միայն որոշված քիմիական կառուցվածքով դեղագործական բաղադրամասեր պարունակող դեղապատրաստուկներից դրանց տարբերման մասով: Այն դեղապատրաստուկները, որոնք պարունակում են առանձին բաղադրիչներ կամ հստակ որոշված քիմիական բաղադրությամբ բաղադրիչների խառնուրդ, որպես բուսական դեղապատրաստուկներ չեն դիտարկվում:
3. Սույն ձեռնարկն անքակտելիորեն կապված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 77 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների թիվ 7 հավելվածի հետ: Բուսական դեղապատրաստուկների որակի հաստատունությունը կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ ելանյութերը բնութագրված են խստորեն և մանրամասնորեն, կատարվել է օգտագործվող բուսանյութի բուսաբանական նույնականացում: Բուսական դեղապատրաստուկների մշտական որակն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իմանալ նաև աշխարհագրական աղբյուրը և պայմանները, որոնց համաձայն մթերվում է բուսական դեղահումքը: Անհրաժեշտ է հաշվի առնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի հունվարի 26-ի թիվ 15 որոշմամբ հաստատված՝ Բուսական ծագման սկզբնական հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահպանման պատշաճ գործելակերպի կանոնների դրույթները:
4. Բուսական դեղապատրաստուկները կարող են լրացուցիչ պարունակել վիտամիններ և հանքային բաղադրիչներ: Այդ դեպքում բուսական դեղապատրաստուկի որակը, յուրաքանչյուր վիտամինի և հանքային բաղադրիչի վերաբերող մասնագրերը և փաստաթղթերը պետք է բավարարեն դեղամիջոցների շրջանառության ոլորտում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կաղմող ակտերով սահմանված պահանջները:
5. Բուսական դեղապատրաստուկի գրանցման դոսյեի բովանդակությունը և ներկայացվող ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը պետք է համապատասխանեն Կանոնների պահանջներին:
II. Սահմանումներ
6. Սույն ձեռնարկի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
քվանտիֆիկացում (վերածում)՝ դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի քանակը մինչև բաղադրիչների որոշակի ընդգրկույթի հասցնելը՝ բացառապես դեղաբուսական հումքի և (կամ) դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի (օրինակ՝ վերածված լուծամզուքները) տարբեր սերիաներ խառնելու միջոցով.
հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ՝ նյութեր կամ նյութերի խումբ, որոնց քիմիական կառուցվածքը որոշված է, և որոնց ներդրումը դեղաբուսական հումքի (բուսական դեղագործական սուբստանցիայի) կամ բուսական դեղապատրաստուկի թերապևտիկ ակտիվության մասով հայտնի է.
դեղամիջոցի լուծամզման գործակից (ԴԼԳ)՝ բուսական դեղագործական սուբստանցիայի արտադրության համար օգտագործված դեղաբուսական հումքի քանակի և ստացված բուսական դեղագործական սուբստանցիայի քանակի միջև հարաբերակցություն, որն արտահայտվում է թվի տեսք ունեցող գրառումով՝ (փաստացի ընդգրկույթի), որում կրկնակետից առաջ նշվող թիվը նշանակում է բուսական հումքի հարաբերական քանակը, իսկ կրկնակետից հետո նշվող թիվը՝ ստացված բուսական արտադրանքի հարաբերական քանակը.
ընդունելիության չափորոշիչներ՝ փորձարկումների արդյունքների գնահատման համար թվային սահմաններ, ընդգրկույթներ կամ այլ համապատասխան միջակայքեր.
պարզեցված գրանցման դոսյեով բուսական դեղապատրաստուկներ՝ բժշկական կիրառման համար դեղապատրաստուկներ, որոնք համապատասխանում են Կանոնների թիվ 1 հավելվածի 15.2րդ բաժնում շարադրված պայմաններին.
բուսական դեղապատրաստուկ՝ դեղապատրաստուկ, որը, որպես ակտիվ բաղադրիչ, պարունակում է բացառապես դեղաբուսական հումք և (կամ) դրա հիմքով պատրաստուկներ.
մարկերներ՝ որոշված քիմիական բաղադրությամբ դեղաբուսական հումքի, դեղաբուսական հումքի կամ բուսական դեղապատրաստուկի հիմքով պատրաստուկի բաղադրիչներ կամ բաղադրիչների խմբեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում որակի հսկողության առումով, անկախ նրանից, թե դրանք ունեն թե չունեն թերապևտիկ ակտիվություն.
դեղաբուսական հումքի հիմքով բնատուր մթերք (genuine (native) herbal preparation)՝ օժանդակ նյութեր չպարունակող՝ դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկ, եթե նույնիսկ տեխնոլոգիական սահմանափակումների կապակցությամբ դեղաբուսական հումքի հիմքով նման պատրաստուկ բացակայում է: Դեղաբուսական հումքի հիմքով փափուկ և հեղուկ պատրաստուկները կարող են պարունակել լուծիչի (էքստրագենտի) որոշ քանակ.
դեղաբուսական հումքի՝ դեղաբուսական հումքի հիմքով բնատուր մթերքի նկատմամբ հարաբերակցությունը (ԴԼԳ իրական) (ratio of herbal substance to genuine herbal preparation (DER genuine))՝ դեղաբուսական հումքի՝ դեղաբուսական հումքի հիմքով ստացվող բնատուր մթերքի քանակի նկատմամբ հարաբերակցությունը: Կրկնակետից առաջ նշվող թիվը (փաստացի ընդգրկույթի տեսքով արտահայտվող) ցույց է տալիս դեղաբուսական հումքի հարաբերական քանակը, իսկ կրկնակետից հետո նշվող թիվը՝ դեղաբուսական հումքի հիմքով ստացված բնատուր պատրաստուկի հարաբերական քանակը.
բուսական դեղագործական սուբստանցիա (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկ) (herbal preparation)՝ նյութեր (արտադրանք), որոնք ստացվում են բուսական հումքի՝ այնպիսի մեթոդների միջոցով մշակումից հետո, ինչպիսիք են լուծամզումը, թորումը, մզումը, չափազատումը, մաքրումը, կոնցենտրացումը և խմորումը: Նման նյութերի (արտադրանք) շարքին են դասվում խիստ մանրացված կամ փոշենման բուսական հումքը, թուրմերը, լուծամզուքները, եթերայուղերը, մզված հյութերը և մշակված էքսուդատները.
մասնագիր (specification)՝ փորձարկումների, վերլուծական և կենսաբանական մեթոդիկաներին հղումների ցանկ, ինչպես նաև ընդունելիության համապատասխան չափանիշներ (թույլատրելի սահմաններ), որոնք թվային (քանակական) սահմաններ, ընդգրկույթներ և նկարագրված փորձարկումների համար այլ չափանիշներ են։ Մասնագիրը սահմանում է չափանիշների ամբողջությունը, որոնց պետք է համապատասխանեն դեղաբուսական հումքը (բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը)) կամ դեղաբուսական պատրաստուկը՝ իր նպատակային նշանակության համար պիտանի համարվելու համար:
ստանդարտացում (standardisation)՝ դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) քանակը մինչև հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչի կամ բաղադրիչների խմբի որոշակի պարունակության հասցնելը կամ օժանդակ նյութերի ավելացման միջոցով կամ դեղաբուսական հումքի սերիաները և (կամ) դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկները խառնելու միջոցով (օրինակ՝ ստանդարտացված լուծամզուքները).
էքստրագենտներ (extraction solvents)՝ լուծամզման ընթացքում օգտագործվող լուծիչներ:
Սույն ձեռնարկի նպատակներով «դեղաբուսական հումք» հասկացությունը կիրառվում է Բուսական ծագման սկզբնական հումքի աճեցման, հավաքման, մշակման և պահպանման պատշաճ գործելակերպի կանոններում սահմանված իմաստով, «լուծիչ» հասկացությունը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատվող՝ որակին վերաբերող նորմատիվ փաստաթղթի կազմման ուղեցույցով սահմանված իմաստով:
III. Բուսական դեղապատրաստուկների վերաբերյալ մասնագրերի կազմումը և դրանցում ազդող նյութերի (ակտիվ դեղագործական սուբստանցիաների) որակական և քանակական բնութագրերի շարադրման առնչությամբ ցուցումներ
7. Մասնագրերը որակի կարևոր ստանդարտներն են, որոնք, որպես գրանցման պայմաններ, ներկայացվում և հիմնավորվում են արտադրողի կողմից ու հաստատվում են Միության անդամ պետության լիազորված մարմնի կողմից (այսուհետ՝ անդամ պետություն): Դեղաբուսական հումքը, բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) և (կամ) բուսական դեղապատրաստուկը պետք է համապատասխանեն իրենց մասնագրերին, այսինքն մասնագրերում նկարագրված՝ վերլուծական և կենսաբանական մեթոդիկաներին համապատասխան կատարված՝ դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) և (կամ) բուսական դեղապատրաստուկի փորձարկումների արդյունքները պետք է համապատասխանեն ընդունելիության տրված չափանիշներին:
8. Մասնագիր կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ արտադրության եղանակով պայմանավորված՝ բոլոր բուսական դեղագործական սուբստանցիաները (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկները) բաժանվում են հետևյալ տեսակների՝
ա) ստանդարտացված՝ ընդունելիության չափանիշների շրջանակներում (թույլատրելի սահմաններում) մինչև հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների տրված պարունակության հասցված։ Ստանդարտացմանը հասնում են բուսական դեղագործական սուբստանցիային (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկին) օժանդակ նյութերն ավելացնելու կամ բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) սերիաները խառնելու միջոցով.
բ) քվանտիֆիկացված (վերածված)՝ մինչև բաղադրիչների պարունակության որոշակի ընդգրկույթի հասցված (ակտիվ մարկերների): Նման վերածման հասնում են բացառապես դեղաբուսական հումքի և (կամ) դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների տարբեր սերիաներ խառնելու միջոցով.
գ) մնացածը՝ բուսական դեղագործական սուբստանցիաներ (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներ), որոնց համար ոչ հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչները, ոչ էլ ակտիվ մարկերները որոշված չեն:
9. Մարկերները ծառայում են պատրաստի բուսական դեղապատրաստուկում դեղաբուսական հումքի կամ դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների քանակի հաշվարկման համար, եթե մարկերը քանակապես արդեն որոշված է եղել դեղաբուսական հումքում կամ բուսական դեղագործական սուբստանցիայում (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկում):
Գոյություն ունեն մարկերների 2 կատեգորիաներ՝
ակտիվ մարկերներ (active markers)՝ բաղադրիչներ կամ բաղադրիչների խմբեր, որոնք, որպես կանոն, ներդրում ունեն թերապևտիկ ակտիվության մեջ.
վերլուծական մարկերներ (analytical markers)՝ բաղադրիչներ կամ բաղադրիչների խմբեր, որոնք ծառայում են բացառապես վերլուծական նպատակների համար:
10. Եթե ազդող նյութերի արտադրության մեջ օգտագործվում են օժանդակ նյութեր (օրինակ՝ տեխնոլոգիական պատճառներով կամ բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) ստանդարտացման համար), ապա մասնագրում անհրաժեշտ է նշել նման օժանդակ նյութերի անվանումը և քանակը:
11. Միության դեղագրքում կամ անդամ պետությունների դեղագրքերում դեղաբուսական հումքի վերաբերյալ հոդվածների (մենագրությունների) առկայության դեպքում դրա անվանումը նշվում է ռուսերենով և լատիներենով, ինչպես նաև անդամ պետությունների պետական լեզուներով: Անհրաժեշտության դեպքում դեղաբուսական հումքի անվանման մեջ նշվում է ցեղային և տեսակային անվանումը: Միության դեղագրքում կամ անդամ պետությունների դեղագրքերում դեղաբուսական հումքի վերաբերյալ հոդվածների (մենագրությունների) բացակայության դեպքում դրա անվանումը նշվում է լատիներենով:
1. Ամբողջական դեղաբուսական հումք, մանրացրած կամ փոշենման բուսական դեղագործական սուբստանցիաներ
12. Ամբողջական դեղաբուսական հումքի համար մասնագրում նշվում է, որ հումքն ամբողջական է: Մանրացրած կամ փոշենման բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) համար նշվում է մանրացման աստիճանը: Բացի այդ՝ պայմանավորված քանակական գնահատման ընտրված եղանակով, անհրաժեշտ է նշել՝
ա) ստանդարտացման դեպքում՝ բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) քանակը՝ հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների տրված քանակին համապատասխանող ընդգրկույթի տեսքով:
|
Օրինակ: Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Sennae folium (Սեննայի տերևներ) |
415-500 մգ, ինչը համապատասխանում է հիդրօքսիանտրացենային գլիկոզիդների 12,5 մգ-ին՝ В սեննոզիդի վերահաշվարկով. |
բ) քվանտիֆիկացման (վերածման) դեպքում՝ բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) քանակը՝ առանձին հստակ արժեքի տեսքով, իսկ մարկերների քանակը՝ ընդգրկույթի տեսքով:
|
Օրինակ: Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Salicis cortex (Ուռենու կեղև) |
4 գ, ինչը համապատասխանում է ֆենոլային գլիկոզիդների գումարի 40-48 մգ-ին՝ սալիցինի վերահաշվարկով. |
գ) մնացած դեպքերում՝ բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) քանակը՝ հստակ արժեքի տեսքով:
|
Օրինակ: Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Althaeae officinalis radix (Դեղային տուղտի արմատներ) |
50 գ: |
2. Դեղաբուսական հումքի լուծամզման մեթոդով ստացվող՝ բուսական դեղագործական սուբստանցիաներ (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներ)
13. Դեղաբուսական հումքի լուծամզման մեթոդով ստացվող՝ բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) համար մասնագրում անհրաժեշտ է նշել լուծամզուքի ագրեգատային վիճակը, ինչպես նաև լուծիչի տեսակը և կոնցենտրացիան: Բացի այդ, պետք է նշված լինի՝
ա) ստանդարտացված լուծամզուքների համար՝ դեղաբուսական հումքի համարժեք քանակը (х-у) կամ դեղաբուսական հումքի՝ դեղաբուսական հումքի հիման վրա բնատուր մթերքի նկատմամբ հարաբերակցությունը (ԴԼԳ կամ ԴԼԳ իրական) ((а-b):1): Ընդ որում, դեղաբուսական հումքի հիման վրա բնատուր մթերքի քանակը թույլատրվում է նշել հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների որոշակի քանակին համապատասխանող ընդգրկույթի տեսքով:
|
Օրինակ: Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Sennae folium (Սեննայի տերևներ) |
|
|
Չոր լուծամզուք |
50-65 մգ, ինչը համապատասխանում է հիդրօքսիանտրացենային գլիկոզիդների 12,5 մգ-ին՝ В սեննոզիդի վերահաշվարկով. |
|
կամ |
|
|
Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Sennae folium (Սեննայի տերևներ) |
|
|
Չոր լուծամզուք |
50-65 մգ, ինչը համապատասխանում է հիդրօքսիանտրացենային գլիկոզիդների 12,5 մգ-ին՝ В սեննոզիդի վերահաշվարկով. |
բ) քվանտիֆիկացված (վերածված) լուծամզուքների համար՝ դեղաբուսական հումքի համարժեք քանակը (х-у) կամ դեղաբուսական հումքի՝ դեղաբուսական հումքի հիման վրա բնատուր մթերքի նկատմամբ հարաբերակցությունը (ԴԼԳ կամ ԴԼԳ իրական) ((а-b):1): Ընդ որում, դեղաբուսական հումքի հիմքով բնատուր մթերքի քանակը պետք է նշված լինի հստակ արժեքով, իսկ քվանտիֆիկացված (վերածված) դեղաբուսական հումքի պարունակությունը կարող է տրվել ընդգրկույթի տեսքով:
|
Օրինակ: Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Ginkgo biloba folia (Գինկգո երկբլթակ տերևներ) |
|
|
Չոր լուծամզուք |
60 մգ, ինչը համապատասխանում է |
|
(էքստրագենտը՝ 60 % ացետոն (ծավ/ծավ)) ((а-b):1) |
ֆլավոնոիդների 13,2 - 16,2 մգ-ին (ֆլավոնային գլիկոզիդների վերահաշվարկով). |
|
գինկոլիդներ А, В և С–ի 1,68-2,04 մգ և բիլոբալիդների 1,56-1,92 մգ | |
|
կամ |
|
|
Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Ginkgo biloba folia (Գինկգո երկբլթակ տերևներ) |
|
|
Չոր լուծամզուք |
60 մգ, ինչը համապատասխանում է |
|
(էքստրագենտը՝ 60 % ացետոն (ծավ/ծավ)) |
ֆլավոնոիդների 13,2-16,2 մգ-ին (ֆլավոնային գլիկոզիդների վերահաշվարկով). |
|
(համարժեք է (х-у) Գինկգո երկբլթակ տերևների) |
գինկոլիդների А, В և С-ի 1,68-2,04 մգ և |
|
Բիլոբալիդի 1,56-1,92 մգ |
գ) մնացած լուծամզուքների համար՝ դեղաբուսական հումքի համարժեք քանակը (х-у) կամ դեղաբուսական հումքի՝ դեղաբուսական հումքի հիմքով բնատուր մթերքի նկատմամբ հարաբերակցությունը (ԴԼԳ կամ ԴԼԳ իրական) ((а-b):1): Ընդ որում, դեղաբուսական հումքի հիմքով բնատուր մթերքի քանակը պետք է նշված լինի հստակ արժեքով:
|
Օրինակ: Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Althaeae officinalis radix |
|
|
Չոր լուծամզուք |
125 մգ |
|
(էկստրագենտը՝ 60 % էթանոլ (ծավ/ծավ)) ((а-b):1) |
|
|
կամ |
|
|
Ազդող նյութ |
|
|
Անվանում |
Քանակ |
|
Althaeae officinalis radix (Դեղային տուղտի արմատներ) |
|
|
Չոր լուծամզուք |
125 մգ |
|
(էքստրագենտը՝ 60 % էթանոլ (ծավ/ծավ)) (համարժեք է (х-у) դեղային տուղտի արմատների) |
а և b կամ х և у արժեքները պետք է հիմնավորված լինեն հայտատուի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքներով:
14. Անհրաժեշտ է նշել յուրաքանչյուր էքստրագենտի կամ էքստրագենտների խառնուրդի կազմը, ինչպես նաև դրանց ագրեգատային վիճակը: Եթե բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) արտադրության ընթացքում՝ դրանում հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների պարունակությունը մինչև տրված արժեքին հասցնելու կամ ցանկացած այլ նպատակի համար ավելացվում է ցանկացած այլ նյութ, ապա այն պետք է նշվի որպես «այլ նյութ», իսկ բնատուր լուծամզուքը՝ որպես «ազդող նյութ»:
15. Եթե հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների պարունակությունը մինչև սահմանված արժեքների հասցնելու համար կամ այլ նպատակով օգտագործվում են նույն լուծամզուքի տարբեր խմբաքանակներ, ապա վերջնական խառնուրդը պետք է համարվի բնատուր լուծամզուք և բաղադրության մեջ նշվի որպես «ազդող նյութ»: Ընդ որում, արտադրության ընթացքի և որակի հսկողության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը պետք է ներկայացված լինի բուսական դեղապատրաստուկի գրանցման դոսյեում:
IV. Բուսական դեղապատրաստուկի արտադրության ընթացքի նկարագրությունը
16. Սույն բաժնում արտադրության գործընթացը նշանակում է բուսական դեղապատրաստուկի պատրաստումը դեղաբուսական հումքից և (կամ) բուսական դեղագործական սուբստանցիաներից (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներից): Պարզեցված գրանցման դոսյեով բուսական դեղապատրաստուկների վերաբերյալ արտադրության գործընթացը ներառում է բուսական դեղապատրաստուկի պատրաստումը դեղաբուսական հումքից և (կամ) բուսական դեղագործական սուբստանցիաներից (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկներից), և (կամ) վիտամիններից, և (կամ) հանքանյութերից:
17. Արտադրության ընթացքի նկարագրությունը պետք է ներառի մանրամասն տեղեկատվություն նշված գործընթացի և որակի հսկողության ապահովման միջոցառումների վերաբերյալ: Արտադրության ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ պատրաստի դեղաձևերի արտադրության ուղեցույցին համապատասխան:
18. Եթե ելանյութը բուսական դեղագործական սուբստանցիան է (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը), ապա դրա ստացման ընթացքի և որակի հսկողության նկարագրությունը պետք է ներկայացված լինի բուսական դեղապատրաստուկի գրանցման դոսյեի 3-րդ մոդուլի «Ելանյութերի հսկողություն» բաժնում:
19. Դեղագործական մշակման և արտադրության վալիդացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ դեղամիջոցների դեղագործական մշակմանը վերաբերող ուղեցույցին և դեղապատրաստուկների արտադրական գործընթացի վալիդացմանը վերաբերող ուղեցույցին համապատասխան:
V. Ելանյութերի որակի հսկողություն
1. Դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիաների որակի հսկողություն
20. Դեղաբուսական հումքի և բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) որակի հսկողությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ դեղաբուսական հումքից պատրաստուկներին վերաբերող մասնագրերում թեստերի և ընդունելիության չափանիշների ընտրության վերաբերյալ ուղեցույցի դրույթներին համապատասխան:
Բուսական դեղահումքի որակի հսկողություն
21. Յուրաքանչյուր բուսական դեղահումքի տեսակի առնչությամբ անհրաժեշտ է ներկայացնել ամբողջական մասնագիր: Այս պահանջը գործում է նաև այն դեպքում, երբ հայտատուն հանդես չի գալիս որպես բուսական դեղահումքի արտադրող: Եթե ելանյութը բուսական դեղագործական սուբստանցիան է (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը), օրինակ՝ որպես բուսական դեղապատրաստուկների ազդող նյութեր օգտագործվող ճարպայուղերը կամ եթերայուղերը, ապա այլ հիմնավորման բացակայության պարագայում անհրաժեշտ է ներկայացնել դեղաբուսական հումքի մասնագիրը: Մասնագրում պետք է նշված լինեն բույսի բուսաբանական անվանումն ըստ երկանվանական (բինոմինալ) անվանացանկի (ցեղատեսակ, տեսակ, տարատեսակ և հեղինակ), քեմոտիպը (անհրաժեշտության դեպքում) և բույսի օգտագործվող մասերը:
22. Միության դեղագրքում կամ անդամ պետությունների դեղագրքերում դեղաբուսական հումքի կոնկրետ տեսակի վերաբերյալ մասնավոր դեղագրքային հոդվածի (մենագրության) բացակայության դեպքում այդ դեղաբուսական հումքի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել ամբողջական մասնագիր, որը պետք է կազմված լինի Միության դեղագրքում դեղաբուսական հումքի վերաբերյալ մասնավոր դեղագրքային հոդվածներին (մենագրություններին) համանման: Հնարավորության սահմաններում մասնագրում անհրաժեշտ է ներառել տեղեկություններ դեղաբուսական հումքի աճելու վայրի, հավաքելու ժամանակի, դրա աճեցողության (վեգետացիայի) փուլերի, աճեցողության ընթացքում թունաքիմիկատներով մշակելու վերաբերյալ և այլն, ինչպես նաև չորացման և պահպանման պայմանների վերաբերյալ: Ամբողջական մասնագիրը պետք է հիմնված լինի գիտական վերջին տվյալների վրա:
Հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ պարունակող դեղաբուսական հումքի համար անհրաժեշտ է նախատեսել նման բաղադրիչների պարունակության քանակական որոշում (վերլուծական մեթոդիկաների հետ համատեղ), որը բուսական դեղապատրաստուկի որակի վերարտադրելիությունն ապահովելու համար նշվում է ընդգրկույթի տեսքով: Այն դեղաբուսական հումքի համար, որում հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչները որոշված չեն, անհրաժեշտ է նախատեսել մարկերների քանակական որոշում (վերլուծական մեթոդիկաների հետ համատեղ): Մարկերների ընտրությունը պետք է հիմնավորված լինի հայտատուի կողմից:
23. Ըստ ընդհանուր կանոնի՝ եթե այլընտրանքային մոտեցումներ կիրառելու համար հայտատուի կողմից հիմնավորումներ ներկայացված չեն, ապա դեղաբուսական հումքի համար անհրաժեշտ է նախատեսել փորձարկումներ մանրէաբանական մաքրության, միկոտոքսինների (աֆլատոքսինների, А օխրատոքսինի), թունաքիմիկատների, ֆումիգանտների, թունավոր տարրերի, պոտենցիալ կոնտամինանտների, կողմնակի նյութերի և այլնի մնացորդային պարունակության մասով: Դեղաբուսական հումքի դեկոնտամինացիայի համար էթիլենի օքսիդի օգտագործումն անթույլատրելի է: Մասնագրում անհրաժեշտ է ներառել ռադիոնուկլիդների պարունակության մասով փորձարկումը: Անհրաժեշտ է ներկայացնել մասնագրերը և կիրառվող վերլուծական մեթոդիկաների նկարագրությունը ընդունելիության չափանիշների նշմամբ: Միության դեղագրքում չներկայացված վերլուծական մեթոդիկաները պետք է վալիդացվեն Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ վերլուծական մեթոդիկաների վալիդացման վերաբերյալ ձեռնարկին համապատասխան: Վերլուծական մեթոդիկաների վալիդացումը ներկայացված չլինելու դեպքում, դեղաբուսական հումքի գրանցման դոսյեում պետք է հիմնավորված լինի դրա բացակայությունը:
24. Համեմատական փորձարկումներ անցկացնելու համար (օրինակ՝ մակրոսկոպիական փորձարկում, քրոմատագրություն և այլն) անհրաժեշտ է տրամադրության տակ ունենալ դեղաբուսական հումքի ստանդարտ նմուշներ:
Բուսական դեղագործական սուբստանցիաների որակի հսկողություն
25. Եթե բուսական դեղապատրաստուկը ստացված է բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) հիման վրա, ապա սկզբնական դեղաբուսական հումքի վերաբերյալ ամբողջական մասնագրի հետ համատեղ անհրաժեշտ է ներկայացնել բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) արտադրության գործընթացի նկարագրությունը և վալիդացումը, անկախ այն բանից, թե արդյո՞ք հայտատուն բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) արտադրողն է, թե ոչ: Նշված տեղեկատվությունը թույլատրվում է ներկայացնել բուսական դեղապատրաստուկի գրանցման դոսյեի կազմում կամ ըստ ազդող նյութի մաստեր-ֆայլ ընթացակարգի (կանոնների թիվ 10 հավելված):
26. Եթե բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) վերաբերյալ մասնավոր դեղագրքային հոդվածը (մենագրությունը) ներառված է Եվրոպական դեղագրքի մեջ, ապա հայտատուն կարող է ներկայացնել բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի)՝ դեղամիջոցների որակի և առողջապահության հարցերով Եվրոպական տնօրինության կողմից տրվող՝ Եվրոպական դեղագրքի պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ:
27. Յուրաքանչյուր բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) համար պահանջվում է ամբողջական մասնագիր: Մասնագիրը պետք է կազմված լինի գիտական վերջին տվյալների հիման վրա և պարունակի արտադրանքի մանրամասն բնութագիրը և իսկության ու մաքրության վերաբերյալ փորձարկումների մասին տեղեկությունները: Հարկավոր է օգտագործել համապատասխան քրոմատագրման մեթոդներ: Անհրաժեշտ է կատարել բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) փորձարկումներ մանրէաբանական մաքրության, միկոտոքսինների (աֆլատոքսինների, А օխրատոքսինի) մասով, թունաքիմիկատների, ֆումիգանտների, թունավոր տարրերի, ինչպես նաև լուծիչների (եթե կիրառելի են) մնացորդային պարունակության մասով, եթե դա կապված է դեղաբուսական հումքի նախորդ անալիզների արդյունքների հետ: Մասնագրի մեջ անհրաժեշտ է ներառել փորձարկում ռադիոնուկլիդների պարունակության մասով: Բացի այդ, անհրաժեշտ է կատարել հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների կամ մարկերների քանակական որոշում: Ստանդարտացված արտադրանքի համար հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների պարունակությունը պետք է նշված լինի դեղագործական մշակման ընթացքում ստացված շեղումներից նվազագույն հնարավոր շեղումով (և վերևի, և ներքևի սահմանների համար):
28. Քվանտիֆիկացված (վերածված) լուծամզուքների համար օգտագործվող՝ ակտիվ մարկերների պարունակությունն անհրաժեշտ է նշել տրված ընդգրկույթի տեսքով:
29. Այն լուծամզուքների համար, որոնց համար չեն որոշվել ոչ հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ, ոչ ակտիվ մարկերներ, նշվում է վերլուծական մարկերի նվազագույն և առավելագույն պարունակությունը, ինչը կապված է վալիդացված վերլուծական ընդգրկույթի հետ՝ որպես այդ լուծամզուքների սերիաների որակի հսկողությանը վերաբերող միջոցառումների շրջանակում վերլուծական պիտանիության հիմք: Անհրաժեշտ է մանրամասն նկարագրել վերլուծական մեթոդիկաները:
30. Եթե այն բուսական դեղագործական սուբստանցիաները (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկները), որոնք պարունակում են հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ, ստանդարտացված են (այսինքն՝ հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչները հասցվել են որոշակի պարունակության), ապա անհրաժեշտ է նշել ստանդարտացման եղանակը:
31. Եթե ստանդարտացմանը հասնում են այլ նյութի ավելացման միջոցով, ապա դրա քանակն անհրաժեշտ է նշել ընդունելիության չափանիշների (թույլատրելի սահմանների) կամ ընդգրկույթի տեսքով:
2. Վիտամինների և հանքանյութերի որակի հսկողություն
32. Այն վիտամինների և հանքանյութերի համար, որոնք լրացուցիչ կարող են ներմուծվել պարզեցված գրանցման դոսյեով բուսական դեղապատրաստուկների բաղադրության մեջ, պետք է առկա լինի Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ դեղաբուսական հումքից ստացվող պատրաստուկներին վերաբերող մասնագրերում թեստերի և ընդունելիության չափանիշների ընտրության վերաբերյալ ուղեցույցի դրույթներին համապատասխան կազմված մասնագիր:
3. Օժանդակ նյութերի որակի հսկողություն
33. Օժանդակ նյութերը, այդ թվում՝ բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) արտադրության ընթացքում ավելացվող՝ հարկավոր է նկարագրել կանոնների թիվ 1 հավելվածում նշված բուսական դեղապատրաստուկների գրանցման դոսյեի 3-րդ մոդուլի պահանջներին համապատասխան՝ ներառյալ Միության դեղագրքի կամ անդամ պետությունների դեղագրքերի դեղագրքային հոդվածներին (մենագրություններին) համապատասխանության անհրաժեշտությունը: Նոր օժանդակ նյութերի (Միության դեղագրքում և անդամ պետությունների դեղագրքերում չներառված օժանդակ նյութերի) վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն այնպես, ինչպես ակտիվ դեղագործական սուբստանցիայի համար (կանոնների թիվ 1 հավելվածի 3.2.S բաժին):
VI. Հսկիչ փորձարկումներ բուսական դեղապատրաստուկի արտադրության գործընթացի միջանկյալ փուլերում
34. Անհրաժեշտ է ներկայացնել բոլոր հսկիչ փորձարկումների մանրամասն նկարագրությունը և արդյունքները՝ արտադրության ընթացքի յուրաքանչյուր միջանկյալ փուլում վերլուծական մեթոդիկաների նկարագրմամբ և ընդունելիության չափանիշների (թույլատրելի սահմանների) նշմամբ, եթե այդ փորձարկումները հնարավոր չէ անցկացնել պատրաստի բուսական դեղապատրաստուկի վրա:
VII. Բուսական դեղապատրաստուկների հսկիչ փորձարկումներ
35. Բուսական դեղապատրաստուկների հսկիչ փորձարկումներն իրականացվում են դեղաբուսական հումքից ստացված պատրաստուկներին վերաբերող մասնագրերում թեստերի և ընդունելիության չափանիշների ընտրության վերաբերյալ ուղեցույցի դրույթներին համապատասխան:
36. Վերլուծական մեթոդիկաները պետք է վալիդացված լինեն վերլուծական մեթոդիկաների վալիդացման վերաբերյալ ուղեցույցին համապատասխան:
37. Բուսական դեղապատրաստուկի հսկիչ փորձարկումները պետք է ապահովեն ազդող նյութի (ազդող նյութերի) որակական և քանակական կազմը սահմանելու հնարավորությունը: Անհրաժեշտ է ներկայացնել մարկերների օգտագործում նախատեսող մասնագիր, եթե բուսական դեղապատրաստուկի բաղադրության մեջ որոշված չեն հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներ: Բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) բաղադրության մեջ մտնող՝ հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներն անհրաժեշտ է ներառել մասնագրի մեջ և դրանք որոշել քանակապես: Պարզեցված գրանցման դոսյեով բուսական դեղապատրաստուկների համար, որոնց բաղադրության մեջ են մտնում վիտամիններ և (կամ) հանքանյութեր, անհրաժեշտ է մասնագրի մեջ ներառել վիտամինների և (կամ) հանքանյութերի անվանումն ու նշել դրանց պարունակությունը:
38. Եթե բուսական դեղապատրաստուկը պարունակում է բուսական դեղագործական սուբստանցիայի (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկի) մի քանի տեսակների համակցություն և հնարավոր չէ սահմանել յուրաքանչյուր ազդող նյութի պարունակությունը, ապա թույլատրվում է մի քանի ազդող նյութերի գումարային քանակական որոշումը: Նման քանակական որոշման մեթոդի անհրաժեշտությունը պետք է հիմնավորված լինի հայտատուի կողմից:
39. Եթե հայտատուի կողմից ներկայացված չեն եղել այլ հիմնավորումներ, ապա դեղաբուսական հումքի, բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) մանրէաբանական մաքրության հաստատման համար անհրաժեշտ է ղեկավարվել Միության դեղագրքում, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերում ներկայացված չափանիշներով: Փորձարկումների անցկացման հաճախականությունը պետք է հիմնավորված լինի հայտատուի կողմից:
VIII. Բուսական դեղագործական սուբստանցիաների և բուսական դեղապատրաստուկների կայունության հետազոտություններ
40. Բուսական դեղապատրաստուկի գրանցման դոսյեի կազմում կայունության հետազոտությունների բաժինը պետք է շարադրված լինի Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ դեղագործական սուբստանցիաների և դեղապատրաստուկների կայունության հետազոտությանը ներկայացվող պահանջներին համապատասխան:
41. Քանի որ բուսական դեղագործական սուբստանցիան (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկը) ընդհանուր առմամբ դիտարկվում է որպես ազդող նյութ, ապա հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչների կայունության պարզ սահմանումը բավարար չէ: Հնարավորության սահմաններում անհրաժեշտ է հաստատել նաև բուսական դեղագործական սուբստանցիայում (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկում) առկա մյուս նյութերի կայունությունը, օրինակ՝ համապատասխան բնութագրական քրոմատագրերի միջոցով («մատնահետքերի» մեթոդ): Անհրաժեշտ է նաև հաստատել, որ դրանց հարաբերական պարունակությունը ելակետային բնութագրական քրոմատագրի հետ համադրելի է մնում:
42. Եթե բուսական դեղապատրաստուկը պարունակում է բուսական դեղագործական սուբստանցիաների (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկների) մի քանի տեսակի համադրություն, իսկ յուրաքանչյուր ազդող նյութի կայունությունը սահմանելն անհնար է, ապա բուսական դեղապատրաստուկի կայունությունն անհրաժեշտ է որոշել համապատասխան բնութագրական քրոմատագրի, գումարային քանակական որոշման համապատասխան մեթոդների, ֆիզիկական, զգայորոշական և այլ համապատասխան փորձարկումների միջոցով: Կայունության փորձարկումների պիտանիությունը գրանցման դոսյեի կազմում պետք է հիմնավորված լինի հայտատուի կողմից:
43. Հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչներով բուսական դեղագործական սուբստանցիա (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկ) պարունակող դեղապատրաստուկների համար առաջադրվող պիտանիության ժամկետի ընթացքում այդ բաղադրիչների պարունակության շեղումը չպետք է գերազանցի քանակական որոշման հայտարարված մեծության ±5 %-ը, եթե հայտատուի կողմից չի ներկայացվել ընդունելիության այլ չափանիշների (թույլատրելի սահմանների) օգտագործման հնարավորության հիմնավորում: Այն դեղապատրաստուկների համար, որոնք պարունակում են բուսական դեղագործական սուբստանցիա (դեղաբուսական հումքի հիմքով պատրաստուկ), որում հայտնի թերապևտիկ ակտիվությամբ բաղադրիչները որոշված չեն, առաջադրվող պիտանիության ժամկետի ընթացքում մարկերի պարունակության շեղումն ընդունելի է համարվում սկզբնական մեծության ±10 %-ով, եթե հայտատուի կողմից չի ներկայացվել ընդունելիության չափանիշների այլ արժեքների (թույլատրելի սահմանների) օգտագործման հնարավորության հիմնավորում:
44. Պարզեցված գրանցման դոսյեով՝ վիտամիններ և (կամ) հանքանյութեր պարունակող բուսական դեղապատրաստուկների համար անհրաժեշտ է հաստատել վիտամինների և (կամ) հանքանյութերի կայունությունը:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|