ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 71
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հունիսի 2016 թվականի

թիվ 71

քաղ. Մոսկվա

 

««ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների և ազատականացման միջոցների ձեռնարկման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ուսումնասիրմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »        ի 20      թ.

թիվ

քաղ.

 

«Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների և ազատականացման միջոցների ձեռնարկման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ

 

1. Հավանություն տալ «Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների և ազատականացման միջոցների ձեռնարկման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2016 թ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների և ազատականացման միջոցների ձեռնարկման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Բելառուսի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության ազգային բանկը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության ազգային բանկը, Ղրղզստանի Հանրապետության Կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկը, Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը,

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 64-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան,

արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումներ մշակելու և ազատականացման միջոցներ ձեռնարկելու նպատակով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Ընդհանուր դրույթներ

 

Սույն համաձայնագրով սահմանվում են արժութային իրավահարաբերությունների կարգավորման մոտեցումները և ազատականացման միջոցները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ):

Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացություններն ընկալվում են Պայմանագրով (մասնավորապես՝ Պայմանագրի թիվ 8 և թիվ 15 հավելվածներով) սահմանված իմաստներով:

 

Հոդված 2

 

Անդամ պետությունների տարածքներում արտարժույթի առքը և վաճառքը (փոխարկումը)

 

Անդամ պետությունների տարածքներում արտարժույթի և չեկերի (այդ թվում՝ ճանապարհային չեկերի) առքը և վաճառքը (փոխարկումը) իրականացվում են այն պետության արժութային օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում կատարվում է համապատասխան գործառնությունը:

 

Հոդված 3

 

Անդամ պետությունների ռեզիդենտների արժութային գործառնությունները

 

1. Անդամ պետության տարածքում հաշվարկներ կատարելիս արտարժույթի օգտագործումն արգելվում է՝ բացառությամբ սույն համաձայնագրով և այդ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Անդամ պետությունները չեն կիրառում արժութային սահմանափակումներ՝ անդամ պետությունների ռեզիդենտների կողմից իրականացվող հետևյալ արժութային գործառնությունների նկատմամբ՝

1) Միության մաքսային տարածքի սահմաններում ապրանքների փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և տեղեկությունների փոխանցման հետ կապված հաշվարկներ՝ մեկ անդամ պետության ռեզիդենտների և մյուս անդամ պետության ռեզիդենտների միջև.

2) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետության ռեզիդենտ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում (կանոնադրական ֆոնդում) մասնակցությունն ապահովելու նպատակով բաժնետոմսերի, բաժնեմասերի ձեռքբերման, ավանդների (փայերի) ներդրման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.

3) անդամ պետությունների կազմակերպված շուկաների (բորսաների) միջոցով անդամ պետությունների ռեզիդենտների կողմից թողարկված պետական և այլ արժեթղթերի ձեռքբերման հետ կապված հաշվարկներ՝ մեկ անդամ պետության ռեզիդենտների և մյուս անդամ պետության ռեզիդենտների միջև.

4) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.

5) մեկ անդամ պետության ռեզիդենտների՝ մյուս անդամ պետության լիազորված կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի համաձայն վարկերի և փոխառությունների տրամադրման, ստացման և վերադարձի, տոկոսների և տուգանային պատժամիջոցների գումարների վճարման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.

6) մեկ անդամ պետության ռեզիդենտների` մյուս անդամ պետության լիազորված կազմակերպությունների բանկային երաշխիքների ստացման և կատարման, ինչպես նաև այդ լիազորված կազմակերպությունների հետ կնքված երաշխավորության և գրավի պայմանագրերի համաձայն՝ պարտավորությունների կատարման հետ կապված գործառնությունների մասով հաշվարկներ.

7) ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային տարածքի սահմաններում իրականացվող դրամական միջոցների փոխանցումներ:

3. Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել այլ արժութային գործառնություններ, որոնց նկատմամբ այդ անդամ պետության տարածքում արժութային սահմանափակումներ չեն կիրառվում:

4. Անդամ պետությունների ռեզիդենտներն իրավունք ունեն իրականացնելու արժութային գործառնությունների մասով հաշվարկներ՝ առանց լիազորված կազմակերպություններում բանկային հաշիվների օգտագործման՝ Միության մաքսային տարածքի սահմաններում ֆիզիկական անձանց միջև վճարումները և դրամական միջոցների փոխանցումներն անդամ պետությունների ազգային արժույթներով իրականացվելու դեպքում:

Անդամ պետության օրենսդրությամբ կարող են նախատեսված լինել այդ պետության տարածքում առանց լիազորված կազմակերպություններում բանկային հաշիվների օգտագործման՝ արժութային գործառնությունների մասով հաշվարկների իրականացման այլ դեպքեր:

5. Արժութային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է այն անդամ պետության արժութային օրենսդրությամբ, որի տարածքում կատարվում է արժութային գործառնությունը, եթե սույն համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 4

 

Անդամ պետությունների ռեզիդենտների և երրորդ երկրների ռեզիդենտների հաշիվները (ավանդները)

 

1. Մեկ անդամ պետության ռեզիդենտները կարող են, առանց սահմանափակումների, արտարժույթով և ազգային արժույթով հաշիվներ (ավանդներ) բացել մյուս անդամ պետության լիազորված կազմակերպություններում և դրանցով գործառնություններ իրականացնել այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում բացվել են նշված հաշիվները (ավանդները):

2. Անդամ պետությունների ռեզիդենտները կարող են արտարժույթով և ազգային արժույթով հաշիվներ (ավանդներ) բացել երրորդ երկրներում տեղակայված բանկերում և դրանցով իրականացնել գործառնություններ՝ իրենց պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Երրորդ երկրների ռեզիդենտներն իրավունք ունեն արտարժույթով և ազգային արժույթով հաշիվներ (ավանդներ) բացելու լիազորված կազմակերպություններում և դրանցով գործառնություններ իրականացնելու այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում բացվել են նշված հաշիվները (ավանդները):

 

Հոդված 5

 

Ազատականացման միջոցները

 

Անդամ պետություններում թույլտվությունների (անհատական թույլտվությունների) ստացման մասին պահանջը չի կիրառվում անդամ պետությունների ռեզիդենտների միջև արժութային գործառնությունների նկատմամբ, ինչպես նաև մեկ անդամ պետության ռեզիդենտների բանկային հաշիվները մյուս անդամ պետության լիազորված կազմակերպություններում բացելու և վարելու նկատմամբ:

Արտարժույթի պարտադիր վաճառքի մասին պահանջն անդամ պետություններում չի կիրառվում սեփական պետության ռեզիդենտների նկատմամբ:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Պայմանագրով նախատեսված արժութային սահմանափակումների կիրառման դեպքերի վրա:

 

Հոդված 6

 

Անդամ պետությունների ռեզիդենտների կողմից դրամական միջոցների հայրենադարձումը [հետ վերադարձնելը]

 

1. Անդամ պետությունների ռեզիդենտները ոչ ռեզիդենտների հետ կնքված պայմանագրերի համաձայն՝ այդ պայմանագրերով սահմանված ժամկետներում, եթե այլ ժամկետներ սահմանված չեն իրենց պետության օրենսդրությամբ, պարտավոր են ապահովել՝

1) ոչ ռեզիդենտներից իրենց պետության լիազորված կազմակերպություններում իրենց բանկային հաշիվներին ոչ ռեզիդենտներին փոխանցված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, փոխանցված տեղեկությունների դիմաց նշված պայմանագրերի պայմաններին համապատասխան հասանելիք դրամական միջոցների ստացումը.

2) իրենց պետության լիազորված կազմակերպություններում իրենց բանկային հաշիվներին այդ պետության տարածք չներմուծված (այդ պետության տարածքում չստացված) ապրանքների, չկատարված աշխատանքների, չմատուցված ծառայությունների, չփոխանցված տեղեկությունների դիմաց ոչ ռեզիդենտներին վճարված դրամական միջոցների վերադարձը:

2. Սույն հոդվածով չնախատեսված դեպքերում անդամ պետության ռեզիդենտների կողմից դրամական միջոցների հայրենադարձման մասին պահանջը կիրառվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

Անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ այդ պետության ռեզիդենտն իրավունք ունի չհաշվեգրելու դրամական միջոցներ՝ արտարժույթով կամ ազգային արժույթով, այդ պետության լիազորված կազմակերպություններում իր բանկային հաշիվներին:

 

Հոդված 7

 

Արժութային գործառնությունների հաշվառումը և հսկողությունը

 

1. Արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) նպատակն է անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից սույն համաձայնագրի և արժութային օրենսդրության պահպանումն ապահովելը:

2. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝

1) անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործառնությունների՝ սույն համաձայնագրի դրույթներին և այն անդամ պետության արժութային օրենսդրությանը համապատասխանության որոշում, որի տարածքում իրականացվում են այդ գործառնությունները.

2) արժութային գործառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության լրիվության և հավաստիության ստուգում.

3) արժութային գործառնություններով կատարված վճարումների հիմնավորվածության և դրանց կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում.

4) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետությունների լիազորված կազմակերպություններում կամ երրորդ երկրների բանկերում հաշիվներ (ավանդներ) բացելուն և վարելուն ներկայացվող պահանջների պահպանման ստուգում:

3. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) անդամ պետությունում իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Արժութային գործառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության վարման կարգն ու ձևերը սահմանվում են միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 8

 

Արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվության վերաբերյալ նորմերի ներդաշնակեցումը

 

1. Անդամ պետություններն ապահովում են իրենց օրենսդրության ներդաշնակեցումն արժութային օրենսդրության խախտման համար պատասխանատվության մասով, մասնավորապես, միջոցներ են ձեռնարկում, որոնք ուղղված են՝

1) վարչական պատասխանատվության սահմանմանը՝ հետևյալ խախտումների համար՝

ապօրինի (արգելված) արժութային գործառնությունների իրականացում կամ արժութային գործառնությունների իրականացում՝ արժութային օրենսդրության խախտմամբ.

սահմանված ժամկետում անդամ պետության ռեզիդենտի կողմից այն անդամ պետության լիազորված կազմակերպություններում նրա բանկային հաշիվներին պարտադիր փոխանցման ենթակա դրամական միջոցների հայրենադարձման պարտականության չկատարում, որի ռեզիդենտն է նա.

տեղեկությունները, փաստաթղթերը, հաշվառման և հաշվետվության ձևերն արժութային օրենսդրության պահանջներին համապատասխան չներկայացնելը կամ դրանք ներկայացնելու սահմանված կարգը և (կամ) ժամկետները չպահպանելը.

2) սահմանված ժամկետում անդամ պետության ռեզիդենտի կողմից այն անդամ պետության լիազորված կազմակերպություններում նրա բանկային հաշիվներին պարտադիր փոխանցման ենթակա՝ խոշոր չափի (առանձնակի խոշոր չափի) դրամական միջոցների հայրենադարձման պարտականությունը չկատարելու համար քրեական պատասխանատվության սահմանմանը, որի ռեզիդենտն է նա:

2. Սույն համաձայնագրի մասնակիցները միջոցներ են ձեռնարկում՝ ուղղված իրավախախտումների կազմերը և արժութային օրենսդրության խախտման համար պատժամիջոցների տեսակների ու չափերի նկատմամբ պահանջները մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ներդաշնակեցնելուն:

 

Հոդված 9

 

Վեճերի լուծումը

 

Սույն համաձայնագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Պայմանագրով սահմանված կարգով։

 

Հոդված 10

 

Արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) միջոցների կիրառումն անդամ պետություններում

 

Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի և կիրառվի որպես անդամ պետությանը ներկայացվող պահանջ՝ կիրառելու արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) միջոցներ, որոնք նվազ ազատական են, քան այդ պետության օրենսդրությամբ սույն համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ նախատեսված միջոցները:

 

Հոդված 11

 

Անցումային դրույթներ

 

Բելառուսի Հանրապետության համար սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 1-ին կետի և 5-րդ հոդվածի դրույթները կիրառվում են 2017 թվականի հունվարի 1-ից: Ընդ որում, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Բելառուսի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնում չգերազանցել ներքին արժութային շուկայում արտարժույթի պարտադիր վաճառքի՝ սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ սահմանված նորմատիվը: Բելառուսի Հանրապետության համար մինչև 2020 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում պահպանվում է Բելառուսի Հանրապետության ռեզիդենտների կողմից դրամական միջոցների հայրենադարձման ժամկետների նկատմամբ իր օրենսդրությունը կիրառելու իրավունքը:

Անցումային շրջանի սահմանման հետ կապված՝ Բելառուսի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնում չվատթարացնել անդամ պետությունների ռեզիդենտների կողմից սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված արժութային գործառնությունների իրականացման, նրանց կողմից սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան արտարժույթով և ազգային արժույթով հաշիվների (ավանդների) բացման և վարման, ինչպես նաև այդ հաշիվներով (ավանդներով) գործառնությունների իրականացման պայմանները՝ Բելառուսի Հանրապետությունում սույն համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ գործող պայմանների համեմատ:

Սույն հոդվածի դրույթները կիրառվում են «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության 8-րդ կետին չհակասող մասով (Պայմանագրի թիվ 16 հավելված):

 

Հոդված 12

 

Եզրափակիչ դրույթներ

 

Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

Սույն համաձայնագրի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ՝ դրանում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն համաձայնագրի անբաժանելի մաս կազմող և սույն հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու հաջորդ օրվանից։

 

Կատարված է _____ քաղաքում, 20_ թվականի «__»–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության
Կառավարության կողմից՝

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի կողմից՝

Բելառուսի Հանրապետության
Կառավարության կողմից՝

Բելառուսի Հանրապետության
ազգային բանկի կողմից՝

Ղազախստանի Հանրապետության
Կառավարության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության
Կառավարության կողմից՝

 Ղրղզստանի Հանրապետության
ազգային բանկի կողմից՝

Ռուսաստանի Դաշնության
Կառավարության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության
կենտրոնական բանկի կողմից՝