ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1374-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2025 թվականի N 1374-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ, 685-րդ, 688-րդ հոդվածներով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 42-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոց 1-ին նրբանցք 20 հասցեում գտնվող 418055363.0 դրամ շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքով՝ 3045.6 քառ. մ մարզադպրոցը, 22.7 քառ. մ պահակատունը, 81.9 քառ. մ պոմպակայանը, 11.5 քառ. մ (20.7 խոր. մ) պարիսպը, 948.3 քառ. մ հարթակը, 0.41 քառ. մ (0.9 խոր. մ) պարիսպը, 41.4 քառ. մ (91.08 խոր. մ) պարիսպը, 157.7 քառ. մ (283.86 խոր. մ) պարիսպը, 20.7 քառ. մ (24.84 խոր. մ) պարիսպը, 26.3 քառ. մ (31.56 խոր. մ) պարիսպը, 2.5 քառ. մ (4.5 խոր. մ) պարիսպը, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 12072024-06-0018, այսուհետ՝ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)՝ ՈՒԵՖԱ 4-րդ կարգի ֆուտբոլի դաշտ կառուցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետին՝ մեկամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոց 1-ին նրբանցք 20 հասցեում գտնվող 04-06-001- 0604-0005 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հատուկ պահպանման հանգստի համար նախատեսված 3.4842 հա մակերեսով հողամասը (գրանցված «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի անհատույց օգտագործման) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը:

3. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոց 1-ին նրբանցք 20 հասցեում գտնվող գույքի զբաղեցրած և սպասարկման համար 3.4842 հա հողատարածքի (կադաստրային ծածկագիրը՝ N 06-001-0604-005) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի միջոցների հաշվին.

2) «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.

3) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (մարզակառույցի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերը, ավարտական ակտը, գույքի չափագրումը, շահագործման թույլտվությունը և այլն) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից նախարարություն ներկայացվելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի միակողմանի ընդունման աշխատանքները՝ այն հաշվառելով նախարարության հաշվեկշռում՝ հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) հանձնելու նպատակով։

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ընկերություն հետ կնքել գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագիր:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 2080-Ն որոշման՝

1) 2-րդ կետը «ծրագրի իրագործման» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցք, թիվ 20 հասցեում գտնվող անշարժ գույքի գծով ՈՒԵՖԱ-ի կողմից կատարված ներդրումների փոխհատուցման (հաշվի առնելով ամորտիզացիոն մասնահանումները)» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Առաջարկել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահին՝ մինչև 2026 թվականի մայիսի 31-ը, իսկ ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրականացման հողահատկացման անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր հողահատկացումից հետո 9-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել սույն որոշման 2-րդ կետում նշված ծրագրի արժեքը հիմնավորող նախագծանախահաշվային փաստաթղթերը:»։

7. Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի իրագործման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացված ֆինանսական միջոցներով կառուցվող (հիմնանորոգվող, վերանորոգվող)՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Աշտարակ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի և Երևան քաղաքի համայնքներում կառուցվող ֆուտբոլի դպրոցները, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, ենթակա են ամրացման Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և հաշվառման վերջինիս հաշվեկշռում՝ այն հետագայում անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու նպատակով:

8. Սահմանել, որ պայմանագրի կնքման և գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

25.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ