ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 ապրիլի 2016 թվականի |
թիվ 43 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ՝ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ
«Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 26 հավելված) 10-րդ կետի իրագործման նպատակներով.
1. Հավանություն տալ «Հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ անցկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և մինչև 2016 թվականի -ը տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դրա արդյունքների մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Նախագիծ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, ի դեմս իրենց կառավարությունների, այսուհետ՝ անդամ պետություններ՝
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների վրա,
հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով՝
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Սույն համաձայնագրով սահմանվում է անդամ պետությունների տարածքներում հեղինակային և հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգն այն դեպքերում, երբ հեղինակների, կատարողների, հնչյունագրեր պատրաստողների (արտադրողների) ու հեղինակային և (կամ) հարակից իրավունքների այլ իրավատերերի (այսուհետ՝ իրավատերեր) կողմից հեղինակային և (կամ) հարակից իրավունքների գործնականում իրականացումն անհատական կարգով դժվարացված է կամ, երբ անդամ պետությունների օրենսդրությամբ թույլատրվում է այդ իրավունքների օբյեկտների օգտագործումը՝ առանց իրավատերերի համաձայնության, սակայն վարձատրության վճարմամբ:
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման ոլորտներում անդամ պետությունները նախատեսում են իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների ստեղծման հնարավորություն:
3. Իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների լիազորությունների իրականացման հիմք է իրավունքների կառավարման լիազորությունների փոխանցման պայմանագիրը, որը գրավոր կնքվում է իրավատիրոջ, ինչպես նաև իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող այլ կազմակերպությունների հետ՝ բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի:
4. Հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման համապատասխան ոլորտներում իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններին, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող են վերապահվել ինչպես այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպություններին, այնպես էլ այն իրավատերերի իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման լիազորություններ, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց: Այդպիսի լիազորությունները վավեր են այն անդամ պետության տարածքի սահմաններում, որի օրենսդրությանը համապատասխան, դրանք տրվել են:
5. Եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) վերապահվում են լիազորություններ իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման և վարձատրության հավաքման համար՝ ինչպես ի շահ այն իրավատերերի, որոնք համապատասխան լիազորություններն անմիջականորեն փոխանցել են այդպիսի կազմակերպությանը, այնպես էլ ի շահ այն իրավատերերի, որոնք չեն հրաժարվել իրավունքների կառավարումից՝ ի շահ դրանց, ապա անդամ պետությունն իր օրենսդրությամբ նախատեսում է համապատասխան պետական մարմնին լիազորություններ վերապահել այդպիսի կազմակերպության գործունեության նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու համար (այսուհետ՝ լիազորված մարմին):
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել կազմակերպությունների գործունեության նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու այլ դեպքեր:
Անդամ պետությունների լիազորված մարմինները փոխգործակցում են միմյանց հետ, այդ թվում՝ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ միմյանց տրամադրում են անհրաժեշտ տեղեկատվություն։
Հոդված 2
1. Կազմակերպությունների գործունեությունն անդամ պետությունների տարածքներում պետք է իրականացվի հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության, արդարության (խտրականության բացառման) սկզբունքներին համապատասխան:
2. Կազմակերպության կազմակերպաիրավական ձևը և իրավական կարգավիճակը, դրան համապատասխան լիազորություններ վերապահելու առանձնահատկությունները, կազմակերպության գործառույթները, դրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սույն համաձայնագրով չկարգավորված այլ հարցեր լուծելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ:
Հոդված 3
1. Կազմակերպությունն օգտագործողների հետ կնքում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համապատասխան եղանակների նկատմամբ՝ այդպիսի կազմակերպության կառավարման ներքո գտնվող հեղինակային և (կամ) հարակից իրավունքների վերաբերյալ պայմանագրեր՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիայի պայմաններով, և այդ օգտագործողներից վարձատրություն է հավաքում այդպիսի օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրելու դիմաց:
Այն դեպքերում, երբ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է՝ առանց իրավատերերի համաձայնության, սակայն նրանց վարձատրություն վճարելու պայմանով, կազմակերպությունը վարձատրություն վճարելու վերաբերյալ պայմանագրեր է կնքում օգտագործողների կամ այն անձանց հետ, որոնց վրա անդամ պետությունների օրենսդրությամբ դրված է վարձատրություն վճարելու համար միջոցների վճարման պարտականությունը, և միջոցներ է հավաքում իրավատերերին վարձատրություն վճարելու համար:
Կազմակերպությունը կարող է հրաժարվել պայմանագիր կնքել օգտագործողի կամ այն անձանց հետ, որոնց վրա անդամ պետության օրենսդրությամբ դրված է վարձատրություն վճարելու համար միջոցների վճարման պարտականությունը, այդ թվում՝ նշված անձանց կողմից՝ կազմակերպության հետ ավելի վաղ կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
Այդպիսի մերժումը պետք է պատճառաբանված լինի և կարող է բողոքարկվել դատարանում՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
2. Կազմակերպությունն իրականացնում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման դիմաց հավաքված վարձատրության բաշխում՝ իրավատերերի միջև, և վճարում է նրանց նշված վարձատրությունը։
Հավաքված վարձատրության բաշխումն իրականացվում է տարին առնվազն մեկ անգամ՝ կազմակերպության կողմից օգտագործողներից ստացվող փաստաթղթերի ու տեղեկությունների, ինչպես նաև հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ այլ տվյալների, այդ թվում՝ վիճակագրական բնույթի տվյալների հիման վրա որոշվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների համապատասխան օբյեկտների փաստացի օգտագործմանը համաչափ:
Օգտագործողները պարտավոր են կազմակերպություն ներկայացնել հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև վարձատրության հավաքման ու բաշխման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և փաստաթղթեր։ Փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկն ու դրանք ներկայացնելու ժամկետները սահմանվում են կազմակերպության ու օգտագործողների միջև կնքվող պայմանագրերով։
Կազմակերպության կողմից իրավատերերին վարձատրության վճարումը պետք է իրականացվի պարբերաբար՝ տարին առնվազն մեկ անգամ: Տվյալ վճարումները պետք է կատարվեն հաշվետու տարվա ավարտից հետո 12 ամսից ոչ ուշ։
Օտարերկրացի հեղինակներին կամ իրավատերերին՝ հավաքված վարձատրության փոխանցման հաճախականությունը սահմանվում է շահերի ներկայացուցչության վերաբերյալ պայմանագրերով, որոնք կնքվում են իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող օտարերկրյա կազմակերպությունների հետ, սակայն չի կարող պակաս լինել տարին մեկ անգամից:
3. Կազմակերպությունն իրավունք ունի հավաքված վարձատրությունից պահելու որոշակի գումար՝ իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու մասով իր ծախսերը հոգալու համար (այսուհետ՝ կազմակերպության ծախսեր):
Կազմակերպության ծախսերը պետք է լինեն հիմնավորված ու փաստաթղթերով հաստատված։
Անդամ պետությունն իր օրենսդրությամբ կարող է սահմանել կազմակերպության կողմից հավելյալ միջոցներ պահելու հնարավորություն, որոնք, իր կողմից ներկայացվող իրավատերերի համաձայնությամբ և ի շահ նրանց, ուղղվում են սոցիալական, մշակութային և կրթական նպատակների համար (այսուհետ՝ հատուկ միջոցներ):
Հատուկ միջոցներին առնչվող իրավական ռեժիմը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
Կազմակերպությունն իրավունք չունի կազմակերպության ծախսերի և հատուկ միջոցների համար պահելու հավաքված վարձատրության գումարի 50 տոկոսից ավելին:
Այդպիսի պահումները պետք է կատարվեն յուրաքանչյուր իրավատիրոջը հասանելիք յուրաքանչյուր գումարին համամասնորեն։ Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի պահումների նվազագույն ընդհանուր սահմանաչափ:
Վարձատրության վճարման հետ մեկտեղ՝ կազմակերպությունը պարտավոր է իրավատիրոջը ներկայացնել նրա իրավունքների օգտագործման և այդպիսի օգտագործման դիմաց հավաքված վարձատրության չափի վերաբերյալ հաշվետվություն՝ կազմակերպության կողմից պահված գումարների, այդ թվում՝ հատուկ միջոցների մասին մանրամասներով:
4. Այն դեպքում, երբ իրավատիրոջը հասանելիք վարձատրությունը չի կարող վճարվել սույն հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում, կազմակերպությունը պարտավոր է այդ ժամկետն ավարտվելու օրվանից 12 ամսվա ընթացքում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդպիսի իրավատիրոջը որոշելու և հայտնաբերելու համար։
Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են կազմակերպության կողմից՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը լրանալուց հետո չվճարված դրամական միջոցների պահպանման, ինչպես նաև չպահանջված վարձատրության գումարի օգտագործման կարգը:
Հոդված 4
1. Կազմակերպությունը, մասնավորապես, պարտավոր է՝
1) ստեղծել (սահմանել) պաշտոնական կայք «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տեղադրելու (հրապարակելու) համար (այսուհետ՝ պաշտոնական կայք).
2) ապահովել պաշտոնական կայքի հասանելիությունը շուրջօրյա ռեժիմով, պաշտոնական կայքում տեղադրվող տեղեկատվության հրապարակայնությունը, ինչպես նաև այդպիսի տեղեկատվության անհատույց տրամադրումը.
3) ձևավորել այնպիսի ռեեստրներ, որոնք պարունակում են տեղեկություններ իրավատերերի, հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների ու այդպիսի կազմակերպության կառավարմանը փոխանցված իրավունքների վերաբերյալ (այսուհետ՝ ռեեստրներ)՝ բացառությամբ այնպիսի տեղեկությունների, որոնք, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, չեն կարող հրապարակվել առանց իրավատիրոջ համաձայնության.
4) տեղադրել ռեեստրները պաշտոնական կայքում, ինչպես նաև իրականացնել դրանց վարումն ու ժամանակին թարմացումը՝ օգտագործողների հետ պայմանագրեր կնքելու և վարձատրություն վճարելու նպատակով.
5) ներդնել այնպիսի ընթացակարգեր, որոնց միջոցով կոլեկտիվ հիմունքներով կառավարող մյուս կազմակերպությունները, ինչպես նաև այն իրավատերերը, ի շահ որոնց կազմակերպությունը օգտագործողների հետ կնքում է պայմանագրեր, կկարողանան ծանուցել ռեեստրներում առկա և նրա կողմից կառավարվող իրավունքներին առնչվող ցանկացած անճշտության մասին։
2. Կազմակերպությունն իրավունք չունի օգտագործելու հեղինակային և (կամ) հարակից իրավունքների այն օբյեկտները, որոնց նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է իր կառավարմանը:
3. Կազմակերպությունն իրավունք ունի դատարանում պահանջ ներկայացնելու իրավատիրոջ կամ իր անունից, ինչպես նաև իրականացնելու այլ իրավական գործողություններ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան իր կառավարմանը փոխանցված իրավունքները պաշտպանելու համար:
Հոդված 5
1. Կազմակերպությունը պարտավոր է ներգրավել անկախ աուդիտորի՝ իր հաշվապահական (ֆինանսական) հաշվետվության հավաստիությունը ստուգելու և հաստատելու նպատակով, այդ թվում՝ վարձատրության հավաքման, բաշխման և վճարման ընթացքում դրամական միջոցների հետ գործառնությունների վարման ու փաստաթղթային ձևակերպման մասով, կազմակերպության կողմից հաստատված մեթոդիկայով նախատեսված՝ հավաքված վարձատրության բաշխման պահանջներին համապատասխանության սահմանման, հատուկ միջոցների հաշվին կատարված նպատակային դրամական մուտքերի և վճարումների հաշվառման, ինչպես նաև սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված՝ այդպիսի կազմակերպության գործունեությանը ներկայացվող այլ պահանջների ապահովման մասով (այսուհետ՝ պարտադիր աուդիտ):
Պարտադիր աուդիտի անցկացման հաճախականությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ 2 տարին առնվազն 1 անգամ:
2. Կազմակերպությունն աուդիտորական եզրակացության հաստատման (ստորագրման) օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր է պաշտոնական կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը և համապատասխան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը, որոնք 5 տարվա ընթացքում պետք է հասանելի լինեն իրավատերերի համար։
Հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը և սույն հոդվածի համաձայն պարտադիր աուդիտի ենթակա այլ տեղեկատվություն չեն կարող դասվել գաղտնի բնույթ ունեցող տեղեկություններ, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության շարքին:
3. Պարտադիր աուդիտ անցկացնելու ծախսերը ներառվում են կազմակերպության ծախսերի մեջ:
Հոդված 6
1. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են պատասխանատվություն՝
1) առանց իրավատիրոջ կամ նրա համապատասխան իրավունքները կառավարող կազմակերպության համաձայնության, այն է՝ առանց վարձատրության վճարման՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտներն օգտագործելու համար (և վարձատրության վճարման միջոցների վճարումից խուսափելու համար)՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.
2) կազմակերպության կողմից իրավունքների կառավարման կարգը խախտելու հետևանքով՝ հավաքված վարձատրությունն իրավատիրոջն այդ կազմակերպության կողմից չվճարելու համար.
3) հավաքված վարձատրության գումարից պահումների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանաչափը կազմակերպության ծախսերի և հատուկ միջոցների մասով գերազանցելու համար.
4) սույն համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված պարտադիր աուդիտ անցկացնելու պարտավորությունը չկատարելու համար:
Անդամ պետությունները կարող են սահմանել կազմակերպությունների պատասխանատվության այլ դեպքեր:
2. Անդամ պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների համար պատասխանատվություն նախատեսող՝ օրենսդրության նորմերի ներդաշնակեցմանը:
Հոդված 7
Կազմակերպությունն իրավատերերի հետ փոխգործակցելիս առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով՝
1) իրավատերերն իրավունք ունեն ցանկացած պահի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իրենց իրավունքների՝ կազմակերպության կողմից կառավարումից.
2) իրավատերերն իրավունք ունեն մասնակցելու կազմակերպության կառավարման մարմինների գործունեությանը՝ այդպիսի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե այդ իրավունքը սահմանված է անդամ պետության օրենսդրությամբ.
3) վարձատրության բաշխումն ու վճարումը պետք է իրականացվեն արդարացի կերպով՝ առանց իրավատիրոջ քաղաքացիության, բնակության երկրի, կատեգորիայի կամ այլ հիմքով խտրականության.
4) կազմակերպությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ վարձատրությունը կանոնավոր վճարելու համար.
5) կազմակերպությունը վարձատրության բոլոր հավաքված և բաշխված գումարների, նշված գումարներից ցանկացած պահման, ինչպես նաև դրանց բաշխման մեթոդիկայի վերաբերյալ պետք է պարբերաբար հաշվետվություն, այդ թվում՝ վիճակագրական բնույթի տեղեկություններ ներկայացնի այն իրավատերերին, ի շահ որոնց այն պայմանագրեր է կնքել օգտագործողների հետ:
Հոդված 8
1. Ինչ վերաբերում է այն իրավահարաբերություններին, որոնք առաջացել են մինչև սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելը, ապա դրա դրույթները կիրառվում են այն իրավունքների ու պարտականությունների նկատմամբ, որոնք կառաջանան սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։
2. Հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարումը, որն իրականացվում է սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, շարունակվում է սույն համաձայնագրին չհակասող մասով։
Հոդված 9
Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում։
Հոդված 10
Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան:
Հոդված 11
1. Սույն համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասն է կազմում։
2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից։
Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին դիվանագիտական ուղիներով տեղեկացնում են սույն համաձայնագրի կատարման համար պատասխանատու պետական մարմինների մասին։
Կատարված է _________ քաղաքում, 20__ թվականի _____________ «___»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից |